Armenian ARMSCII Armenian
Պ-013-12.02.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ կետերով.

15) Խաղասրահ՝ շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում եւ անց- կացվում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցել վիճակախաղին:».

16) Բուքմեքերային գրասենյակ-վայր, որտեղ Կազմակերպիչը իր աշխատակիցների անմիջական մասնակծությամբ հնարավորություն է ընձեռնում խաղի մասնակիցներին խաղադրույքներ կատարել:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի» բառերը:

2) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ «ԱՄ», «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:

Ինտերնետ տոտալիզատորը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Հայաստանի Հանրապետության տարածքում, ունեն Հայաստանի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե, (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե) եւ տեղեկատվական ռեսուրսները գտնվում են «ԱՄ» եւ/կամ «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:»:

Հոդված 3. 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ը» կետում «միայն» բառից հետո լրացնել «համապատասխան լիցենզիայի հիման վրա ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման, ծրագրային ապահովման (ներառյալ շահման գործակիցների որոշման եւ իրացման ծառայությունները) եւ դրա սպասարկման ծառայությունների մատուցման գործունեություններով, կազմակերպչի աշխատակիցների համար եւ խաղասրահներում հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, ինչպես նաեւ:» բառերով:

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ժդ» կետով.

«ժդ) լիազոր մարմնի սահմանած կարգով ստուգում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձանց օրենքով սահմանված տարիքի հասած լինելու հանգամանքը.»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1. մասով.

«1.1 Կազմակերպիչը ապահովում է հինգ հարյուր միլիոն դրամի չափով ֆինանսական երաշխիքի առկայություն, որը ապահովում է վիճակախաղերի կամակերպման գործունեության ողջ ընթացքը եւ ուղղված է մասնակիցների շահերի պաշտպանության ապահովմանը: Ֆինանսական երաշխիքը կարող է օգտագործվել միայն վիճակախաղի կազմակերպչի սահմանված եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան` վիճակախաղի շահող մասնակիցների եւ պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման նպատակով:

Սույն օրենքի իմաստով ֆինանսական երաշխիք է համարվում բանկի կամ ապահովագրական կազմակերպության կողմից տրված երաշխիքը:»

Հոդված 4. Օրենքը լրացնել նոր 5.1-ին եւ 5.2-րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու՝ տոտալիատորին (այդ թվում ինտերնետ տոտալիզատորին) մասնակցությունը սահմանափակելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ գլխով սահմանված կարգով` մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի օրինակն ուղարկում է լիազոր մարմին:

2. Լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տոտալիզատորների (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորների) բոլոր կազմակերպիչներին՝ նրանց ուղարկելով վճռի էլեկտրոնային կամ պատճենահանված օրինակը, որպեսզի նրանք արգելեն օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետեւանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձի մուտքն իրենց խաղասրահներ, ինչպես նաեւ գրանցումը ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորին մասնակցելու հնարավորությունը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանի կողմից քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացվելու դեպքում դատարանի վճիռն ուղարկվում է լիազոր մարմին` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների կողմից կնքված գործարքները շահագրգիռ անձանց պահանջով դատարանը կարող է անվավեր ճանաչել:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նշված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:»:

«Հոդված 5.2. Վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջները

1. Բուքմեքերային գրասենյակ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական եւ պատմամշակութային օջախներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ եւ չափանիշներին համապատասխան տարածքներում:

2. Արգելվում է տոտալիզատորի մասնակիցների հաշիվներին դրամական միջոցներ մուտքագրել եւ ելքագրել կանխիկ եղանակով, բացառությամբ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման դեպքի կամ բուքմեքերային գրասենյակի միջոցով: Նշված հաշիվները համալրվում են եւ հաշիվներից գումարը կանխիկացվում է միայն վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով:

3. Արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղի՝ ոչ խաղարկությունով, խաղարկությունով, համակցված, տոտալիզատորի (այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպումը:»:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ «ե1» կետով.

«ե1) խախտել է սույն օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված պահանջները` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամի չափով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում

1) «կետերով» բառից հետո լրացնել «կամ 1.1-րդ մասով» բառերը:

2) լրացնել նոր «գ1» կետով.

«գ1) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 5.2 հոդվածով սահմանված պահանջները:»

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով լրացվող 5.2-րդ հոդվածի 1-ին մասով բուքմեյքերային գրասենյակին կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպմանը ներկայացվող պահանջի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 1-ից:

Սույն օրենքի պաշտոնական հրապարակման պահից վեց ամսվա ընթացքում լիազոր մարմինը սահմանում է խաղասրահ մուտք գործել եւ ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը եւ «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացիների վերաբերյալ տվյալների բազայի վարման կարգը: