Հոդված 1. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Եթե օտարվում է սեփականության մի մասը, ապա սեփականատերն իրավունք ունի պահանջել նաեւ սեփականության չօտարված մասի օտարում հետեւյալ դեպքերում՝
1) գույքի չօգտագործվող մասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական (գործառութային) այն նշանակությունը, ինչն ուներ մինչեւ օտարվող մասի առանձնացվելը անկախ սեփականության օտարվող եւ չօտարվող մասերի համամասնությունից.
2) գույքի չօտարվող մասը օտարվող մասի համեմատությամբ աննշան է:
Չօտարված մասն օտարելու պահանջ սեփականատերը կարող է ներկայացնել բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում։»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 3. Օրենքը լրացնել 5.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 5.1 Սեփականության չօտարված մասը օտարելու պահանջի քննարկման կարգը
1. Եթե սեփականատերը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով պահանջ է ներկայացնում սեփականության չօտարված մասը եւս օտարելու վերաբերյալ, ապա ձեռքբերողը պարտավոր է նման պահանջ ներկայացնելուց հետո 15 /տասնհինգ/ օրվա ընթացքում սեփականատիրոջը ներկայացնել իր դիրքորոշումը։
2. Ձեռքբերողի կողմից սեփականության չօտարվող մասը ձեռքբերելուց հրաժարվելու դեպքում սեփականատերն իրավունք ունի՝ սեփականության չօտարվող մասը օտարելուն պարտադրելու պահանջով դիմել դատարան՝ ձեռքբերողի մերժումը ստանալուց կամ սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատարան ներկայացված հայցը դատարանը պետք է քննի եւ վճիռ կայացնի ստանալու պահից սկսած երկամսյա ժամկետում։»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, դեպոզիտ հանձնված ավել գումարը ձեռքբերողին չի վերադարձվում:»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի գ) կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում դատարանի կողմից օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափի մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը եւ դատարանի կողմից սահմանված
փոխհատուցման լրացուցիչ գումարը, եթե այդպիսին կա, դատարանի դեպոզիտ հաշվին հանձնելու վերաբերյալ դատարանի կողմից տրված տեղեկանքը։»:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում ավելացնել 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«8. Սույն հոդվածով սահմանված կարգով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցման չափը որոշելու վերաբերյալ գործը դատարանը պետք է քննի եւ վճիռ կայացնի հայցադիմումը ստանալու օրվանից սկսած երկու ամսվա ընթացքում։»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։