Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-069-25.03.2019-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Գիտական գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ակադեմիային օգտագործման համար ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհարժեշտությունը պայմանավորված է մեր ժողովրդի ստեղծած, պատմաճարտարապետական ազգային ժառանգության պահպանման հրամայականով, եւ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային ամրակցված գույքը բացառապես դրա հիմնադրման սկզբնական նպատակին եւ նշանակությանը համապատասխան օգտագործելու համար օրենսդրական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությամբ:

Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ առ այն, որ հասարակական կամ պետական կարիքների համար ԳԱԱ ամրակցված գույքի օտարումը կարող է կատարվել միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում եւ բացառապես օրենքով:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով կսահմանվի գիտական ներուժի եւ այդ ներուժի բնականոն գործունեության իրականացումն ապահովող շինությունների նպատակային օգտագործումը, պահպանումն ու փոխանցումն ապագա սերունդներին, ինչը կխթանի երկրում գիտության շարունակական զարգացումը, արդյունքում՝ գիտելիքահեն տնտեսության զարգացումը:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են

1. օրենքի նախագիծը

2. օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3. գործող օրենքի այն հոդվածի մասին տեղեկանքը, որում առաջարկվում է կատարել լրացում:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝ 3 թերթ:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`  ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ