Հոդված 1.
«Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «Ապաստանի» բառից առաջ լրացնել նոր նախադասությունով հետեւյալ բովանդակությամբ.
«Ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի եզրակացության համաձայն ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար;»:
Հոդված 2.
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հանել «անհրաժեշտության դեպքում» եւ «Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած» բառերը:
Հոդված 3.
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Անհրաժեշտությունը.
«Փախստականների եւ ապաստանի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքի համաձայն ապաստանի տրամադրման գործընթացում միգրացիայի հարցերով լիազոր մարմինը ոչ բոլոր դեպքերում է դիմում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնելու մասին եզրակացություն ստանալու համար, բացի այդ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացությունը նախատեսված չէ որպես պարտադիր հիմք ապաստանի տրամադրումը մերժելու համար:
2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացությունը, որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսված չէ, ինչը հնարավորություն է ընձեռնում միգրացիայի հարցերով լիազոր մարմնին, անգամ համապատասխան եզրակացության առկայության դեպքում կայացնել դրական որոշում եւ ապաստան տրամադրել ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց: Բացի այդ, նույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն միգրացիայի հարցերով լիազոր մարմինը համապատասխան եզրակացություն ստանալու համար ոչ բոլոր դեպքերում է դիմում ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին, այլ ըստ` անհրաժեշտության, ինչը հնարավորություն է տալիս առանց համապատասխան ընթացակարգի ապաստան տրամադրել նաեւ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց: Օրենսդրական նման կարգավորումը հնարավորություն է ընձեռնում ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու:
3. Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականությունը.
նախագծի ընդունմամբ տվյալ ոլորտի քաղաքականությունում փոփոխություններ չեն լինի:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Նախագիծը նպատակ ունի կանխել այն անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալը, ովքեր կարող են ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնել: Նախագծով առաջարկվում է ապաստան հայցողի Հայաստանի Հանրապետության համար հնարավոր վտանգ ներկայացնելու վերաբերյալ ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի տված եզրակացությունը որպես ապաստանի տրամադրումը մերժելու պարտադիր հիմք նախատեսել: Բացի այդ առաջարկվում է նաեւ որպեսզի միգրացիայի հարցերով լիազոր մարմինն ապաստան հայցողի` ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու եզրակացություն ստանալու համար դիմի ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնին բոլոր դեպքերում, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության` հնարավոր բացթողումները կանխելու համար:
5. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ՀՀ ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանի Հանրապետությունում ապաստան չի տրամադրվի: