Հոդված 1. «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 35-րդ հոդվածում՝
1) 2-րդ պարբերությունում «պետի» բառից հետո լրացնել «պատճառաբանված» բառը.
2) 3-րդ պարբերությունում «հանգամանքները,» բառից հետո լրացնել «տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը եւ կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
2) հանձնուքներ, ծանրոցներ ու փաթեթներ ստանալը եւ ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի,
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը,
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
5) հեռախոսակապից օգտվելը:
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ պարբերություններ.
«Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կալանավորված անձանց արգելվում է աշխատելը:
Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին կալանավորվածներին պահելու վայրի կամ նրա պարտականությունները կատարող անձի պատճառաբանված որոշմամբ: Պատժախցում գտվելու ժամանակամիջոցում կարող է կիրառվել սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված մեկից ավելի սահմանափակում:
Սույն հոդվածի 4-րդ պարբերությամբ նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս պետք է հիմնավորվի պատճառական կապը կատարած խախտման եւ կիրառվող սահմանափակման միջեւ եւ սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի, 59-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 98-րդ հոդվածի 1-ին մասի, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում արգելվում են տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը եւ ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից եւ զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը:
Վերոնշյալ սահմանափակումների առնչությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ՝ Սահմանադրական դատարան) Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 5-ին կայացրած որոշմամբ հանգել է հետեւության, որ պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի միջոցի կիրառման փաստի ուժով ինքնին սահմանափակվում են կալանավորված անձի եւ դատապարտյալի մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության եւ հաղորդակցության ազատության իրավունքները, հետեւաբար ՀՀ օրենսդրության վերոհիշյալ իրավադրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 31-րդ, 33-րդ եւ 78-րդ հոդվածներին հակասող՝ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Այսպես, Սահմանադրական դատարանը, նախեւառաջ արձանագրել է, որ կալանավորված անձանց կամ դատապարտյալներին պատժախցերում պահելու համար ստեղծված պայմանների մասին հոգ տանելը գտնվում է համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց իրավասության ներքո, իսկ պետությունն իր հերթին պարտավոր է վերահսկել վերջիններիս գործունեությունը, հատկապես անազատության մեջ գտնվող անձանց համար պատշաճ պայմանների պահպանման հարցում:
Համեմատական վերլուծության ենթարկելով կալանավորված անձանց եւ դատապարտյալների պատժախցում գտնվելու ժամանակ նրանց իրավունքների սահմանափակումներին վերաբերող «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ ահմանված կարգավորումները՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ դրանց ծավալն ընդհանուր առմամբ համընկնում է: Պատժախցում գտնվելու ընթացքում նրանց արգելվում են. տեսակցությունները (բացառությամբ փաստաբանի կամ պաշտպանի հետ տեսակցությունների), նամակագրությունը, լրացուցիչ սննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ եւ հանձնուքներ ստանալը, դրամական փոխանցումներ կատարելն ու ստանալը, հեռուստադիտումները, գրականությունից եւ զանգվածային լրատվությունից օգտվելը, սեղանի խաղերից օգտվելը: Կալանավորված անձին եւ դատապարտյալին թույլատրվում է պատժախցում իր մոտ պահել կրոնական գրականություն եւ նկարներ:
Անդրադարձ կատարելով կրոնական գրականություն եւ նկարներ պահելը թույլատրելուն, Սահմանադրական դատարանը նշում է, որ այն կարող է նպաստել պատժախուց տեղափոխված անձի վերադաստիարակմանը եւ հոգեւոր արժեքների վերաիմաստավորմանը, իսկ պատժախուց տեղափոխված այլ կալանավորված անձինք եւ դատապարտյալներ, որոնք որեւէ կրոն չեն դավանում, փաստացի անտեսվում են:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պատժախցում անձի միայնակ մնալը՝ սեփական ներաշխարհում, սեփական մտքերի ու վախերի հետ, հոգեճնշող իրավիճակ կարող է առաջացնել, իսկ համընդհանուր բարոյական արժեքները կարեւորող դաստիարակչական բնույթի եւ ոգեշնչող համապատասխան գրականությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ անձի վրա:
Այնուհետեւ, Սահմանադրական դատարանը փաստում է, որ «մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության» (Սահմանադրության 31-րդ հոդված), ինչպես նաեւ «հաղորդակցության ազատության» (Սահմանադրության 33-րդ հոդված) սահմանադրական իրավունքները բացարձակ իրավունքներ չեն եւ կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:
Դատապարտյալի տեսակցությունների իրավունքը նրա ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի էական մասն է, ինչն ապահովում են պետական մարմինները, որոնք անհրաժեշտության դեպքում օժանդակում են, որ դատապարտյալը կարողանա կապ պահպանել ընտանիքի անդամների հետ:
Միաժամանակ հարկ է նշել, որ, պայմանավորված կալանավորի անհատական որոշակի բնութագրերով, նրա կապն արտաքին աշխարհի հետ կարող է սահմանափակվել՝ ներառյալ ընտանիքի հետ տեսակցությունների քանակի կրճատումը, այդ տեսակցությունների նկատմամբ հսկողությունը, եթե այդ սահմանափակումները ողջամտորեն անհրաժեշտ են իրավաչափ նպատակին հասնելու համար:
Վիճարկվող իրավակարգավորումների համաձայն՝ պատժախուց տեղափոխված անձանց չի թույլատրվում նաեւ նամակագրություն վարել: Պատժախցում պահվող կալանավորված անձը կամ դատապարտյալը չի կարող ձեռքի տակ ունենալ գրենական պիտույքներ (թուղթ, գրիչ, ծրար եւ այլն) կամ մտքերը փոխանցելու այլ միջոցներ, ինչը գործնականում նույնպես անհնարին է դարձնում հաղորդակցության իրավունքի իրականացումը, մինչդեռ, Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որ անձի հիմնական իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար սահմանվեն անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր:
Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ պատժախցում գտնվելու ժամանակահատվածում կալանավորվածները եւ դատապարտյալները նամակագրության իրավունքից զրկվում են պարտադիր՝ առանց անհրաժեշտ հիմնավորումների, գտնում է, որ քննարկվող իրավակարգավորումները խնդրահարույց են Սահմանադրության 33-րդ հոդվածին համապատասխանության տեսանկյունից:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաեւ, որ կալանավորված անձին կամ դատապարտյալին որպես տույժ պատժախուց տեղափոխելը նախատեսված է նաեւ այլ ժողովրդավարական պետությունների օրենսդրություններով, եւ թույլատրելի է համարում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ): Վերջինիս դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտումը ոչ թե պատժախուց տեղափոխելը որպես տույժի միջոց կիրառելն է, այլ պատժախցում գտնվելու ժամանակ կալանավորված անձանց համար ստեղծված ոչ պատշաճ պայմանները եւ այն, թե որքանով է հիմնավորված եւ իրավաչափ նման տույժի կիրառումը:
Բացի այդ, քննարկվող հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է արտահայտել առ այն, որ դատապարտյալների տեսակցությունները, նամակագրությունը չեն կարող արգելվել բանտային կանոնները խախտելու համար կիրառվող կարգապահական տույժի կարգով: Դատարանը համարել է, որ նման սահմանափակումները ոչ այլ ինչ են, քան հանրային մարմինների միջամտություն Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքի իրականացմանը («Poltoratskiy v. Ukraine», app. no. 38812/97, judgment 29.04.2003, ««152-153):
Վկայակոչելով օտարերկրյա պետությունների փորձը՝ Սահմանադրական դատարանը նշել է նաեւ, որ յուրաքանչյուր դեպքում իրավասու մարմինները, գնահատելով արարքի վտանգավորությունը, ընտրում են մեկ կամ երկու իրավունքի սահմանափակում, բայց իրավունքի սահմանափակման վիճարկվող դրույթում ամրագրված բոլոր տեսակները չեն կիրառվում միաժամանակ:
Հարկ ենք համարում շեշտել, որ խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային փորձը եւս վկայում է, որ անձնական ու ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունքները կարեւոր տեղ են զբաղեցնում ազատությունից զրկված անձանց իրավունքների շարքում:
Այսպես, Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (այսուհետ՝ ԽԿԿ) 2-րդ ընդհանուր զեկույցի 51-րդ պարբերության համաձայն՝ ազատազրկված անձանց համար շատ կարեւոր է բավարար շփումն արտաքին աշխարհի հետ: Առաջին հերթին ազատությունից զրկված անձը պետք է հնարավորություն ստանա պահպանելու հարաբերություններն իր ընտանիքի եւ մերձավոր ազգականների հետ: Ղեկավար սկզբունք պետք է լինի արտաքին աշխարհի հետ շփման աջակցությունը:
ՄԱԿ-ի Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (Նելսոն մանդելայի կանոններ) 43-րդ կանոնի 3-րդ կետի համաձայն՝ տույժերը կամ սահմանափակման միջոցները չպետք է ներառեն ընտանիքի հետ կապի արգելքը: Ընտանիքի հետ կապի միջոցները կարող են սահմանափակվել միայն սահմանափակ ժամանակահատվածով եւ բացառապես անվտանգության ու կարգի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ուսումնասիրելով քննարկվող խնդրի վերաբերյալ արտասահմանյան երկրների փորձը՝ հարկ է արձանագրել, որ Ֆինլանդիայի թիվ 767/2005 քրեակատարողական ակտի 15-րդ գլուխը նվիրված է քրեակատարողական հիմնարկի կարգին եւ կարգապահությանը: Դրա՝ ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող տույժի միջոցներ նախատեսող 4-րդ պարագրաֆի վերջին պարբերության համաձայն՝ իրավունքների զրկումը չպետք է հանգեցնի ազատությունից զրկված անձի կողմից արտաքին աշխարհի հետ կապի սահմանափակման: Նույն գլխի՝ պատժախցին վերաբերող 8-րդ պարագրաֆի 1-ին պարբերությամբ նախատեսվում է, որ ազատությունից զրկված անձի արտաքին աշխարհի հետ կապի եւ զբոսանքի իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն ժամանակ, երբ դրանք վտանգում են ազատությունից զրկված անձի կամ այլոց ապահովությունը:
Իսլանդիայի Պատժի կատարման վերաբերյալ թիվ 15/2016 ակտի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով որպես պատժատեսակ նախատեսվում է 15 օրով պատժախուց տեղափոխելը: Այնուամենայնիվ, նշվածը չի հանգեցնում արտաքին աշխարհի հետ կապի որեւէ սահմանափակման:
Ֆրանսիայի քրեական դատավարության օրենսգրքի R57-7-33-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլնի, գոյություն ունեն առանձին տույժի միջոցներ, ինչպիսիք են մինչեւ երկու ամիս առավելագույն ժամկետով արտաքին աշխարհից աջակցություն ստանալու արգելքը, մշակութային, սպորտային կամ զվարճանքի միջոցառումներիցց զրկումն առավելագույնը մեկ ամսով եւ տեղափոխումը պատժախուց: Ավելին, R57-7-33-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունների համաձայն՝ պատժախուց տեղափոխումը չի առաջացնում որեւէ սահմանափակում ազատությունից զրկած անձանց գրավոր հաղորդակցության, եւ վերջիններս պահպանում են իրենց իրավունքն իրականացնել հեռախոսազանգեր տույժի կիրառման ընթացքում:
Սերբիայի քրեական պատիժների կատարման մասին օրենքի 152-րդ հոդվածի համաձայն՝ պատժախուց տեղափոխելը՝ իբրեւ տույժի միջոց կիրառելու ընթացքում, անձը կարող է կարդալ եւ գրել, ինչպես նաեւ հնարավորություն ունի օգտվել մեկ ժամ տեւողությամբ ամենօրյա զբոսանքից:
Ամփոփելով արտահայտված դիրքորոշումները՝ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2019 թվականի հունիսի 5-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին եւ Կառավարությանը այդ դրույթները համապատասխանեցնելու որոշման պահանջներին:
Ելնելով վերոգրյալից՝ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաեւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ:
Այսպիսով, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադարական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջների կատարմամբ:
2. Առաջարկվող կարգավորումը
Սահմանադարական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
1) նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը եւ նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաեւ տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:
2) նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:
3) նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ կարող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում: Մասնավորապես՝ նախատեսվել է, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին կարող են արգելվել՝
Այս համատեքստում հարկ է վկայակոչել ՀՀ սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածը, համաձայն որի՝ հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ:
Այս առումով կարող ենք արձանագրել, որ Նախագծի կարգավորումները համապատասխանեցվել են իրավական որոշակիության սկզբունքին, որին Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է իր որոշումներում (ՍԴՈ-630, ԴՈ-753, ՍԴՈ-1176, ՍԴՈ-1213, ՍԴՈ-1270 եւ այլն):
Այսպես, Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1176 եւ ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետեւյալ իրավական դիրքորոշումները. «... իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» եւ «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաեւ, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»:
Միեւնույն ժամանակ, Սահմանդրական դատարանն արձանագրում է, որ նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձեւակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման եւ փոփոխվող հանգամանքներին՝ զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետեւաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը եւ ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենքներում օգտագործվող առանձին հասկացություններ չեն կարող ինքնաբավ լինել: Դրանց բովանդակությունը, բնորոշ հատկանիշների շրջանակը ճշգրտվում են ոչ միայն օրինաստեղծ գործունեության արդյունքում, այլ նաեւ դատական պրակտիկայում:
Իրավական որոշակիության սկզբունքին անդրադարձել է նաեւ ՄԻԵԴ-ը: Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ն իր նախադեպային որոշումներից մեկում արձանագրել է մի կարեւոր հանգամանք, համաձայն որի՝ թեեւ օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, եւ օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետեւաբար շատ օրենքներ անխուսափելիորեն ձեւակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, եւ որոնց մեկնաբանությունը եւ կիրառումը պրակտիկայի խնդիր է («Busuioc v.Moldova», application no.61513/00, 21/12/2004):
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում կիրառվող սահմանափակումների հիմքում դրվող ելակետերին, հարկ է փաստել, որ դրանք առավելագույն համապատասխանում են իրավական որոշակիության սկզբունքին: Նշված պնդման հիմքում դրված է ինչպես Սահմանադրական դատարանի եւ ՄԻԵԴ-ի իրավական դիրքորոշումները, այնպես էլ այն, որ դրանով օրենսդիրը նվազեցնում է իրավակիրառ սուբյեկտի կողմից հնարավոր կամայականության եւ հայեցողության շրջանակը:
3) միասնականացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծավալը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 5-ին կայացված ՍԴՈ-1442 որոշման պահանջներին:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ
16 մայիսի 2019 թվականի N 586 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասն ու 73-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. մայիսի 21
Երեւան
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 586-Ա որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ