Armenian ARMSCII Armenian
Կ-355-17.08.2022-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում «13-րդ եւ 14.4-րդ» բառերը փոխարինել «13-րդ, 14.4-րդ եւ 16.1-րդ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում «հակակոռուպցիոն կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 14.2-րդ հոդվածի 2-րդ մասում «քննչական կոմիտեում» բառերից հետո լրացնել «, հատուկ քննչական ծառայությունում» բառեր:»:

Հոդված 4. Օրենքի 16.1-րդ հոդվածը լրացնել՝

1. հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 1.1. մասով.

«1.1. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվում է հավելավճար՝ Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար՝ երկու տոկոսի չափով:»,

2. հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.2. մասով.

«2.2. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաեւ՝ նախագծեր) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաեւ օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով:

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

Նախագծերի ընդունումը պայմանավորված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման միջոցառումների ծրագրի 2-րդ կետի կարգավորմամբ, որով նախատեսվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, քննության գործառույթներով օժտված եւ անկախության բավարար երաշխիքներ ունեցող հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) ձեւավորում եւ բնականոն գործունեության ապահովում:

Ուստի սույն Նախագծերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոմիտեի ձեւավորումը ամրագրված է ռազմավարական նշված փաստաթղթերով, կապահովվեն Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրությանն առնչվող կարգավորումների ուժի մեջ մտնելու իրավահարաբերությունները:

3. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաեւ՝ Օրենք):

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետի համաձայն՝ hակակոռուպցիոն կոմիտեի ծառայող են համարվում hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը, աշխատողները:

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:»:

Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի ստանալու օրենքով նախատեսված վարձատրություն:»:

Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:»:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16.1–րդ հոդվածի համաձայն՝ «1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների, բացառությամբ սույն օրենքի 14.4-րդ հոդվածում նշված անձանց (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ), պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի 1-ին հավելվածով:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով:»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում՝ դասային եւ հատուկ), ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դեպքերում օտար լեզուների իմացության, աշխատանքային եւ (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ:»:

Ինչպես նկատում ենք, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար օրենքն արդեն իսկ նախատեսում է հավելավճար ստանալու հնարավորություն, սակայն չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի ուսումնասիրությունից երեւում է, որ յուրաքանչուր պետական կառույցում առկա է աշխատանքային ստաժի հաշվարկման տարբեր մեխանիզմներ: Չնայած դրանց տարբերություններին՝ մի դեպքում աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոնյան ստանում է հավելավճար, իսկ մյուս դեպքում՝ աշխատանքային ստաժի արդյունքում աշխատավարձի բնականոն աճ է տեղի ունենում, որն արտահայտվում է գործակցի աճով (դիցուք՝ ոստիկանության պարագայում, որը եւս օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին է, «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի հավելված 5-ով սահմանվում է գործակցի աճ՝ ըստ ծառայության տարիների):

Բանն այն է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց համար վերոհիշյալ օրենքում աշխատանքային եւ(կամ) ծառայության ստաժի հաշվարկման որեւէ մեխանիզմ նախատեսված չէ՝ ոչ հավելավճարի, ոչ էլ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճի ձեւով: Տվյալ օրենքի հավելված 1-ում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի տողում նախատեսվում է միայն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման կայուն գործակից, որը տարիների ավելացման հետ միաժամանակ փոփոխության չի ենթարկվելու:

Ուստի, Նախագծով այնքանով, որքանով, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար չի նախատեսվել օպերատիվ-հետախուզական գործունեության ստաժը հաշվարկելու եւ դրա հիման վրա հավելավճար տրամադրելու գործիքակազմ, առաջարկվել է համապատասխան կառուցակարգ, այն է՝ հնարավորություն տալ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց ստանալու հավելավճար՝ ստաժի հաշվարկմամբ:

Ըստ էության Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նման սոցիալական երաշխիք չնախատեսելն արդարացված չէ: Մասնավորապես՝ որեւէ պետական կառույցում մեկ տարվա ստաժ ունեցող եւ 10 տարվա ստաժ ունեցող անձին չեն վճարում հավասարաչափ վարձատրություն: Այլ տարեցտարի անձի աշխատավաձի հաշվարկման գործակիցը աճում է, իսկ ծառայության որոշ տեսակներում էլ նախատեսվում է ստաժի հաշվարկման համար հավելավճարի տրամադրման հնարավորություն:

Նման պայմաններում, առաջացել է նշված իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, որով կապահովվեն հավասար պայմաններ եւ սոցիալական երաշխիքներ պետական ծառայության բոլոր տեսակների համար:

Այսինքն՝ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար:

Միաժամանակ, պետք է նշել, որ խնդրահարույց են նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված կարգավորումները: Բանն այն է, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում Հակակոռուպցիոն կոմիտեին վերաբերելի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահը կապվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու օրվա հետ, սակայն տվյալ պարագայում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը նշանակվել է ավելի վաղ, քան «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, հետեւաբար անհարժեշտություն է առաջանում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կատարած աշխատանքի համար տալ վարձատրություն, սակայն, որը հնարավոր չէ իրականցնել ներկայիս կարգավորումների պարագայում:

Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան նորմերին տալ հետադարձ ուժ՝ կապելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվա հետ:

Բացի այդ, օրենսդրության մեջ առկա են որոշ թերություններ, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ, 3-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են դատախազությունում կամ քննչական կոմիտեում հավելավճարներ ստանալուն, որի դեպքում հաշվարկը կատարվում է դատախազի կամ քննիչի նախկին աշխատած տարիների համար, սակայն հիշյալ նորմում բացակայում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնելուն վերաբերելի նորմը՝ պայմանավորված ՀՔԾ լուծարման հանգամանքով:

Ըստ էության նախատեսվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ապահովելու հատուկ քննչական ծառայության նախկին աշխատակիցների գործունեության սոցիալական երաշխիքների իրացումը՝ այլ աշխատանքի անցնելիս: Մասնավորապես՝ Նախագծով առաջարկվում է վերականգնել այդ նորմը, որպեսզի ՀՔԾ նախկին աշխատակիցներին հնարավորություն ընձեռվի դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում օգտվելու ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծերով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար տրամադրել հավելավճար, ինչպես նաեւ վերականգնել ՀՔԾ նախկին աշխատակիցների դատախազությունում կամ քննչական կոմիտեում ծառայությունը շարունակելու պարագայում ՀՔԾ-ում աշխատած տարիների ստաժի նկատմամբ հավելավճար հաշվարկելու իրավունքը եւ կարգավորել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

4. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզության գործունեություն իրականացնող ծառայողների ստաժի հավելավճարը 2024թ. հուլիսի 1-ից կհաշվարկվի գործող հաստիքներին համապատասխան, որը կներառվի ՄԺԾԾ հայտերում:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվանից մինչեւ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելը աշխատած օրերի համար հաշվարկված գումարը կազմում է 1.1 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի եւ կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումը եւ կկարգավորվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն