Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) (9 հոկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-97) 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով եւ 6-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հեռուստաընկերությունների վրա:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 10-րդ մասը սահմանում է «Հովանոցային գովազդի» հասկացությունը: Գործող օրենքում տրված այս հասկացության մեկնաբանության պարագայում այսօր բացառված է բոլոր այն ապրանքների ու ծառայությունների գովազդը, որոնց գովազդի նկատմամբ թեեւ օրենքով նախատեսված չեն սահմանափակումներ, սակայն սահմանափակումներ են նախատեսված դրանք արտադրող ու առաջարկող իրավաբանական անձի կողմից նույն ապրանքային նշանով կամ ֆիրմային անվանմամբ արտադրվող կամ առաջարկվող այլ ապրանքների ու ծառայությունների նկատմամբ: Որպես իրավիճակը բնութագրող օրինակ կարելի է ներկայացնել այնպիսի դեպքը, երբ դեղագործական կազմակերպությունն արտադրում է հոգեմետ դեղեր, որոնց նկատմամբ տարածվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 7 մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված սահմանափակումը, մինչդեռ տվյալ կազմակերպությունն արտադրում է նաեւ դեղերի մեծ տեսականի, որոնց նկատմամբ այդ սահմանափակումը չի տարածվում: Չնայած հիշյալ սահմանափակման բացակայությանը, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի 10-րդ մասով տրված հասկացությունը տվյալ դեպքում բացառում է նաեւ միեւնույն ֆիրմային անվանումն ունեցող դեղագործական կազմակերպության կողմից արտադրվող ոչ հոգեմետ դեղերի գովազդը: Օրենքի 2 հոդվածի 10-րդ մասից երկրորդ նախադասությունը հանելը կլուծի ստեղծված իրավիճակը:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո անցած բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող ապրանքների եւ ծառայությունների գովազդը ձեռք է բերել ներկայացման տարաբնույթ ձեւեր, որոնք դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից: Այդպիսիք են հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաեւ հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող եւ/կամ հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկությունները: «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով լրացում է կատարվել օրենքի 9 հոդվածում, որի արդյունքում գովազդի նշված տեսակները եւս կդիտարկվեն որպես զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ: Այս կապակցությամբ նաեւ փոփոխություն է կատարվել նույն հոդվածի երկրորդ մասում, որտեղ հաշվի առնելով հեռարձակողների կողմից կրելիք հնարավոր վնասները, առաջարկվում է 10 թիվը փոխարինել 14 թվով։ Միեւնույն ժամանակ սահմանվել է եթերային ժամի հաշվարկի սկիզբը, ինչը հնարավորություն կընձեռի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին հստակորեն իրականացնելու վերահսկողական իր գործառույթը։
Ներկայացվող նախագծով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածում նախատեսվող լրացմամբ արգելվում է գովազդի հեռարձակումը վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից: Հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակում իրականացնելիս վերահեռարձակող հեռուստառադիոընկերությունների կողմից կատարվող ոչ ճշգրիտ հաշվարկների եւ աշխատանքների կատարման հետեւանքով գովազդ տեղադրելիս հեռարձակվող հեռուստառադիոհաղորումներն ընդհատվում են օտարերկրյա հեռարձակողի կողմից չնախատեսված պահերին եւ տեւողությամբ, ինչի հետեւանքով հեռուստադիտողը հաղորդումները դիտում է կրճատումներով: Նշենք նաեւ, որ գործող օրենքով վերահեռարձակողներին գովազդ տեղադրելու հնարավորության տրամադրումն անհավասար պայմաններ է ստեղծել նրանց եւ տեղական հեռարձակողների միջեւ, որոնք ոչ թե պարզապես հեռարձակում են պատրաստի հեռուստառադիոծրագրեր, այլ նաեւ արտադրում են դրանք:
Ներկայացվող օրենքի նախագծով վերահեռարձակողների կողմից գովազդի հեռարձակման արգելքի նախատեսումը վերացնում է նրանց կողմից հեռարձակում իրականացնելու համար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական տուրք վճարելու տնտեսական շարժառիթը: Այս նպատակով ներկայացվում է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի արդյունքում վերահեռարձակող կազմակերպությունները հեռարձակում իրականացնելու համար այլեւս չեն վճարի պետական տուրք: