Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 6-րդ հոդվածում՝
1) 25-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«25) քննիչ ` քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն.».
2) 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26) քննչական բաժնի պետ ` քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետը եւ նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.».
3) 26.2 -րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության հարկային եւ մաքսային մարմինների քննիչները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝
1) 1-ին եւ 2-րդ մասերի՝ «ոստիկանության», իսկ 5-րդ մասի «պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի» բառերով.
2) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Նախաքննությունը հատուկ քննչական ծառայության ծառայողների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:».
4) 8-րդ մասը «հանցագործությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-ին մասերում նշված անձանց կատարած հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի» բառերով.
5) 10-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«10. Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները, իսկ 6.1-ին մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննիչները:».
6) 10-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 193-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «հանձնարարում է» եւ «գործը» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետը «հետեւում է» բառերից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերով.
3) 1-ին մասի 3-րդ կետը «ցուցումներ» բառից առաջ լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին» բառերով, իսկ «առանձին» բառից առաջ լրացնել «իրենց վարույթում գտնվող քրեական գործերով» բառերով.
4) 1-ին մասի 4-րդ կետը «հանձնարարում է» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերով.
5) 2-րդ մասը «մասնակցել» բառից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերով:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 193.1-ին հոդվածով.
«Հոդված 193.1. Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում
1. Քննչական բաժնի պետը իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:
2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:
3. Նախաքննության մարմնի որեւէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:
4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որեւէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:
7. Նախաքննության մարմնի՝ ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որեւէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:
9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչեւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նշանակվելը ոստիկանության եւ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետերը եւ նրանց տեղակալները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իմաստով համարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչներ, քննչական վարչության, բաժնի, բաժանմունքի պետեր եւ նրանց տեղակալներ: