Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու հիմունքները եւ այդ գործունեության իրականացման կարգը, փաստաբանների մասնագիտական միավորում ստեղծելու եւ կառավարելու կարգը, փաստաբանների կարգավիճակը, այդ թվում՝ իրավունքները եւ պարտականությունները, փաստաբանների ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը, փաստաբանական գործունեության արտոնագրումը եւ արտոնագրի գործողության դադարեցումն ու կասեցումը, փաստաբանների կարգապահական պատասխանատվության հիմքերն ու կարգը, անվճար եւ կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու հիմունքներն ու կարգը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանական գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը «քաղաքացիական դատավարության» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության» բառերով:
Հոդված 3. Օրենքում «դպրոց» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ակադեմիա» բառով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) այն դեպքերի, երբ անձը վճարովի կամ անվճար հիմունքներով ներկայացնում է այն իրավաբանական անձի շահերը, որի կանոնադրական կապիտալի բաժնեմասերի կամ բաժնետոմսերի քսան եւ ավելի տոկոսը պատկանում է իրեն կամ սույն մասի 1-ին կետում նշված անձանց:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Փաստաբանների պալատի մարմինները
1. Փաստաբանների պալատի մարմիններն են՝
1) փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (այսուհետ նաեւ` ընդհանուր ժողով).
2) փաստաբանների պալատի խորհուրդը (այսուհետ նաեւ` խորհուրդ).
3) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը (այսուհետ նաեւ` կարգապահական հանձնաժողով).
4) փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը (այսուհետ նաեւ` որակավորման հանձնաժողով):
2. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի մարմիններին վերաբերող դրույթները չեն տարածվում ընդհանուր ժողովի վրա, եթե դա ուղղակիորեն նախատեսված չէ սույն օրենքով:
3. Փաստաբանների պալատի մարմինների անդամները չեն վարձատրվում, բացառությամբ սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
4. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն այդ մարմիններում աշխատանքը կարող են համատեղել փաստաբանական գործունեության հետ:
5. Փաստաբանների պալատի անդամը կարող է ընտրվել փաստաբանների պալատի մեկ մարմնում: Փաստաբանների պալատի նախագահը (բացառությամբ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի), նրա տեղակալները, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալները, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները չեն կարող լինել փաստաբանների պալատի որեւէ մարմնի անդամ, իսկ փաստաբանների պալատի որեւէ մարմնի անդամ ընտրվելու դեպքում նրանց՝ որպես փաստաբանների պալատի նախագահի, նրա տեղակալի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, նրա տեղակալի, փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ընտրվելու օրվանից տասնօրյա ժամկետում նրանք չեն հրաժարվում այդ կարգավիճակից:
6. Փաստաբանների պալատի մարմինների լիազորությունները, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
7. Փաստաբանների պալատի խորհրդի եւ փաստաբանների պալատի այլ մարմինների անդամները, բացառությամբ որակավորման հանձնաժողովի անդամների, ընտրվում են վարկանիշային կարգով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
8. Փաստաբանների պալատի մարմինների՝ ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է տվյալ մարմնի անդամների վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված անձը՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով:
9. Փաստաբանների պալատի մարմինների անդամներն իրենց կազմից ձայների մեծամասնությամբ ընտրում են տվյալ մարմնի նախագահին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի: Որակավորման հանձնաժողովի նախագահը ընտրվում է որակավորման հանձնաժողովի փաստաբան անդամներից:
10. Փաստաբանների պալատի մարմնի նիստերը հրավիրում է տվյալ մարմնի նախագահը՝ ըստ անհրաժեշտության: Փաստաբանների պալատի մարմնի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, իսկ խորհրդի նիստերը՝ նաեւ փաստաբանների պալատի նախագահի կամ փաստաբանների պալատի առնվազն երեսուն անդամների նախաձեռնությամբ:
11. Փաստաբանների պալատի մարմնի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է տվյալ մարմնի անդամների առնվազն կեսը: Փաստաբանների պալատի մարմինների նիստերին այդ մարմինների անդամները քվեարկում եւ իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում եւ կարգով նիստերը կարող են անցկացվել նաեւ հեռավար կամ հարցման կարգով:
12. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ընդունվում են տվյալ մարմնի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:
13. Փաստաբանների պալատի մարմնի որոշումներն ուժի մեջ են մտնում փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով հրապարակվելու պահից, եթե սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
14. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարում են՝
1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) փաստաբանների պալատի անդամի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) ներկայացմամբ նշանակվող անդամներին իրենց ներկայացրած մարմնի (անձի) կողմից հետ կանչվելու դեպքում:
15. Փաստաբանների պալատի մարմինների անդամների լիազորությունները դադարեցվում են՝
1) երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում տվյալ մարմնի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում.
3) օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պաշտոնեական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
16. Սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված դեպքերում փաստաբանների պալատի մարմինների անդամների (բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի) լիազորությունները դադարեցվում են համապատասխան մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Փաստաբանների պալատի մարմնի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվում է, չի մասնակցում քվեարկությանը, սակայն իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով մասնակցելու համապատասխան մարմնի տվյալ նիստին, ներկայացնելու ապացույցներ եւ բացատրություններ:
17. Փաստաբանների պալատի մարմնի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար համապատասխան մարմնի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է համապատասխան մարմնի առնվազն երեք անդամի կողմից:
18. Փաստաբանների պալատի մարմնի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի անդամի լիազորությունների դադարման կամ դադարեցման, ինչպես նաեւ նրա՝ տվյալ մարմնի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու դեպքում: Փաստաբանների պալատի մարմնի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է տվյալ մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա լիազորությունները դադարեցնելու համար: Փաստաբանների պալատի խորհրդի նախագահի լիազորությունները դադարում են նրա՝ որպես փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարելու դեպքում:
19. Արձակուրդի կամ գործուղման դեպքում փաստաբանների պալատի մարմնի նախագահը տվյալ մարմնի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ փաստաբանների պալատի մարմնի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում համապատասխան մարմնի նախագահին փոխարինում է այդ մարմնի տարիքով ավագ անդամը՝ համապատասխանաբար մինչեւ արձակուրդից կամ գործուղումից վերադառնալը կամ տվյալ մարմնի նոր նախագահի ընտրությունը:
20. Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունները դադարելու դեպքում այդ անդամին ներկայացրած մարմինը (անձը) 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի: Փաստաբանների պալատի մարմնի՝ ներկայացմամբ նշանակվող անդամի լիազորությունների դադարեցման դեպքում փաստաբանների պալատի համապատասխան մարմնի որոշումն ուղարկվում է լիազորությունները դադարեցված անդամին ներկայացրած մարմնին (անձին), որը որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է նոր ներկայացուցչի:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը փաստաբանների պալատի բարձրագույն մարմինն է, որը՝
1) հաստատում է փաստաբանների պալատի կանոնադրությունը եւ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը կամ դրանց լրացումները կամ փոփոխությունները.
2) ընտրում է փաստաբանների պալատի նախագահին, խորհրդի եւ կարգապահական հանձնաժողովի անդամներին.
3) լուծում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:».
2) 4-րդ մասի «սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «կարգապահական հանձնաժողովի անդամների» բառերով.
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը (գումարմամբ կամ հեռակա կարգով) հրավիրվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ ոչ ուշ, քան երկու տարին մեկ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ հինգերորդի կամ փաստաբանների պալատի նախագահի պահանջով փաստաբանների պալատի խորհուրդը պարտավոր է հրավիրել ընդհանուր ժողով՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում: Փաստաբանների պալատի մարմինների ընտրությունների նպատակով ընդհանուր ժողովը հրավիրվում է համապատասխան մարմնի գործող կազմի լիազորությունների ավարտից առնվազն երեսուն օր առաջ:».
4) 6-րդ մասի «իրավազոր է» բառերը փոխարինել «իրավասու է (քվորում ունի)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի 39.5-րդ հոդվածով նախատեսված անձանց» բառերը փոխարինել «կարգապահական հանձնաժողովի անդամների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. Փաստաբանների պալատի խորհուրդը
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաեւ կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումները վերանայող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի խորհուրդը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված փաստաբաններից (բացառությամբ խորհրդի նախագահի), որոնց թիվը չի կարող պակաս լինել տասներկուսից՝ չհաշված խորհրդի նախագահին: Փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է:
3. Փաստաբանների պալատի խորհրդի անդամը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝
1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար եւ իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.
2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար:
4. Փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ կանոնադրությունը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
2) մշակում եւ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացնում նոր խմբագրությամբ փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, դրա փոփոխությունները կամ լրացումները.
3) փաստաբանների պալատի նախագահի ներկայացմամբ հաստատում է փաստաբանների պալատի տարեկան բյուջեն.
4) հաստատում եւ հրապարակում է փաստաբանների պալատի մարմինների եւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, ներառյալ՝ փաստաբանների պալատի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ խորհրդի կողմից ընտրված՝ փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված անկախ աուդիտորական եզրակացությունը.
5) կազմավորում է հաշվիչ հանձնաժողովը.
6) սահմանում է փաստաբանի անդամավճարի եւ հավակնորդի մուտքի ու այլ վճարների, փաստաբանների վերապատրաստման համար անհրաժեշտ վճարների չափերը, ինչպես նաեւ դրանք վճարելու կարգերը.
7) որոշում է ընդունում փաստաբանի հավակնորդներին (այսուհետ` հավակնորդ) փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու վերաբերյալ` սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված կարգով.
8) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.
9) որոշում է ընդունում փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելու մասին.
10) փաստաբանների հարցմամբ տալիս է խորհրդատվական բնույթի պարզաբանումներ փաստաբանի վարքագծի կանոնագրքով, ինչպես նաեւ պարզաբանումներ փաստաբանների պալատի կանոնադրությամբ եւ փաստաբանների պալատի ներքին ակտերով նախատեսված դրույթների կիրառության վերաբերյալ.
11) հաստատում է խորհրդի, փաստաբանների պալատի այլ մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը.
12) ընտրում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի փաստաբանների պալատը ներկայացնող անդամներին եւ հաստատում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի կազմը.
13) նշանակում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին.
14) հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը)` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
15) հաստատում է՝
ա. հանրային պաշտպանի գրասենյակի կանոնակարգը,
բ. հանրային պաշտպանի գրասենյակի եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունները,
գ. հանրային պաշտպանության զարգացման ծրագրերը,
դ. հանրային պաշտպանի գրասենյակի տարեկան հիմնական կատարողական ցուցանիշները,
ե. կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունների համապատասխանությունն ստուգելու կարգը.
16) փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով ստուգում է հանրային պաշտպանի գրասենյակի հաշվետվությունների արժանահավատությունը.
17) ստուգում եւ գնահատում է հանրային պաշտպանների գործունեությունը՝ խորհրդի սահմանած կարգով եւ չափանիշներին համապատասխան.
18) նախաձեռնում է փաստաբանների պալատում իրականացված ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման արդյունքով բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ եւ իրականացնում դրանց վերահսկումը.
19) հաստատում է փաստաբանների պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.
20) քննում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումների դեմ բերված բողոքները.
21) իրականացնում է օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
5. Փաստաբանների պալատի խորհրդի նախագահը՝
1) համակարգում է խորհրդի գործունեությունը եւ կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.
2) հաստատում է փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգը.
3) ստորագրում է խորհրդի որոշումները.
4) ստորագրում է փաստաբանների արտոնագրերը.
5) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
6. Փաստաբանների պալատի խորհրդի նիստերը հրավիրվում են տարեկան չորս անգամից ոչ պակաս:
7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները վերանայելու նպատակով փաստաբանների պալատի խորհրդի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 39.11-րդ հոդվածով:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.
«Հոդված 11.1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու եւ լուծելու նպատակով: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործն ըստ էության քննող եւ որոշում կայացնող մարմինն է:
2. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կազմավորվում է չորս տարի ժամկետով՝ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից ընտրված ինը փաստաբաններից:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը՝
1) քննարկում եւ լուծում է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը.
2) իրականացնում է սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
4. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերը քննարկելու եւ լուծելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստի գումարման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 6-րդ գլխով:»:
Հոդված 10. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը
1. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու եւ դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով:
2. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է երկու տարի ժամկետով` ինն անդամի կազմով, ներկայացուցչության հետեւյալ համամասնությամբ.
1) փաստաբանների պալատի խորհրդի ընտրած հինգ փաստաբան.
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
3) Վճռաբեկ դատարանից մեկ դատավոր` Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.
4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին եւ պայմաններին համապատասխան:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված անդամներին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ խորհրդի սահմանած կարգին համապատասխան:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունում վերջին վեց տարիների ընթացքում առնվազն երեք տարի իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են խորհրդի սահմանած ժամկետում առաջադրել սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման եւ ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից: Նախքան խորհրդի նիստի գումարումը, որի ընթացքում ընտրվելու են որակավորման հանձնաժողովի անդամները, թեկնածուների վերաբերյալ տեղեկություններն ուղարկվում են փաստաբանների պալատի խորհրդի անդամներին:»:
Հոդված 11. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Փաստաբանների պալատի նախագահը
1. Փաստաբանների պալատի նախագահի իրավասության ներքո են փաստաբանների պալատի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով կամ կանոնադրությամբ ընդհանուր ժողովի կամ փաստաբանների պալատի այլ մարմինների իրավասությանը վերապահված հարցերի:
2. Փաստաբանների պալատի նախագահին փաստաբանների պալատի անդամների կազմից ընտրում է ընդհանուր ժողովը՝ փակ գաղտնի քվեարկությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
3. Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
4. Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում անցկացվում է վիճակահանություն:
5. Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` մեկ ամսվա ընթացքում, անցկացվում է նոր ընտրություն:
6. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները դադարում են՝
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ նախագահի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) փաստաբանների ընդհանուր ժողովի կողմից սույն օրենքով սահմանված կարգով նախագահին հետ կանչելու մասին որոշում կայացվելու պահից՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված դեպքերում:
7. Փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու գործընթաց կարող է նախաձեռնվել փաստաբանների պալատի խորհրդի, ինչպես նաեւ փաստաբանների պալատի անդամների ընդհանուր թվի մեկ քառորդի պահանջով:
8. Փաստաբանների կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու ստորագրահավաքն սկսվում է ընդհանուր ժողովի՝ փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշման նախագիծն առնվազն հիսուն փաստաբանի (նախաձեռնող խմբի) ստորագրությամբ հրապարակելու պահից: Հրապարակումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում եւ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հայտարարություն տեղադրելու միջոցով: Փաստաբանը կարող է միանալ ստորագրահավաքին սույն մասում նշված կայքերում հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում՝ նախաձեռնող խմբին փոխանցելով ստորագրահավաքին միանալու մասին ստորագրված հայտարարության բնօրինակը: Փաստաբանների պալատի խորհուրդը սույն մասում նշված ստորագրություններն ստանալու դեպքում որոշում է կայացնում արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու մասին՝ ստորագրահավաքին միանալու ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան քառասունհինգ օրվա ընթացքում, եթե ստորագրահավաքն անցկացվել է սույն հոդվածում նշված ժամկետում եւ կարգով:
9. Ընդհանուր ժողովի կողմից փաստաբանների պալատի նախագահին հետ կանչելու մասին որոշում ընդունվելու պահից փաստաբանների պալատի նախագահի լիազորությունները համարվում են դադարեցված:
10. Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նրա պարտականությունները փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով կատարում է նրա տեղակալներից մեկը՝ մինչեւ փաստաբանների պալատի նախագահի նոր ընտրությունը: Փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր ընտրությունների անցկացման ժամկետները եւ կարգը սահմանվում են փաստաբանների պալատի կանոնադրությամբ:
11. Փաստաբանների պալատի նախագահը՝
1) ներկայացնում է փաստաբանների պալատը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպությունների հետ հարաբերություններում.
2) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս փաստաբանների պալատի անունից եւ ներկայացնում նրա շահերը.
3) իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.
4) սահմանված կարգով փաստաբանների պալատի անունից կնքում է գործարքներ.
5) սույն օրենքով եւ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է փաստաբանների պալատի գույքը: Եթե ձեռք բերվող կամ օտարվող գույքի (ծառայության, աշխատանքի) արժեքը գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա նախքան այդպիսի գործարքի կնքումը փաստաբանների պալատի նախագահը պետք է ստանա փաստաբանների պալատի խորհրդի համաձայնությունը: Սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գործարք կնքելու կարգը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ.
6) ընդունում է որոշումներ փաստաբանների պալատի բնականոն գործունեությունն ապահովելուն առնչվող հարցերի վերաբերյալ.
7) նշանակում եւ ազատում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
8) սահմանում է փաստաբանների պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը.
9) ապահովում է փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի եւ խորհրդի որոշումների կատարումը.
10) փաստաբանի նկատմամբ հարուցում է կարգապահական վարույթ.
11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, ընդունում է որոշումներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.
12) ընդգրկում է փաստաբանին փաստաբանների ցուցակում.
13) դադարեցնում է մահացած փաստաբանի արտոնագրի գործողությունը եւ հանում է փաստաբանների ցուցակից.
14) տրամադրում է փաստաբանի վկայականներ ու պլաստիկ քարտեր, ինչպես նաեւ փաստաբանի օգնականի վկայականներ.
15) վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ.
16) կազմակերպում եւ համակարգում է իրավասու պետական մարմիններին օրենքների եւ իրավական այլ ակտերի փոփոխությունների, լրացումների, դրանց ընդունման վերաբերյալ, ինչպես նաեւ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դրանք մշակող մարմիններին կարծիքների ներկայացումը.
17) իրականացնում է օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաեւ փաստաբանների պալատի մարմինների իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ:
12. Փաստաբանների պալատի նախագահը չի կարող իր կարգավիճակն օգտագործել՝
1) քաղաքական բնույթի հայտարարություններ կատարելու համար եւ իր լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.
2) փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում առավելություն ստանալու համար:
13. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար խորհրդի համաձայնությամբ կարող է նշանակել առավելագույնը երկու տեղակալներ` փաստաբանների կազմից: Փաստաբանների պալատի նախագահի տեղակալը փոխարինում է փաստաբանների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:
14. Փաստաբանների պալատի նախագահն իր լիազորությունների իրականացման համար վարձատրվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ չափով:
15. Փաստաբանների պալատի նախագահի աշխատանքի համատեղումը փաստաբանական գործունեության հետ չպետք է խոչընդոտի փաստաբանների պալատի նախագահի լիազորությունների իրականացումը:»:
Հոդված 12. Օրենքի 13.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.1. Վարկանիշային կարգով քվեարկության անցկացման կարգը
1. Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
2. Քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում:
3. Քվեարկության յուրաքանչյուր մասնակից կարող է կողմ քվեարկել առավելագույնն այնքան թեկնածուի, որքան կազմում է փաստաբանների պալատի ընտրվող մարմնի անդամների թվի կեսը, եթե այդպիսի անդամների թիվը երկու կամ ավելի է:
4. Ընտրված են համարվում համապատասխան մարմնի ընտրվող անդամների թվի չափով առավելագույն կողմ քվեարկված թեկնածուները: Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած թեկնածուին, ապա նվազագույն հավասար ձայներ ստացած թեկնածուների միջեւ անցկացվում է վիճակահանություն:
5. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին չհամապատասխանող քվեաթերթիկները համարվում են անվավեր եւ հաշվի չեն առնվում քվեարկությունների (ընտրությունների) արդյունքներն ամփոփելիս:»:
Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 14. Փաստաբանների պալատի արտաքին աուդիտը
1. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով փաստաբանների պալատը պետք է ներգրավի օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի՝ կնքելով նրա հետ համապատասխան պայմանագիր: Փաստաբանների պալատի արտաքին աուդիտ իրականացնող անձին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով: Արտաքին աուդիտ իրականացնող անձի ծառայությունների համար վճարվող գումարի չափը որոշում է փաստաբանների պալատի խորհուրդը:
2. Փաստաբանների պալատը արտաքին աուդիտ իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրում պետք է նախատեսի նաեւ իր կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը:
3. Արտաքին աուդիտի եզրակացությունը մինչեւ տվյալ ֆինանսական տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում:»:
Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Փաստաբանների պալատի գույքը եւ բյուջեն
1. Փաստաբանների պալատի գույքը ձեւավորվում է փաստաբանների անդամավճարներից, փաստաբանների հավակնորդների մուտքի վճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից: Փաստաբանների պալատի անդամավճարները մուծվում են փաստաբանների պալատի խորհրդի սահմանած չափով եւ կարգով` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների եւ փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար:
2. Փաստաբանների պալատի նախագահը հերթական տարվա համար կազմում է փաստաբանների պալատի բյուջեն (առանց հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող գումարների եւ ծախսերի)՝ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջին եռամսյակում:
3. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հերթական տարվա բյուջեն չհաստատվելու դեպքում փաստաբանների պալատը գործում է հաշվետու տարվան նախորդող տարվա բյուջեով՝ մինչեւ նոր բյուջեի հաստատումը:»:
Հոդված 15. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների» բառերը:
Հոդված 16. Օրենքի 2-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1. Փաստաբանների պալատում ծանուցման կարգը
1. Փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում (այդ թվում՝ կարգապահական վարույթի շրջանակներում) փաստաբանը համարվում է իր հետ կապված գործընթացի վերաբերյալ պատշաճ ծանուցված կամ համապատասխան փաստաթուղթն ստացած, եթե ծանուցումը կամ փաստաթուղթը հասցեատեր փաստաբանին՝
1) հանձնվել է առձեռն կամ
2) ուղարկվել է պատվիրված նամակով՝ փաստաբանների պալատին տրամադրված հասցեով եւ հանձնման մասին ծանուցմամբ կամ
3) ուղարկվել է փաստաբանների պալատին տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեով:
2. Եթե ծանուցումը կամ փաստաթուղթը պատվիրված նամակով ուղարկելուց կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պալատը չի ստացել հետադարձ ծանուցում, կամ դեռեւս առկա չէ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցումը կարդալու մասին էլեկտրոնային հավաստում կամ արձագանք, ապա ծանուցումը կամ փաստաթուղթը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: Ծանուցումը կամ փաստաթուղթը փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 10-րդ օրը, փաստաբանը համարվում է պատշաճ ծանուցված կամ փաստաթուղթը ստացած:»:
Հոդված 17. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Փաստաբանը
1. Փաստաբան է այն անձը, որը՝
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով եւ
2) ստացել է արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
2. Փաստաբանի կարգավիճակը, ինչպես նաեւ դատավարության շրջանակներում որպես վստահորդի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցելիս նրա անձը հաստատվում է փաստաբանների պալատի տված արտոնագրով, վկայականով կամ դրանց փոխարինող պլաստիկ քարտով, որոնց տրամադրման կարգը սահմանվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ:
3. Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը՝
1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով՝ ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.
2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ եւ իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ դրանց նախագծեր.
3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական եւ վարչական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.
4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը եւ վարչական իրավախախտումների գործերով վարույթին.
5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում, ինչպես նաեւ հաշտարարի մասնակցությամբ իրականացվող հաշտարարական գործընթացում.
6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում եւ այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, հետաքննության կամ նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների եւ այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն:»:
Հոդված 18. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) իրականացնելու օրենքով նախատեսված այլ իրավունքներ:»:
Հոդված 19. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4.1-ին կետը «դասընթացներին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի» բառերով.
2) 5-րդ կետը «անդամավճարներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի» բառերով.
3) 8-րդ կետը «մարմինների» բառից առաջ լրացնել «ընդհանուր ժողովի, այլ» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) կատարել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»:
Հոդված 20. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Փաստաբանի վարքագծի կանոնները
1. Փաստաբանը պարտավոր է առաջնորդվել առնվազն հետեւյալ վարքագծի կանոններով.
1) իր մասնագիտական գործունեությունն իրականացնել ազատ այնպիսի ազդեցություններից, որոնք կարող են բացասաբար ազդել վստահորդի գործի վրա.
2) պահպանել փաստաբանական գաղտնիքը.
3) միշտ պաշտպանել իր վստահորդի շահերը եւ գերադասել դրանք իր անձնական եւ փաստաբան գործընկերների շահերից.
4) չընդունել իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունը, եթե՝
ա. այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում,
բ. վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից.
5) ցույց չտալ իրավաբանական օգնություն, երբ՝
ա. առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջեւ,
բ. տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաեւ, եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը,
գ. ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը,
դ. պետք է ներկայացնի վստահորդի շահերը որեւէ գործում, եւ այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը.
6) չանել հայտարարություններ վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.
7) հրաժարվել վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով սահմանված դեպքերում: Վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորություններից հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար եւ վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը.
8) առանց հարգելի պատճառների չխուսափել փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելուց:
2. Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաեւ այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող հարցերով:
3. Սույն հոդվածով սահմանված փաստաբանի վարքագծի կանոնների մանրամասները եւ առանձնահատկությունները, ինչպես նաեւ վարքագծի այլ միասնական կանոնները եւ փաստաբանական էթիկայի սկզբունքները սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքով:
4. Փաստաբանի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր փաստաբանների, ինչպես նաեւ վերջիններիս աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի համար, այնքանով, որքանով դրանք կիրառելի են տվյալ աշխատողի նկատմամբ: Փաստաբանները պարտավոր են աշխատողների, այդ թվում՝ օժանդակ անձնակազմի հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նախատեսել նրանց պարտականությունները փաստաբանի վարքագծի կանոնները պահպանելու վերաբերյալ, եւ հետեւել դրանց պահպանմանը:
5. Փաստաբանի կամ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպության օժանդակ անձնակազմում ներառվում են նրանց փաստաբան չհանդիսացող աշխատողները:»:
Հոդված 21. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «28-րդ եւ 33-րդ» բառերը փոխարինել «33-րդ եւ 45.11-րդ» բառերով.
2) 7-րդ մասը «պալատի կնիքով եւ» բառերից հետո լրացնել «փաստաբանների պալատի խորհրդի» բառերով:
Հոդված 22. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 36. Արտոնագրի գործողության կասեցումը
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվում է, եթե փաստաբանը՝
1) ընտրվել է պետական ընտրովի մարմիններում, համայնքի ղեկավարի կամ ավագանու պաշտոնում` իր լիազորությունների ժամկետով.
2) զորակոչվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մինչեւ ծառայության ժամկետի լրանալը.
3) մեկ տարուց ավելի ժամանակով առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ կատարելու իր մասնագիտական պարտականությունները, եթե առկա են առողջական վիճակը հավաստող համապատասխան փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով.
4) անցել է հանրային ծառայության կամ նշանակվել է նոտար` հանրային պաշտոն զբաղեցնելու, պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ գտնվելու կամ նոտարական գործունեության ողջ ժամկետի ընթացքում.
5) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
6) աշխատելու կամ ուսումնառության նպատակով երեք ամսից ավելի ժամանակով մեկնելու է արտասահման, եթե առկա են աշխատելու կամ ուսումնառության մասին վկայող փաստաթղթեր, բայց ոչ ավելի, քան երկու տարի ժամկետով:
2. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կարող է կասեցվել դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակվելու դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության մասին փաստաբանը պարտավոր է այդ հիմքերն ի հայտ գալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, տեղյակ պահել փաստաբանների պալատի խորհրդին:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը (բացառությամբ 6-րդ կետի) կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքն իրենց գործունեության ընթացում հայտնաբերում են փաստաբանների պալատի խորհուրդը, կարգապահական հանձնաժողովը կամ փաստաբանների պալատի նախագահը, ապա խորհուրդը սեփական նախաձեռնությամբ կամ կարգապահական հանձնաժողովի կամ փաստաբանների պալատի նախագահի միջնորդությամբ կարող է կասեցնել փաստաբանի արտոնագրի գործողությունը:
5. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փաստաբանների պալատի խորհուրդը ծանուցում է արտոնագրի գործողությունը կասեցված փաստաբանին:
6. Փաստաբանի արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տվյալ փաստաբանի նկատմամբ սույն օրենքով նախատեսված երաշխիքների կասեցման:
7. Արտոնագիրը կասեցված փաստաբանների պալատի անդամներն իրավունք չունեն մասնակցելու փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին, եւ այդպիսի անդամները հաշվի չեն առնվում փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի քվորումը որոշելիս կամ փաստաբանների պալատի անդամների կողմից ժողովի հրավիրում պահանջելիս:
8. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալուց հետո փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնվում է փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ` այն փաստաբանի դիմումի հիման վրա, որի արտոնագրի գործողությունը կասեցվել էր: Սույն մասով նախատեսված դիմումը փաստաբանը պարտավոր է փաստաբանների պալատ ներկայացնել համապատասխան հիմքը վերանալուց հետո՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում:
9. Փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու կամ վերականգնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:
10. Արտոնագիրը վերականգնած փաստաբանը պարտավոր է անցնել վերապատրաստման դասընթացներ` փաստաբանների պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:»:
Հոդված 23. Օրենքի 38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. Արտոնագրի գործողության դադարեցումը
1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝
1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար.
2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ.
3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը.
4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը.
5) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, փաստաբանին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել.
6) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ՝ որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ.
7) փաստաբանի նկատմամբ որպես կարգապահական տույժ նշանակվել է փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը.
8) փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքերը վերանալուց հետո՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում, փաստաբանը դիմում չի ներկայացրել արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարգելի ճանաչված դեպքերի:
2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը` այն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու միջոցով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի 13-րդ կետով նախատեսված դեպքի:
3. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով արտոնագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար նախկին արտոնագրի գործողությունը դադարեցվելուց հետո՝ ցանկացած պահի:
5. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն:
6. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը չներկայացնելու պատճառները հարգելի են համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
7. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կամ այդ որոշումը վերացնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում:»:
Հոդված 24.
Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 6
ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 39. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը
1. Փաստաբանը ենթակա է կարգապահական պատասխանատվության սույն օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջները խախտելու համար, իսկ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի եւ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու համար` կարգապահական, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:
2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթն իրականացվում է օրինականության, օրենքի եւ փաստաբանների պալատի առջեւ հավասարության, մրցակցության, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության եւ անմեղության կանխավարկածի սկզբունքների հիման վրա:
3. Փաստաբանների պալատի խորհրդի եւ կարգապահական հանձնաժողովի անդամները կամ սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ սպասարկող անձնակազմի աշխատակիցները փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի շրջանակներում իրենց հայտնի դարձած կամ բացահայտված փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկությունների կամ ապացույցների առնչությամբ պարտավոր են առաջնորդվել փաստաբանական գաղտնիքի պահպանման սույն օրենքով սահմանված կարգավորումներով:
Հոդված 39.1.Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը
1. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) սույն օրենքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
3) «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
4) «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի եւ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
2. Սույն հոդվածի իմաստով՝
1) արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե փաստաբանը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը.
2) արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե փաստաբանը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեեւ տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր եւ պարտավոր էր դա անել:
3. Փաստաբանի մասնակցությամբ գործով ի վնաս փաստաբանի վստահորդի ընդունված ակտն ինքնին չի առաջացնում փաստաբանի կարգապահական պատասխանատվություն:
4. Փաստաբանին վարչական, քաղաքացիաիրավական կամ օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելը չի բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը եւ հակառակը:
5. Փաստաբանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղքի բացակայության դեպքում:
6. Կարգապահական խախտման համար փաստաբանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենքով սահմանված կարգով՝ Կարգապահական հանձնաժողովի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ուժի մեջ մտած որոշմամբ: Փաստաբանի կատարած կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են փաստաբանի օգտին:
Հոդված 39.2. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը
1. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) անձի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումը.
2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով փաստաբանների պալատին դիմելու մասին դատարանի սանկցիան.
4) իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտման հատկանիշներ պարունակող արարք հայտնաբերելու մասին փաստաբանների պալատի մարմինների հաղորդումը.
5) փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու վերաբերյալ փաստաբանների պալատի հաշվապահի ներկայացրած տեղեկանքը.
6) փաստաբանի՝ սահմանված ժամկետում վերապատրաստում չանցնելու վերաբերյալ փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացրած տեղեկանքը.
7) հանրային պաշտպանի եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի միջնորդությունը:
2. Անանուն հաղորդումները քննարկման ենթակա չեն:
3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց երկու տարի հետո: Սույն մասում նշված ժամկետներն անցնելուց հետո կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ խախտմամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման: Կարգապահական վարույթ հարուցելու օրվանից սույն մասով նախատեսված վաղեմության ժամկետը կասեցվում է:
4. Մինչեւ կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծումը փաստաբանների պալատի նախագահն իրավունք ունի հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին) կամ փաստաբանին առաջարկելու ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր:
5. Փաստաբանների պալատի նախագահը կատարված ուսումնասիրությունների արդյունքով կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ մերժում է կարգապահական վարույթի հարուցումը՝ կարգապահական վարույթ հարուցելու մասին առիթը ծագելու պահից մեկ ամսվա ընթացքում:
6. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումը հաղորդում ներկայացրած անձը կարող է բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
7. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումը, եւ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում հաղորդվում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին:
8. Կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը (այսուհետ՝ կարգապահական գործ) նախապատրաստելու նպատակով այն հանձնում է սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպասարկող անձնակազմի աշխատակցին:
Հոդված 39.3. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը մերժելը
1. Կարգապահական վարույթի հարուցումը մերժվում է, եթե՝
1) փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերեւույթ բացակայում են.
2) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար առկա է հարուցված կարգապահական վարույթ.
3) նույն փաստաբանի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին առկա է կարգապահական վարույթ չհարուցելու, վարույթը կարճելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշում.
4) լրացել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետները.
5) փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է:
2. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին փաստաբանների պալատի նախագահը կայացնում է որոշում:
3. Կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի նկատմամբ կայացվել է կարգապահական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչպես նաեւ սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 3-րդ կետում նշված անձանց կողմից հաղորդում կամ դիմում ներկայացնելու դեպքերում՝ այդ կետերում նշված անձանց:
Հոդված 39.4. Փաստաբանի եւ հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձի (մարմնի) իրավունքները կարգապահական վարույթում
1. Փաստաբանը եւ հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) սույն օրենքով սահմանված կարգով հավասար իրավունք ունեն`
1) մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով.
2) կարգապահական վարույթի հարուցման պահից ծանոթանալու կարգապահական գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանելու եւ գործից դուրս գրելու ցանկացած ծավալի որեւէ տեղեկություն.
3) տալու բացատրություններ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.
4) ներկայացնելու ապացույցներ կարգապահական գործին կցելու եւ հետազոտելու համար.
5) հայտնելու բացարկներ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի անդամներին եւ սույն օրենքի 39.5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով սպասարկող անձնակազմի աշխատակցին.
6) հարուցելու միջնորդություններ.
7) հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հրավիրած վկաներին.
8) հարցեր տալու ելույթ ունեցողին.
9) հանդես գալու եզրափակիչ ելույթով.
10) ստանալու փաստաբանների կարգապահական հանձնաժողովի եւ փաստաբանների պալատի խորհրդի որոշումները.
11) փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով, իսկ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը՝ դատական կարգով:
Հոդված 39.5. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելը
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստում է կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը նախապատրաստելու նպատակով փաստաբանների պալատի աշխատակազմում ձեւավորված սպասարկող անձնակազմի (այսուհետ սույն գլխում՝ սպասարկող անձնակազմ) աշխատակիցը:
2. Սպասարկող անձնակազմը ձեւավորվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:
3. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը պարտավոր է հավաքել ապացույցներ՝ կարգապահական վարույթի օրինականությունն ապահովելու եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու համար:
4. Սպասարկող անձնակազմի աշխատակիցն իրավունք ունի փաստաբանից կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձից (մարմնից) պահանջելու ներկայացնել կարգապահական վարույթի համար անհրաժեշտ ապացույցներ, որոնք տվյալ անձանց (մարմինների) ազդեցության ոլորտում են կամ պետք է լինեն: Ապացույց ներկայացնելու պահանջը ենթակա է կատարման այն ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում կատարման անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` հայցելով կատարման նոր ժամկետ կամ հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները: Փաստաբանների պալատի նախագահն իր որոշմամբ կարող է սահմանել նոր ժամկետ կամ հարգելի ճանաչել ապացույց չներկայացնելու պատճառները:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում պահանջված ապացույցը չներկայացնելու կամ ապացույց ներկայացնելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում դա կարող է մեկնաբանվել ի վնաս պահանջի հասցեատիրոջ, եթե ապացուցման ենթակա փաստը, որի վերաբերյալ անհրաժեշտ էր պահանջվող ապացույցը, մնում է չապացուցված:
7. Սպասարկող անձնակազմի աշխատակիցը ապացույցների հավաքման գործընթացն ավարտում եւ գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ երկու ամսվա ընթացքում:
Հոդված 39.6. Կարգապահական գործի քննության կարգը
1. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաեւ նշանակել կարգապահական հանձնաժողովի նիստ եւ նիստի տեղի ու ժամանակի մասին պատշաճ ծանուցել փաստաբանին, որի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, դիմող կողմին, վկաներին եւ կարգապահական գործին մասնակցող այլ անձանց:
2. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննելու նպատակով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, ներառյալ՝ զեկուցողը:
3. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովում կարգապահական գործի քննությունն սկսվում է զեկուցողի կողմից կարգապահական գործի ներկայացմամբ:
4. Զեկուցողին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը լսում է այն փաստաբանին, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են հարցեր ուղղել փաստաբանին, որոնց փաստաբանը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Փաստաբանին լսելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:
5. Կարգապահական գործի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովն անցնում է որոշում կայացնելու:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան գործն ստանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
7. Բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան երեք ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Հոդված 39.7. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը
1. Մեկ կարգապահական վարույթի քննության շրջանակում, անգամ եթե նույն փաստաբանը կատարել է մի քանի կարգապահական խախտում, կարգապահական հանձնաժողովը կայացնում է մեկ որոշում:
2. Կարգապահական հանձնաժողովը որոշումը կայացնում է խորհրդակցական սենյակում: Խորհրդակցական սենյակում կարող են ներկա լինել միայն տվյալ գործը քննող կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամները:
3. Խորհրդակցական սենյակում որոշումն ընդունվում է կարգապահական հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ՝ կարգապահական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով: Ձայների հավասարության դեպքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ավելի բարենպաստ է փաստաբանի համար:
4. Կարգապահական հանձնաժողովի կողմից խորհրդակցական սենյակում քննարկված հարցերը, կարգապահական հանձնաժողովի անդամների արտահայտած դիրքորոշումը եւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն ինչպես նիստի ընթացքում, այնպես էլ գործով քննությունն ավարտվելուց հետո:
5. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործի քննությունից հետո կարգապահական հանձնաժողովը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանին սույն օրենքով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու մասին.
2) կարգապահական վարույթը կարճելու մասին:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կազմվում եւ դրա եզրափակիչ մասը հրապարակվում է կարգապահական հանձնաժողովի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո` 15 օրվա ընթացքում:
7. Որոշումը հրապարակվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է փաստաբանին, որի վերաբերյալ կայացվել է որոշումը եւ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձին (մարմնին):
8. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը բողոքարկվելու եւ փաստաբանների պալատի խորհրդի կողմից կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու կամ դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում խորհրդի կամ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշումը կողմերը կարող են բողոքարկել փաստաբանների պալատի խորհուրդ կամ դատական կարգով այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 39.8. Կարգապահական գործի քննության գրավոր կարգի կիրառումը
1. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
2. Փաստաբանի՝ սահմանված ժամկետում անդամավճար չվճարելու, վերապատրաստում չանցնելու, ինչպես նաեւ կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվության մեջ ոչ հավաստի եւ ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու հիմքով հարուցված կարգապահական վարույթ հարուցելիս փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը քննվում է գրավոր կարգով:
3. Կարգապահական հանձնաժողովի նախագահը գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը լուծում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված որոշմամբ:
4. Կարգապահական գործը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի նախագահը պարտավոր է նշանակել գործը զեկուցող կարգապահական հանձնաժողովի անդամին՝ խորհրդի սահմանած կարգով՝ նշելով փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման հրապարակման օրը:
5. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվելու դեպքում փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամը, որը հանդես է գալիս որպես զեկուցող, ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան գործն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կազմում է կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը: Կարգապահական հանձնաժողովի որոշման նախագիծը գործի նյութերի հետ տրամադրվում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի մյուս անդամներին:
6. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամները կարող են որոշման նախագծի վերաբերյալ ներկայացնել դիտողություններ եւ առաջարկություններ, որոնց հիման վրա գործը զեկուցողը լրամշակում է որոշման նախագիծը:
7. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից դիտողություններ եւ առաջարկություններ չներկայացվելու կամ դրանց հիման վրա նախագիծը լրամշակելուց հետո կամ ներկայացված դիտողությունները եւ առաջարկությունները չընդունելու դեպքում գործը զեկուցողն այն ներկայացնում է քվեարկության:
8. Եթե քվեարկության արդյունքով գործը զեկուցողի ներկայացրած նախագիծը չի ընդունվում, ապա տվյալ գործով որոշման նոր նախագիծը կազմում է դեմ քվեարկած փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի անդամների կողմից որոշված անդամը:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը գրավոր կարգով փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը քննում եւ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը կայացնում ու հրապարակում է ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան զեկուցողի կողմից գործը ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
10. Կարգապահական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելիս բացառիկ դեպքերում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի, քան մեկ ամսով երկարաձգվել, իսկ փորձաքննություն նշանակելու դեպքում՝ փորձաքննության կատարման համար անհրաժեշտ ժամկետով:
Հոդված 39.9. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կողմից փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճելու հիմքերը
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարճում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթն այն դեպքում, երբ`
1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.
2) կարգապահական խախտումը կատարելուց հետո անձը հիվանդացել է անբուժելի հոգեկան հիվանդությամբ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ.
3) կարգապահական խախտումը կատարելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է.
4) առկա է միեւնույն հիմքով եւ միեւնույն դեպքի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու, կարգապահական վարույթի հարուցումը մերժելու կամ կարգապահական վարույթը կարճելու մասին չվերացված որոշում.
5) անցել են սույն օրենքի 39.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետները, եթե փաստաբանը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով:
Հոդված 39.10. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցել.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
2. Փաստաբանի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը հաշվի է առնում նաեւ խախտման հետեւանքները, փաստաբանի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, փաստաբանին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
3. Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու ժամաքանակը որոշում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը: Լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելը կարող է կիրառվել նաեւ որպես լրացուցիչ տույժի միջոց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված տույժերից մեկի կիրառման հետ մեկտեղ:
4. Տուգանքի չափը սահմանում է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը, որը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Տուգանքը փաստաբանը վճարում է փաստաբանների պալատի բյուջե:
5. Փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում տույժի տեսակը փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը կարող է կիրառել՝
1) սույն օրենքով նախատեսված պարտականությունների (ներառյալ՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարքագծի կանոնների) դիտավորությամբ կատարված խախտման դեպքում, որը, պայմանավորված կատարման հանգամանքներով կամ առաջացրած հետեւանքներով, համատեղելի չէ փաստաբանի կարգավիճակի հետ.
2) մեկ տարվա ընթացքում երկու անգամ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանի կողմից կրկին կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում, բացառությամբ անդամավճար չվճարելու հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքերի.
3) առնվազն տասնութ ամսվա անդամավճարի չափով պարտք ունեցող փաստաբանի կողմից հերթական որեւէ ամսվա անդամավճարը չվճարելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ մինչեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացումը փաստաբանն ամբողջությամբ վճարել է պարտքի գումարը եւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշումը կայացնելու օրվա դրությամբ փաստաբանների պալատի նկատմամբ անդամավճարի գծով որեւէ պարտք չունի:
6. Փաստաբանը համարվում է կարգապահական տույժի չենթարկված`
1) նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո.
2) խիստ նկատողության դեպքում` կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկ տարի հետո.
3) որպես հիմնական տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից վեց ամիս հետո.
4) տուգանքի դեպքում` տուգանքն ամբողջությամբ վճարելու պահից ինն ամիս հետո.
5) որպես լրացուցիչ տույժ` լրացուցիչ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու դեպքում` վերապատրաստումն անցնելու պահից երեք ամիս հետո, բայց ոչ շուտ, քան հիմնական տույժի համար սույն մասով նախատեսված համապատասխան ժամկետի լրանալը:
7. Անձը, որի նկատմամբ կիրառվել է փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու կարգապահական տույժը, իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմելու փաստաբանի արտոնագիր ստանալու համար տույժ նշանակելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից երկու տարի հետո:
8. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչեւ նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր կարգապահական խախտում: Այդ դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը վերստին սկսվում է նոր կարգապահական խախտման կատարման օրվանից:
9. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի որոշումը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը դռնփակ նիստում քննելու դեպքում փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակվում են կարգապահական խախտման բնույթի, նշանակված կարգապահական տույժի եւ կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի անձի մասին տեղեկություններ:
Հոդված 39.11. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման եւ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկումը
1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքը (այսուհետ սույն հոդվածում՝ բողոք) ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է փաստաբանների պալատի խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում:
2. Բողոքը կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում եւ որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Փաստաբանների պալատի խորհուրդը բողոքը քննում եւ դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստի միջոցով: Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ խորհուրդը կայացնում է որոշում: Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը խորհուրդը քննում եւ դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով:
4. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից բողոքի կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությանը չի մասնակցում: Սույն մասում նշված դեպքերում խորհրդի նիստը նախագահում է խորհրդի սահմանած գործունեության կարգի համաձայն որոշված խորհրդի անդամը:
5. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի եւ վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Բողոքի քննությունը նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցմամբ, որը ներկայացնում է բողոքը եւ բողոքի պատասխանի փաստարկները: Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին եւ նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված:
6. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու դեպքում փաստաբանների պալատի խորհրդի որոշման կայացման գործընթացի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
7. Բողոքի քննության ժամանակ խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:
8. Բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու մասին.
2) կարգապահական հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու մասին:
9. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետեւյալ որոշումներից մեկը.
1) փաստաբանների պալատի նախագահի որոշումն անփոփոխ թողնելու մասին.
2) փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու մասին:
10. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում:
11. Բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումը բողոքարկվելու եւ դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
12. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
13. Բողոքի քննության արդյունքով կայացված փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 39.12. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների վերանայումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով
1. Փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը իրավունք ունի վերանայելու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը, իսկ փաստաբանների պալատի խորհուրդը՝ նույն հարցի մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն կողմերը:
3. Նոր երեւան եկած հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումները վերանայելու համար, եթե՝
1) այն վերանայելու մասին դիմում ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել կարգապահական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել դիմում ներկայացրած անձին ու փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովին կամ խորհրդին, եւ այդ հանգամանքները կարգապահական վարույթի համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ վկայի կամ տուժողի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների, քննչական ու դատական գործողությունների արձանագրությունների եւ այլ փաստաթղթերի կեղծված լինելը հանգեցրել են կարգապահական վարույթով սխալ կայացնելուն.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ կարգապահական վարույթին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են կարգապահական վարույթի հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է սխալ կամ չհիմնավորված որոշում կայացնելուն, կամ կարգապահական վարույթի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի կամ խորհրդի անդամը:
4. Նոր հանգամանքները հիմք են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար, եթե՝
1) Սահմանադրական դատարանը կարգապահական վարույթով կիրառված օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած դատական ակտով հիմնավորվել է փաստաբանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.
3) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի կիրառմամբ կայացվել է տվյալ որոշումը:
5. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման դիմում կարող է բերվել սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից երեք ամսվա ընթացքում, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել 20 տարի:
6. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու համար հիմք հանդիսացող հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է դիմում ներկայացրած անձը:
7. Դիմումի քննության արդյունքով փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) համապատասխան որոշումը չվերանայելու վերաբերյալ, եթե բացակայում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերը.
2) համապատասխան որոշումը վերացնելու եւ նոր որոշում կայացնելու վերաբերյալ՝ նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերանայելու հիմքերի առկայության դեպքում:
8. Եթե փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես կարգապահական պատասխանատվություն փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշումը, ապա փաստաբանների պալատի խորհուրդը որոշում է կայացնում այդ փաստաբանի արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին:
9. Վերանայման վարույթով գործի քննությունը փաստաբանների պալատի համապատասխան որոշումը կայացրած մարմինը իրականացնում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումները վերանայելու մասին դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 40. Կարգապահական հանձնաժողովի անդամի, խորհրդի անդամի եւ սպասարկող անձնակազմի աշխատակցի անկախությունը, բացարկ հայտնելու հիմքերը եւ կարգը
1. Կարգապահական վարույթ հարուցելիս, կարգապահական վարույթն իրականացնելիս եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կարգապահական հանձնաժողովի անդամը եւ սպասարկող անձնակազմի աշխատակիցը, իսկ կարգապահական գործը վերանայելիս՝ խորհրդի անդամը, անկախ են եւ ենթարկվում են միայն սույն օրենքին, փաստաբանների պալատի կանոնադրությանը եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքին:
2. Փաստաբանը կամ կարգապահական խախտման մասին հաղորդում (դիմում, տեղեկանք, միջնորդություն) ներկայացրած անձը (մարմինը) իրավունք ունի բացարկ հայտնելու կարգապահական հանձնաժողովի անդամին, սպասարկող անձնակազմի աշխատակցին կամ խորհրդի անդամին, եթե՝
1) նա առնչվում է օրակարգով քննարկման դրված հարցին եւ դրանով հանդիսանում է շահագրգիռ անձ.
2) նա համապատասխան գործով կողմերից մեկին տվել է խորհրդատվություն, մասնակցել է կամ մասնակցում է որպես կողմ կամ նրա ներկայացուցիչ.
3) նա կողմերից որեւէ մեկի մերձավոր ազգականն է.
4) նա կողմից գտնվում է անձնական կամ աշխատանքային այլ կախվածության մեջ.
5) կան այլ հանգամանքներ, որոնք հիմք են տալիս համարելու, որ նա ուղղակի կամ անուղղակի շահագրգռված է տվյալ գործի ելքով:
3. Բացարկի վերը նշված հիմքերն իրեն հայտնի դառնալու պահից կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել:
4. Բացարկը ներկայացվում է գրավոր` նշելով կոնկրետ այն փաստական հանգամանքները, որոնք բացառում են բացարկման ենթակա անձի մասնակցությունը կարգապահական վարույթին:
5. Բացարկման ենթակա անձն իրավունք ունի գրավոր կամ բանավոր բացատրություններ ներկայացնելու իրեն ներկայացված բացարկի վերաբերյալ:
6. Կարգապահական հանձնաժողովի անդամին կամ խորհրդի անդամին հայտնված բացարկը լուծում է համապատասխանաբար կարգապահական հանձնաժողովը կամ խորհուրդը` բացարկված անդամի բացակայությամբ: Սպասարկող անձնակազմի աշխատակցին հայտնված բացարկը լուծում է փաստաբանների պալատի նախագահը:
7. Բացարկի հարցը չի քննարկվում, եթե կարգապահական հանձնաժողովի անդամը, սպասարկող անձնակազմի աշխատակիցը կամ խորհրդի անդամը գրավոր կամ բանավոր ինքնաբացարկ են հայտնել:»:
Հոդված 25. Օրենքի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 7
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՄԱՎՈՐ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»:
Հոդված 26. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասում՝
ա. 11-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն կետի իմաստով՝ անվճարունակ է համարվում այն ֆիզիկական անձը, որի ամսական եկամուտը չի գերազանցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի կրկնապատիկը, որը չունի համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաեւ, բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն չունի այլ անշարժ գույք կամ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքի փոխադրամիջոց.»,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-20-րդ կետերով.
«18) օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար.
19) անձանց, որոնց վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու, անգործունակ ճանաչված քաղաքացուն գործունակ ճանաչելու կամ քաղաքացու գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ.
20) տուժողներին, եթե նրանք պարտադիր ժամկետային զինծառայող են կամ մինչեւ 16 տարեկան երեխա:».
2) 6-րդ մասում՝
ա. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) եթե չեն հիմնավորվում սույն հոդվածի 5-րդ մասի 11-րդ կետով նախատեսված անվճարունակության չափանիշները.»,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.
«4) եթե դիմողի պահանջներն ակնհայտ անհիմն են.
5) եթե անձը նույն հարցով, որի վերաբերյալ դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, իրավաբանական օգնություն է ստանում այլ փաստաբանից:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-15-րդ մասերով.
«8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս անձը ներկայացնում է գրավոր հայտարարագիր նույն մասով սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ՝ նախազգուշացվելով դրա առնչությամբ քրեական պատասխանատվության մասին: Սույն մասով նախատեսված հայտարարագրի ձեւը եւ լրացման կարգը հաստատում է փաստաբանների պալատի խորհուրդը:
9. Հանրային պաշտպանի գրասենյակը սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձանց հանրային պաշտպանությունը, հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները, կարող է կազմակերպել նաեւ՝
1) հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների միջոցով, որոնք կամավոր ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարվող անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմած փաստաբանների միջոցով.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ փաստաբանական ակադեմիայի կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաների ուսանողների (ունկնդիրների) օժանդակության միջոցով:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրող անձանց ցուցակում ընդգրկվելու, այդ ցուցակը վարելու, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների վարձատրության եւ նրանց կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման դիմաց վճարումները կատարվում են սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված միջոցների եւ պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
11. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով հանրային պաշտպանի գրասենյակ դիմելու, այդ նպատակով դիմած անձանց ցուցակը վարելու, նրանց գործեր փոխանցելու կարգերը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը:
12. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու պատրաստակամություն հայտնած հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների եւ կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանների ցուցակները վարում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը: Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշված ցուցակներում ներառված անձանց անվճար կամ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով գործ կարող է հանձնել միայն այդ անձանց համաձայնությամբ:
13. Հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնության տրամադրման գործընթացին փաստաբանական ակադեմիայի ունկնդիրները ներգրավվում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի եւ փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից համատեղ սահմանած կարգին համապատասխան, իսկ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները՝ համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության եւ հանրային պաշտպանի գրասենյակի փոխհամաձայնությամբ:
14. Սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ հանրային պաշտպանի գրասենյակի կողմից փոխանցվող գործերի ընդհանուր թիվը չի կարող գերազանցել նախորդ տարվա ընթացքում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի 30 տոկոսը:
15. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է հսկողություն իրականացնել սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում այլ անձանց կողմից անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթացի նկատմամբ՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:»:
Հոդված 27. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
2. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:
3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները դադարում են՝
1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ ղեկավարի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում:
4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝
1) եթե նա ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու ամիս աշխատանքի չի ներկայացել.
2) եթե նա պատշաճ չի կատարում օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները եւ փաստաբանների պալատի նախագահի գրավոր նախազգուշացումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չի վերացրել թերությունները կամ խախտումները.
3) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում է կայացրել, երբ ակնհայտ է, որ անձը սույն օրենքի 41-րդ հոդվածին համապատասխան հանրային պաշտպանության շահառու չէ, եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իմացել է հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու հիմքերի բացակայության մասին.
4) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ պարբերաբար հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումներ է կայացրել.
5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
5. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ սույն հոդվածով սահմանված դեպքերում կարող է հանդես գալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
6. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը՝
1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի եւ արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջեւ.
4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
5) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու եւ գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը կամ անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կհակասի սույն օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերին: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված.
6) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու եւ գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին: Սույն կետով նախատեսված դեպքում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ տվյալների կամ հիմքերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է դիմումը կամ որոշումը վերադարձնել քրեական վարույթն իրականացնող մարմին եւ պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ միաժամանակ ապահովելով անձի հանրային պաշտպանությունը: Նման պահանջի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը.
7) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու գործընթացի նկատմամբ.
8) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի, սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ խրախուսելու համար.
9) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.
10) սույն օրենքով նախատեսված դեպքերում աջակցում է պալատի մարմինների լիազորությունների իրականացմանը.
11) փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`
ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը եւ քննարկումը,
բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,
գ. հանրային պաշտպանների եւ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված անձանց կողմից փաստաբանական գործերը ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,
դ. ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,
ե. սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունների կամ վիճակագրության ներկայացումը փաստաբանների պալատի խորհրդին:
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին:»:
Հոդված 28. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հանրային պաշտպանի հետ աշխատանքային պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով: Առանց մրցույթի անցկացման հանրային պաշտպանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի մեկամյա ժամկետը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել եւս մեկ տարով, եթե հանրային պաշտպանը փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով եւ չափանիշներին համապատասխան հանրային պաշտպանների գործունեության ստուգման եւ գնահատման արդյունքներով ստացել է համապատասխան անցողիկ միավորներ:»:
Հոդված 29. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44.1-ին եւ 44.2-րդ հոդվածներով.
«Հոդված 44.1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը
1. Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը կամավոր հիմունքներով իրավաբանական օգնության անհատույց տրամադրումն է սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձանց, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն կարող են տրամադրել փաստաբանները, ինչպես նաեւ այլ անձինք՝ հաշվի առնելով իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրական սահմանափակումները:
3. Կազմակերպությունները, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող իրավաբանական կլինիկաները կարող են կազմակերպել կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրեր:
4. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրող փաստաբանը կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաեւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում:
5. Կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը խրախուսելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը՝
1) սահմանում է կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման տարեկան խրախուսելի նվազագույն ժամաքանակը եւ այլ չափանիշներ, ներառյալ՝ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից կազմակերպվող կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ծրագրերի չափանիշները.
2) սահմանում է յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով եւ այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր իրականացրած) փաստաբանների եւ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ցուցակի կազմման եւ վարման կարգը: Սույն կետով սահմանված ցուցակում ներառվում են սույն օրենքի 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի միայն 1-3-րդ կետերով սահմանված տվյալները.
3) կարող է նախատեսել փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով եւ այլ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած (ծրագրեր կազմակերպած) փաստաբաններին եւ փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպություններին խրախուսելու այլ միջոցներ:
6. Յուրաքանչյուր տարի փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ սահմանված ժամաքանակով եւ չափանիշներին համապատասխանող կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրած փաստաբաններն ազատվում են վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականությունից: Սույն մասով սահմանված կանոնը չի կիրառվում արտոնագիրը վերականգնած փաստաբանի կողմից վերապատրաստման դասընթացներ անցնելու եւ որպես կարգապահական տույժ նշանակված վերապատրաստման դասընթացներ անցնելու դեպքերի նկատմամբ:
7. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը փաստաբանների պալատը կազմում է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը եւ կազմելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
8. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ցուցակը հրապարակվում է փաստաբանների պալատի պաշտոնական կայքում՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Հոդված 44.2. Կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու վերաբերյալ հաշվետվությունը
1. Փաստաբանը կարող է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը փաստաբանների պալատի նախագահին ներկայացնել հաշվետվություն նախորդ տարվա ընթացքում իր կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի վերաբերյալ (այսուհետ սույն հոդվածում նաեւ՝ հաշվետվություն):
2. Հաշվետվության ներկայացման կարգը, պայմանները եւ ձեւը սահմանվում են փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ: Հաշվետվությունը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները.
1) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու ընդհանուր ժամաքանակը.
2) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերի քանակը.
3) յուրաքանչյուր դեպքով կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման շրջանակներում իրականացված գործունեության տեսակները.
4) կամավոր անհատույց իրավաբանական օգնություն ստացած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հեռախոսահամարը կամ հաղորդակցության այլ միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը).
5) տեղեկություններ վստահորդի՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված անձ հանդիսանալու վերաբերյալ:
3. Փաստաբանը պարտավոր է հաշվետվություններում ներկայացնել հավաստի եւ ամբողջական տվյալներ:
4. Փաստաբանի կողմից կամավոր անհատույց իրավաբանական օգնություն չտրամադրելը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չէ:
5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում այն փաստաբանների վրա, որոնց՝ փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ փաստաբանի արտոնագրի գործողության կասեցման ժամանակահատվածում:
6. Սույն օրենքի 44.1-ին հոդվածով նախատեսված արտոնությունների կիրառման հարցը որոշվում է սույն հոդվածին համապատասխան ներկայացված հաշվետվությունների հիման վրա:»:
Հոդված 30. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը «նախագահը» բառից հետո լրացնել «՝ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ» բառերով.
2) 6-րդ մասի երկրորդ եւ երրորդ նախադասությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Այդ դեպքում փոխհատուցվող գումարի չափը որոշվում է փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.
«9. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը կատարվում է ամսական հավասար համամասնությամբ՝ յուրաքանչյուր ամսվա համար կանխավճարի կարգով:
10. Փաստաբանների պալատը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ հանրային պաշտպանի գրասենյակն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով չսահմանված անձանց՝ դիմողի կողմից գրավոր հայտարարագրում կեղծ տվյալներ ներառելու կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելու պատճառով, պարտավոր է այդպիսի հանգամանքները հայտնի դառնալուց հետո՝ վեցամսյա ժամկետում, գործողություններ ձեռնարկել նման անձին պատասխանատվության ենթարկելու եւ փաստաբանի իրավաբանական օգնության հետ կապված ողջամիտ վճարը պահանջելու համար, որը որոշվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում նշված գնացուցակի հիման վրա:
11. Փաստաբանների պալատի խորհուրդն ստեղծում է հանրային պաշտպանի գրասենյակի պահուստային ֆոնդ՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձանց վճարումներ կատարելու նպատակով: Պահուստային ֆոնդի միջոցները չեն կարող օգտագործվել այլ նպատակով:
12. Պահուստային ֆոնդի միջոցները գոյանում են՝
1) սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված վճարներից.
2) օրենքով չարգելված այլ աղբյուրներից:»:
Հոդված 31.
Օրենքի 7.1-ին գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 7.1
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՆ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»:
Հոդված 32. Օրենքի 45.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն օրենքով նախատեսված ուսուցման ծրագրեր իրականացնելիս «Կրթության մասին» օրենքի դրույթները փաստաբանական ակադեմիայի վրա չեն տարածվում: Սույն գլխում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին» օրենքում նույն հասկացությունների կիրառության իմաստով եւ նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 33. Օրենքի 45.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 34. Օրենքում «տնօրեն» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «ղեկավար» բառով:
Հոդված 35. Օրենքի 45.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 45.4. Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը
1. Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհուրդը (այսուհետ սույն հոդվածում՝ կառավարման խորհուրդ) իրականացնում է փաստաբանական ակադեմիայի ընդհանուր կառավարումը եւ ընթացիկ գործունեության վերահսկողությունը:
2. Կառավարման խորհրդի լիազորությունները, գործունեության կարգը, կազմավորման կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ:
3. Կառավարման խորհուրդը կազմավորվում է երեք տարի ժամկետով` յոթ անդամի կազմով, ներկայացուցչության հետեւյալ համամասնությամբ.
1) փաստաբանների պալատի նախագահը՝ ի պաշտոնե.
2) փաստաբանների պալատի ընտրած երեք փաստաբան.
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.
4) երկու իրավաբան գիտնական՝ սույն հոդվածով սահմանված կարգին եւ պայմաններին համապատասխան:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անձինք չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կառավարման խորհրդի անդամ:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբան գիտնականը, որը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում դասավանդում է իրավունք կամ իրականացնում գիտական աշխատանք: Թեկնածուներին ներգրավելու նպատակով փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի ընտրություններից առնվազն 50 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները կարող են առաջադրել սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուի մեկական հավակնորդ: Հավակնորդների կողմից փաստաբանների պալատի խորհրդին ներկայացվող փաստաթղթերը, դրանց ներկայացման եւ ուսումնասիրման կարգն ու պայմանները սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը: Սահմանված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո սույն մասի պահանջներին համապատասխանող անձանց փաստաբանների պալատի խորհուրդը ներառում է սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի թեկնածուների շարքում:
6. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամին ընտրում է փաստաբանների պալատի խորհուրդը՝ սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն կազմված թեկնածուների շարքից, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ:
7. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված անդամի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ կարող է քվեարկել ոչ ավելի, քան երկու մասնակցի օգտի: Ընտրված են համարվում ձայների առավելագույն քանակ ստացած թեկնածուները:
8. Կառավարման խորհրդի նախագահին ընտրում են կառավարման խորհրդի անդամներն իրենց կազմից:
9. Կառավարման խորհրդի նիստերը հրավիրում է կառավարման խորհրդի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, բայց տարեկան չորս անգամից ոչ պակաս: Կառավարման խորհրդի նիստերը կարող են հրավիրվել տվյալ մարմնի անդամների մեկ երրորդի կամ փաստաբանների պալատի խորհրդի նախաձեռնությամբ:
10. Կառավարման խորհրդի նիստն իրավասու է (քվորում ունի), եթե դրան մասնակցում է կառավարման խորհրդի անդամների առնվազն կեսը: Կառավարման խորհրդի նիստն անցկացվում է դրա անդամների ներկա լինելու միջոցով: Կառավարման խորհրդի նիստը կարող է անցկացվել նաեւ կանոնադրությամբ սահմանված հեռավար կամ հարցման կարգով: Կառավարման խորհրդի անդամները նիստերին քվեարկում եւ իրենց այլ լիազորություններն իրականացնում են անձամբ:
11. Կառավարման խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե ձայների առավել մեծ քանակ նախատեսված չէ սույն օրենքով: Ձայների հավասարության դեպքում կառավարման խորհրդի նախագահի ձայնը որոշիչ է:
12. Կառավարման խորհուրդը՝
1) հաստատում է ունկնդիրների ուսման վարձի չափը, դրա վճարման կարգը.
2) հաստատում է փաստաբանական ակադեմիայի աշխատանքային ներքին կանոնակարգը, կառուցվածքը եւ աշխատակազմի հաստիքացուցակը.
3) հաստատում է փաստաբանական ակադեմիայի տարեկան բյուջեն` փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ.
4) փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ լսում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի հաշվետվությունները.
5) փաստաբանների պալատի խորհրդի հաստատած ուղենիշներին համապատասխան՝ հաստատում է փաստաբանների վերապատրաստման պլանը, ինչպես նաեւ ունկնդիրների ուսումնական պլանը.
6) փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ներկայացմամբ քննարկում եւ լուծում է ունկնդրի հեռացման հարցը.
7) անվավեր է ճանաչում, վերացնում կամ կասեցնում է փաստաբանական ակադեմիայի ղեկավարի ընդունած անհատական կամ ներքին իրավական ակտերը.
8) ընտրում է փաստաբանական ակադեմիայի աուդիտն իրականացնող անձին.
9) իրականացնում է սույն օրենքով, «Հիմնադրամների մասին» օրենքով եւ փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարում են՝
1) նրանց լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ համապատասխան մարմնի հաջորդ կազմի կամ նոր նախագահի լիազորություններն ստանձնելու պահից.
2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4) սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հետ կանչելու դեպքում:
14. Կառավարման խորհրդի անդամների կամ նախագահի լիազորությունները դադարեցվում են՝
1) երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերի առնվազն կեսից բացակայելու դեպքում.
2) մեկ տարվա ընթացքում կառավարման խորհրդի նիստերից անհարգելի պատճառով առնվազն երեք անգամ անընդմեջ կամ ընդհանուր յոթ անգամ բացակայելու դեպքում.
3) օրենքով կամ փաստաբանական դպրոցի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:
15. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում այդ անդամի փոխարեն փաստաբանների պալատի խորհուրդն ընտրում է նոր անդամ՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
16. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված անդամի լիազորությունները դադարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նոր ներկայացուցչի, իսկ այդ անձի լիազորությունների դադարեցման դեպքում կառավարման խորհրդի որոշումն ուղարկում է փաստաբանների պալատի խորհուրդ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, եւ վերջինս որոշումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, փաստաբանների պալատի խորհրդին է ներկայացնում նոր ներկայացուցչի:
17. Կառավարման խորհրդի՝ սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է վերջին ընտրության տվյալներով հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած, սակայն չընտրված թեկնածուն՝ նախորդ անդամի սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար` փաստաբանական ակադեմիայի կանոնադրությամբ սահմանված կարգով:
18. Կառավարման խորհրդի անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար կառավարման խորհրդի նախագահի կողմից նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է դրա առնվազն երկու անդամի կողմից:»:
Հոդված 36. Օրենքի 45.5-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում՝
ա. «փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահի առաջարկությամբ» բառերը փոխարինել «առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող անդամների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ» բառերով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Փաստաբանական ակադեմիայի կառավարման խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու փաստաբանական ակադեմիայի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ:».
2) 2-րդ մասի 1-ին կետը «ուսման» բառից հետո լրացնել «եւ փաստաբանների մասնագիտական վերապատրաստման» բառերով:
Հոդված 37. Օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասում «իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան» բառերը փոխարինել «իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան» բառերով:
Հոդված 38. Օրենքի 45.8-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն գլխի իմաստով՝ մասնագիտական ստաժը իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է:»:
Հոդված 39. Օրենքի 45.10-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրներին փաստաբանական ակադեմիայի ղեկավարը 10 օրվա ընթացքում տրամադրում է հավաստագիր՝ երկու տարի ժամկետով, որն իրավունք է տալիս ունկնդրին հավաստագրի գործողության ժամկետում մասնակցելու փաստաբանի որակավորման քննություններին:»:
Հոդված 40. Օրենքի 45.11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 45.11. Որակավորման քննությունը
1. Որակավորման քննությունը փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու միասնական քննությունն է, որին մասնակցելու իրավունք ունի՝
1) փաստաբանական ակադեմիան ավարտած ունկնդիրը.
2) միաժամանակ իրավագիտության բակալավրի եւ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճաններ կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան եւ իրավաբանի` առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) նախկինում առնվազն հինգ տարվա փաստաբանական գործունեության ստաժ, ինչպես նաեւ առնվազն հինգ տարվա քննիչի, դատախազի կամ դատավորի մասնագիտական ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը, բացառությամբ եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա՝ փաստաբանի, դատավորի կամ դատախազի գործունեություն իրականացնելու իրավունքը չի դադարեցվել նրան պատասխանատվության ենթարկելու կամ անհամատեղելիության պահանջները խախտելու հետեւանքով:
2. Որակավորման քննություններն անցկացվում են ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ: Որակավորման քննությունները կազմակերպում, ընդունում եւ դրանց արդյունքներն ամփոփում է փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը:
3. Որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման եւ հանձնման կարգերը սահմանվում են սույն օրենքով եւ փաստաբանների պալատի խորհրդի կողմից:
4. Որակավորման քննություններն անցկացվում են՝
1) գրավոր առաջադրանք լուծելու միջոցով, որը կարող է պարունակել իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով, կամ կազմվել թեստային առաջադրանքների՝ հակիրճ իրավական հիպոթետիկ խնդիրների միջոցով՝ դրանց ճիշտ լուծումները մասնակցի կողմից ընտրելու պահանջով, ինչպես նաեւ կարող են ներառել դատավարական փաստաթղթերի կազմման պահանջներ եւ
2) հարցազրույցի մասնակցելու միջոցով, որի ժամանակ պարզվում են փաստաբանական գործունեություն իրականացնելու համար անձի անհրաժեշտ հմտություններն ու որակները, ներառյալ՝ մասնագիտական աշխատանքի փորձառությունը, անձնական հատկանիշները, փաստաբանի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածությունը, ինչպես նաեւ առաջադրվում է փաստաբանի վարքագծի կանոնների վերաբերյալ հիպոթետիկ խնդիր, որի վերաբերյալ անձը բանավոր ներկայացնում է իր վերլուծությունները եւ դիրքորոշումը:
5. Որակավորման քննություն հանձնելու համար անձը որակավորման հանձնաժողով է ներկայացնում դիմում՝ կցելով փաստաբանների պալատի խորհրդի սահմանած փաստաթղթերը: Որակավորման հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում երկու ամսվա ընթացքում կազմակերպում է ներկայացված փաստաթղթերի եւ տվյալների հավաստիության ստուգում:
6. Որակավորման քննությանը չմասնակցած կամ որակավորման քննությունները չհանձնած անձը վերստին որակավորման քննություն կարող է հանձնել մեկ տարի հետո, բացառությամբ որակավորման քննությանը հարգելի պատճառներով չմասնակցելու եւ սույն օրենքի 45.10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում որակավորման քննությունը կրկին հանձնելու դեպքերի:
7. Որակավորման քննության արդյունքները կարող են բողոքարկվել փաստաբանների պալատի խորհուրդ որակավորման քննության արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, իսկ փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով փաստաբանների պալատի խորհրդի որոշումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Սույն մասով նախատեսված բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում եւ որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Փաստաբանների պալատի խորհրդի որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում սույն մասով դրանց բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:»:
Հոդված 41. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Փաստաբանների պալատի եւ դրա մարմինների, փաստաբանների պալատի նախագահի, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի եւ փաստաբանական դպրոցի իրավական ակտերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, համապատասխանեցվում են սույն օրենքին:
3. Սույն օրենքով սահմանված փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը եւ որակավորման հանձնաժողովը ձեւավորվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում, սույն օրենքին համապատասխան:
4. Փաստաբանների պալատի խորհրդի գործող անդամները եւ նախագահը շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման սահմանված ժամկետի ավարտը:
5. Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարում են սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նոր կազմի ձեւավորման պահից: Կարգապահական վարույթի գործը փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը նախապատրաստող անձանց լիազորությունները դադարում են մինչեւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորումը հարուցված կարգապահական բոլոր վարույթները ավարտվելու պահից:
6. Սույն օրենքով սահմանված` փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի գործառույթներից ու լիազորություններից բխող դրույթները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածին համապատասխան փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի եւ որակավորման հանձնաժողովի ձեւավորման պահից:
7. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետներում փաստաբանների պալատի ընդհանուր ժողով չհրավիրվելու կամ չկայանալու դեպքում այդ ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
8. Մինչեւ փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի ձեւավորումը հարուցված կարգապահական վարույթները իրականացվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
9. Սույն օրենքով սահմանված փաստաբանների որակավորման կարգը գործում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող որակավորման քննությունների կազմակերպման, ընդունման, անցկացման եւ հանձնման նկատմամբ:
10. Փաստաբանների պալատի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք ունեցող անկախ աուդիտ իրականացնող անձի հետ պայմանագիրը կնքվում է անկախ աուդիտ իրականացնող անձի հետ կնքված գործող պայմանագիրը լուծվելուց հետո:
11. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված կարգավորումները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
12. Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ կետի եւ 3-րդ կետով նախատեսվող՝ Օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: