Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-244-17.03.2004-ՊԻ,ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ  ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Սույն օրենքի նպատակն է անհրաժեշտ պայմաններ ստեղծելով Սահմանադրությամբ ամրապնդված քաղաքացիների խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր կազմակերպելու եւ անցկացնելու իրավունքի իրականացման համար՝ ապահովել պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության, բարքերի, այլ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը:

Սույն օրենքը կարգավորում է ընդհանուր օգտագործման տարածքներում բաց, խաղաղ եւ յուրաքանչյուրի մասնակցությունն ապահովող ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ), կամ ցույցեր (այդ թվում նաեւ նստացույցեր), (այսուհետ՝ հրապարակային միջոցառում), կազմակերպման եւ անցկացման ընթացքում ծագող իրավահարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է հրապարակային միջոցառումների անցկացնելու կարգն ու պայմանները, դրանք անցկացնելու իրավունքի սահմանափակումները, դրանց մասնակիցների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ քաղաքացիներ) կամ կազմակերպությունների կամ պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր կամ այլ պահանջների, խնդիրների կամ հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու, ստանալու կամ տարածելու նպատակով ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպված հրապարակային միջոցառումների վրա:

2. Քաղաքացիները կամ կազմակերպությունները կամ պետական մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները ընդհանուր օգտագործման տարածքներում՝ բացառությամն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերի, տոնակատարությունները, ծիսակատարությունները, մշակութային կամ մարզական միջոցառումները (այսուհետ՝ այլ զանգվածային միջոցառում) կազմակերպում եւ անցկացնում են ազատ, առանց իրազեկման՝ չխախտելով հասարակական կարգը եւ փողոցային երթեւեկության կանոնները եւ սույն օրենքի 9-րդ հոդվածի եւ 13-րդ հոդված 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջները:

Սույն մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերում այլ զանգվածային միջոցառումներն կազմակերպվում կամ անցկացվում են համապատասխան համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի համաձայնությամբ:

3. Ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում քաղաքացիները կամ կազմակերպությունները կամ պետական մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմինները հրապարակային կամ այլ զանգվածային միջոցառումները կազմակերպում եւ անցկացնում են ազատ եւ առանց իրազեկման՝ եթե չեն խատվում այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի կամ օգտագործողի իրավունքները, հասարակական կարգը, փողոցային երթեւեկության կանոնները եւ սույն օրենքի 9-րդ հոդվածի եւ 13-րդ հոդված 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջները:

4. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նախատեսված պահանջների խախատումներով կազմակերպվող կամ անցկացվող հրապարակային կամ այլ զանգվածային միջոցառմաները համարվում են արգելված եւ ենթակա են դադարեցման սույն օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 3. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետությունում հրապարակային միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով, օրենքի հիման վրա ընդունված օրենսդրական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ժողով կամ հանրահավաք կամ ցույց՝ մեկ վայրում տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր կամ այլ պահանջների, խնդիրների ու հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու , ստանալու կամ տարածելու նպատակով կազմակերպված հրապարակային միջոցառում.

2. Երթ՝ մեկ վայրից մյուսը շարժվելու միջոցով իրականացվող հրապարակային միջոցառում: Երթը կարող է անցկացվել նաեւ տրանսպորտային միջոցներով:

3. Զանգվածային հրապարակային միջոցառում՝ ընդհանուր օգտագործման տարածքում անցկացվող հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100 եւ ավելի քաղաքացի:

4. Ոչ զանգվածային հրապարակային միջոցառում՝ ընդհանուր օգտագործման տարածքում անցկացվող հրապարակային միջոցառումը, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի:

5. Ընդհանուր օգտագործման տարածք՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաց տարածք /փողոց, հրապարակ, այգի, պուրակ, հողատարածք եւ այլն/, որտեղ ազատ մուտք գործելը կամ գտնվելը չի արգելված կամ չի սահմանափակված:

6. Հրապարակային միջոցառման կազմակերպիչ կամ կազմակերպիչ՝ զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման համար իրազեկում տված կամ ոչ զանգվածային հրապարակային միջոցառման ընթացակարգը /հրապարակային միջոցառման անցկացման նպատակը, ժամկետը, վայրը, կարգը կամ այլ պայմանները/ որոշող լրիվ գործունակ քաղաքացի (քաղաքացիներ) կամ կազմակերպություն (կազմակերպություններ) կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին:

7. Հրապարակային միջոցառման մասնակից կամ մասնակից՝ քաղաքացի, որը հրապարակային միջոցառման անցկացման վայր է եկել կամ գտնվել է հրապարակային միջոցառման վայրում նպատակ ունալով մասնակցել հրապարակային միջոցառմանը (տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգեւոր կամ այլ պահանջների, խնդիրների ու հարցերի վերաբերյալ արտահայտել իր կարծիքը կամ փնտրել, ստանալ կամ տարածել տեղեկություններ կամ գաղափարներ):

8. Լիազոր մարմին՝ ընդհանուր օգտագործման տարածքներում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումը քննարկող մարմիններ՝ համայնքի ղեկավար, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետ:

ՀՈԴՎԱԾ 5. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1. Հրապարակային միջոցառում կազմակերպելու իրավունք ունեն քաղաքացին (քաղաքացիները) կամ կազմակերպությունը (կազմակերպությունները) կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

2. Հրապարակային միջոցառումը կարող է կազմակերպվել սույն օրենքով սահմանված ձեւերից մեկով կամ մի քանիսով:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները եւ քաղաքացիները իրավունք չունեն խոչընդոտել կամ միջամտել սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող հրապարակային միջոցառումների իրականացմանը՝ բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերից:

4. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպվում է կազմակերպության կողմից, ապա կազմակերպիչ է համարվում այդ կազմակերպության գործադիր մարմինի ղեկավարը, եթե կազմակերպչի պարտականությունը չի դրվել այլ անձի կամ անձանց վրա:

5. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, ապա կազմակերպիչներ են համարվում այդ մարմինների ղեկավարները, եթե կազմակերպչի պարտականությունը չի դրվել այլ անձի կամ անձանց վրա:

6. Կազմակերպության կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մինչեւ զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը կազմակերպչի փոփոխման դեպքում՝ այդ մասին ոչ ուշ քան հրապարակային միջոցառումը սկսելուց հինգ ժամ առաջ զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչը պետք է գրավոր տեղեկացնի լիազորված մարմնին կամ նրա ներկայացուցչին եւ իրավապահ մարմնի ներկայացուցչին՝ կցելով սույն օրեքնով կազմակերպչի համար նախատեսվող տվյալները:

7. Զանգվածային հրապարակային միջոցառման իրազեկում տված քաղաքացի կազմակերպիչը չի կարող փոփոխվել:

8. Զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող սկսվել, եթե չի ներկայացել ոչ մի կազմակերպիչ, իսկ հրապարակային միջոցառման ընթացքում բոլոր կազմակերպիչների բացակայելու դեպքում զանգվածային հրապարակային միջոցառումը դադարեցվում է սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:

ՀՈԴՎԱԾ 6. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Կազմակերպիչն իրավունք ունի՝

ա) իր հայեցողությամբ ընտրել հրապարակային միջոցառման անցկացման վայրը եւ ընթացակարգը, որը չպետք է հակասի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) ցանկացած պահի դադարեցնել հրապարակային միջոցառումը.

գ) դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն մասնակիցներին կամ այլ քաղաքացիներին, որոնք խախտում են միջոցառման անցկացման ընթացակարգը, հասարակական կարգը կամ օրենսդրության պահանջները.

դ) հրապարակային միջոցառման մասնակիցների մասնակցությամբ ստեղծել չզինված հատուկ տարբերանշաններ կրող խմբեր՝ (այսուհետ կամավորների խմբեր), որոնք պետք է հետեւեն մասնակիցների կողմից հրապարակային միջոցառման անցկացման ընթացակարգի, հասարակական կարգի պահպանմանը կամ օրենսդրության պահանջների կատարմանը.

ե) հրապարակային միջոցառումներ անցկացնելուց առաջ կամ դրա ընթացքում հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու հետ կապված հարցերով դիմել համապատասխան իրավապահ մարմինների կամ լիազոր մարմնի համապատասխան ներկայացուցչներին.

զ) զանգվածային լրատվության կամ օրենքով չարգելված այլ միջոցներով տեղեկատվություն տարածել կազմակերպվող հրապարակային միջոցառման օրվա, ժամի վայրի, նպատակների., ընթացակարգի մասին, ինչպես նաեւ այդ միջոցառման մասնակցության կոչ անել:

2. Կազմակերպիչը պարտավոր է՝

ա) կազմակերպել եւ անցկացնել չարգելված զանգվածային հրապարակային միջոցառում միայն իրազեկման մեջ նշված կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված վայրում, ժամկետում եւ կարգով՝ ապահովել նաեւ իր կողմից իրազեկման մեջ նշված կամ լիազր մարմնի հետ համաձայնեցված հրապարակային միջոցառման անցկացման այլ պայմանների կատարումը.

բ) անձամբ սկսել հրապարակային միջոցառումը եւ չհեռանալ հրապարակային միջոցառման վայրից՝ մինչեւ միջոցառման ավարտը.

գ) հրապարակային միջոցառումը սկսելուց առաջ հայտնել իր անունը եւ ազգանունը, (եթե հրապարակային միջոցառմանը կազմակերպվել է կազմակերպության կողմից, ապա նաեւ կազմակերպության լրիվ անվանումը) միջոցառման նպատակը, հրապարակային միջոցառման ձեւը, ինչպես նաեւ հրապարակային միջոցառման ավարտի մոտավոր ժամկետը:

Եթե հրապարակային միջոցառումն անց է կացվելու մի քանի ձեւերով, ապա պետք է հրապարակվեն նաեւ այդ ձեւերը եւ մեկ ձեւից մյուսին անցնելու ժանկետներն:

դ) պահպանել եւ ապահովել օրենսդրության պահանջների, հասարակական կարգի եւ հանրության բարքերի պահանջների պահպանումը իր եւ հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից, ինչպես նաեւ միջոցառման մասնակիցներին հայտնել կամավորների խմբերի առկայության ու նրանց տարբերանշանների մասին.

ե) հրապարակային միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հրապարակային միջոցառումը դադարեցնելու կամ հրապարակային միջոցառման ժամանակ օրենսդրության պահանջների խատումը վերացնելու մասին լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի ներկայացուցչի պահանջը.

զ) պետական իրավասու մարմինների պահանջով դադարեցնել օրենսդրության պահանջների խախտումները կամ դադարեցնել հրապարակային միջոցառումը.

է) ապահովել հրապարակային միջոցառման տարածքի գույքի, ծառերի, թփերի, կանաչպատ տարածքների անվնասությունը.

ը) ապահովել հրապարակային միջոցառման տարածքում գտնվող կամ նրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ այլ աշխատանքային տարածքների, ինչպես նաեւ քաղաքացիների տների կամ բնակարանների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.

թ) չխոչնդոտել պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց օրինական գործողություններին.

ժ) հրապարակային միջոցառումների ընթացքում չունենալ, չկրել, չօգտագործել, չգործադրել, չկիրառել զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցվել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին.

ժա) հրապարակային միջոցառման մասնակիցներին կամ հրապարակային միջոցառման վայրում գտնվող այլ քաղաքացիների չբաժանել ոգելից խմիչքներ:

ՀՈԴՎԱԾ 7. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպվող հրապարակային միջոցառումներին:

Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դադարեցնելու իր մասնակցությունը հրապարակային միջոցառումներին :

2. Քաղաքացին պարտավոր չէ մասնակցել հրապարակային միջոցառման, ինչպես նաեւ որեւէ անձ իրավասու չէ պարտադրել քաղաքացուն մասնակցել հրապարակային միջոցառման:

3. Հրապարակային միջոցառման մասնակիցները կարող են ունենալ կամ կրել կարգախոսներ, պաստառներ եւ այլ ցուցադրական նյութեր, ինչպես նաեւ օգտագործել բարձրախոսներ: Արգելվում է բարձրախոսների օգտագործումը կամ բարձրաձայն կոչեն ու վանկարկումները առողջապահական կամ մանկական կազմակերպություների շրջակայքում, ինչպես նաեւ գիշեր ժամանակ (ժամը 22-ից մինչեւ ժամը 8-ը):

4. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լուսանկարել, նկարահանել կամ ձայնագրել ընդհանուր օգտագործման տարածքներում կազմակերպված հրապարակային միջոցառումները:

5. Հրապարակային միջոցառումների մասնակիցներին արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում ունենալ, կրել, օգտագործել, գործադրել կիրառել զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցվել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:

6. Հրապարակային միջոցառումների ընթացքում արգելվում է բաժանել կամ օգտագործել ոգելից խմիչքներ:

7. Հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր են՝

ա) պահպանել հասարակական կարգը, օրենսդրության եւ հրապարակային միջոցառման ընթացակարգի պահանջները.

բ) չխախտել հանրության բարքերի պահանջները.

գ) կատարել հրապարակային միջոցառման կազմակերպչի, կամավորների խմբերի, լիազոր մարմնի կամ իրավապահ մարմնի ներկայացուցչի օրինական պահանջները.

դ) հրապարակային միջոցառումը դադարեցվելու դեպքում անմիջապես հեռանալ հրապարակային միջոցառման անցկացման տարածքից եւ դադարեցնել հրապարակային միջոցառումից բխող այլ գործողությունները.

ե) չվնասել հրապարակային միջոցառման տարածքի գույքը, ծառերը, թփերը, կանաչպատ տարածքները.

զ) չխոչընդոտել հրապարակային միջոցառման տարածքում գտնվող կամ նրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ այլ աշխատանքային տարածքների, ինչպես նաեւ քաղաքացիների տների կամ բնակարանների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.

է) չխոչնդոտել պետական կամ տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց օրինական գործողություններին:

ՀՈԴՎԱԾ 8. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքի պահանջների պահպանմամբ անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ օրենսդրության պահանջների պահպանման, հասարակական կարգի կամ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովման նպատակով լիազոր մարմինը պարտավոր է՝

ա) նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մասին անհապաղ հայտնել զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպչին.

բ) զանգվածային հրապարակային միջոցառման եւ իր ներկայացուցչի մասին հայտնել համապատասխան իրավապահ մարմիններին եւ համապատասխան մարզպետին.

գ) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը՝ զանգվածային հրապարակային միջոցառման ողջ ընթացքում.

դ) իր իրավասության սահմաններում իրականացնել համապատասխան գործառույթներ չարգելված զանգվածային հրապարակային միջոցառման բնականոն անցկացումը ապահովելու համար.

ե) միջոցներ ձեռնարկել դադարեցնելու համար սույն օրենքի պահանջների խախտմամբ կազմակերպված կամ օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները.

զ) իրականացնել օրենքով ուղղակի նախատեսված այլ գործառույթներ:

2. Իրավապահ մարմինները պարտավոր են՝

ա) զանգվածային հրապարակային միջոցառման մասին տեղեկատվություն ստանալուց անմիջապես հետո նշանակել իր ներկայացուցչին եւ այդ մասին հայտնել զանգվածային հրապարակային միջոցատման կազմակերպչին.

բ) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը՝ զանգվածային հրապարակային միջոցառման ողջ ընթացքում.

գ) ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում օրենսդրության պահանջների եւ հասարակական կարգի պահպանումը.

դ) արգելել զանգվածային հրապարակային միջոցառման տարածք մուտք գործել, ինչպես նաեւ զանգվածային հրապարակային միջոցառման տարածքից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, որոնք խախտում են օրենսդրության պահանջները, հասարակական կարգը.

ե) օրենքով սահմանված կարգով դադարեցնել սույն օրենքի պահանջների խախտմամբ կազմակերպված կամ օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումները.

զ) մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին տեղեկացնել կազմակերպչին եւ ոչ պակաս քան երկու անգամ այդ մասին բարձրախոսով տեղեկացնել միջոցառման մասնակիցներին.

է) զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցներին հրապարակայնորեն չցուցադրել զենք, ռազմամթերք, հարկադրանքի հատուկ միջոցներ.

ը) օժանդակել կամավորների խմբերին՝ նրանց օրինական խնդիների իրականացման գործում.

թ) ապահովել հրապարակային միջոցառման տարածքում գտնվող կամ նրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ այլ աշխատանքային տարածքների, ինչպես նաեւ քաղաքացիների տների կամ բնակարանների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը.

ժ) իրականացնել օրենքով ուղղակի նախատեսված այլ գործառույթներ:

ՀՈԴՎԱԾ 9. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու իրավունք չունեն նախնական կալանքի կամ ազատազրկման վայրերում գտնվող, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները:

2. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեն՝

1/ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ծառայողները՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2/ զինծառայողները, քրեակատարողական ծառայության ծառայողները:

3. Արգելվում է՝

ա) ժողովների, հանրահավաքների եւ ցույցերի անցկացումը կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, էներգետիկայի օբյեկտների, ջրային համակարգերի, երկաթուղու, օդանավակայանների անվտանգության գոտիներում.

բ) հրապարակային միջոցառումների կազմակերպումը վթարային շենքերի ու շինությունների տարածքում կամ դրանց անվտանգության գոտիներում կամ շինարարական հրապարակներում, պետական մարմինների աշխատանքային տարածքներում.

գ) հրապարակային միջոցառումների կազմակերպումը զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկներիկ, նախնական կալանքի վայրերի տարածքներում եւ այդ տարածքներից ոչ մոտ քան 100 մետր հեռավորության վրա.

դ) հրապարակային միջոցառումների կազմակերպումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պետական հատուկ նշանակության օբյեկտների տարածքներում եւ այդ տարածքներից ոչ մոտ քան 50 մետր հեռավարության վրա.

ե) ոչ զանգվածային կամ այլ զանգվածային միջոցառումների կազմակերպումը կամ անցկացումը այն վայրում, որտեղ տվյալ ժամին անց է կացվում կամ անց է կացվելու չարգելված զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ զանգվածային միջոցառում.

զ) այն հրապարակային կամ այլ զանգվածային միջոցառումների կազմակերպումն կամ անցկացումը, որոնք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, ինչպես նաեւ օրենքով արգելվող այլ նպատակներին:

ՀՈԴՎԱԾ 10. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հրապարակային միջոցառում կարող է անցկացվել ցանկացած վայրում՝ բացառությամբ օրենքով արգելված վայրերի:

Ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք կամ պետական մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն ազատ եւ առանց իրազեկման անցկացնել ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ՝ չխախտելով հասարակական կարգը, փողոցային երթեւեկության կանոնները եւ սույն օրենքի 9-րդ հոդվածի եւ 13-րդ հոդված 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջները:

Ընդհանուր օգտագործման տարածքներում քաղաքացիները կամ իրավաբանական անձինք կամ պետական մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիններն նախընտրական կամ հանրաքվեների քարոզչության նպատակով իրավունք ունեն ազատ եւ առանց իրազեկման՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վայրերի, անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառումներ՝ չխախտելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգը, հասարակական կարգը, փողոցային երթեւեկության կանոնները եւ սույն օրենքի 9-րդ հոդվածի եւ 13-րդ հոդված 1-ին մասի 2-4-րդ կետերի պահանջները:

2. Ընդհանուր օգտագործման տարածքներում զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են կազմակերպվել միայն լիազոր մարմիններին գրավոր իրազեկելուց հետո:

3. Ընդհանուր օգտագործման տարածքներում զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին կազմակերպիչները գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման վայրի համայնքի ղեկավարին, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին` միջոցառում անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ քան երեք աշխատանքային օր առաջ եւ ոչ շուտ քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումը անց է կացվելու երթի ձեւով, ապա իրազեկումը պետք է տրվի բոլոր այն տարածքների համայնքների ղեկավարներին, որոնց տարածքով անց է կացվելու երթը:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետների խախտումով տրված իրազեկումը համարվում է չտրված եւ այն չի քննարկվում:

ՀՈԴՎԱԾ 11. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Ընդհանուր օգտագործման տարածքներում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը պետք է պուրունակի`

1/ զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպիչ քաղաքացիների անունները, ազգանունները, բնակության վայրը /հասցեները/, ինչպես նաեւ ստորագրությունները: Ստորագրությունների իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով կամ իրազեկումն ընդունող պաշտոնատար անձի կողմից.

2/ զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպող կազմակերպության կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը եւ գտնվելու վայրը.

3/ զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը եւ երթի ուղին եւ ժամանակը /եթե նախատեսվում է նաեւ երթ/:

4/ զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը եւ ավարտի մոտավոր ժամանակը.

5/ զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցների նախատեսվող մոտավոր թվաքանակը /նշվում է կազմակերպիչների ցանկությամբ/.

6/ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն կազմակերպիչների կարծիքով անհրաժեշտ է զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման համար /նշվում է կազմակերպիչների ցանկությամբ/:

2. Կազմակերպության կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում են նաեւ`

1/ զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին նրանց իրավասու մարմնի համապատասխան որոշումը.

2/ կազմակերպության գրանցման վկայականի պատճենը.

3/ տեղեկատվության կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կամ կազմակերպիչ նշանակված կամ ընտրված անձանց անունները, ազգանունները, բնակության վայրը /հասցեները/ եւ ստորագրությունները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված փաստաթղթերի, տեղեկատվության եւ ստորագրությունների իսկությունը պետք է հաստատված լինի կազմակերպիչ կազմակերպության կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կնիքով եւ դրանց ղեկավարների ստորագրություններով:

4. Եթե զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպիչների կողմից իրազեկումը ներկայացրել են թերություններով, ապա լիազոր մարմինը պարտավոր է իրազեկման քննարկման ժամանակ այդ մասին հայտնել կազմակերպիչներին` հստակ նշելով թերությունները:

ՀՈԴՎԱԾ 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

1. Լիազորված մարմինը ընդհանուր օգտագործման տարածքում զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը քննարկում է այն ստանալու օրվանը հաջորդող աշխատանքային օրը ժամը 12-ին՝ ըստ դրանց ստացման հերթականության:

Իրազեկման քննարկումը բաց է եւ նրան իրավունք ունեն ներկա գտնվել կազմակերպիչները, նրանց ոչ ավելի քան երեք ներկայացուցիչները, այդ թվում մասնագետներ, փորձագետներ, լիազոր մարմնի ներկայացուցիչներ կամ նրա կողմից հրավիրված այլ անձինք, որոնք իրավունք ունեն ելույթ ունենալ, հարցեր տալ, պատասխանել հարցերի, կատարել առաջարկություններ կամ միջնորդություններ, ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր, եզրակացություններ կամ այլ տեղեկատվություն:

Իրազեկման քննարկման ընթացակարգը սահմանում է քննարկումը վարողը, սակայն կազմակերպչին պետք է լիարժեք իրավունք վերապահվի ներկայացնել իր տեսակետը: Իրազեկման քննարկումը չի կարող մեկ ժամից ավելի տեւել:

Միայն կազմակերպիչների խնդրանով իրազեկման քննարկումը կամ որոշման կայացումը կարող է հետաձգվել, եթե անհրաժեշտություն է առաջացել շտկել իրազեկման մեջ կամ դրան կից ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները կամ եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Իրազեկման քննարկման կամ որոշման կայացման ժամկետը հետաձգման դեպքում սույն հոդվածի 2-րդ մասում նշված 3 ժամվա ժամկետի սկիզբը հաշվարկվում է նոր քննարկման կամ քննարկաման շարունակման կամ որոշման կայացման պահից:

Լիազոր մարմինն իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին, համապատասխան իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ այն փակցնում լիազոր մարմնի դրա համար նախատեսված եւ բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում եւ դրանից հետո 3 ժամվա ընթացքում իրազեկումը չի քննարկվում կամ այդ ընթացքում լիազորված մարմնի որոշմամբ չի արգելում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնել զանգվածային հրապարակային միջոցառում:

Եթե սույն մասով նշված իրազեկման քննարկման ժամկետը խախտվում է մինչ այդ տրված այլ իրազեկումների քննարկման պատճառով, ապա սույն մասով սահմանված 3 ժամյա ժամկետի սկիզբը համարվում է մինչ այդ տրված իրազեկումների քննարկման ավարտը, սակայն իրազեկման քննարկումը չի կարող տեղափոխվել հաջորդ օր:

3. Իրազեկումների քննարկումն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետը կամ նրա կողմից լիազորված անձը:

4. Իրազեկման քննարկման արդյունքում այն քննարկող անձը կայացնում է զանգվածային հրապարակային միջոցառուման անցկացումն արգելելու կամ իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշում:

5. Լիազորված մարմինը պարտավոր է չարգելված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրում կազմակերպիչների հետ համագործակցության, միջոցառման անցկացման օրինականության նակատմամբ վերահսկողության իրականացման, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ խնդիրների լուծման համար նշանակել լիազոր ներկայացուցիչ:

ՀՈԴՎԱԾ 13. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

1. Լիազոր մարմնի որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է, եթե`

1) իրազեկման մեջ բացակայում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պարտադիր տվյալ կամ փաստաթուղթ.

2) իրազեկման մեջ նշված օրը, ժամին եւ նշված վայրում սույն օրենքի պահանջների պահպանմամբ անցկացվելու է այլ զանգվածային հրապարակային կամ այլ զանգվածային միջոցառում.

3) իրազեկման մեջ նշված օրը, ժամին եւ նշված վայրում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը իրական /ռեալ/ վտանգ կարող է սպառնալ այլ անձանց կյանքին առողջությանը կամ գույքին.

4) զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է օրենքով արգելված վայրում.

5) հրապարակային միջոցառման կազմակերպիչները օրենքի համաձայն իրավունք չունեն դիմել դրա անցկացման համար.

6) անցկացվող երթի պատճառով կկազմալուծվի տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհների երթեւեկությունը.

7) անցկացվելիք հրապարակային միջոցառման տարածքի հարեւանությամբ կամ անմիջական մոտակայքում նույն օրը եւ նույն ժամերին տեղի է ունենալու կազմակերպչի ընդիմադիր անձանց թուլատրված հրապարակային այլ միջոցառում, որը չի բացառում ընդիմադիր ուժերի ընդհարումը:

Այլ հիմքերով չի կարող լիազոր մարմնի որոշմամբ արգելվել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը:

2. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշման մեջ պետք է հիմնավոր եւ հստակ շարադրվեն զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելման պատճառները:

Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը արգելելու մասին որոշումը կազմակերպիչներին է հանձնվում կամ փոստով ուղարկվում է նրանց կողմից իրազեկման մեջ նշված հասցեով:

3. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան, որը դատարանը քննում է մեկ օրվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման արգելման մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Եթե լիազոր մարմնի կողմից զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման մերժման համար հիմք է ընդունվելու սույն հոդվածի 1-ին մասի առաջին կետի պահանջի խախտումը, ապա կազմակերպիչների խնդրանքով իրազեկման քննարկումը պետք է հետաձգվի ոչ ավել, քան երկու ժամով` որպեսզի կազմակերպիչները ներկայացնեն համապատասխան տվյալները կամ փաստաթղթերը:

Եթե իրազեկման քննարկման ժամանակ առաջանում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա կազմակրպչի դիմումով լիազոր մարմինը պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ վայրեր /իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին/ եւ այլ օրեր /իրազեկման մեջ նշված վայրում եւ ժամին/ եւ այլ ժամեր /իրազեկման մեջ նշված վայրում եւ օրը/:

Առաջարկվող վայրերը պետք է բավարարեն կազմակերպիչների ներկայացրած պահանջներին` մասնավորապես պետք է ապահովեն համապատասխան քանակի մասնակիցների մասնակցությունը, եթե մասնակիցների քանակի մասին իրազեկման մեջ առակա է տեղեկատվություն: Չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքից դուրս` իսկ Երեւան քաղաքում` առաջարկված թաղային համայնքից դուրս տարածքներ եւ հնարավորինս պետք է մոտ լինեն կազմակերպիչների առաջարկած տարածքին:

Առաջարկվող այլ օրվա ժամը պետք է համընկնի կազմակերպիչների առաջարկած ժամից կամ կարող է ունենալ մինչեւ երկու ժամ տարբերություն:

Լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացնել կազմակերպիչների կողմից առաջարկվող օրվան հաջորդող երկու օրերի ընթացքում:

Իրազեկման քննարկման ժամանակ եւ դրանից հետո լիազոր մարմնի եւ կազմակերպիչների փոխադարձ համաձայնության դեպքում կարող է զանգվածային հրապարակային միջոցառման համար ընտրվել սույն մասի պահանջներից չբխող այլ օր, վայր կամ ժամ:

Սույն մասով նախատեսված լիազորված մարմնի առաջարկներից մեկն ընդունելու դեպքում կազմակերպիչները նախատեսվող հրապարակային միջոցառման անցկացման օրվանից առնվազն մեկ օր առաջ՝ լիազոր մարմնի աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում են լիազորված մարմնին, որը հիմք է տալիս կազմակերպիչներին լիազոր մարմնի առաջարկած եւ իրենց կողմից ընդունված պայմաններով անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառում:

ՀՈԴՎԱԾ 14. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

1. Լիազորված մարմինը, նրա կամ իրավապահ մարմնի ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակային միջոցառման կազմակերպիչներից պահանջել դադարեցնել դրա անցկացումը, եթե

1/ զանգվածային հրապարակային միջոցառումը կազմակերպվել կամ անց է կացվում առանց իրազեկման.

2/ զանգվածային հրապարակային միջոցառման կազմակերպումն արգելվել է լիազորված մարմնի որոշմամբ.

3/ լիազորված անձի կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմնի համապատասխան լիազորություններով օժտված ներկայացուցչի կողմից նախապես զգուշացվելուց հետո հրապարակային միջոցառման կազմակերպիչների կամ մասնակիցների կողմից շարունակում են խախտվել օրենքի պահանջները կամ երթի երթուղին.

4/ հրապարակային միջոցառման անցկացմամբ կամ դրա շարունակմամբ իրական վտանգ է առաջանալու անձանց կյանքին, առողջությունը, անվտանգությանը կամ կարող է էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին:

2. Սույն հոդվածի առաջին մասում նախատեսված խախտումները հայտնաբերած լիազորված մարմինը, նրա կամ իրավապահ մարմնի ներկայացուցիչը մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցման այդ մասին պարտավոր է անհապաղ նախազգուշացնել հրապարակային միջոցառման կազմակերպիչներին` առաջարկելով նրանց դադարեցնել հրապարակային միջոցառումը:

3. Սույն հոդվածով 2-րդ մասով նախատեսված պահանջը ստանալու դեպքում հրապարակային միջոցառման կազմակերպիչը պարտավոր է հայտարարել դրա դադարեցման մասին եւ միջոցներ ձեռնարկել հրապարակային միջոցառումը դադարեցնելու ուղղությամբ:

4. Հրապարակային միջոցառումը դադարեցնելու մասին սույն հոդվածով նախատեսված կարգով տրված պահանջը չկատարվելու կամ հրապարակային միջոցառման տարածքից կազմակերպչի բացակայության դեպքում իրավապահ մարմնի ներկայացուցիչ մինչեւ հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին պարտավոր է ոչ պակաս քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել միջոցառման մասնակիցներին, որից հետո հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում իրավապահ մարմնի ներկայացուցիչն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով եւ օրենքով նախատեսված միջոցներով հարկադիր դադարեցնել միջոցառումը:

ՀՈԴՎԱԾ 15. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1.Պետությունը կամ համայնքը պարտավոր են փոխհատուցել իրենց մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային միջոցառման ապօրինի դադարեցման կամ հրապարակային միջոցառման անցկացումն ապօրինի արգելելու հետեւանքով դրանց կազմակերպիչներին հասցված վնասը

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջամտելու կամ դադարեցնելու համար կրում են օրենքով նախատեսված քրեական կամ վարչական պատասխանատվություն:

2. Սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացված հրապարակային միջոցառման կազմակերպիչները կամ այն դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարած կազմակերպիչները կամ հրապարակային միջոցառման մասնակիցները կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Հրապարակային միջոցառման կազմակերպիչները կամ մասնակիցները կրում են օրենքով նախատեսված գույքային պատասխանատվություն իրենց մեղքով այլ անձանց պատճառված վնասի համար:

ՀՈԴՎԱԾ 16. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 29-ի "Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտման համար պատասխանատվության մասին" N 1289-XI հրամանագրի 1-ին եւ 2-րդ կետերը, ինչպես նաեւ Հայստանի Հանրապետության տարածքում չկիրառել ԽՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 28-ի «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» 9306-XI հրամանագիրը: