Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-007-18.08.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի» բառերը.

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը եւ 3-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 79-րդ հոդվածով» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 79-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաեւ» բառերը»:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Կառավարության որոշումներով ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից այդ որոշումներով սահմանված ներմուծված (ներմուծվող) ապրանքների մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենսգրքով սահմանված կարգավորումները:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար հավասար պայմաններ ստեղծելու, մասնավորապես՝ մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ ընկերությունների ֆինանսական բեռի թեթեւացման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ վերջնական արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշ տեսակի հումք ու նյութեր, որոնք բացակայում են Հայաստանում:

Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի՝ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նշված հոդվածը հնարավորություն է ընձեռում ստանալ հարկային արտոնություն սահմանափակ քանակով կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին (ՀՀ կառավարության որոշմամբ) ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում՝ երկարաձգելով ԱԱՀ-ի գանձումը երեք տարի ժամկետով: Նշված արտոնությունը սահմանված է Օրենսգրքի 79-րդ հոդվածով եւ այդ արտոնությունից չեն կարող օգտվել այն ձեռնարկությունները, որոնք չունեն հավանության արժանացած ներդրումային ծրագիր, սակայն նույն հումք ու նյութերը ներմուծում են նույն արտադրանքը թողարկելու համար:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում որոշակի լրացումներ՝ ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի հիմնական մասը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում եւ կառավարության կողմից ստանում վերը նշված արտոնությունը: Օրենքն արդեն իսկ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, ուստի՝ նշված պարագայում Օրենսգրքի 79-րդ հոդվածը կորցնում է իր ակտուալությունը, քանի որ ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություններին անհրաժեշտ չի լինի դիմել ՀՀ կառավարություն արտոնության համար (արդյունքում կնվազի վարչարարությունը), իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն իրականացնում ներդրումային ծրագիր, սակայն միեւնույն արտադրանքը թողարկելու համար ներմուծում են նույն հումք ու նյութերը՝ կթեթեւացնեն իրենց ֆինանսական բեռը (քանի որ մաքսային սահմանին չեն վճարի ԱԱՀ):

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման մեջ:

Սույն նախագծի ընդունման արդյունքում մասամբ ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշումը, որով կդադարեցվի ներդրումային ծրագրի շրջանակներում տնտեսվարող սուբյեկտներին արտոնություններ տրամադրելու գործընթացը:

Միեւնույն ժամանակ սույն նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի դրույթները կգործեն նախկինում արտոնություն ստացած ներդրումային ծրագրերի համար՝ մինչեւ այդ ծրագրի ավարտը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի եւ սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխում դեպի ներքին տնտեսություն:

Մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքը կարգավորվում է սարքավորումների, հումք ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի առաջարկությունները:

6. Ակնկալվող արդյունքը

Ներքին արտադրողի համար գոծունեություն ծավալելու բարենպաստ պայմանների ստեղծում եւ մրցունակության բարձրացում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն