Armenian ARMSCII Armenian
Պ-0991-25.11.2021-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 36-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասը՝ «շենքի գրանցումից» բառերից առաջ լրացնել «բազմաբնակարան կամ ստորաբաժանված» բառերով,

2) 3-րդ մասում «բնակարանները եւ ոչ բնակելի տարածքները» բառերը փոխարինել «առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները)» բառերով եւ կետադրական նշաններով,

3) 4-րդ մասը՝ «անշարժ գույք գնելու իրավունքի» բառերից առաջ լրացնել «կառուցվող» բառով:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումներում առկա անորոշություններն ու հակասությունները վերացնելու եւ կառուցապատման ոլորտի տնտեսվարողների համար առաջացած խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությամբ:

1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները հնարավորություն են տալիս անշարժ գույք գնող մեր համաքաղաքացիներին մինչեւ ավարտական ակտ ստանալը, դեռ կառուցման փուլում, գնման իրավունքի պայմանագիր կնքել եւ հիպոթեկային վարկ ստանալով՝ դիմելով նաեւ եկամտային հարկի փոխհատուցման արտոնության համար:

Մասնավորապես, Քաղաքացիական օրենսգրքով, սեփականատերեր չհամարվող անձինք, ի թիվս այլ իրավունքների, կարող են ունենալ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք:

Խնդիրն այն է, որ օրենքում նշված «կառուցվող շենքից» ձեւակերպումը ինքնաբերաբար այս մեխանիզմից դուրս է թողնում բնակելի թաղամասերից բնակելու տուն գնելու գործարքները:

Մեզ են դիմել մի խումբ կառուցապատողներ, որոնք ցանկանում են մարզերում բնակելի կառուցապատում իրականացնել, կառուցել բնակելի թաղամասեր՝ նշելով, որ այս կարգավորումը անհավասար պայմաններ է ստեղծում բազմաբնակարան շենք եւ բնակելի տուն կառուցողների միջեւ եւ խոչընդոտում է իրենց ծրագրերին:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք» ձեւակերպումը փոխարինել ավելի պարզ՝ «կառուցվող անշարժ գույք» ձեւակերպմամբ, ինչը հնարավորություն կտա սեփականատերեր չհամարվող անձանց անշարժ գույք գնելու իրավունք ունենալ ոչ միայն կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան գնելու, այլ կառուցվող բնակելի թաղամասից բնակելի տուն գնելու դեպքում:

Համապատասխան փոփոխություն է կատարվել նաեւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

2. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան շենքերի եւ բնակելի տների հետ կապված գործարքներին վերաբերող օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում, մարզերում բնակելի թաղամասերի կառուցապատման խթանում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի եւ Լուսինե Բադալյանի կողմից:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ




ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Սիմոնյան

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. օրենքների նախագծերը,

2. օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

3. գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցող` ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան:

Խնդրում եմ օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:


ՀԱՐԳԱՆՔՈՎ`

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ
ՆԱՐԵԿ ԶԵՅԼԱՆՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆ