Armenian ARMSCII Armenian
Կ-29240-23.09.2019,03.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողների եւ հանրային պաշտոն (բացառությամբ հայեցողական պաշտոնների) զբաղեցնող անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 2-րդ բաժնով սահմանված նորմերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 116-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կառավարման» բառը:

Հոդված 4. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանրային ծառայության թափուր պաշտոնները համալրելու կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասում 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրային պաշտոն զբաղեցնողներին եւ հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 181-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 181. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: