Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-005-18.06.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` օրենք) 25-րդ հոդվածի 6.1 մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից,  ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչեւ երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար`  յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում ունենալով մեկական պատգամավոր:»

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով,  որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է ներկայացված լինել անդամների այնպիսի քանակով, որ չկարողանա մասնակցել ԱԺ բոլոր 12  հանձնաժողովների աշխատանքներին, որոնք ստեղծված են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված հանձնաժողովների առավելագույն քանակով: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի գործող խմբագրությունը հնարավորություն է ընձեռում խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին միեւնույն անդամին ներկայացնել առավելագույնը 2 հանձնաժողովում: Մինչդեռ հնարավոր է իրավիճակ, երբ անգամ երկու հանձնաժողովում ներկայացված լինելու արդյունքում, խմբակցությունը ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներում ներկայացված չլինի: Այս նախագիծը հնարավորություն է ընձեռում, որպեսզի խմբակցության /խմբի/ անդամը կարողանա մասնակցել ԱԺ մինչեւ 3 հանձնաժողովների աշխատանքներին: