Armenian ARMSCII Armenian
Կ-242-29.07.2019-ԱՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագրի վավերացման առնչությամբ չեն առաջանում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ»  համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. դեկտեմբերի 4-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:

Համաձայնագրով փոխադարձության սկզբունքի, միջազգային իրավունքի սահմանված նորմերի ու սկզբունքների եւ իրենց պետությունների ներպետական օրենսդրության հիման վրա Կողմերը համաձայնում են թույլատրել ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի համապատասխան անդամներին ընդունող Պետության տարածքում կատարել վարձատրվող աշխատանք: Վարձատրվող աշխատանքով զբաղվելու թույլտվությունը տրվում է ընդունող Պետության իշխանությունների կողմից՝ համաձայն այդ Պետության օրենքների ու կանոնակարգերի եւ Համաձայնագրի դրույթներին համապատասխան: Այդպիսի թույլտվությունը չի տարածվում ընդունող Պետության քաղաքացիների կամ նրա տարածքում մշտական բնակություն ունեցող անձանց վրա: Թույլտվությունը պետք է գործի այն ժամկետի ընթացքում, որով դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի անձնակազմը նշանակված է ընդունող Պետության տարածքում ուղարկող Պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, որ Համաձայնագրում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

2019թ. մարտի 12-ի դրությամբ չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների հիմքով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ վերոհիշյալ Համաձայնագիրը ենթակա է վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:  

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գրիգոր Հովհաննիսյան


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ  ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» Համաձայնագրում՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
 
 

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

4  ապրիլի 2019 թվականի  N 354-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ  ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ  ԱՆՁՆԱԿԱԶՄԻ  ԸՆՏԱՆԻՔԻ  ԱՆԴԱՄՆԵՐԻ  ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից համաձայնագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. ապրիլի 10
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության եւ Բելգիայի Թագավորության միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների վարձատրվող աշխատանքի վերաբերյալ» համաձայնագիրը, օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 354-Ա որոշումը, համաձայնագրի վավերացման առնչությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության, համաձայնագրի եւ գործող օրենքների միջեւ հակասությունների բացակայության, համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը (2 հուլիսի 2019 թվականի ՍԴՈ-1466):

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
 
 

Հարգանքով`    ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ