Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8521-02.02.2021-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 189-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 189. Զանգվածային լրատվության միջոցի տվյալները չներառելը կամ պարտադիր օրինակներ չուղարկելը կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանը եւ ազդեցությունների բացահայտմանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետներում չհրապարակելը

1. Զանգվածային լրատվության միջոցի տարածումը, որում ներկայացված չեն օրենքով սահմանված տվյալները կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելը կամ օրենքով արգելված աղբյուրների տեղեկատվությունը վերարտադրելը կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով:

2.Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

3. Նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4.Նույն խախտումը, որը կատարվել է կրկին՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետ՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եւ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության «Զանգվածային լրատվության մասին» օրենքի «Թողարկման տվյալները ներկայացնելը» վերնագրով 11-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ տվյալներ պետք է ներառված լինեն նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներում, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը ուժի մեջ է մտել 2003 թվականին, իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում լայն տարածում չունեին համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցները, ուստի անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նաեւ այն տվյալները, որոնք պարտադիր պետք է ներկայացված լինեն ոչ միայն նյութական կրիչի վրա թողարկվող զանգվածային լրատվության միջոցներում, այլեւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների կայքերում:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն այն լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում է համացանցի միջոցով իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը, ինչպես նաեւ հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային հասցեն:

Առաջարկվում է նաեւ 11-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը համահունչ վերախմբագրել նաեւ տվյալ հոդվածի վերնագիրը, այն է՝ «Թողարկման տվյալները ներկայացնելը» փոխարինել «Զանգվածային լրատվության միջոցի տվյալները ներկայացնելը» բառերով:

Այս փոփոխությունների արդյունքում հստակեցվում են զանվածային լրատվության միջոցների տեսակները, եւ ըստ դրանց գործունեության ձեւի սահմանվում են այն պարտադիր տվյալները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվությունը սպառողին տվյալ զանգվածային լրատվության միջոցի նկատմամբ արժանահավատություն ունենալու, հետադարձ կապը ապահովելու եւ լրատվամիջոցի ծագումնաբանության մասին տեղեկանալու համար:

Հաշվի առնելով համացանցին հանրության լայն շրջանակներին հասանելիությունը, սոցիալական տարբեր հարթակներում տեղեկատվություն տարածող աղբյուրների սրընթաց ավելացումը եւ դրանց անվերահսկելությունը՝ տեղեկատվություն սպառողների համար առաջանում են ռիսկեր, մասնավորապես անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվական աղբյուրների տեսքով:

Նշված ռիսկերը մեղմելու նպատակով նախագծով առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, որը սահմանում է լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները լրացնել նոր 4-րդ մասով, այն է՝ արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները կամ անանուն աղբյուրներ են, բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի՝ մասնավորապես, եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին:

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի 3-րդ հոդվածում, որտեղ սահմանված են հիմնական հասկացությունները, ավելացվել է 5-րդ կետ եւ սահմանվել է անանուն աղբյուր հասկացությունը, այն է՝ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի օգտահաշիվ կամ համացանցային կայքի ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունին առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին եւ խոսքի ազատությունը:

Հարկ է ընդգծել նաեւ առաջարկվող փոփոխությունները չեն հակասում «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասին, որտեղ արգելվում է որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ. առաջարկվող փոփոխությունները որեւէ կերպ չեն արգելում զանգվածային լրատվության միջոցներին կամ լրատվական գործունեություն իրականացնողներին տարածել տեղեկատվություն, այլ արգելում են տարածել անհայտ աղբյուրները՝ փաստացի նպաստելով անհայտ ծագումնաբանությամբ, իրենց անվերահսկելիությամբ ազգային անվտանգության համար ռիսկեր պարունակող աղբյուրների գովազդմանը, հանրության շրջանում դրանց նկատմամբ վստահության ավելացմանը, արտաքին ազդեցությունների համար հնարավոր գործիք հանդիսացող աղբյուրների տարածմանը: Առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են օգտագործել անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրներում տեղ գտած տեղեկատվությունը՝ տարածելով դրանք իրենց անունից, եւ իրենք կրեն պատասխանատվություն իրենց տարածած տեղեկատվության համար՝ ապահովելով նաեւ տեղեկատվության ստուգման իրենց մասնագիտական պարտականությունը հանրության առջեւ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2003 թվականին զանգվածային լրատվության միջոցներում տարածում չունեին այնպիսի տեղեկատվություններ, որոնք հիմնված էին սոցիալական ցանցերում հանրային գործիչների գրառումների վրա եւ լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը որեւէ կերպ չսահմանափակելու, ինչպես նաեւ իրականությունն արտացոլող օրենք ունենալու նպատակով, որպես լրացնող փոփոխություն առաջարկվում է օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «հրապարակային ելույթի» բառերից հետո լրացնել «կամ գրառման» բառերով:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություն իրականացնել նաեւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին 12-րդ հոդվածում՝ այն վերաշարադրելով հետեւյալ կերպ:

1. Զանգվածային լրատվության միջոցի եկամուտները գոյանում են գովազդից, այլ վճարովի եթերաժամից, սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային եւ տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային վճարումներից, հովանավորությունից, կառավարման վրա ազդեցություն ունեցող անձի կամ անձանց ներդրումներից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

2. Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչեւ ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը ներառյալ, պարտավոր է նյութական կրիչի վրա թողարկված լրատվության միջոցի հերթական թողարկման մեջ, իսկ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքի գլխավոր էջում «Տարեկան հաշվետվություն» վերնագրի ներքո հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաեւ տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների եւ հովանավորության մասին»:

Այս փոփոխության արդյունքում հստակեցվում են նյութական կրիչի վրա թողարկված եւ համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող զանգվածային լրատվության միջոցների տարեկան հաշվետվության հրապարակման պահանջները: Առաջարկվող փոփոխության համատեքստում Հոդված 3-րդում, որտեղ նկարագրված են հիմնական հասկացություններ հստակեցվել են նաեւ «կառավարման վրա ազդեցություն ունեցող անձ» եւ «հովանավորություն» եզրույթները:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ փոփոխություններ եւ լրացումներ իրականացնել «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 189-րդ հոդվածում, որտեղ սահմանվում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների խախտումների տույժերը: Մասնավորապես առաջարկվում է վերախմբագրել օրենքի 189-րդ հոդվածը՝ առանձնացնելով օրենքով սահմանված տվյալները չներկայացնելու կամ զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու տույժերը նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու տույժերից՝ հիմք ընդունելով դրանց ակնհայտ տարբերությունը ազդեցությունների ու առաջացրած ռիսկերի առումով:

«Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 189-րդ հոդվածում առաջարկվում է առանց «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված տվյալների զանգվածային լրատվության միջոցի տարածման, զանգվածային լրատվության միջոցի՝ ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությանն ուղղված հաշվետվությունն օրենքով սահմանված ժամկետում չհրապարակելու, օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում սահմանել տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում սահմանել տուգանքի նշանակում լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

Միեւնույն ժամանակ նյութական կրիչի վրա թողարկված զանգվածային լրատվության միջոցի տարածումն առանց օրենքով սահմանված պարտադիր օրինակներն ըստ պատկանելույն ուղարկելու դեպքում նախատեսված վարչական տույժը թողնել անփոփոխ:

Առաջարկվում է նաեւ վերաշարադրել 189-րդ հոդվածի վերնագիրը հոդվածի բովանդակությանը համահունչ դարձնելու նպատակով:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է մեղմել հատկապես արտաքին տեղեկատվական հարձակումները, որոնք կարող են նաեւ առաջացնել ազգային անվտանգության վտանգներ, պաշտպանել տեղեկատվությունը սպառողներին, տարանաջատել իրական՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների համապատասխանող, լրատվամիջոցներին անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվություն տարածող աղբյուրներից:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Միրզոյան

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1) օրենքների նախագծերի փաթեթը. (հիմնական զեկուցող` Արթուր Հովհաննիսյան).

2) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը.

3) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքները

Խնդրում ենք օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 17 էջ:

Նախագծի հիմնական զեկուցող՝ Արթուր Հովհաննիսյան


ՀՀ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆ
ՀԱՄԱԶԱՍՊ ԴԱՆԻԵԼՅԱՆ
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԹԱԳՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ
ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆՅԱՆ