Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3722-15.11.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական Իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հոդված 113. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը

«1. «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը (բացառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասը) առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկից մինչեւ երեք հարյուրապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր)  ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումները լիարժեք չեն սահմանում եւ կարգավորում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, կենդանիների պաշտպանության իրավական մեխանիզմները:

 «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագծով սահմանվում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները, կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջներն ու  արգելված գործողությունները,տնային կենդանիների պահման եւ խնամքի պահանջները, թափառող կենդանիների, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների, ծառայողական նշանակության, գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների համար օգտագործվող կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, ինչպես նաեւ կենդանիների բուծման, վաճառքի եւ օգտագործման շուրջ իրավահարաբերությունները

Նախագծերի փաթեթով նախատեսվում է  փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքով սահմանված պահանջների խախտման համար, իսկ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք պարունակող արգելված գործողությունների համար քրեական պատասխանատվություն:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ եւ փոփոփություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որոնցում  հստակ սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Նախագծերի ընդունման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կստանձնեն լիազորություններ սույն օրենքով սահմանված պահանջների վերահսկողության ոլորտում, նաեւ կենդանիների հաշվառման, վաճառքի,թույլտվությունների տրամադրման, ինչպես նաեւ համայնքի տարածքում թափառող կենդանիների խնդրի լուծման ուղղությամբ:

Ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները` որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտներ: Գույքային իրավունքներն իրացնելիս հաշվի չի առնվում կենդանիների` որպես զգայական եւ կենսաբանական պահանջներ ունեցող, ցավազգաց էակներ լինելու հանգամանքը եւ սույն իրավունքների իրացման շրջանակում կենդանիները պաշտպանված չեն դաժան եւ անպատասխանատու վերաբերմունք պարունակող գործողություններից: Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, որով կենդանիների նկատմամբ իրավունքներն իրացնելիս կարգելվի «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքով սահմանված պահանջների խախտումը:

Նախագծերի փաթեթով նաեւ առաջարկվում է՝ «Անասնաբուժության մասին» օրենքի այն հոդվածները, որոնք սահմանում են կենդանիների բարեկեցության սկզբունքները, տնային կենդանիների նկատմամբ վերաբերմունքի պահանջները, կենդանիներ տիրապետողների պարտականություններն ու իրավասությունները, փորձարկումների համար օգտագործվող կենդանիների շուրջ իրավահարաբերությունները ճանաչել ուժը կորցրած եւ սահմանել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում՝ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շուրջ ավելի համապարփակ եւ համալիր կարգավորումներ ունենալու նպատակով:

Օրենքի եւ նախագծերի մշակման փուլում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը ոլորտում, մասնավորապես Ավստրիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Էոստոնիայի եւ մի շարք այլ երկրներում կենդանիների բարեկեցության հիմնական սկզբունքները, կենդանիների բնակակոն վարքի պահանջմունքները կարգավորող իրավական նորմերը, վերահսկողության եւ ապատասխանատվության մեխանիզմները:

Նախագծերի փաթեթի մշակման փուլերում մշտապես տեղի են ունեցել քննարկումներ  ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ձեւավորված Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ վեր հանված խնդիրներն ու իրավական կարգավորումները դիտարկվել են նախագծերում:

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»  օրենքի նախագծի եւ հարակից նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվեն կենդանիների շուրջ իրավարահարաբերությունները:Կհստակեցվեն ոլորտում  վերահսկողություն իրականացնող մարմինների լիազորությունները եւ բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը: Օրենքով նախատեսվող տնային կենդանիների հաշվառման գործիքակազմի ներդրման արդյունքում կվերահսկվի տերերի կողմից տնային կենդանիների՝ հատկապես շների լքելու դեպքերը, որը իր հերթին կնպաստի թափառող շների գլխաքանակի նվազեցմանը:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը: Օրենքի նախագծում նաեւ  հստակ սահմանվում են հանրային վերահսկողության իրականացման մեխանիզմները քաղաքացիների եւ հասարակական կազմակերպությունների կողմից, որոնք կարող են նպաստել բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի օրենսդրական կարգավորումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը եւ կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքի քարոզչությանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



2019թ. նոյեմբերի 14
 
 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ

պարոն Արարատ Միրզոյանին


Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,  «Անասնաբուժության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

Օրենքների նախագծերը (հիմնական զեկուցող` Մերի Գալստյան)

Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը

Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 37 էջ:
 
 
Հարգանքով` Մերի Գալստյան
Լենա Նազարյան