Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-236-14.04.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության անցնելու եւ ծառայությունը դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու կարգերը, դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց կարգավիճակը, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքները, ինչպես նաեւ կարգավորվում են դիվանագիտական ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, պաշտոնների դասակարգման եւ համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, իրավական վիճակի, պաշտոնից ազատման եւ ծառայության դադարեցման, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

3. Դիվանագիտական ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, եթե սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չեն:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում.

1) 1-ին մասը «իրականացնում են» բառերից հետո լրացնել «միայն» բառով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում.

1) վերնագիրը «քարտուղարը» բառից հետո լրացնել «եւ նրա տեղակալը» բառերով.

2) 1-ին մասում «քարտուղարը դիվանագիտական ծառայող է, որն» բառերը փոխարինել «քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն» բառերով, իսկ «ներկայացուցչությունների» բառը՝ «ծառայության մարմինների» բառերով.

3) 2-րդ մասում «օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում եւ արտաքին գործերի նախարարությունում» բառերը փոխարինել «արտաքին գործերի նախարարության համակարգում» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 4-րդ մասով.

«4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է եւ ի պաշտոնե համակարգում է նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը:»:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում «կրկնօրինակը» բառը փոխարինել «պատճենը» բառով:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 2-5-րդ կետերը «նախարարության» բառից հետո լրացնել «հիմնական» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 8-րդ մասով.

«8.Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ այդ կառուցվածքային ստորաբաժանումներում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք՝ քաղաքացիական ծառայողներ են:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասում 3-րդ եւ 4-րդ կետերից «դասի առաջին» բառերը հանել, իսկ 5-րդ եւ 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում.

1) 1-ին մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված կարգով» բառերով.

2) 2-րդ մասի 1-3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) երկրորդ դասի խորհրդական՝ առնվազն չորս տարի.

2) առաջին, երկրորդ եւ երրորդ քարտուղարներ՝ առնվազն երեք տարի.

3) կցորդ՝ առնվազն երկու տարի:»:

3) 5-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածը «անձնագիրը» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ դիվանագիտական անձնագիր)» բառերով, ինչպես նաեւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ. «Դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:»:

Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Դիվանագիտական անձնագրի տրամադրման կարգը

1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ համաքաղաքացիական անձնագրի հիման վրա առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով:

2. Մինչեւ 16 տարեկան, ինչպես նաեւ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիվանագիտական անձնագիրը տրամադրվում է մինչեւ նրանց 19 տարին լրանալը, իսկ 19 տարին լրացած լինելու դեպքում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման կամ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կամ 8-րդ մասով կամ 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական վերափորձաքննության ժամկետով:

3. Դիվանագիտական անձնագրի տրամադրումը մերժվում է, եթե.

1) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

2) դիմումատուն չի ներկայացվել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

3) դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ անձը հետախուզվում է քրեորեն պատժելի արարք կատարելու համար, բացառությամբ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ անձին դիվանագիտական անձնագրի տրամադրման դեպքի:

4. Պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ սույն օրենքի իմաստով ընտանիքի անդամ համարվողներն իրենց դիվանագիտական անձնագրերը հանձնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական կառուցվածքային ստորաբաժանում:

5. Սույն օրենքի 4-րդ մասով սահմանված կարգով չհանձնված, ինչպես նաեւ կորած, կեղծված, օրենքի պահանջների խախտմամբ ձեռք բերված դիվանագիտական անձնագրերը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ճանաչում է անվավեր:

6. Դիվանագիտական անձնագիր տրամադրելու, հաշվառելու, հետ վերցնելու եւ անվավեր ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստացված դիվանագիտական աստիճանները պահպանվում են:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) առաջին եւ երկրորդ դասերի երկրորդ քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է երկրորդ քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.

2) առաջին եւ երկրորդ դասերի առաջին քարտուղարի դասային աստիճան ունեցողներին շնորհվում է առաջին քարտուղարի դասային աստիճան՝ համապատասխան դասային աստիճան ունենալու ամբողջ ժամկետի պահպանմամբ.

3) արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման համար կարող են դիմել միայն այն դիվանագետները, որոնց դեպքում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դա չի իրականացվել:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով գործնականում առաջացած այնպիսի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք կապված են արտաքին գործերի նախարարությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման, օրենքի կարգավորման առարկայի հստակեցման, գործող օրենսդրական նորմերի հստակության ապահովման, դիվանագիտական աստիճանների փոփոխության, միեւնույն սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ դիվանագիտական անձնագրեր կրելու փաստով վերջինիս ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման համաչափության, իրավաչափության եւ դիվանագիտական անձնագրի տրամադրման, մերժման հետ կապված հարաբերությունների հստակեցման հետ՝ հիմք ընդունելով ներպետական եւ միջազգային օրենսդրության նորմերը:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը եւ ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ արտաքին գործերի նախարարությունում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը (որը դիվանագիտական պաշտոն է) կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող եւ կհամակարգի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը, ինչն էական նշանակություն կունենա նախարարության բնականոն գործունեության ապահովման համար:

Դիվանագիտական աստիճանների սանդղակում կիրականցվի փոփոխություն, ըստ որի՝ կփոփոխվեն երկրորդ եւ առաջին քարտուղարների դասային աստիճանները: Այս փոփոխությունը հիմնվում է նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության վրա: Գործող դիվանագիտական դասային աստիճաններն առավել շատ ներքին օգտագործման համար են եւ կիրառելի չեն արտաքին հարաբերություններում:

Հերթական դիվանագիտական աստիճանի շնորհման ժամկետների փոփոխության առումով հաշվի է առնվում այն հանգամանքը, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում կամ առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ժամկետն առնվազն երկու տարի է, իսկ դրանից հետո օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կցորդի աստիճանով գործուղվող դիվանագետների համար խնդիրներ են առաջանում համապատասխան մարմինների հետ շփումներում՝ ելնելով այն հանգամանքից, որ բազմաթիվ երկրներում կցորդները համարվում են տեխնիկական աշխատակիցներ: Տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա օտարերկրյա պետություններում եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագետներին գործուղել առնվազն երրորդ քարտուղարի դիվանագիտական աստիճանով՝ ավելացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Ակնկալվող փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ԱԳՆ-ում ձեւավորել միջին դասի դիվանագետների խումբ, որը ժամանակի ընթացքում կպահպանվի եւ կավելանա՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԳՆ-ին առավել լայն ընտրություն ունենալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի հիման վրա, ինչը կբացառի հետագայում հատկապես զինապարտ ՀՀ քաղաքացիների զինհաշվառման հետ կապված խնդիրների առաջացումը, կապահովի շահագրգիռ գերատեսչությունների միասնական տեղեկատվական բազայի ձեւավորումը եւ զինապարտ ՀՀ քաղաքացիներին վավեր ճամփորդական փաստաթղթի տրամադրումը կիրագործվի օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ եւ կհստակեցվի դիվանագիտական անձնագրերի տրամադրման եւ մերժման հետ կապված հարաբերությունների կարգավորումը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն