Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6121-29.09.2014-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հավելվածի առաջին մասը «առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող» բառերից հետո լրացնել «եւ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով շրջանառության 1% դրույքաչափով հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից եւ տարածվում մինչեւ 2016 հունվարի 1-ը ծագող հարաբերությունների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

2014 թվականի հոկտեմբերի 1-ից գործող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները էական եւ օբյեկտիվ դժվարություններ են առաջացնում փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտների համար, ինչն, ըստ էության, հիմնականում պայմանավորված չէ նրանց գործունեությամբ, այլ թելադրված է խոշոր տնտեսավարող սուբյեկտների գործունեության առկա առանձնահատկություններով եւ պետության՝ նրանց նկատմամբ իրականացվող վարչարարության մակարդակով:

Ուստի ներկայացվող օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վերոնշյալ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը բարձրացնել 58,35 մլն ՀՀ դրամից մինչեւ 120 մլն ՀՀ դրամ, ինչը կարծում ենք էականորեն կավելացնի բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով, քանի որ առկա իրողությամբ տնտեսավարողների այն մտավախությունը, որ գերազանցելով 58,35 մլն ՀՀ դրամի շեմը կարող են անցնել հարկման այլ՝ ավելացված արժեքի հարկի ռեժիմ, թույլ չի տալիս ներկայացնելու շրջանառության իրական ծավալները: Որոշ գնահատումներով շրջանառության իրական ծավալները գերազանցում են ներկայացվող ծավալները 5-6 անգամ, երբեմն նույնիսկ՝ 10-12 անգամ: Ուստի, վերոնշյալ 58,35 մլն ՀՀ դրամ շեմը սահմանելով մոտավորապես երկու անգամ բարձր, բյուջետային մուտքերը շրջանառության հարկի գծով եւս կավելանան առնվազն երկու անգամ, իսկ գործող սահմանաչափի մեծությունը կհամահարթեցվի թե՛ «Հաշվապահական հաշվառման մասին», թե՛ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով ամրագրված ՓՄՁ չափորոշիչներին:

Նախագծով առաջարկվում է նաեւ, որպես անցումային փուլ, մինչեւ 2016թ. հունվարի 1-ը՝ առեւտրական (առք ու վաճառքի) գործունեության ոլորտի տնտեսավարող սուբյեկտների համար կիրառել շրջանառության հարկի հարկային դրույքաչափի ընտրության կամավորության սկզբունք. մասնավորապես՝ տնտեսավարողին հնարավորություն տալ ընտրելու առաջարկվող երկու տարբերակներից մեկը՝ 1% շրջանառության հարկի դրույքաչափ, բայց ձեռքբերված ապրանքների ամբողջությամբ հիմնավորվածություն փաստաթղթավորմամբ կամ 3.5% շրջանառության հարկի դրույքաչափ՝ առանց ապրանքների ձեռքբերման:

«Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ փաստաթղթավորման պահանջի կամավոր ընտրության ինստիտուտի ներդնումն իր հերթին պահանջում է հարկային բեռի ճիշտ եւ արդարացի տեղաբաշխում վարչարարական եւ ֆինանսական առումներով:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ թե՛ տնտեսական, թե՛ իրավական առումներով նպատակահարմար կլինի համապատասխան վարչարարություն կիրառել միայն նվազեցված դրույքաչափով կամավորության սկզբունքով գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ՝ այդ կերպ փոխակերպելով 2.5% ֆինանսական բեռի տարբերությունը վարչարարական բեռով:

Ուստի, ներկայացվող օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի N 5 հավելվածով հսկողական միջոցառումներ իրականացնել միայն այն տնտեսավարողների մոտ, որոնք կամավոր կերպով ընտրել են առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն եկամուտներից շրջանառության նվազեցած՝  1% դրույքաչափով հարկ վճարելու տարբերակը:

Այսպիսի տարբերակված մոտեցման կիրառումը էապես կբարձրացնի գործարար ակտիվության մակարդակն եւ հարկային բեռի  արդարացի տեղաբաշխում կապահովի վարչարարական եւ ֆինանսական առումներով: