1) «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ լիցենզիա)» բառերը,
2) մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ պարբերությունով՝
«Լիցենզիա չունեցող, այդ թվում՝ նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված կազմակերպությունը սույն կետում նշված բառերն իր անվանման մեջ չի կարող օգտագործել վեց ամսից ավելի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասում «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի (այսուհետ` լիցենզիա)» բառերը փոխարինել «լիցենզիայի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Աուդիտի ստանդարտները, ինչպես նաեւ աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ աուդիտի միջազգային ստանդարտների եւ վարքագծի կանոնների հիման վրա:»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի չորրորդ մասի՝
1) «ա» կետում «հաշվապահական հաշվառման վերականգնման, վարման կամ ֆինանսական հաշվետվությունների կազմման ծառայություններ՝» բառերը փոխարինել «սույն հոդվածի երկրորդ մասի «ա» կամ «գ» կետերում նշված ծառայությունները՝» բառերով,
2) «գ» կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերության «ստորագրվում եւ (կամ) կնքվում է աուդիտ իրականացնող անձի կողմից» բառերը փոխարինել «ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից եւ հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասի «ու ստորագրվում եւ (կամ) կնքվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի կողմից» բառերը փոխարինել «կողմից եւ հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Աուդիտորը
1. Աուդիտորը սույն օրենքի պահանջներին համապատասխան աուդիտորի որակավորում ստացած ֆիզիկական անձն է:
2. Աուդիտորն աուդիտորական ծառայություններ կարող է իրականացնել ինքնուրույն՝ որպես անհատ աուդիտոր եւ (կամ) որպես աուդիտ իրականացնող անձի աշխատող:»:
Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմին ներկայացնել աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ եռամսյակային հաշվետվություններ՝ տվյալ եռամսյակին հաջորդող 30 օրվա ընթացքում, ինչպես նաեւ գործունեության արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվություններ՝ մինչեւ տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը,»:
Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետում «եւ (կամ) մասնագիտացված կառույցին» բառերը փոխարինել «, իսկ եթե տվյալ աուդիտորը անդամակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 221 -րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հավատարմագրված՝ աուդիտորների եւ (կամ) հաշվապահների եւ աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ՝ մասնագիտացված կառույց), ապա նաեւ մասնագիտացված կառույցին» բառերով:
Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի՝
1) առաջին պարբերության «ստանալու համար» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնին կամ» բառերը,
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Աուդիտորների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով: Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը եւ որակավորման քննությունների ծրագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Աուդիտորների որակավորման քննությունները կազմակերպվում եւ անցկացվում են լիազորված մարմնի եւ (կամ) մասնագիտացված կառույցի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման քննությունների ծրագրի շրջանակներում:»,
3) երրորդ պարբերության «տալիս է» բառից հետո լրացնել «լիազորված մարմինը եւ (կամ)» բառերը:
Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում է աուդիտորների որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով), որի անհատական կազմը, կանոնադրությունը եւ ՀՀ կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննությունների հարցերը հաստատում է՝ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում՝ լիազորված մարմինը,
բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում՝ տվյալ կառույցը:
Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը եւ հարցերը պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:
2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից:
Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկայական տալու, վկայականը վերաձեւակերպելու եւ (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ՝ լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 12. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով՝
«Հոդված 221 . Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը
1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը ՀՀ օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:
2. Հավատարմագրման սկզբունքներն են.
ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը,
բ) հավատարմագրման հրապարակայնությունը,
գ) հավատարմագրման գործընթացի օրինականության եւ թափանցիկության ապահովումը,
դ) հավատարմագրման պահանջների եւ պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:»:
Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի՝
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Վկայականը տրվում է հինգ տարի ժամկետով:»,
2) երկրորդ եւ երրորդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
3) չորրորդ մասի առաջին պարբերության «մասնագիտացված կառույց» բառերը փոխարինել «այն մարմին, որը նրան տվել է վկայականը», իսկ երկրորդ պարբերության «Մասնագիտացված կառույցը պարտավոր է» բառերը՝ «Լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը պարտավոր են» բառերով,
4) հինգերորդ մասի «համապատասխան դիմումը» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնում կամ» բառերը:
Հոդված 14. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 241 -րդ հոդվածով՝
«Հոդված 241 . Վկայականի գործողության դադարեցումը
1. Վկայականի գործողությունը դադարեցվում է լիազորված մարմնի կամ մասնագիտացված կառույցի որոշմամբ՝ հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում`
ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու կամ խեղաթյուրելու միջոցով վկայական ստանալու փաստի բացահայտվելը,
բ) այն փաստի հայտնի դառնալը, որ աուդիտորը տրամադրել է կեղծ աուդիտորական եզրակացություն,
գ) աուդիտորի կողմից վարքագծին ներկայացվող պահանջների խախտելը,
դ) աուդիտորին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը,
ե) սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի պահանջը խախտելը,
զ) վկայականի ժամկետի լրանալը:
Վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը, որը ենթակա է հրապարակման այն կայացնելու օրվանից երկու շաբաթյա ժամկետում, կայացնում է այն մարմինը, որը տվել է վկայականը:
2. Սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ» եւ «ե» կետերով նախատեսված հիմքերով վկայականի գործողության դադարեցման դեպքում անձին թույլատրվում է աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել միայն վկայականի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:»:
Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածի «կասեցման» բառից հետո լրացնել «, վերականգնման» բառը:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի՝
1) առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված կառույցին անդամակցող» բառերը,
2) «ա» կետից հանել «, եւ նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է» բառերը,
3) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«բ) հիմնադիրների (մասնակիցների) առնվազն 1/2-ը աուդիտոր է, եւ կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 50 տոկոսը պատկանում է նրանց:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) առաջին մասը լրացնել «դ» եւ «ե» կետերով՝ հետեւյալ խմբագրությամբ՝
«դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում պետական տուրքի եւ այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում,
ե) աուդիտ իրականցնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում:»:
2) երկրորդ մասում «բ» եւ «գ» բառերը փոխարինել «բ», «գ» եւ «ե» բառերով:
Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 30. Աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմինը
1. Լիազորված մարմինն իր իրավասության սահմաններում՝
ա) իրականացնում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը,
բ) ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացնում է մասնագիտացված կառույցների հավատարմագրումը,
գ) հաստատում է որակավորման քննությունների հարցերը,
դ) հաստատում է հանձնաժողովի անհատական կազմը եւ կանոնադրությունը,
ե) կազմակերպում եւ անցկացնում է աուդիտորների որակավորման քննությունները,
զ) տալիս է վկայական եւ ընդունում է որոշումներ վկայականը վերաձեւակերպելու եւ վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ,
է) կազմակերպում եւ իրականացնում է հսկողություն՝ աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների, մասնագիտացված կառույցի, ինչպես նաեւ աուդիտորների վարքագծի նորմերի պահպանման նկատմամբ,
ը) սահմանում է մասնագիտացված կառույցի կողմից վկայական տալու, վկայականը վերաձեւակերպելու եւ (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկությունների ներկայացման կարգը,
2. Սույն հոդվածի առաջին մասի «է» կետով նախատեսված՝ աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ հսկողական աշխատանքների իրականացման ընթացքում բանկային գաղտնիքին առնչվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում, այդ աշխատանքներում ներգրավվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնագետներ, որոնք ծագած հարցերի վերաբերյալ տալիս են գրավոր կարծիք:»:
Հոդված 20. Օրենքի 32-րդ հոդվածի
1) երկրորդ մասը «պայմանով» բառից հետո լրացնել «, բացառությամբ 26-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետի, որի պահանջներին լիցենզիաների համապատասխանեցումն իրականացվում է՝ սույն օրենքի համաձայն առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում» բառերով:
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող վկայականները գործում են սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ երկու տարի ժամկետով:»:
Հոդված 21.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ 16-րդ հոդվածի երրորդ մասի, որն ուժի մեջ է մտնում օրենքի հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
Նախագծի 1-ին հոդված: «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվում է օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասում կատարել լրացումներ, որոնցից առաջինը պայմանավորված է նույն մասում «աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա» արտահայտության փոխարեն օրենքում «լիցենզիա» բառը ոչ թե 6-րդ այլ 5-րդ հոդվածից սկսած գործածելու նպատակահարմարությամբ, քանի որ նշված արտահայտությունը օրենքում առաջին անգամ հանդիպում է 5-րդ հոդվածում: Նշված մասում առաջարկվող մյուս լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ մասով սահմանված դրույթը՝ որ «Աուդիտ», «աուդիտոր», «աուդիտորական» բառերը կամ դրանց ածանցյալներն իրենց անվանման մեջ օգտագործելու վերաբերյալ միայն աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպության կողմից, բարդություններ է առաջացնում նոր հիմնադրվող աուդիտորական կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են իրենց անվանման մեջ օգտագործել նշված բառերից որեւէ մեկը: Նոր հիմնադրվող կազմակերպությունների պետական գրանցումն իրականացնող մարմինը մերժում է այդ կազմակերպությունների գրանցումը, քանի որ նշված հոդվածի համաձայն՝ վերոհիշյալ բառերի օգտագործումը արգելվում է, եթե կազմակերպությունը չունի աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա, առանց հաշվի առնելու, որ կազմակերպությունը լիցենզիա կարող է ստանալ միայն պետական գրանցում ստանալուց հետո: Ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որի դեպքում կազմակերպությունը նախ պետք է ստանա պետական գրանցում, այնուհետեւ՝ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա՝ առանց վերոհիշյալ բառերը իր անվանման մեջ օգտագործելու, իսկ լիցենզիա ստանալուց հետո պետք է կատարի անվանափոխություն (վերոհիշյալ բառերից որեւէ մեկը ներառելով իր անվանման մեջ)՝ կրկին անգամ անցնելով պետական գրանցման եւ լիցենզավորման գործընթացները: Նշենք նաեւ, որ նշված անվանափոխությունը պետք է կատարվի նաեւ կազմակերպության կնիքի վրա, ձեւաթղթերում, ինչպես նաեւ կազմակերպության վերաբերյալ հարկային մարմնում, սոցիալական ապահովագրության հիմնադրամում, սպասարկող բանկում եւ այլ կառույցներում կատարված գրանցումներում:
Նախագծի 2-րդ հոդված : Օրենքի 6-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է Նախագծի 1-ին հոդվածով օրենքի 5-րդ հոդվածում «լիցենզիա» բառի գործածման վերաբերյալ առաջարկվող փոփոխությամբ:
Նախագծի 3-րդ հոդված : Օրենքի 11-րդ հոդվածում առաջարկվող լրացումը պայմանավորված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ինչպես նաեւ Նախագծի 19-րդ հոդվածով առաջարկվող՝ օրենքի կառուցվածքային փոփոխություններով:
Նախագծի 4-րդ հոդված : Օրենքի 12-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետում կատարվող փոփոխությամբ առաջարկվում է արգելել աուդիտ իրականացնող անձին որեւէ կազմակերպության ակտիվների եւ պարտավորությունների գնահատում կատարելու դեպքում նույն ժամանակաշրջանում անցկացնել նաեւ այդ կազմակերպության աուդիտ, քանի որ աուդիտը, աուդիտի ստանդարտների համաձայն, իրենից ներկայացնում է նաեւ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության գնահատում, իսկ ֆինանսական հաշվետվություններում արտացոլվում են ակտիվների եւ պարտավորությունների վերաբերյալ գնահատված արժեքները, այսինքն՝ կստացվի, որ աուդիտ իրականացնող անձը աուդիտի է ենթարկել իր իսկ կատարած աշխատանքը, ինչը անթույլատրելի է: Նախագծի նույն հոդվածով օրենքի 12-րդ հոդվածի չորրորդ մասի «գ» կետն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությունը պայմանավորված է Նախագծի 7-րդ հոդվածով օրենքի 17-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությամբ:
Նախագծի 5-րդ հոդված : Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ ըստ էության առաջարկվում է հստակեցնել աուդիտորական եզրակացությունը աուդիտ իրականացնող անձի կողմից ստորագրվելու եւ (կամ) կնքվելու մասին դրույթը, նախատեսելով, որ այն ստորագրվի աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի ու ստորագրվի եւ կնքվի աուդիտ իրականացնող անձի ղեկավարի կողմից՝ ինչպես նախատեսված է օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասով՝ աուդիտորական հաշվետվությունը վավերացնելու վերաբերյալ: Փոփոխության կատարման նպատակն է, որպեսզի աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը նույնպես պատասխանատվություն կրի իր կողմից անցկացված աուդիտի համար, ինչպես նաեւ որպեսզի աուդիտորական եզրակացությունը աուդիտ իրականացնող անձի ղեկավարի կողմից եւ՛ ստորագրվի եւ՛ կնքվի, ինչպես ընդունված է պաշտոնական փաստաթղթերի շրջանառության պրակտիկայում:
Նախագծի 6-րդ հոդված : Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է աուդիտորական եզրակացության եւ աուդիտորական հաշվետվության վավերապայմանների նկատմամբ օրենքով համանման չափանիշների սահմանման անհրաժեշտությամբ:
Նախագծի 7-րդ հոդված : Առաջարկվում է օրենքի 17-րդ հոդվածից հանել մասնագիտացված կառույցին աուդիտորի պարտադիր անդամակցության մասին նորմը, ինչպես նաեւ հոդվածը բաժանելով երկու մասի՝ հստակ սահմանել «աուդիտոր» հասկացությունը: Մասնագիտացված կառույցին աուդիտորի պարտադիր անդամակցության մասին նորմի հանելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում կայացած բազմաթիվ քննարկումների արդյունքում ի հայտ են եկել նշված նորմի կիրառման հետ կապված բարդություններ եւ կամայականությունների կատարման բարձր ռիսկ, այդ պատճառով աննպատակահարմար ենք գտնում նշված նորմի կիրառումը:
Նախագծի 8-րդ հոդված : Առաջարկվում է աուդիտ իրականացնող անձանց կողմից օրենքի 18րդ հոդվածով սահմանված կարգով տարեկան հաշվետվությունների ներկայացման մասին պահանջը փոխարինել եռամսյակային եւ տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջով: Գտնում ենք, որ աուդիտ իրականացնող անձանց նկատմամբ լիազորված մարմնի կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունը էականորեն կարող է բարձրանալ աուդիտ իրականացնող անձանց կողմից նաեւ եռամսյակային հաշվետվությունների ներկայացման դեպքում: Լիցենզավորման պայմանների եւ պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար (լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով) տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջը բավարար չէ, քանի որ լիցենզավորված անձի մոտ լիցենզավորման պահանջների խախտման դեպքերում լիազորված մարմինը այդ մասին տեղյակ կարող է դառնալ միայն տարին մեկ անգամ: Այդ պատճառով առաջարկվում է լիցենզավորման պայմանների եւ պահանջների կատարման վերաբերյալ տեղեկությունները լիազորված մարմին ներկայացվեն եռամսյակային հաշվետվությունների տեսքով: Նույն մոտեցումն է կիրառվում նաեւ գրավատների, խաղատների եւ լիցենզավորվող գործունեության այլ տեսակների կարգավորման ոլորտում:
Նախագծի 9-րդ հոդված : Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվում է տալ «մասնագիտացված կառույցի» սահմանումը: Փոփոխությունը պայմանավորված է Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 17-րդ հոդվածից «մասնագիտացված կառույցի» սահմանումը հանելու հանգամանքով, քանի որ այդ դեպքում «մասնագիտացված կառույցի» սահմանման անհրաժեշտություն առաջանում է օրենքի 19-րդ հոդվածում:
Նախագծի 10-րդ հոդված : Առաջարկվում է աուդիտորների որակավորման քննությունների անցկացման իրավասություն տալ նաեւ լիազորված մարմնին: Փոփոխությունը պայմանավորված է աուդիտորների որակավորման քննությունների անցկացումը լիազորված մարմնի կողմից եւս իրականացվելու անհրաժեշտությամբ, քանի որ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն աուդիտորների որակավորման քննությունները պետք է կազմակերպվեն եւ անցկացվեն միայն ՀՀ կառավարության սահմանած կարգով հավատարմագրված հասարակական կազմակերպության կողմից, այսինքն՝ նշված քննությունները չեն կարող կազմակերպվել եւ անցկացվել լիազորված մարմնի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ հավատարմագրված չէ որեւէ հասարակական կազմակերպություն եւ աուդիտորների որակավորման քննություններ չեն անցկացվում, ինչպես նաեւ հավատարմագրման գործընթացի կանոնակարգման հետ կապված բարդություններով եւ այն հանգամանքով, որ սկսած 2001թվականից աուդիտորների որակավորման քննություններ ընդհանրապես չեն անցկացվել: Փոփոխությունը հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ մինչեւ այժմ աուդիտորների որակավորումը անցկացվել է միայն լիազորված մարմնի կողմից, եւ նա ունի համապատասխան փորձ:
Նախագծի 11-րդ հոդված : Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 22-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերը: Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում նախատեսված փոփոխությունները պայմանավորված են օրենքի 21-րդ հոդվածում փոփոխության կատարմամբ, ինչպես նաեւ ելնելեվ դիմողների շահերից՝ որակավորման քննությունների ծրագիրը եւ հարցերը քննությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ հրապարակելու անհրաժեշտությամբ, քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասի առաջին պարբերությամբ հնարավորություն է ընձեռվում օրենքով սահմանել հրապարակման համար այլ ժամկետ, քան վեց ամիսը, եւ նպատակահարմար է դիմողներին հնարավորություն ընձեռել մասնակցելու որակավորման քննություններին՝ քննությունների ծրագրի եւ հարցերի հրապարակումից երկու ամիս հետո: Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ մասում կատարվող փոփոխությունը պայմանավորված է աուդիտորների որակավորման հանձնաժողովի անդամների կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների միջոցով հանձնաժողովի աշխատանքներին շահագրգիռ մասնակցության ապահովման եւ հարցերի քննարկման ժամանակ ձայների առնվազն կեսը ունենալու անհրաժեշտությամբ, քանի որ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, հանձնաժողովի կազմը յոթ անդամից ավելի լինելու դեպքում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը կարող է մնալ անփոփոխ (երկու ներկայացուցիչ), ինչպես նաեւ լիազորված մարմնի կողմից մասնագիտացված կառույցի նկատմամբ ընթացիկ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությամբ: Նույն հոդվածով առաջարկվում է հանձնաժողովի կազմում ընդգրկել նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի մեկ ներկայացուցիչ:
Նախագծի 12-րդ հոդված : Առաջարկվում է օրենքը լրացնել 221 -րդ հոդվածով, որով տրվում է մասնագիտացված կառույցի հավատարմագրման սահմանումը եւ սահմանվում են հավատարմագրման սկզբունքները:
Նախագծի 13-րդ հոդված: Առաջարկվում է օրենքի 24-րդ հոդվածից հանել աուդիտորների վերապատրաստման վերաբերյալ դրույթները՝ միաժամանակ աուդիտորի որակավորման վկայականի ժամկետը սահմանելով 5 տարի, քանի որ նշված վերապատրաստման գործընթացի կազմակերպումը եւ իրականացումը կապված է մի շարք բարդությունների հետ:
Նախագծի 14-րդ հոդված: Առաջարկվում է օրենքը լրացնել 241 -րդ հոդվածով, որով կանոնակարգվում է աուդիտորի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքերը: Փոփոխությունը պայմանավորված է աուդիտորների կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ աուդիտորների վարքագծի կանոնների խախտման նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելու անհրաժեշտությամբ, քանի որ աուդիտ իրականացնող անձանց կողմից աուդիտորական գործունեությունը իրականացվում է որակավորված աուդիտորների միջոցով, այսինքն՝ աուդիտ իրականացնող անձանց կողմից հասարակության առջեւ իրենց ստանձնած պարտականությունների կատարման գործում աուդիտորները նշանակալի դեր են խաղում, հետեւաբար, անհրաժեշտ ենք համարում աուդիտ իրականացնող անձի լիցենզիայի գործողության կասեցման եւ դադարեցման դեպքերը օրենքով սահմանելու հետ միասին, սահմանել նաեւ աուդիտորի որակավորման վկայականի գործողության դադարեցման դեպքերը:
Նախագծի 15-րդ հոդված : Առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածի «կասեցման» բառից հետո լրացնել «, վերականգնման» բառը: Նշված փոփոխությունը պայմանավորված է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված գործընթացները «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված գործընթացներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի 16-րդ հոդված: Առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունից հանել «մասնագիտացված կառույցին անդամակցող» բառերը: Փոփոխությունը պայմանավորված է Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 17-րդ հոդվածում կատարվող փոփոխության հետ: Առաջարկվում է նաեւ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետից հանել «, եւ նրանցից մեկը կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարն է» բառերը: Կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի որակավորված աուդիտոր լինելու վերաբերյալ պահանջի կիրառումը գտնում ենք աննպատակահարմար, քանի որ կառավարչական գործառույթներ իրականացնող անձին պարտադիր չէ ունենալ աուդիտորի գիտելիքներ՝ կազմակերպության արդյունավետ կառավարումն իրականացնելու համար: Բացի այդ, կատարված ուսումնասիրությունները եւ նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունները վկայում են, որ օրենքի նշված դրույթի կիրառումը ավելորդ բարդություններ կստեղծի մի շարք աուդիտորական կազմակերպությունների համար, եւ որի արդյունքում որոշ կազմակերպությունների լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել:
Առաջարկվում է նաեւ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետը շարադրել նոր խմբագրությամբ, որի համաձայն կետից հանվում է երկրորդ պարբերությունը, քանի որ դրանով սահմանված նորմը չի բխում ոլորտի զարգացման շահերից եւ բացի այդ բարդություններ են առաջանում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երրորդ մասի պահանջը (միեւնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ եւ պայմաններ) ապահովելու համար: Նշված պարբերությամբ սահմանված նորմի համաձայն աուդիտորական կազմակերպության լիցենզիան կարող է ապահովել այլ աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման պայմաններ, իսկ վերջիններիս լիցենզիաները, իրենց հերթին, նույնպես կարող են ապահովել այլ աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման պայմաններ, եւ այդպես շարունակ: Այսպիսով, այդ նորմի կիրառման հետեւանքով ստեղծվում են երկու խումբ աուդիտորական կազմակերպություններ՝ առաջինը այնպիսիք, որոնց հիմնադիրները հիմնականում աուդիտորներ են, եւ այդ խումբը չի օգտվել նշված նորմից, իսկ երկրորդը՝ նշված նորմի հիման վրա ստեղծված աուդիտորական կազմակերպություններ կամ կազմակերպությունների մի շղթա, որոնցից որեւէ մեկի լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման դեպքում հաջորդող բոլոր օղակները հանդիսացող լիցենզիաների գործողությունները համապատասխանաբար՝ կասեցվում կամ դադարեցվում են: Անհրաժեշտ ենք համարում նշել նաեւ, որ նշված նորմը նախատեսվել է օտարերկրյա (միջազգային) աուդիտորական կազմակերպություններին Հայաստանում իրենց մասնակցությամբ աուդիտորական կազմակերպություններ հիմնադրելու հնարավորություն ընձեռելու նպատակով, սակայն ներկայումս նշված օտարերկրյա (միջազգային) աուդիտորական կազմակերպությունները Հայաստանում իրենց գործունեությունը ծավալում են իրենց ներկայացուցիչները հանդիսացող, Հայաստանում աուդիտորի որակավորում ստացած անձանց մասնակցությամբ աուդիտորական կազմակերպություններ հիմնադրելու միջոցով, եւ ինչպես վկայում են կատարված ուսումնասիրությունները, նշված նորմի հանումը ներկայումս որեւէ բարդություն չի ստեղծի Հայաստանում օտարերկրյա ներդրումներով գործող աուդիտորական կազմակերպությունների համար: Նշված նորմը հանելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նաեւ օտարերկրյա պետությունների (մասնավորապես՝ ԱՊՀ երկրների) փորձի ուսումնասիրության արդյունքներով: Բացի այդ, նշված նորմը չի բխում նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերի պահանջներից, որոնց համաձայն լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, ինչպես նաեւ լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակները կարգավորող որեւէ այլ օրենքով կամ իրավական ակտով նման նորմ չի նախատեսված, եւ այդպիսի նորմի առկայությունը կարող է բարդություններ առաջացնել նաեւ լիցենզավորված իրավաբանական անձի (աուդիտորական կազմակերպության) վերակազմակերպման դեպքերում:
26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի փոփոխությամբ առաջարկվում է նաեւ որպես լիցենզիայի պայման 50 տոկոսից ավելիի փոխարեն, սահմանել որ կազմակերպության կանոնադրական կապիտալի առնվազն 1/2-ի պատկանելը աուդիտորի որակավորում ստացած հիմնադիրներին եւս բավարար պայման է, այսինքն՝ գտնում ենք, որ նպատակահարմար է վերադառնալ մինչեւ օրենքի ընդունումը գործած իրավական նորմին, հաշվի առնելով հետեւյալ հիմնավորումները.
-2004թ. հունվարի 1-ի դրությամբ օրենքի նշված պայմանին չեն բավարարում թվով 11 աուդիտորական կազմակերպություններ կամ աուդիտորական կազմակերպությունների ընդհանուր թվի (40 հատ) 27.5 տոկոսը: Կանոնադրական կապիտալում փոփոխությունների կատարումը պայմանավորված է ինչպես տեխնիկակական բնույթի (հիմնադիրների ժողովի կազմակերպում, կանոնադրության փոփոխության պետական գրանցում, պետական տուրքի վճարում եւ այլն), այնպես էլ կազմակերպության գործունեության կառավարման հետ կապված (տնօրենի նշանակման, վերստուգիչ հանձնաժողովի, խորհրդի ձեւավորման հարցերում հիմնադիրների համաձայնեցում եւ այլն) էական բարդությունների հետ,
-նախկինում՝ շուրջ վեց տարի գործած նորմը առավել նպաստավոր պայմաններ էր ստեղծում ոլորտի զարգացումը խթանելու, կազմակերպությունների կանոնադրական կապիտալը մեծացնելու եւ հեղինակությունը բարձրացնելու (որը էապես կարեւոր է), մրցակցության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: Նշված մոտեցումների կարեւորության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ օրենքի ընդունումից հետո աուդիտորական կազմակերպությունների թիվը կրճատվել է 13-ով եւ դարձել 40, որոնցից 6-ի լիցենզիան ներկայումս կասեցված է: Մինչեւ 2004թ. փետրվարի 13-ը, այսինքն մինչեւ լիցենզիայի պայմանները համապատասխանեցնելու համար օրենքով սահմանված ժամկետի լրանալը եւս այդ թիվը կկրճատվի: Հարկ է հաշվի առնել, որ միայն պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների թիվը ներկայումս անցնում է 2500-ից, այսինքն՝ գործող յուրաքանչյուր աուդիտորական կազմակերպությանը միջին հաշվով բաժին է ընկնում 73-ից ավելի (2500:34) պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպություն, իսկ նման մեծ պահանջարկը կարող է բացասաբար անդրադառնալ աուդիտի որակի վրա, հանգեցնել անցանկալի այլ իրավիճակների: Ընդ որում նշված պահանջարկն իրականում կարող է ավելի մեծ լինել, քանի որ հաճախ իրականացվում է նաեւ կամավոր աուդիտ, ինչպես նաեւ օրենսդրությամբ աուդիտ չհամարվող, սակայն աուդիտորի կողմից իրականացման ենթակա այլ աշխատանքներ, օրինակ՝ ՍՊԸ-ի մասնակցի ոչ դրամային ավանդով վճարվող բաժնեմասի գնահատում եւ այլն,
-օրենքում կատարվող փոփոխությունները նախատեսում են խիստ պատասխանատվություն, ինչպես նաեւ վերահսկողության գործուն, իրատեսական նորմերի սահմանում, իսկ կանոնադրական կապիտալի համամասնության մասին վերոհիշյալ նորմը էական բարդություններ ստեղծելով գործող, ավելի վաղ ստեղծված, փորձառու կազմակերպությունների համար, միաժամանակ քանակական առումով էականորեն չի տարբերվում նախկինից, քանի որ իրավական առումով նոր պայմանն ապահովված պետք է համարվի աուդիտորի բաժնեմասը նույնիսկ մեկ դրամով ավելացվելու կամ աուդիտորների բաժնեմասը մնացածի նկատմամբ մեկ դրամով գերազանցելու դեպքում:
Նախագծի 17-րդ հոդված: Առաջարկվում է օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասը լրացնել «դ» եւ «ե» կետերով: Առաջարկվում է «դ» կետով կատարվող փոփոխությամբ դադարեցնել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը նաեւ այն դեպքում, երբ այն կասեցվել է տարեկան պետական տուրքի եւ այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները չվճարելու հիմքով, եւ մինչեւ հաջորդ տարվա պետական տուրքի վճարման ժամկետը (մեկ տարի) այն չի վճարվել եւ կասեցումը չի հանվել: Մի կողմից անընդունելի է, որ աուդիտորական կազմակերպությունը, որպես հասարակությանը ծառայություններ մատուցող կազմակերպություն, որի կարծիքը հասարակության համար հիմք է ծառայում նաեւ ներդրումներ կատարելիս, ունենա պարտավորություն պետական բյուջեի նկատմամբ, որը մեկ տարվա ընթացքում չմարվի, մյուս կողմից՝ ինչպես ցույց են տալիս փորձը եւ հաշվարկները, հաշվարկված տարեկան տուրքը (250 հազ. դրամ) մեկ տարի անընդմեջ չվճարելու դեպքում վճարման ենթակա գումարը գրեթե քառապատկվում է եւ կազմում շուրջ մեկ միլիոն դրամ, որի գանձումը բյուջե կապվում է բարդությունների հետ: Առաջարկվում է «ե» կետով կատարվող փոփոխությամբ դադարեցնել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը նաեւ այն դեպքում, երբ աուդիտ իրականացնող անձը խախտել է օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի պահանջները, այսինքն զբաղվել է օրենքով արգելված գործունեությամբ: Օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է վերը նշված «ե» կետի համաձայն լիցենզիայի դադարեցման դեպքը դատական կարգով լիցենզիայի գործողության դադարեցման ենթակա հիմքերի կազմում ներառելու հանգամանքով:
Նախագծի 18-րդ հոդված: Առաջարկվում է օրենքի 29-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել, իսկ Նախագծի 19-րդ հոդվածով ՝ օրենքի 30-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Նշված փոփոխությունները հիմնականում պայմանավորված են աուդիտորական գործունեությունը կարգավորող պետական լիազորված մարմնի լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նախագծի 20-րդ հոդված : Առաջարկվում է օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասը «պայմանով» բառից հետո լրացնել «, բացառությամբ նույն հոդվածի առաջին մասի «ա» կետի, որի պահանջներին լիցենզիաների համապատասխանեցումն իրականացվում է՝ սույն օրենքի համաձայն առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ երկու տարվա ընթացքում» բառերով, իսկ օրենքի 32-րդ հոդվածի երրորդ մասը՝ շարադրել նոր խմբագրությամբ: Նշված փոփոխությունները նախատեսված են ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաները օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով սահմանված պահանջներին (կազմակերպության աշխատողներից առնվազն երկուսը աուդիտոր լինելու մասին) համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ որպեսզի օրենքն ուժի մեջ մտնելու պահին ուժի մեջ գտնվող աուդիտորի որակավորման վկայականները նորերով փոխանակելու հնարավորություն ընձեռվի այն աուդիտորներին, որոնք առաջին անգամ աուդիտորների որակավորման քննություն կազմակերպվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում իրենց վկայականները փոխանակելու համար դիմումին կից կներկայացնեն սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն մասնագիտական համարվող աշխատանքով վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի զբաղվելու փաստը հաստատող փաստաթղթերը: Փոխանակված վկայականները կհամարվեն համարժեք սույն օրենքի համաձայն անցկացված քննությունների արդյունքում տրված վկայականներին, քանի որ.
- աուդիտորները մինչեւ այժմ որակավորվել են ՀՀ օրենսդրությամբ՝ ՀՀ կառավարության 9.12.98թ. N782 որոշման համաձայն՝ քննությունների անցկացման արդյունքում եւ եթե վկայականը ստանալուց հետո նա զբաղվել է մասնագիտական աշխատանքով, պետք է ենթադրել, որ նրա աշխատանքը բավարարել է աուդիտորական ծառայությունների շուկայում այդ ծառայությունների որակի նկատմամբ ներկայացվող պահանջներին,
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն «Որակավորման ստուգման դրական արդյունքներն իրենց ուժը պահպանում են անժամկետ:»:
Նախագծի 21-րդ հոդված: Նախագծի 16-րդ հոդվածի երրորդ մասին վերաբերող վեց ամիս ժամկետը կապված է գործող աուդիտորական կազմակերպությունների լիցենզիաների պայմանների առաջարկվող փոփոխությունների (օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի երրորդ պարբերությունը հանելու) հետ եւ բխում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի չորրորդ մասի պահանջից, որի համաձայն լիցենզիայի պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է լիցենզավորված անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը հրապարակելուց ոչ շուտ քան 6 ամիս հետո: