Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» 2011 թվականի հունիսի 23-ին (ՀՕ-221-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրում «տեղական վճարի» բառերից հետո լրացնել հետեւյալ բառերը.
«ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը «պատասխանատվությունը» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով.
«ինչպես նաեւ այդ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիում կայանելու դեպքում ավտոկայանատեղի վճար վճարող է հանդիսանում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե ավտոտրասպորտային միջոցը պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնք, համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (ամրակցված է),` ապա համապատասխան պետական կամ համայնքային կազմակերպությունը:»:
Հոդված 4.
1.Օրենքի 9-րդ հոդված 3-րդ մասում «դրույքաչափ» բառից հետո ավելացնել հետեւյալ բառերը.
«բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ձեռնակատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման դեպքերի, երբ ավտոկայանատեղի վճարը համայնքի ավագանու որոշմամբ կարող է սահմանվել այլ դրույքաչափերով:
Ավտորանսպորտային միջոցը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու եւ այդ գործունեությամբ պայմանավորված ավտոկայանատեղիում կայանման փաստը կարող է հիմնավորվել ավտոկայանատեղում կայանման, ավտոկայանատեղի վճարի վճարման նկատմամբ համայնքի կողմից անմիջականորեն կամ էլեկտրոնային համակարգերի (նկարահանող, տեսանակարահանող, ձայնաազդանշանային համակարգերի, սարքերի եւ այլն) կողմից իրականացված հսկողության արդյունքում հավաքագրված փաստական տվյալների հիման վրա:»:
2. Օրենքի 9-րդ հոդված 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«Ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երեւան քաղաքում` ըստ վարչական շրջանների, այդ թվում` վարչական շրջաններում նաեւ գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ օրերի եւ օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների եւ տարվա: Ընդ որում, համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «100000» թիվը փոխարինել «1.000.000» բառով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Իրենց պարտականություններն իրականացնելու ժամանակ ավտոկայանատեղի վճարից ազատված են շտապ օգնության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության, պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության ծառայության ավտոտրանսպորտային միջոցները:»:
Հոդված 7.
1.Օրենքի 16-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
2.Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Ավտոկայանատեղի վճարը չվճարելը առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն: Էլեկտրոնային համակարգերի միջոցով հայտնաբերված խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 16-16.3-րդ հոդվածներով:»:
3.Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր` 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերով.
«2. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու համար վարչական պատասխանատվության միջոցի կիրառում նախատեսող վարչական ակտի հասցեատեր են համարվում ավտոտրասպորտային միջոցի ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում` տվյալ ֆիզիկական անձը, իսկ ավտոտրասպորտային միջոցը իրավաբանական անձի, պետական (պետական մարմին, պետական կառավարչական հիմնարկ, պետական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմակերպություն) կամ համայնքային (համայնք, համայնքային հիմնարկ, համայնքային կառավարչական հիմնարկ կամ որեւէ այլ կարգավիճակ ունեցող համայնքային կազմակերպություն) կազմակերպության սեփականություն է (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված է),` ապա այն անձը, որը իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնում խախտման կատարման պահին գրանցված է համապատասխանաբար տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար կամ աշխատակազմի ղեկավար (քարտուղար):
3. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը որպես վարչական մարմին կիրառում է համայնքի ղեկավարը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը կամ նրա որոշմամբ սահմանված պաշտոնատար անձինք:
4. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:»:
Հոդված 8. Օրենքը լրացնել նոր` 16.1., 16.2., 16.3., 16.4., 16.5. հոդվածներով.
«16.1. ԱՊԱՑՈԻՅՑՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈԻՅԹԻ ՓՈՒԼԵՐԸ
1. Սույն օրենքով վարչական վարույթի պարզման փուլում ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի ապացույցները ավտոկայանատեղիում տրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութը եւ (կամ) լուսանկարն է եւ տվյալ տրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալները:
2. Վարչական վարույթը բաղկացած է ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի պարզման եւ վարչական ակտի ընդունման փուլերից:
16.2.ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՓԱՍՏԻ ՊԱՐԶՈՒՄԸ
1. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի պարզումը վարչական մարմնի կողմից ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը ամրագրած տեսանյութի եւ (կամ) լուսանկարի, այդ թվում` անհրաժեշտության դեպքում նաեւ դրանց համակցության, համադրումն է տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ:
2. Սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստը համարվում է պարզված, եթե էլեկտրոնային համակարգերի միջոցով ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցի կայանումը արմագրած տեսանյութը եւ (կամ) լուսանկարը տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա, ժամի դրությամբ գանձապետական հաշվի դրամական մուտքերի առկա տվյալների հետ համադրելու արդյունքում կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի մասով կայանման օրվա դրությամբ չի վճարվել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
4. Եթե սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստը արձանագրվել է իրավաբանական անձի, պետական կամ համայնքային կազմակերպության սեփականություն հանդիսացող (պետական, համայնքային կազմակերպությունների մասով ամրակցված) ավտոտրանսպորտային միջոցի մասով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը, ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստը պարզելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառում իրականացնող մարմնից պարզում է խախտման կատարման պահին տվյալ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավար, պետական կամ համայնքային կազմակերպության ղեկավար (աշխատակազմի ղեկավար, քարտուղար) հանդիսանալու փաստը:
16.3. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վարչական վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել սույն օրենքով նախատեսված ավտոկայանատեղի վճարը չկատարելու փաստի պարզելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 16.2 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում վարչական ակտի հասցեատիրոջը պարզելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Վարչական ակտն ընդունելուց հետո` այն երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
16.4. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1.Վարչական ակտը ներառում է`
1) Իրավախախտման տեղը, ժամը
2) գանձապետական հաշվեհամարը` նշանակված տո(գանքը վճարելու համար
3) լուսանկարը
4) օրենքով սահմանված այլ տվյալներ
2. Վարչական ակտի ձեւը եւ նմուշը սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով (որոշմամբ):
16.5. ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՍՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
«1. Ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ անմիջականորեն կամ էլեկտրոնային (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն) համակարգերի միջոցով հսկողություն իրականացնելու ընթացքում այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հատկանիշներ հայտնաբերելիս համայնքները համապատասխան փաստական տվյալները փոխանցում են այն պետական (վարչական) մարմիններին, որոնք օրենսդրությամբ լիազորված են կիրառելու տվյալ իրավախախտման համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ:
2. Համայնքները սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական (վարչական) մարմիններին կարող են տրամադրել նաեւ հասանելիություն ավտոկայանատեղի վճարի վճարման, ավտոկայանատեղիում կայանման նկատմամբ էլեկտրոնային (լուսանկարող, տեսանկարահանող, ձայնաազդանշանային համակարգեր եւ այլն) համակարգերին` այլ օրենքների, այլ իրավական ակտերի պահանջների խախտումների համար նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել նոր` 1.1. մասով.
«1.1. Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում առանց հաշվառման համարանիշի կամ հաշվառման համարանիշի առնվազն մեկ նիշը փակված վիճակում կայանելն արգելվում է եւ ենթակա է հատուկ տարածք տեղափոխման:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
2019 թվականի մարտի 22-ի թիվ ՎԴ/0150/05/16 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու վարչական իրավախախտման արձանագրությունը պետք է կազմվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով» սահմանված կանոնների, մասնավորապես` ենթադրյալ իրավախախտի մասնակցության պահանջի պահպանմամբ: Ուստի Երեւան քաղաքի ավագանու 25.12.2012 թվականի թիվ 563-Ն որոշմամբ սահմանված` վարչական իրավախախտման արձանագրությունն իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու կանոնը չի կարող կիրառվել, քանի որ վերջինս հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի, այն է` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին»:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի սահմանելու ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ, ինչը կլուծի նաեւ վերոնշյալ խնդիրը` օրենքի մակարդակով ամրագրելով սույն գործերով իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ հետո վերջինիս ուղարկելու հնարավորությունը: Նախագծով սահմանվում է նաեւ սույն գործերով վարչական վարույթի փուլերը:
Վերոնշյալ նախագիծը նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով:
Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նաեւ հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում` նաեւ գոտիավորման սկզբունքով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
-օրենքների նախագծերի փաթեթը,
-օրենքների նախագծերի հիմնավորումը,
-գործող օրենքների փոփոխվող եւ լրացվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը
-հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյան
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ԱԺ պատգամավորներ `
Սիսակ Գաբրիելյան
Արուսյակ Ջուլհակյան
Սոնա Ղազարյան