Armenian ARMSCII Armenian
Պ-230-04.03.2004-ՍԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24մայիսի1993 թվականի, ՀՕ-57) 14-րդ հոդվածը չորրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերով պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե 18 տարին լրանալուց հետո չեն ճանաչվել հաշմանդամ։

Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հիմքերովպետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգում սովորող 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ունեցող անձինք տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության վճարովի համակարգ, եթե ուսումնառության ընթացքում կատարված բժշկասոցիալական վերափորձաքննության արդյունքներով չեն ճանաչվել հաշմանդամ։

Պետական բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող անձինք ուսումնառության ընթացքում հաշմանդամ երեխայի կամ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամի կարգավիճակ ստանալու դեպքում տեղափոխվում են տվյալ ուսումնական հաստատության անվճար համակարգ։

Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբում հաշմանդամ ուսանողն ուսումնական հաստատության վարչակազմ պետք է ներկայացնի իր հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո։