Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ.
«Աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ օրինական արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի: » :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության գործող աշխատանքային օրենսգիրքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը անկախ նրանց տարիքից, սեռից, ռասայից եւ այլն, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանում է, որ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական պատճառ չի կարող համարվել աշխատողի տարիքը, սակայն Օրենսգրքում չկա ոչ մի հոդված կամ կետ, իմպերատիվ արգելք որը կբացառի գործատուի կողմից աշխատանքի ընդունման ժամանակ անձանց տարիքային խտրականությունը, որն էլ տեւական ժամանակ դարձել է պատուհաս աշխատող, գործունակ անձանց համար, որոնք հատել են երիտասարդ համարվող տարիքի վերին շեմը: Անթույլատրելի է տարիքի պատճառով աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման մերժումը, որն էլ համատարած տեղի է ունենում այսօր: Պետությունը եւ ՀՀ օրենսդրությունը պետք է հավասար, արդարացի պայմաններ ապահովի յուրաքանչյուր աշխատելու ցանկություն ունեցող, աշխատունակ, համապատասխան որակավորում ունեցող անձանց համար անկախ նրանց տարիքից: Սույն օրենսդրական կարգավորումը ուղղված է տվյալ հարցի լուծմանը, առաջարկելով լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում` ամրագրելով, որ աշխատողի տարիքը օրինական արգելք կամ պատճառ չի կարող հանդիսանալ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար, բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետութան աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՀԱՐԳԵԼԻ՛ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետութան աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացվում են`
1. օրենքի ընդունման հիմնավորումը,
2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,
3. օրենքում լրացվող հոդվածը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:
Առդիր` 4 (չորս) էջ:
Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/