Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-193-14.01.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը» բառերը:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) 2-րդ մասում «մեկամյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ են:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Քաղաքացիության մասին» ՀՀ գործող օրենքը նախատեսում է ՀՀ քաղաքացիություն ստացող անձին երդման արարողության ավարտից հետո հանձնել ՀՀ կառավարության լիազոր մարմնի (ՀՀ ոստիկանության) մշակած ՀՀ օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկ: Որպես կանոն, ՀՀ օրենսդրության մեջ կատարվող փոփոխություններին առավել արդյունավետ է տեղեկանալը էլեկտրոնային կայքերի միջոցով, իսկ նշված ձեռնարկները հաճախակի վերանայելու, կատարվող փոփոխությունները դրանցում օպերատիվ կերպով պարբերաբար արտացոլելու համար լրացուցիչ միջոցներ են պահանջվում:

Գործող օրենքի համաձայն քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների քննարկման համար ժամկետ սահմանված է մինչեւ 1 տարի: Քաղաքացիության դիմումների քննարկումը գործնականում չի գերազանցում 6 ամիսը:

Ներկայումս ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները չեն դասվում անձնական կյանքի գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը. Օրինագծի 1-ին հոդվածով նախատեսվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու վերաբերյալ դրույթը: Ինտերնետային կայքերի միջոցով ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ եւ հավաստի է:

Նկատի ունենալով, որ քաղաքացիության դիմումների քննարկումը գործնականում չի գերազանցում 6 ամիսը, օրինագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է մինչեւ 1 տարի ժամկետը նվազեցնել եւ սահմանել մինչեւ 6 ամիս:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը հիմք կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների եւ օրինական շահերի առավել արդյունավետ իրացման համար:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է անձնագրային եւ վիզաների, ինչպես նաեւ Իրավաբանական վարչությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Օրինագծի ընդունման արդյունքում հստակեցվելու են ՀՀ քաղաքացիության հետ կապված գործերի քննարկման ժամկետները, ինչպես նաեւ կարգավորվելու ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ այլ հարաբերություններ: