Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-582-29.08.2014-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՌՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցում տալու հիմքերը, պայմաններն ու կարգը:

Հոդված 2. Բռնությամբ կատարված հանցագործության հասկացությունը

Սույն օրենքի իմաստով բռնությամբ կատարված հանցագործություն է համարվում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն արարքը, որը կատարվել է ֆիզիկական եւ հոգեկան բռնության գործադրմամբ եւ առաջացրել է տուժողի մահ կամ նրան պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք:
 
 

Հոդված 3. Բռնությամբ կատարված հանցագործության զոհը,  նրա փոխհատուցում ստանալու իրավական հիմքերը

1. Բռնությամբ կատարված հանցագործության զոհը այդ արարքի հետեւանքով մահացած կամ ծանր կամ միջին ծանրության վնասվածք ստացած անձն է:

Բռնությամբ կատարված հանցագործության զոհին փոխհատուցում տալու  իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության քրեական, քրեական դատավարության եւ քաղաքացիական օրենսգրքերը, սույն օրենքը, այլ օրենքներ:

Հոդված 4. Բռնությամբ կատարված հանցագործության զոհի փոխհատուցում ստանալու իրավունքի ծագումը

Բռնությամբ կատարված հանցագործության զոհի փոխհատուցման իրավունքը ծագում է եթե.

1) բռնությամբ կատարված հանցագործության հետեւանքով անձին պատճառվել է մահ:

2) բռնությամբ կատարած հանցագործության արդյուքնում անձի առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնասվածք:

Փոխհատուցման պահանջով ՀՀ կառավարության լիազոր մարմնին (այսուհետ՝ Լիազոր մարմին) դիմելու իրավունք ձեռք է բերում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով տուժող ճանաչված բռնությամբ կատարված հանցագործության զոհը, իսկ նրա մահվան կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցնելու դեպքում՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված անձը (այսուհետ՝ տուժող):

Հոդված 5.Տուժողի կողմից փոխհատուցման պահանջի ներկայացման դեպքերն ու ժամկետները

1. Երբ հանցագործություն կատարած անձը չի հայտնաբերվել կամ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը անհնար է, տուժողը փոխհատուցման պահանջի  ներկայացման իրավունք է ստանում

1) եթե հանցագործությամբ տուժողին մահ է պատճառվել եւ դեպքից անցել է մեկ տարի,

2) եթե հանցագործությամբ տուժողին ծանր կամ միջին ծանրության վնասվածք է պատճառվել եւ դեպքից անցել է վեց ամիս:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերն ու ժամկետները չեն պահպանվում, եթե հանցագործություն կատարած անձը անվճարունակ է կամ մահացել է (ճանաչվել է մահացած):

Հոդված 6. Փոխհատուցման մեջ հաշվարկվող ծախսերը՝

Հաշվարկվում եւ փոխհատուցվում  են հետեւյալ ծախսերը.

1) կորցրած աշխատավարձ (եկամուտ),

2)  առողջության քայքայման հետեւանքով ծագած ծախսեր՝ այդ թվում նաեւ այլ ծախսեր, որոնց համար չեն  կարող ներկայացվել ֆինանսական փաստթաթղթեր,

3) բարոյական վնասի փոխհատուցման գումարը

4) հուղակավորության ծախսեր՝ այդ թվում նաեւ գերեզմանի կառուցման եւ հարդարման ծախսեր,

5) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1081-րդ հոդվածով սահմանված անձանց՝ կենսաապահովման միջոցի կորուստը,

6) պահանջի ապահովմանը ուղղված՝ տուժողի կողմից կատարված դատական ծախսերը:

Հոդված 7. Փոխհատուցում տրամադրելու կարգը

1. Տուժողը, փոխհատուցում ստանալու իրավունքը սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ժամկետներով ծագելուց հետո, 6 ամսվա ընթացքում կարող է դիմել  Լիազոր մարմնին, փոխհատուցում ստանալու համար:

2. Դիմումին կցվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով փաստաթղթերը:

3. Դիմումը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում Լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում՝ երեք օրվա ընթացքում այն պատշաճ կերպով ուղարկելով դիմողին:

4. Դիմումը բավարարելու մասին որոշման մեջ պետք է նշվեն այն կայացնող մարմնի անվանումը, փոխհատուցումը տրամադրելու հիմքերը, փոխհատուցման չափը, փոխհատուցումը ստանալու իրավունք ունեցող անձի մասին նշումներ, փոխհատուցման տրամադրման ժամկետը:

5. Փոխհատուցումը տրամադրվում է դիմումը բավարարելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

6. Փոխհատուցման պահանջը Լիազոր մարմնի կողմից ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվելու կամ դիմումը չքննարկվելու դեպքում այն կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկվել դատարան:

7. Փոխհատուցումը տրամադրվում է միանվագ:

8. Փոխհատուցման չափի հաշվարկն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:

Հոդված 8. Փոխհատուցում տալու նվազեցումը կամ մերժումը

1.Փոխհատուցումը, Լիազոր մարմնի կամ նրա որոշումը բողոարկելու դեպքում՝ դատարանի կողմից, կարող է նվազեցվել կամ մերժվել, եթե՝

1) մինչեւ հանցագործության կատարումը տուժողը իր գործողություններով եւ վարքագծով, սադրել է իր նկատմամբ կատարված հանցանքը,

2) տուժողը կազմակերպված հանցավոր խմբի անդամ է  եւ բռնությամբ կատարված հանցագործությունը կատարվել  է այդ խմբի (անդամի) կողմից,

3) տուժողին փոխահատուցման տրամադրելը մասամբ կամ ամբողջությամբ կհակասի  արդարադատության շահին:

Հոդված 9. Կրկնակի փոխհատուցումից խուսափելը

1. Կրկնակի փոխհատուցումը բացառելու համար, Լիազոր մարմինը կամ նրա որոշումը բողոքարկելու դեպքում՝ դատարանը փոխհատուցվող գումարի տրամադրումը մերժում է կամ համապատասխան չափով նվազեցնում է, եթե մինչեւ պահանջի ներկայացնելը տուժողը վնասի լիարժեք կամ համապատասխան չափով փոխհատուցում է ստացել սոցիալական ծառայության, ապահովագրական ընկերությունից կամ որեւէ այլ աղբյուրից:

Հոդված 10. Լիազոր մարմնի հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը

1. Բռնությամբ կատարած հանցագործության մեջ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտով մեղավոր ճանաչված անձից կամ անձանցից պետությունը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի՝ Լիազոր մարմնի կամ նրա որոշումը բողքարկելու դեպքում՝ դատարանի որոշած եւ տուժողին տրված գումարի չափով, եթե օրենքով այլ չափ սահմանված չէ:

2. Բռնությամբ կատարված այն հանցագործություններով, որոնք կատարվել են խմբի կողմից, խմբի անդամների նկատմամբ պետությունը հետադարձ պահանջ ներկայացնում է վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխան իսկ մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում՝ համապարտ:

Հոդված 11. Պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս բռնությամբ կատարված հանցագործությամբ կյանքին կամ առողջությանը պատճառած վնասի փոխհատուցումը

1.Պայմանագրային պարտավորություններ, պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության եւ փրկարար ծառայության ծառայողների եւ այլ ծառայողական պարտականություններ կատարելիս բռնությամբ կատարած հանցագործությամբ տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է սույն օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով եթե այլ օրենքով ավելի բարենպաստ պայմաններ նախատեսված չէ:

Հոդված 12. Բռնությամբ կատարված հանցագործություններից տուժողների փոխհատուցման չափը

1. Տուժողին տրվող փոխհատուցման չափը որոշվում է Լիազոր մարմնի կամ նրա որոշումը բողոքարկվելու դեպքում՝ դատարանի կողմից, ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով եւ սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Հոդված 13. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասններորդ օրը:

2. Սույն օրենքը ունի հետադարձ ուժ եւ նրա կիրառելիության ժամկետը սկսվում է հաշվարկվել 2002թ. ապրիլի 26-ից:

3. Սույն օրենքի ուժ մեջ մտնելուց հետո 1 տարվա ընթացքում 2002թ. ապրիլ 23-ից հետո տեղի ունեցած բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողները  կարող են դիմել Լիազոր մարմին՝ փոխհատուցում ստանալու համար:

4. ՀՀ Կառավարությունը սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանում է փոխհատուցում տրամադրելու դիմումի ձեւը, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը եւ Լիազոր մարմինը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ