Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Այն դեպքում, երբ ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է սույն օրենքով նախատեսված հանրաքվեն նշանակվելուց հետո, ապա մինչեւ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելը սկսված հարցը հանրաքվեի դնելու հետ կապված բոլոր գործողություններն ու ժամկետները կասեցվում են իրավունքի ուժով: Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելուց հետո` 12 ժամվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես է գալիս հանրաքվեի գործընթացը կասեցնելու մասին հայտարարությամբ:
4. Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը, որի հիման վրա նշանակված հանրաքվեն չի անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության պատճառով, կարող է ուժը կորցրած ճանաչվել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
5. Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա հանրաքվեի գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն, եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտն Ազգային ժողովի կողմից հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ուժը կորցրած չի ճանաչվել, ապա անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագիր, որով նշանակվում է չանցկացված հանրաքվեն` քվեարկության օրը պետք է լինի կիրակի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է պատճառաբանված որոշմամբ փոփոխելու առանձին գործողությունների կատարման ժամկետների հաշվարկը` պայմանավորված վերսկսված հանրաքվեի պատշաճ կազմակերպման անհրաժեշտությամբ, եւ սահմանելու վերսկսված հանրաքվեի գործընթացի նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների նոր ժամանակացույց:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերով.
«1.1. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի դեպքում քարոզչության ֆինանսավորման հիմնադրամում մուտքերը սառեցվում են մինչեւ հանրաքվեի վերսկսումը: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերի դիմումների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել մինչեւ հանրաքվեի կասեցումը կատարված գործարքների համար: Հանրաքվեի վերսկսումից հետո քարոզչության կողմերը կարող են օգտագործել իրենց հիմնադրամներում մնացած միջոցները:
Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության հիմնադրամների հաշվին կատարված մուծումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձի 150 000-ապատիկը: Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված եւ վերսկսված հանրաքվեի հիմնադրամների հաշվին կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների կամ կուսակցությունների դաշինքների մուծումների ընդհանուր չափը քարոզչության հիմնադրամ յուրաքանչյուրի համար չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 40 000-ապատիկը:
1.2. Եթե մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշումն ուժը կորցրած է ճանաչվել, ապա Ազգային ժողովի կողմից համապատասխան որոշման ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրավունք ունեն կատարելու իրենց պայմանագրային պարտավորությունները: «ԱՅՈ» կամ «ՈՉ» քարոզչության կողմերն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու նպատակով իրավունք ունեն համալրելու հիմնադրամները սույն օրենքով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան նախատեսված է չկատարված պայմանագրային պարտավորություններով:
1.3. Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչվելուց հետո` տասնմեկերորդ օրը, հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են: Հիմնադրամներում մնացած միջոցները քարոզչության կողմերն անկանխիկ եղանակով կարող են օգտագործել բարեգործական նպատակներով` մեկամսյա ժամկետում: Հիմնադրամներում մնացած միջոցները չօգտագործելու դեպքում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
1.4. Մինչեւ ռազմական կամ արտակարգ դրության ավարտը Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովի կողմից հանրաքվեի դնելու մասին որոշման ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ընտրական հանձնաժողովներն ու իրավասու մարմինները, ըստ անհրաժեշտության, ուժը կորցրած են ճանաչում ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեի կազմակերպման նպատակով ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերը:»:
Հոդված 4. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված կարգավորումները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների` 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի գործընթացի վրա: