Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12882-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 40-րդ հոդվածի 3.1-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի խախտումների հայտնաբերմանն ուղղված հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու եւ միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից, ինչպես նաեւ գործող օրենսդրությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող հարկային ծառայողների լիազորությունների շրջանակի հստակեցման անհրաժեշտությունից:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով առաքվող, տրամադրվող եւ տեղափոխվող ապրանքների գրանցման կարգի նկատմամբ հսկողության իրականացմանն առնչվող դրույթները համապատասխանեցված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածին, որը օրենսդրական նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջությամբ վերախմբագրել:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային ծառայողների կողմից իրականացվող հսկողական գործառույթների արդյունավետության բարձրացմանը եւ ապօրինի ձեռնարկատիրության դեմ պայքարի գործուն միջոցների կիրառությանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի կարգավորման նպատակը հարկային ծառայողների կողմից իրականացվող հսկողական գործառույթների օրենսդրական հիմքի կատարելագործումն է:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, սահմանել, որ`

ա) մաքսային մարմինների կողմից հետբացթողումային հսկողության շրջանակներում իրականացվող միջոցառումների «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով իրականացվող ստուգումներ չեն,եւ այն իրականացնել ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:

բ) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգի նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքներն իրականացվելու են հարկային մարմնի կողմից միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումենրի շրջանակներում, որի արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է օրենքով սահմանված կարգի խախտումը պարզելու եւ միայն խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաեւ հարկային պարտավորություններ առաջադրելու համար,

դ) «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված կարգի խախտման 1-ին դեպքերում հարկ վճարողները կընդգրկվել ռիսկայնության բարձր խմբում, իսկ մեկ օրացույցային տարվա ընթացքում վերոհիշյալ կարգի մեկից ավել խախտումների դեպքում կիրառելի չեն համարվում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները, ինչը նշանակում է, որ տվյալ հարկ վճարողների մոտ կարող է իրականացվել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ: