Հոդված 1. «Ֆինանսական համամահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքում (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 9-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 9. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2016 թվականի եւ դրան հաջորդող տարիների պետական բյուջեներից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների վրա:
2. Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված՝ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը՝ ըստ համայնքների:
3. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար հիմք է ընդունվում բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից բյուջետային գործընթացը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, բնակչության պետական ռեգիստրի հիման վրա ներկայացված` 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
2014 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ պայմանավորված («Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2013թ. ՀՀ օրենք` ՀՕ-71-Ն) ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման ժամանակ հիմք են ընդունվելու բնակչության կենտրոնական ռեգիստրի վարման եւ տեղական ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ներկայացված` հաշվարկվող տարվան նախորդող բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության հաշվառված բնակչության թիվը` ըստ համայնքների:
Մինչեւ այդ համայնքների դոտացիայի հաշվարկման ժամանակ հիմք էր ընդունվում Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված` նախորդ բյուջետային տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետության մշտական բնակչության թիվը` ըստ համայնքների:
Վերոնշյալ օրենքի պահանջի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված թվերը որոշակի տարբերվում են ՀՀ պետական վիճակագրական մարմինների կողմից ներկայացված թվերից:
ՀՀ համայնքների ղեկավարների կողմից ներկայումս կատարվում են ճշտումներ եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ` մասնավորապես, բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիների հետ: Սակայն գործընթացը ծավալուն է եւ 2014 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկների համար համայնքապետարանները չեն հասցնի ներկայացնել ճշտված բնակչության թվաքանակները: Արդյունքում ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում հիմք կընդունվեն ավելի ցածր ցուցանիշներ եւ մոտ 300 համայնքներում բնակչության թվի նվազման պատճառով կնվազեն համահարթեցման դոտացիաների նախնական գումարները:
2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
Հայաստանի Հանրապետության 2014 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում նախատեսված չէ համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 2014 թվականի հունվարի 1-ից 50.0 հազ. դրամի չափով սահմանելու հետ կապված առաջացող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման հարցը: Բացի այդ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի համար նոր սակագների 2013 թվականի հուլիսի 7-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բնական գազի եւ էլեկտրաէներգիայի գումարների վճարմամբ պայմանավորված` առաջացել են լրացուցիչ ծախսեր:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ուսումնասիրելով ՀՀ համայնքների ֆինանսական վիճակը, գտնում է, որ այդ առաջացած լրացուցիչ ծախսերը չեն կարող հոգալ համայնքները, չհաշված նաեւ այն հանգամանքը, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված անհրաժեշտություն է առաջանում համաչափ բարձրացնել նաեւ մյուս պաշտոնների դրույքաչափերը, ինչն իր հերթին առաջացնում է նոր ծախսեր:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքային բյուջետային հիմնարկներում եւ համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ ծախսերի ֆինանսավորմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն տեղեկանքի 2-րդ կետում նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:
6. Ակնկալվող արդյունք
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2014 եւ 2015 թվականներին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)