Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» 2010 թվականի հոկտեմբերի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ (այսուհետ` մեկուսացման նպաստ):
Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում` այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում` այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 6-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«6) մեկուսացման:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով.
«Հոդված 12.1 Վարձու աշխատողին տրվող մեկուսացման նպաստը
Վարձու աշխատողին մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված: ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:»:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
«5) մեկուսացման:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.
«Հոդված 21.1. Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվող մեկուսացման նպաստը
Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մեկուսացման նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված` ժամանակավոր անաշխատունակության 14 օրացուցային օրից ոչ ավելի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:»:
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) եթե վարձու աշխատողը մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում հեռավար կատարել է իր աշխատանքային պարտականությունները եւ վարձատրվել է (ստացել է աշխատավարձ):»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը տրամադրվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա: Տեղեկանքում ներառվում է վարձու աշխատողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, մեկուսացման կամ ինքնամեկուսացման հիմքերը եւ ժամանակահատվածը (սկիզբը եւ վերջը): Ընդ որում, տեղեկանքը մեկուսացման նպաստի նշանակման եւ վճարման համար ներկայացվում է գործատուին կամ լիազոր մարմին: Տեղեկանքի ձեւը, լրացման ու տրամադրման կարգը սահմանում է առողջապահության բնագավառի լիազոր մարմինը:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Սույն օրենքով նախատեսված կարգավորումները տարածվում են 2020 թվականի մարտի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Եթե շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակությունն ավարտվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ մեկուսացման նպաստ նշանակելու համար փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից սկսած վեցամսյա ժամկետում, ապա այդ փաստաթղթերը համարվում են Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված: