Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-5301-09.02.2009-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքով կարգավորում են իրավաբանական անձանց կողմից իրենց արտադրական պրոցեսի,  դրա ընթացքում առաջացած շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող աղտոտող նյութերի (այսուհետ` վնասակար նյութեր կամ աղտոտող նյութեր) եւ օգտագործվող հումքի նկատմամբ ինքնահսկման (այսուհետ` ինքնահսկում) իրավական հիմքերը:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Օրենքի պահանջը տարածվում է սույն օրենքի 12-16 հոդվածներով սահմանված իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություն) եւ բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի  (այսուհետ` լիազորված մարմին) վրա:

ՀՈԴՎԱԾ 3. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ  ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Բնապահպանական օրենսդրության պահանջների նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին օրենսդրությունը բաղկացած է  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության օրենքներից,  սույն օրենքից եւ իրավական այլ  ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ  նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4.  ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ինքնահսկում `  չափագրման եւ (կամ) հաշվարկային մեթոդով  կազմակերպության կողմից իր արտադրական պրոցեսի վիճակի, այդ թվում` հումքի օգտագործման, դրա  ընթացքում առաջացած վնասակար նյութերի որակի ու քանակի, օգտագործվող բնական ռեսուրսների որակի ու քանակի դիտարկումներով շրջակա միջավայրի վիճակի բնապահպանական օրենսդրության պահանջներին   համապատասխանության գնահատման գործընթաց.

2) մշտական (անըդհատ) հսկողություն ` լիազորված մարմնի կողմից հաստատված կազմակերպության ինքնահսկման ծրագրով պարամետրերի չափումների ժամանակացույցով (չափման մեթոդներին համապատասխան) սահմանվող չափումների պարբերականություն.

3) հումք ` կազմակերպության արտադրական գործարկման եւ շահագործման ժամանակ օգտագործվող  նյութեր, բնական ու էներգետիկ ռեսուրսներ.

4) նյութ ` կազմակերպության արտադրական գործարկման եւ շահագործման ժամանակ օգտագործվող կամ առաջացող ցանկացած քիմիական տարր եւ դրա միացություններ` բացառությամբ գենետիկորեն վերափոխված օրգանիզմների.

5) վնասակար նյութեր կամ աղտոտող նյութեր`  արտադրության պրոցեսում կայանքի առանձին կամ դիֆուզիոն (սփռված) աղբյուրներից մթնոլորտային օդ, ջրային ռեսուրսներ եւ հող  կատարվող արտահոսքերում, արտանետումներում, ինչպես նաեւ արտադրության թափոններում պարունակվող վնասակար ազդեցություն ունեցող նյութեր.

6) աղտոտում ` գործունեության արդյունք համարվող վնասակար նյութերի ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը մթնոլորտային օդի, հողի կամ  ջրային  ռեսուրսների վրա,  որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ մարդու առողջության կամ շրջակա միջավայրի վրա, վատթարացնել կամ խանգարել շրջակա միջավայրի օգտակար հատկությունների օգտագործմանը եւ դրա այլ օրինակ օգտագործմանը.

7) թույլտվություն ` լիազորված մարմնի կողմից տրվող փաստաթուղթ, որը պարունակում է օրենսդրության պահանջների համապատասխանությունն ապահովող, որոշ պայմանների պահպանմամբ ամբողջ կազմակերպության կամ դրա մի մասի կամ առանձին տեղամասի  շահագործումը թույլատրող գրավոր որոշման մաս կամ ամբողջական որոշում (կամ մի քանի այդպիսի որոշումներ): Թույլտվությունը կարող է վերաբերել նույն վայրում գտնվող եւ նույն կազմակերպության կողմից շահագործվող մեկ կամ մի քանի օբյեկտներին կամ օբյեկտների մասերին.

8) ազդեցության գնահատում ` կազմակերպության գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի` մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, լանդշաֆտի (աշխարհագրական թաղանթի համասեռ տեղամաս, բնապատկեր), կլիմայի, նյութական արժեքների եւ մշակութային ժառանգության, ինչպես նաեւ տվյալ գործոնների փոխկապակցվածության վրա ուղղակի կամ անուղղակի ներգործության գնահատում պարբերական վերլուծության արդյունքում.

9) շահագործման պայմանների փոփոխություն ` կազմակերպության այնպիսի հիմնական հատկություն՟ների կամ գործարկման փոփոխություն, կամ դրա ընդլայնում, որը  կարող է բացասական կամ դրական ներգոր՟ծություն ունենալ շրջակա միջավայրի  վրա.

10) առաջնային հաշվառման գրանցամատյան `   լիազորված մարմնի կողմից սահմանված, ինքնահսկման արդյունքների գրանցման թղթային ձեւաչափի փաստաթուղթ եւ դրան համապատասխան համակարգչային ծրագիր:

ՀՈԴՎԱԾ 5. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Ինքնահսկման իրականացման նպատակը`  միջոցների ու ընթացակարգերի կիրառմամբ շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելումն է  եւ (կամ)  շրջակա միջավայրի աղտոտվածության ծանրաբեռնվածության նվազեցումը:

2. Ինքնահսկման իրականացման հիմնական խնդիրներն են`

1) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նպատակով կազմակերպության  կողմից անընդհատ հսկողության իրականացման ապահովումը.

2)  շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների կանխարգելման  եւ (կամ) նվազեցման ապահովումը.

3) բնական ռեսուրսների գերշահագործման կանխարգելման ապահովումը.

4) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 6. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Ինքնահսկման  սկզբունքներն են`

1)  շրջակա միջավայրի վիճակի գնահատմամբ վտանգավոր փոփոխությունների հնարավոր կանխարգելման գերակայությունը.

2)  շրջակա  միջավայրի  անվտանգության ապահովման առաջնայնությունը.

3) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաստիությունը.

4) շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ լիազորված մարմնին հաշվետու լինելը եւ տեղեկատվության հասանելիությունը հասարակայնության համար.

5) բնապահպանական օրենսդրության պահանջների չկատարման համար պատասխանատու լինելը:


ԳԼՈՒԽ  2

ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 7. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ինքնահսկման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) ինքնահսկման գործընթացի քաղաքականության եւ ռազմավարության իրականացման ապահովումը.

2) ինքնահսկման ենթակա կազմակերպությունների ցանկի հաստատումը.

3) իր իրավասության սահմաններում ինքնահսկման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական ակտերի ընդունումը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

ՀՈԴՎԱԾ 8. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ինքնահսկման գործընթացում լիազորված մարմնի  իրավասություններն են`

1) ինքնահսկման գործընթացի քաղաքականության եւ ռազմավարության մշակումը.

2) ինքնահսկման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը.

3) կազմակերպության կողմից կազմած ինքնահսկման ծրագրերի հաստատումը.

4) ինքնահսկման մեթոդների որոշումը.

5) ինքնահսկման տվյալների շտեմարանի ստեղծումն ու վարումը.

6) ինքնահսկման  գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մշակումը եւ իր իրավասության սահմաններում դրանց հաստատումը.

7) ինքնահսկման գործընթացի եւ դրա արդյունքում ստացված տեղեկատվության հավաստիության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելը.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ: 

ԳԼՈՒԽ  3

ԻՆՔՆՔՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 9.  ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Ինքնահսկման համակարգը ներառում է`

1) կազմակերպության արտադրության գործարկման եւ շահագործման  պարամետրերի, ներառյալ` օգտագործվող հումքի որակական եւ քանակական պարամետրերի   դիտարկումները.

2) վնասակար նյութերի եւ սույն օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված բնական ռեսուրսների որակական ու քանակական պարամետրերի  դիտարկումները.

3)  շրջակա միջավայրի  վրա ազդեցության գնահատումը:

ՀՈԴՎԱԾ 10. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ

1. Կազմակերպության արտադրության գործարկման եւ շահագործման նկատմամբ ինքնահսկման ընթացքում դիտարկման ենթակա պարամետրերն են`

1) արտադրության գործարկման եւ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգն ապահովող ֆիզիկական մեծությունները` ջերմաստիճանի եւ ճնշման չափումների ու ստացված տվյալների գրանցմամբ.

2) օգտագործվող հումքի տեսակը եւ որակական ու քանակական մեծությունները` հաշվառման  տվյալների գրանցմամբ.

3) տեխնոլոգիական կանոնակարգին համապատասխան օգտագործվող ցանկացած նյութին բնորոշ հոտի առկայությունը (որսման ոչ ենթակա արտանետումները կամ արտահոսքերը), դրա աղբյուրի, պատճառի, տեւողության եւ հետեւանքների վերացման համար կիրառված միջոցառումների բնութագրի ու ժամանակահատվածի գրանցմամբ.

4) գործարկման եւ շահագործման տեխնոլոգիական կանոնակարգի փոփոխությունները` դրանց բնութագրի  գրանցմամբ.

5) մաքրման համար տեղակայված սարքավորումների ու կառույցների աշխատանքի վիճակը` գազափոշեորսիչ սարքավորումների եւ արտահոսքերի մաքրման կայանքների առկայության եւ դրանց շահագործման անձնագրերին համապատասխանության տվյալների գրանցմամբ.

6) մաքրման համար տեղակայված սարքավորումների ու կառույցների աշխատանքի  տեխնոլոգիական կանոնակարգերով սահմանված պարամետրերից շեղումները`  դրանց պատճառի, տեւողության եւ հետեւանքների վերացման համար կիրառված միջոցառումների բնութագրի ու ժամանակահատվածի  գրանցմամբ :

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափումներն ու հաշվառման տվյալները գրանցվում են տվյալ տեխնոլոգիական կանոնակարգին համապատասխան` կազմակերպության կողմից սահմանված արտադրության գործարկման կամ շահագործման առաջնային հաշվառման գրանցամատյանում:

3. Սույն հոդվածով սահմանված արտադրության գործարկման եւ շահագործման  պարամետրերը ու դիտարկման ձեւերը, հումքի` բնական ռեսուրների օգտագործման մասով, չեն տարածվում ջրառի եւ օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման պարամետրերի վրա: Դրանք կարգավորվում են սույն օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածներով:

ՀՈԴՎԱԾ 11. ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄԸ

1. Վնասակար նյութերի որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ ինքնահսկումն   իրականացվում է չափումների եւ գրանցումների միջոցով:

2. Վնասակար նյութերի նկատմամբ որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ դիտարկումներ   իրականացվում են`

1) կազմակերպության կողմից մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների նկատմամբ.

2)  կազմակերպության կողմից բաց ջրային ավազան եւ կոյուղու կոլեկտորներ կատարվող աղտոտող նյութերի արտահոսքերի եւ արտադրության պրոցեսում օգտագործվող ջրային ռեսուրների նկատմամբ.

3)  կազմակերպության արտադրական թափոնների նկատմամբ.

4) կազմակերպության, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու տարածքի հողերի աղտոտման նկատմամբ.

5) օգտակար հանածոների արդյունահանման եւ վերամշակման նկատմամբ:

3. Չափումները կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափաբերված սարքերով ու սարքավորումներով:

Չափման լաբորատոր մեթոդների կիրառման դեպքում կազմակերպությունն այն կարող է նաեւ պատվիրել հավատարմագրված համապատասխան  լաբորատորիայի:

ՀՈԴՎԱԾ 12. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների որակական եւ քանակական պարամետրերի նկատմամբ ինքնահսկում իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց առավելագույն նախագծային արտանետումների վրա հաշվարկված օդի պահանջվող օգտագործումը մեկ տարում հավասար կամ գերազանցում է տաս միլիարդ խորանարդ մետր չափանիշը կամ վարկյանում` տաս հազար խորանարդ մետր չափանիշը:

2. Մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են յուրաքանչյուր կազմակերպված ու անկազմակերպ անշարժ աղբյուրներից, այդ թվում արտադրական հարթակներում տեղադրված արտադրական թափոններից եւ շարժական աղբյուրներից` մթնոլորտային օդ արտանետվող գազային, էմուլսիոն  եւ պինդ մասնիկների քանակական ու որակական պարամետրերի նկատմամբ:

3. Մթնոլորտային օդ արտանետվող, չափման ենթակա աղտոտող նյութերը սահմանվում են լիազորված մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված արտանետումների թույլտվությամբ (այսուհետ` արտանետումների թույլտվություն):

4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները մթնոլորտային օդ կատարվող աղտոտող նյութերի արտանետումների չափումների որակական եւ քանակական պարամետրերի, նմուշառման կետերի ու ժամանակի եւ արտանետման աղբյուրների վերաբերյալ տվյալները գրանցում են մթնոլորտային օդ կատարվող արտանետումների առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

5. Մթնոլորտային օդ կատարվող արտանետումների առաջնային հաշվառման  գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը սահմանում է  լիազորված  մարմինը:

6.  Մթնոլորտային օդ կատարվող արտանետումների նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազորված մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 13. ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՂՏՈՏՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԵՐԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ջրային ռեսուրսներ կատարվող աղտոտող նյութերի արտահոսքերի ինքնահսկումն իրականացնում են այն կազմակերպությունները, որոնց արտահոսքերում կախված նյութերի կամ թթվածնի  կենսաբանական պահանջի տարեկան քանակությունը կազմում է  1 տոննա եւ ավելի կամ ծանր մետաղների գումարային քանակությունը կազմում է  հարյուր կգ եւ ավելի:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները վնասակար նյութերի նկատմամբ չափումներն իրականացնում են լիազորված մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված ջրօգտագործման թույլտվությամբ (այսուհետ` ջրօգտագործման թույլտվություն) սահմանված բոլոր վնասակար նյութերի նկատմամբ:

3. Կազմակերպության արտադրական պրոցեսում օգտագործվող ջրային ռեսոււրսի նկատմամբ ինքնահսկում են իրականացնում այն կազմակերպությունները,  որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալները գերազանցում են վարկյանում տաս լիտր քանակությունը (բացառությամբ հիդրոէներգետիկ նպատակով ջրօգտագործման) կամ ունեն ջրատնտեսական համակարգ թույլատրելի սահմանային արտահոսքի  համապատասխան թույլտվություն:

4. Կազմակերպության կողմից ջրային ռեսուրսներ աղտոտող նյութերի արտահոսքերի  նկատմամբ դիտարկումներն  իրականացվում են  կոյուղու կոլեկտորներ եւ բաց ջրային ավազան արտահոսվող վնասակար նյութերի եւ միացությունների քանակական եւ որակական պարամետրերի, ջրային ռեսուրսների վրա անուղղակի վնասակար ազդեցություն ունեցող  արտահոսքի եւ  ջրային ռեսուրսների վիճակի վրա վնասակար ազդեցություն թողնող աշխատանքների կատարման նկատմամբ:

5. Կազմակերպության կողմից ջրային ռեսուրսներ եւ համակարգեր թափվող  աղտոտող նյութերը եւ համապատասխան ջրօգտագործման ծավալները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տվյալ կազմակերպությանը տրված  ջրօգտագործման թույլտվությամբ:

6. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունները ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի արտահոսքերի չափումների որակական եւ քանակական պարամետրերի, նմուշառման կետերի ու ժամանակի, արտահոսքի, աղտոտման աղբյուրների վերաբերյալ տվյալները գրանցում են ջրային ռեսուրսներ կատարվող աղտոտող նյութերի  արտահոսքերի առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կազմակերպությունները  արտադրության պրոցեսում ջրային ռեսուրսի օգտագործման վերաբերյալ` ջրաղբյուրի, ջրառի քանակի ու որակի, ջրի ծախսի, օգտագործման նպատակի, ջրակորուստների եւ այլ տվյալները գրանցում են ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման  գրանցամատյանում:

8. Ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի  արտահոսքերի եւ ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման գրանցամատյանների ձեւերը եւ վարման կարգը հաստատում է լիազորված մարմինը:

9.  Ջրային ռեսուրսներ թափվող աղտոտող նյութերի  արտահոսքերի եւ ջրային ռեսուրսների օգտագործման նկատմամբ ինքնահսկման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 14. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկումն իրականացնում են այն կազմակերպությունները`

1) որոնց արտադրական պրոցեսում առաջանում են I-ին, II-րդ, III-րդ եւ IV-րդ դասի վտանգավոր թափոններ:

2) որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  զբաղվում են վտանգավոր թափոնների վերամշակման, վնաազերծման, պահպանման, փոխադրման կամ տեղադրման լիցենզավորված գործունեության տեսակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված կազմակերպությունները դիտարկումներ  իրականացնում են հաստատված նախագծերով սահմանված արտադրության թափոնների գոյացման նորմատիվների եւ դրանց տեղադրման սահմանաքանակների, ֆիզիկաքիմիական կազմի, առաջացած, վերամշակված, օգտահանված, վնասազերծված, տեղափոխված կամ տեղադրված քանակի ու տեսակի, վտանգավորության աստիճանի, տեղադրման ու տեղափոխման վայրերի եւ տեղադրման զբաղեցրած մակերեսի (ծավալի) նկատմամբ`  հաշվառման  միջոցով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվառումն իրականացվում է արտադրության թափոնների առաջնային հաշվառման  գրանցամատյանում, որի ձեւը եւ վարման կարգը հաստատում է լիազորված մարմինը:

4.  Արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններով եւ սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 15. ՀՈՂԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1.  Հողերի աղտոտման նկատմամբ  ինքնահսկումն իրականացնում են սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ եւ 16-րդ հոդվածներով սահմանված կազմակերպությունները` իրենց կազմակերպության, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու տարածքի հողերի վիճակի փոփոխության եւ աղտոտման նկատմամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում ամրագրված կազմակերպությունները դիտարկում են տվյալ կազմակերպության արտանետումների թույլտվություններով, ջրօգտագործման թույլտվություններով եւ թափոնների գոյացման նորմատիվներով ամրագրված վնասակար նյութերի առկայությունը հողում, որը որոշվում է չափումների միջոցով կամ հաշվարկային մեթոդներով:

Հողերի աղտոտման նկատմամբ չափումների միջոցով ինքնահսկումն իրականացվում է արտադրական պրոցեսում արտակարգ, վթարայաին եւ միջադեպային իրավիճակների դեպքերում:

3. Հողերի վիճակի փոփոխության` ըստ հողերի խախտման եւ վերականգնման բնույթի ու մակերեսի եւ աղտոտման մասին որակական ու քանակական ցուցանիշների, նմուշառման կետերի ու ժամանակի վերաբերյալ տվյալները գրանցվում են հողերի վիճակի հաշվառման գրանցամատյանում, որի ձեւը եւ վարման կարգը հաստատում է լիազորված մարմինը:

4. Հողերի աղտոտման  նկատմամբ ինքնահսկաման տվյալները լիազոր մարմին են ներկայացվում  սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ  16. ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում  են օգտակար հանածոների արդյունահանում  եւ վերամշակում ինքնահսկում իրականացնում են`

1) օգտակար հանածոյի իրեն հատկացված պաշարի, ամենօրյա արդյունահանված ծավալի ու որակի, մշակման եղանակի, ժամկետների ամրագրմամբ մարված պաշարի քանակի, արդյունահանման ժամանակ փաստացի օգտակար հանածոյի աղքատացման ու կորուստների եւ մակաբացման ապարների քանակության վերաբերյալ տվյալների հաշվառում` օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման գրանցամատյանում.

2) հանքահարստացման ժամանակ` օգտակար հանածոների եւ դրանցում պարունակվող հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների տեսակների ու քանակական տվյալների, փաստացի վերամշակված քանակությունների, հարստացմամբ ստացված արտադրանքի ու կորզված հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների քանակի ու տեսակի, հարստացուցիչ կազմակերպությունների պոչամբարներում (տեխնածին հանքավայրերում) հիմնական եւ ուղեկից օգտակար բաղադրիչների պարունակության եւ ընդհանուր քանակության, մակաբացման ապարների եւ պոչանքների օգտահանման դեպքում` դրանցից ստացված արտադրանքի տեսակի, որակի եւ քանակի նկատմամբ: Ստացված տվյալները գրանցվում են հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի  հաշվառման եւ պոչամբարի առաջնային հաշվառման գրանցամատյաններում.

3) հանքային եւ քաղցրահամ ջրերի հանքավայրեր շահագործող կազմակերպությունները  հաշվառում են հիդրոերկրաբանական հորատանցքի կոորդինատները, հանքային եւ քաղցրահամ ջրերի քանակի ու որակի, ջրի ծախսի, օգտագործման նպատակի, հանքավայրի շահագործման ընթացքում անխուսափելի տեխնոլոգիական կորուստների եւ այլ տեսակի ջրակորուստների  ծավալները` տվյալները գրանցելով ջրային ռեսուրսների օգտագործման առաջնային հաշվառման գրանցամատյաններում:

2. Օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման, հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի  հաշվառման ու պոչամբարի հաշվառման կարգերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3 Օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման, հարստացուցիչ կոմբինատում հանքաքարի շարժի հաշվառման ու պոչամբարի առաջնային հաշվառման գրանցամատյանների ձեւերը  հաստատում է լիազորված մարմինը:

4. Օգտակար հանածոների արդյունահանման  եւ վերամշակման նկատմամբ ինքնահսկաման գումարային տվյալները լիազոր մարմին են ներկայացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված օգտակար հանածոների պաշարների հաշվառման վարչական վիճակագրական հաշվետվություններով:

ՀՈԴՎԱԾ 17. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ` ազդեցության գնահատում) իրականացնում է ինքնահսկում իրականացնող կազմակերպությունը` իր կաղմից ազդեցության ենթարկված շրջակա միջավայրի նկատմամբ: Կազմակերպությունը ազդեցության գնահատման գործընթացին կարող է ներգրավել  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան հավաստագիր ունեցող անկախ փորձագետներ եւ բնապահպանության բնագավառի մասնագետներ:

2.  Ազդեցության գնահատման ընթացքում կազմակերպության կողմից`

1) դիտարկվում է իր գործունեության հետեւանքով շրջակա միջավայրի աղտոտվածության վիճակը եւ կենսաբանական բազմազանության ու լանդշաֆտի փոփոխությունները.

2) վերլուծվում է իր գործունեության համապատասխանությունը ինքնահսկման ծրագրին.

3) բացահայտվում եւ վերլուծվում են առաջացած բացասական հետեւանքներն ու դրանց պատճառները.

4) բացասական ազդեցությունների դեպքում`

ա. դիտարկվում է նաեւ առաջացած բացասական, ներառյալ` արտակարգ,   վթարային կամ միջադեպային իրավիճակների հետեւանքների վերացման լուծումների այլընտրանքային տարբերակները եւ գնահատվում դրանց հնարավոր ազդեցությունները շրջակա միջավայրի վրա.

բ. կատարվում է այլընտրանքային տարբերակների էկոլոգատնտեսական վերլուծություն եւ նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորում.

գ. այլընտրանքային լուծումների գնահատման արդյունքների եւ նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորման հիման վրա կազմվում է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխարգելող, նվազեցնող կամ բացառող բնապահպանական միջոցառումներ եւ լիազորված մարմնի քննարկմանն է ներկայացվում առաջարկություն` ինքնահսկման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին.

5) հաշվի են առնվում ազդեցության աստիճանը` հիմք ընդունելով ազդեցության ենթակա տարածքի աշխարհագրական դիրքը, ազդեցության բնույթը, տեւողությունը, հաճախականությունը եւ տարբեր ազդեցությունների գումարային բնույթը.

6) կազմվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գնահատումները, ինչպես նաեւ կազմակերպության`

1)  գործունեության տեսակի նկարագիրը.

2) օգտագործված նյութերի ու հումքի, տեխնոլոգիական պրոցեսների, շահագործման պայմանների փոփոխության եւ ազդեցության ենթարկված տարածքի բնութագրերը.

3) ինքնահսկման արդյունքների գնահատումը.

4) արտակարգ, վթարային կամ միջադեպային իրավիճակների գնահատումը.

5) դրական ազդեցությունների առկայության դեպքում` դրանց պահպանման եւ ուժեղացման, բացասական ազդեցությունների դեպքում` դրանց կանխարգելման, բացառման կամ նվազեցման եւ շրջակա միջավայրին հասցված վնասի դեպքում`  նաեւ վնասի փոխհատուցման ուղղությամբ իրականացված միջոցառումները, դրանց արդյունավետությունն ու ծախսերը.

6)  գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, դժվարությունների, ներառյալ` տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.

7) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները:

4. Ազդեցության գնահատումն իրականացվում է սույն օրենքի, այլ նորմատիվ իրավական ակտերի եւ լիազորված մարմնի կողմից հաստատված ազդեցության գնահատման մեթոդական ուղեցույցին համապատասխան:

5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ենթակա սահմանները, պարբերականությունը եւ հաշվետվությունների ներկայացման ժամկերտները սահմանվում են տվյալ կազմակերպության ինքնահսկման ծրագրում:

ԳԼՈՒԽ  4

ԻՆՔՆՔՀՍԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀՈԴՎԱԾ 18. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ  ԾՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

1. Ինքնահսկումն իրականացվում է տվյալ կազմակերպության համար հաստատված ինքնահսկման ծրագրին համապատասխան:

2. Ինքնահսկման ծրագիրը պետք է ներառի`

1)  արտադրական պրոցեսի ընդհանուր նկարագիրը.

2) արտադրական պրոցեսներում օգտագործվող հումքի տեսակը եւ քանակը.

3) տվյալ կազմակերպության տարածքի, ներառյալ` սանիտարապաշտպանական գոտու շրջակա միջավայրի ելակետային իրավիճակը.

4) ինքնահսկման պարամետրերը.

5) նմուշառման կետերի անվանումը, քանակը եւ տեղադիրքը.

6) պարամետրերի չափումների ժամանակացույցը.

7) ինքնահսկման մեթոդները, ներառյալ` չափիչ սարքերի տեսակը եւ չափման մեթոդների զգայնության աստիճանը.

8) հաշվառման, չափումների իրականացման եւ շրջակա միջավայրի վրա կազմակերպության գործունեության ազդեցության գնահատման տվյալների վերաբերյալ հաշվետվությունների կամ տեղեկատվական այլ բնույթի տվյալների ներկայացման ժամանակացույցը.

9) կազմակերպությանը ներկայացվող բնապահպանական օրենսդրության պահանջների կատարմանն ուղղված միջոցառումների կիրառման հիմնավորումը, իսկ խախտումներ առաջանալու դեպքում` նաեւ դրանց  վերացմանն ուղղված միջոցառումների կիրառման հիմնավորումը.

10) որակի եւ քանակի հսկման ապահովման մեխանիզմների, ներառյալ`       լաբորատորիաների հավատարմագրման, սերտիֆիկացման, սարքերի ու սարքավորումների  չափաբերման ու վիճակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը.

11) արտակարգ, վթարային եւ միջադեպային իրավիճակների կանխարգելման կամ հետեւանքների վերացման գործողությունների  կիրառման ընթացակարգը.

12)  շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության համալիր կանխարգելման, ներառյալ` աղտոտող նյութերի արտահոսքերի ու արտանետումների եւ արտադրական թափոնների նվազեցմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը եւ բնապահպանական այլ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումները.

13) ծրագրի ներդրման համար առկա կազմակերպչական մեխանիզմները.

14) ծրագրի ներդրման համար պահանջվող փաստացի կամ համարժեք միջոցառումների ծախսերը:

2. Կազմակերպության ինքնահսկման ծրագիրը կազմում է տվյալ կազմակերպությունը:  Ինքնահսկման ծրագիրը հաստատում է լիազորված  մարմինը:

3. Ինքնահսկման ծրագիրը  հաստատվում է հինգ տարի ժամկետով:  Կազմակերպության գործունեության ընթացքում (տեխնոլոգիական կանոնակարգի, հումքի եւ այլ պայմանների)  կամ բնապահպանական օրենսդրության պահանջների փոփոխություններ առաջանալու դեպքում, կազմակերպության կամ լիազորված մարմնի առաջարկով ինքնահսկման ծրագիրը պարտադիր ենթակա է վերահաստատման:

4. Լիազորված մարմնի կողմից ինքնահսկման ծրագրի հաստատման համար սահմանվում է եռամսյա ժամկետ, իսկ վերահաստատման համար` մեկամսյա ժամկետ:

5. Ինքնահսկման ծրագիրը հաստատվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է կազմակերպությանը, իսկ մյուս օրինակը` պահվում  լիազորված մարմնում:

ԳԼՈՒԽ 5

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 19. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

1.  Ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովում են տվյալ կազմակերպությունը եւ լիազորված մարմինը, որոնք պարտավոր են ունենալ ինտերնետային կայք` ինքնահսկման վերաբերյալ տվյալների տեղադրման համար:

2. Ինքնահսկման վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է`

1) շրջակա միջավայրի աղտոտման`  մթնոլորտային օդ կատարվող վնասակար նյութերի արտանետումների, ջրային ռեսուրսներ կատարվող վնասակար նյութերի արտահոսքերի,  հողերի վիճակի փոփոխության ու աղտոտման եւ արտադրության թափոնների վերաբերյալ տվյալները.

2) արտադրական պրոցեսում տեղի ունեցած վթարային, արտակարգ կամ միջադեպային դեպքերի մասին տվյալները.

3) ինքնահսկման ծրագիրը.

4)  ազդեցության գնահատման հաշվետվությունը:

3. Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ.

 1) մթնոլորտային օդ կատարվող վնասակար նյութերի արտանետումների եւ ջրային ռեսուրսներ կատարվող վնասակար նյութերի արտահոսքերի մասով ինքնահսկման արդյունքների տրամադրումը լիազոր մարմնին կատարվում է ամենօրյա պարբերականությամբ`

ա. չափման ավտոմատ համակարգ չունեցող կազմակերպությունների կողմից չափման արդյունքներն իրենց ինտերնետային կայքում տեղադրվում են տվյալների մուտքագրման միջոցով.

բ. չափման ավտոմատ համակարգով ինքնահսկում իրականացնող կազմակերպությունների կողմից չափման արդյունքներն իրենց ինտերնետային կայքում տեղադրվում են անմիջապես չափման ավտոմատ համակարգերից տվյալների փոխանցման միջոցով.

2) արտադրության թափոնների նկատմամբ ինքնահսկման արդյունքները    կազմակերպությունները տրամադրում են ամենամսյա պարբերականությամբ` ստացված տվյալները կազմակերպության ինտերնետային կայքում մուտքագրման եւ դրանք լիազորված մարմնին փոխանցման միջոցով: Լիազորված մարմինը ստացված տվյալները մեկօրյա ժամկետում տեղադրում է իր ինտերնետային կայքում:

3) հողերի վիճակի փոփոխության եւ աղտոտման նկատմամբ ինքնահսկման արդյունքները կազմակերպությունները տրամադրում են ամենամյա պարբերականությամբ` ստացված տվյալները կազմակերպության ինտերնետային կայքում մուտքագրման եւ դրանք լիազորված մարմնին փոխանցման միջոցով: Լիազորված մարմինը սատացված տվյալները մեկօրյա ժամկետում տեղադրում է իր ինտերնետային կայքում:

4. Ինքնահսկման ծրագիրը եւ ազդեցության գնահատման հաշվետվությունը ինքնահսկում իրականացնող մարմինները եւ(կամ) լիազորված մարմինը տեղադրում են իրենց ինտերնետային կայքերում` ինքնահսկման ծրագրի հաստատումից հետո 2-օրյա ժամկետում, իսկ ազդեցության գնահատման հաշվետվությունը` լիազորված մարմին ներկայացնելուց հետո` 5-օրյա ժամկետում:

5. Կազմակերպության ինտերնետային կայքի կառուցվածքը հաստատում է լիազորված մարմինը: 

ԳԼՈՒԽ 6

ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 20.  ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ինքնահսկում իրականացնող կազմակերպություններն իրավունք  ունեն՝

1) չափման լաբորատոր հսկողության գործընթացում ներգրավել հավատարմագրված համապատասխան  լաբորատորիա.

2) շրջակա միջավայրի վրա իր գործունեության գնահատման գործընթացում ներգրավել համապատասխան հավաստագիր ունեցող անկախ փորձագետներ եւ բնապահպանության բնագավառի մասնագետներ.

3) շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցության նվազեցման նպատակով ներդնել էկոլոգիապես մաքուր եւ ռեսուրսախնայող տեխնոլոգիաներ.

4) ինքնահսկման ծրագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ ներկայացնել լիազոր մարմնին:

ՀՈԴՎԱԾ 21. ԻՆՔՆԱՀՍԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են`

1) ինքնահսկումն իրականացնել հաստատված բնապահպանական ծրագրին համապատասխան` սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով.

2) լաբորատոր հսկողությունն իրականացնել  բնապահպանության բնագավառի լիազորված մարմնի հետ համաձայնեցված չափման մեթոդներով.

3) չափման լաբորատոր հսկողության դեպքում ապահովել  նմուշառման  կետերին մոտենալու հարմարավետ եւ անվտանգ պայմաններ.

4) սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխան վարել առաջնային հաշվառման գրանցամատյանները.

5) սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովել շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցության գնահատումը.

6) ձեռնարկել աղտոտող նյութերի նվազեցմանն ուղղված անընդհատ միջոցառումներ.

7) սահմանված ժամկետներում լիազորված մարմին ներկայացնել ինքնահսկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություններ եւ տեղեկատվություններ.

8) արտակարգ, վթարային կամ միջադեպային իրավիճակների դեպքերի ու դրանց հետեւանքով համազարկային արտանետումների առկայության մասին անհապաղ իրազեկել լիազորված մարմնին.

9) բնապահպանական օրենսդրության խախտման դեպքում արձանագրել խախտումները եւ այդ մասին անմիջապես տեղեկացնել լիազորված  մարմնին.

10) չխոչընդոտել լիազորված մարմինների կողմից կազմակերպության  ինքնահսկման գործընթացի նկատմամբ ստուգումների իրականացմանը.

11) ապահովել ինքնահսկման գործընթացի թափանցիկությունն ու տեղեկատվության հասանելիությունը

12)  ինքնահսկումն իրականացնել սեփական միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ  7

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒՐՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 22. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կարգավորման ենթակա իրավահարաբերությունների կողմ հանդիսացող սուբյեկտները սույն օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու կամ իրավասությունները վերազանցելու կամ դրանք ոչ պատշաճ կատարելու կամ սույն օրենքի այլ պահանջները խախտելու դեպքում կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 23. ԻՆՔՆԱՀՍԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպությունների կողմից ինքնահսկման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը: Վերահսկուղությունն իրականացվում է տվյալ կազմակերպության համար հաստատված ինքնահսկման ծրագրի պահանջների կատարման նկատմամբ` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ  8

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 24. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 Ինքնահսկում իրականացնող կազմակերպությունները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկ տարվա ընթացքում հաստատում են իրենց արտադրության գործարկման կամ շահագործման գրանցամատյանների ձեւերը,

2) ինքնահսկման ծրագրերը լիազորված  մարմնի  հաստատմանն են ներկայացնում տասնութ ամսվա  ընթացքում:

3)  երեսուն ամսվա ընթացքում ապահովում են ինքնահսկման համակարգի ներդրումը:

ՀՈԴՎԱԾ 25. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: