Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող` միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ»:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 426.9. Դատական ակտերի վերանայումը
1.Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.2-րդ կամ 426.3-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքները ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան»: