Հոդված 1. «Գյուտերի «օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի ՀՕ-111 օրենքի (այսուհետ՝ Oրենք) 2-րդ հոդվածի 17-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում ԹՐԻՓՍ (TRIPS) ունեցած իմաստով).»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել վարչական դատարանում։»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1. 1-ին մասում «բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «հաշվի առնելով սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջները» բառերով.
2. 2-րդ մասում «տեխնիկայի մակարդակի մասին» բառերը փոխարինել «իր տրամադրության տակ գտնվող նյութերից, որոնք վերաբերում են տեխնիկայի մակարդակին» բառերով։
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 7. Հայտերի գործավարության գաղտնիությունը
1. Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը եւ դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Գաղտնի oբյեկտի հայտի բոլոր փաuտաթղթերը կազմվում եւ հաշվառվում են պետական եւ ծառայողական գաղտնիքի մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջներին համապատաuխան:
3. Մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում գյուտերի, օգտակար մոդելների տրված արտոնագրերի կամ գրանցված արդյունաբերական նմուշների մասին տեղեկությունների հրապարակումը դրանց հայտերի նյութերը համարվում են գաղտնի։
4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գաղտնի համարվող հայտերի նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի համաձայնությամբ կամ թույլտվությամբ, կամ դատարանների համար՝ համապատասխան հարցման դեպքում, ինչպես նաեւ քրեակաե գործերով եւախնական քննություեւ իրականացող մարմինների համար։ Ընդ որում, նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ ցանկացած թույլատրված միջոցով, այդ թվում՝ անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով։
5. Ցանկացած անձ, որը ապացուցում է, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի եւ խնդրարկվող իրավական ծավալի բովանդակության մասին, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող նյութերին՝ առանց հայտատուի լրացուցիչ համաձայնության կամ թույլտվության։
6. Սույն օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ավանդադրված
կենսաբանական նյութը մատչելի է դրա նմուշի տրամադրմամբ՝
1) մինչեւ գյուտի հայտի հրապարակումը՝ միայն սույն հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն լիազորություն ունեցող անձանց համար,
2) հայտի հրապարակումից եւ արտորնագիրը տալուց հետո՝ ցանկացած անձի դիմումի հիման վրա, անկախ արտոնագիրը չեղյալ ճանաչելուց կամ անվավեր հայտարարելուց։
7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն նմուշը տրամադրվում է, եթե միայն դիմումը ներկայացնող անձը արտոնագրի գործողության ժամանակահատվածում երաշխավորում է՝
(1) նուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ մատչելի չդարձնել երրորդ անձանց համար, եւ
(2) նուշը կամ դրանից ստացված ցանկացած նյութ չօգտագործել որեւէ այլ նպատակով, բացառությամբ հետազոտական նպատակների, եթե հայտատուն կամ իրավատերը չի տվել այդպիսի իրավունք։
8. Եթե կենսաբանական նյութին վերաբերող հայտը մերժվել կամ հետ է կանչվել, ապա, հայտատուի դիմումի հիման վրա, ավանդադրված նյութի մատչելիությունը սահմանափակվում է հայտի ներկայացման թվականից հաշված 20 տարի ժամկետով՝ այդ իրավունքը վերապահելով անկախ փորձագետի։ Այս դեպքում կիրառվում են սույն հոդվածի 7-րդ մասի դրույթները։
9. Մինչեւ պաշտոնական տեղեկագրում հայտի մասին տեղեկությունների հրապարակումը պետական լիազոր մարմինը կարող է հրապարակել կամ երրորդ անձանց տրամադրել հետեւյալ տվյալները՝
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը, իսկ առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաեւ առաջին հայտի ներկայացման թվականը, համարը եւ երկիրը.
3) հայտատուին վերաբերող տվյալները (ֆիզիկական անձի համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, իրավաբանական անձի համար՝ պաշտոնական անվանումը, գտնվելու վայրը).
4) արդյունաբերական սեփականության օբյեկտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ օբյեկտի էությունը։»։
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 9. Գյուտի արտոնագրաունակության պայմանները
1. Սույն օրենքի իմաստով որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին), օգտագործմանը կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին)։ Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ եւ արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ), եթե նույնիսկ դրանք վերաբերում են կենսաբանական նյութ պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի, կամ եղանակի, որի միջոցով արտադրվում, ստացվում կամ օգտագործվում է կենսաբանական նյութ։
2. Կենսաբանական նյութը, որն առանձնացվել է իր բնական միջավայրից կամ արտադրվել է տեխնիկական պրոցեսի միջոցով, կարող է լինել գյուտի առարկա, նույնիսկ եթե այն նախկինում գոյություն է ունեցել բնության մեջ։
3. Սույն օրենքի իմաստով «կենսաբանական նյութը» գենետիկական տեղեկատվություն պարունակող եւ ինքնուրույն կամ կենսաբանական համակարգում վերարտադրվող ցանկացած նյութ է, իսկ «միկրոկենսաբանական եղանակը\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\" ցանկացած եղանակ է, որը ներառում է միկրոկենսաբանական նյութ կամ իրականացվում է դրա նկատմամբ, կամ որի արդյունքում ստացվում է միկրոկենսաբանական նյութ։ Բույսերի կամ կենդանիների ստացման ցանկացած եղանակ ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ կատարվում է բնական եղանակով, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան։
Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 10. Իրավական պահպանությունից բացառությունները
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի իմաստով ստորեւ նշված առարկաներն իրավական պահպանության ենթակա չեն, եթե որպես այդպիսիք դրանք հայտի կամ արտոնագրի անմիջական առարկա են՝
1) գիտական հայտնագործությունները.
2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.
3) տնտեսության կազմակերպման եւ ղեկավարման եղանակները.
4) պայմանական նշանները, կարգացուցակները եւ կանոնները.
5) մտավոր գործողությունների կատարման եղանակները.
6) հաշվիչ մեքենաների ալգորիթմները եւ ծրագրերը.
7) կառույցների, շենքերի, տարածքների հատակագծերի սխեմաները եւ նախագծերը.
8) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.
9) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները։
2. «Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, որոնց առեւտրային
օգտագործման արգելումը Հայաստանի Հանրապետության տարածքում անհրաժեշտ է հասակարական կարգի կամ բարոյականության սկզբունքների պահպանման նպատակով, ներառյալ՝ մարդկանց, կենդանիների կյանքի եւ առողջության կամ բույսերի պահպանությունը, կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու համար, եթե այդպիսի բացառումը պայմանավորված չէ միայն այն հանգամանքով, որ դրանց օգտագործումն արգելված է օրենքով։
3. Իրավական պահպանության ենթակա չեն նաեւ մարդու կամ կենդանու օրգանիզմի ախտորոշման եւ բուժման մեթոդները։ Սույն դրույթը չի կիրառվում այդ մեթոդների համար օգտագործվող արտադրանքի, մասնավորապես՝ նյութերի կամ բաղադրանյութերի նկատմամբ։
4. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում՝
1) 1) բույսերի սորտերը եւ կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաեւ դրանց ստացման ըստ էության կենսաբանական եղանակները, բացառությամբ միկրոկենսաբանական եղանակների կամ դրանցով ստացված արտադրանքի։ Սույն կետի իմաստով բույսերի կամ կենդանիների ստացման եղանակը ըստ էության կենսաբանական է, եթե այն ամբողջությամբ բաղկացած է բնական երեւույթից, ինչպիսին է խաչասերումը կամ սելեկցիան։ Բույսերին կամ կենդանիներին վերաբերող գյուտերն արտոնագրաունակ են, եթե գյուտի տեխնիկական կիրառելիությունը չի սահմանափակվում կոնկրետ սորտի բույսով կամ կենդանիով։ Սույն կետի դրույթները չեն տարածվում միկրոկենսաբանական կամ այլ եղանակների, կամ այդպիսի եղանակներով ստացված արտադրանքի արտոնագրաունակության վրա.
2) մարդու կլոնավորման եղանակները.
3) արդյունաբերական կամ առեւտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.
4) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները.
5) կենդանիների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները, որոնք կարող են դրանց տառապանքի ենթարկել, առանց մարդու կամ կենդանիների համար էական բուժական օգուտ տալու, ինչպես նաեւ այդպիսի եղանակով ստացված կենդանիները.
6) Մարդու օրգանիզմն իր ձեւավորման եւ զարգացման տարբեր փուլերում, եւ դրա տարրերից որեւէ մեկի պարզ բացահայտումը, ներառյալ որեւէ գենային հաջորդականությունը կամ մասնակի հաջորդականությունը։ Սույն կետը չի տարածվում մարդու օրգանիզմից առանձնացված տարրի կամ տեխնիկական եղանակներով այլ կերպ ստացված տարրի, ներառյալ գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության նկատմամբ, որոնք կարող են արտոնագրաունակ գյուտ լինել, եթե նույնիսկ այդ տարրի կառուցվածքը նույնական է բնական տարրի կառուցվածքի հետ։ Այս դեպքում գենային հաջորդականության կամ մասնակի հաջորդականության արդյունաբերական կիրառությունը պետք է բացահայտվի գյուտի հայտում։»։
Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով» բառերը փոխարինել «Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ պետական լիազոր մարմին ներկայացված գյուտերի եւ օգտակար մոդելների հայտերով» բառերով։
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Որպես օգտակար մոդել՝ սույն օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր, ոչ ակնհայտ եւ արդյունաբերորեն կիրառելի այն տեխնիկական լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ պիտույքներին, սարքերին, գործիքներին կամ դրանց մասերին, նյութին) կամ եղանակին (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ)։».
2. 2-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«2.1. Օգտակար մոդելը համարվում է նոր, եթե տեխնիկայի մակարդակից ոչ շատ ակնհայտորեն այն չի բխում տվյալ բնագավառի մասնագետի համար։».
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր գլուխ՝
«ԳԼՈՒԽ 2.1. ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ , ԳՅՈՒՏԱՐԻ ՆՇՈՒՄԸ, ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 15.1. Արտոնագիր ստանալու իրավունքը
1. Արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գյուտարարին (հեղինակին) կամ նրա ժառանգներին եւ փոխանցելի է օրենքով սահմանված կարգով։
2. Եթե գյուտն ստեղծվել է որոշ թվով մարդկանց կողմից համատեղ
(համահեղինակությամբ), ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է նրանց՝ համատեղ։
3. Եթե նույն գյուտն ստեղծվել է իրարից անկախ տարբեր մարդկանց կողմից, ապա արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է այն անձին, ում հայտը սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն ունի ավելի վաղ ներկայացման թվական, պայմանով, որ հայտը սահմանված կարգով կհրապարակվի։
4. Մինչեւ արդյունաբերական սեփականության օբյեկտի գրանցումը, արտոնագիր ստանալու գործընթացի նպատակով, հայտատուն կարող է արտոնագիր ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով փոխանցել այլ անձի։
Հոդված 15.2. Արտոնագրի նկատմամբ իրավունքը
1. Եթե հայտի քննարկման ցանկացած փուլում, դատարանի վերջնական որոշմամբ ճանաչվել է հայտատու չհամարվող այլ անձի՝ արտոնագիր ստանալու իրավունքը եւ պայմանով, որ արտոնագիրը չի տրվել գործն ըստ էության լուծող դատական ակտից հետո մեկ ամսվա ընթացքում, որից հետո այդ ակտը դարձել է ոչ բողոքարկելի, տվյալ անձը կարող է՝
1) շարունակել հայտի գործընթացը որպես հայտատու,
2) ներկայացնել արտոնագրի նոր հայտ նույն գյուտի համար, օգտվելով նույն առաջնությունից , կամ
3) հայտը հետ կանչելու դիմում ներկայացնել։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշման համար հայց է ներկայացվել ապա գյուտի հայտը չի կարող հետ կանչվել առանց հայցվորի համաձայնության։
Հոդված 15.3. Արտոնագրի փոխանցումը դրա տիրապետման իրավունք ունեցող անձին
1. Եթե արտոնագիրը տրվել է մի անձի, որը սույն օրենքի 15.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավասու չէ ստանալ այն, ապա այդպիսի իրավասություն ունեցող անձը կարող է պահանջել արտոնագրի փոխանցումն իրեն, առանց վնաս հասցնելու որեւէ այլ անձի համապատասխան իրավունքներին կամ շահերին, գործողություններին։
2. Եթե անձն իրավունք ունի միայն արտոնագրի մի մասի նկատմամբ, ապա կարող է պահանջել արտոնագրի համատիրապետում՝ սույն հոդվածի 1-ին մասի համաձայն։
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված իրավունքները կարող են իրականացվել միայն արտոնագիր տալու մասին տեղեկություններն արդյունաբերական սեփականության պաշտոնական տեղեկագրում հրապարակման օրվանից երկու տարվա ընթացքում։ Այս ժամկետը չի կիրառվում, երբ արտոնագրի տրման կամ ձեռքբերման ժամանակ արտոնագրատերը գիտեր, որ նա չունի համապատասխան իրավունք։
4. Երրորդ անձանց ծանուցման նպատակով, սույն գլխում նշված գործողությունների կատարման դատական հայցի եւ դատարանի վերջնական որոշման մասին կամ շահագրգիռ կողմի պահանջով որեւէ այլ ձեւով գործընթացն ավարտելու մասին գրառում է կատարվում արտոնագրային գրանցամատյանում։
Հոդված 15.4. Գյուտի օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորումը արտոնագիրը դա ստանալու իրավունք ունեցող անձին փոխանցելու դեպքում
1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ՝ սույն օրենքի 15.3-րդ հոդվածի համաձայն, ապա արտոնագրի նկատմամբ երրորդ անձանց ցանկացած լիցենզիա եւ այլ իրավունքներ չեղյալ են ճանաչվում, երբ նոր արտոնագրատերը գրանցվում է արտոնագրային գրանցամատյանում։
2. Արտոնագրատերը եւ մինչեւ դատական հայցի ներկայացնելը արտոնագրային լիցենզիա ստացած անձը, որոնք մինչեւ դրա գրանցումը սկսել են գյուտի օգտագործումը (գործողության մեջ են դրել գյուտը) կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ եւ կոնկրետ քայլեր, կարող են շարունակել օգտագործումը կամ սկսել այն, պայմանով, որ ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն արտոնագրային գրանցամատյանում գրանցված նոր արտոնագրատիրոջը։ Ոչ բացառիկ լիցենզիա ստանալու խնդրանքով Նախկին արտոնագրատերը կարող է դիմել երկու ամսվա ընթացքում, իսկ արտոնագրային լիցենզիա ստացած անձը՝ արդյունաբերական սեփականության գրանցամատյանից նոր արտոնագրատիրոջ գրանցման մասին ծանուցագիրն ստանալու օրվանից չորս ամսվա ընթացքում։ Լիցենզիան պետք է տրվի որոշակի ժամանակահատվածի համար եւ ողջամիտ պայմաններով, որը, համապատասխան դեպքերում, սահմանվում է սույն օրենքով հարկադրական լիցենզիաների համար նախատեսված ընթացակարգով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել են անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել են գյուտի օգտագործումը կամ քայլեր են կատարել դրա համար։
Հոդված 15.5. Գյուտարարի նշումը
Գյուտարարն իրավունք ունի նշվել արտոնագրի մեջ որպես գյուտարար։»։
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է՝առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, շուկա մտցնել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը.
2) եթե արտոնագրի առարկան եղանակ է՝ առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը կամ առաջարկել այդպիսի օգտագործում, երբ երրորդ անձը գիտի թույլտվության անհրաժեշտության մասին կամ դրան հանգամանքներն ակնհայտ են, ինչպես նաեւ շուկա մտցնել, առաջարկել վաճառքի կամ վաճառել այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքը, օգտագործել, ներմուծել կամ նշված գործողություններից մեկի նպատակով ձեռք բերել (տիրապետել) այդ արտադրանքը։».
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-1.3-րդ մասեր՝
«1.1. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է վերարտադրման կամ բազմացման եղանակով այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձեւ ունեցող միեւնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած կենսաբանական նյութի վրա։
1.2. Գյուտի արդյունքում յուրահատուկ հատկանիշներ ձեռք բերած կենսաբանական նյութի ստացման եղանակի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է անմիջականորեն այդ եղանակով ստացված կենսաբանական նյութի վրա, եւ վերարտադրման կամ բազմացման եղանակով անմիջականորեն այդ կենսաբանական նյութից ստացված նույնական կամ դիվերգենտ (տարբերվող) ձեւ ունեցող եւ միեւնույն յուրահատուկ հատկանիշները ձեռք բերած ցանկացած այլ կենսաբանական նյութի վրա։
1.3. Գենետիկական տեղեկատվություն պարունակող կամ դրանից բաղկացած արտադրանքի արտոնագրից բխող պահպանությունը տարածվում է ցանկացած նյութի վրա, բացառությամբ սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում նշվածի, որի մեջ այդ արտադրանքը ներառված է, եւ որը պարունակում է այդ գենետիկական տեղեկատվությունը եւ կատարում է դրա ֆունկցիան։».
3) 2-րդ մասից հետո լրացնել 2.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«2.1. Արտոնագիրը դրա տիրոջն իրավունք է տալիս նաեւ արգելելու երրորդ անձանց առանց իր համաձայնության այլ անձի փոխանցել կամ ոչ իրավասու անձանց առաջարկել գյուտի համար կարեւոր տարրերը՝ գյուտն օգտագործելու նպատակով այն դեպքում, երբ երրորդ անձը գիտի կամ հանգամանքների բերումով ակնհայտ է դառնում, որ այդ տարրերը հնարավորություն են տալիս գյուտն օգտագործել եւ օգտագործվում են այդ նպատակով։ Այս դրույթը չի կիրառվում, երբ նշված տարրերը շուկայում առկա սովորական արտադրանք են, քանի դեռ երրորդ կողմը շահագրիռ անձին չի դրդել կատարելու սույն հոդվածի 1-ին մասով արգելված գործողությունը։»։
4) 3-րդ մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման այն ծավալով, որը մատչելի է դարձվել հանրությանը (հրապարակվել է), պայմանով, որ այն չի գերազանցում սկզբնական հայտում նշված հավակնություններին։»։
Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝
«5) բժշկական (այդ թվում՝ ֆիտոսանիտարական) արտադրանքների փորձարկման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրությունների, տեստերի եւ փորձերի կատարման վրա՝ արտոնագրի ժամկետի ավարտմանը նախորդող երկու տարվա ընթացքում։».
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-4-րդ մասեր՝
«2. Սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դրույթները չեն տարածվում վերարտադրման կամ բազմացման միջոցով ստացված կենսաբանական նյութի վրա, որն արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետությունում, երբ վերարտադրումը կամ բազմացումը անհրաժեշտաբար բխում է այն կիրառությունից, որի համար կենսաբանական նյութը շուկա է հանվել, պայմանով, որ ստացված նյութը հետագայում չի օգտագործվում այլ վերարտադրման կամ բազմացման համար։
3. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, գյուղատնտեսական
օգտագործման նպատակով բույսի վերարտադրման նյութի վաճառքը ֆերմերին կամ այլ ձեւով դրա առեւտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, իրավունք է տալիս ֆերմերին իր բերքի արդյունքն իր հողամասում օգտագործել վերարտադրման կամ բազմացման նպատակով։
4. Որպես սույն օրենքի 16-րդ հոդվածի բացառություն, բազմացող ընտանի
կամ այլ կենդանիների վերտադրության նյութի վաճառքը ֆերմերին, կամ այլ ձեւով դրա առեւտրայնացումը արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ, իրավունք է տալիս ֆերմերին օգտագործելու այդ նյութով վերարտադրված կենդանին գյուղատնտեսական նպատակներով։ Սա ներառում է կենդանուց կամ դրա բազմացումից ստացված արգասիքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հնարավորություն, բացառությամբ առեւտրային շրջանակներում կամ այդ նպատակներով բազմացման գործունեությունից։»։
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով՝
«3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, ավելի վաղ առաջնություն ունեցող այլ արտոնագրերի խախտման համար իր դեմ հարուցված գործում պաշտպանվելու նպատակով արտոնագրատերը չի կարող հիմնվել իր արտոնագրի վրա։
4. Այն փաստը, որ արտոնագրված գյուտը չի կարող կիրառվել առանց այլ անձի ավելի վաղ արտոնագրով պաշտպանված գյուտն օգտագործելու, խոչընդոտ չի համդիսանում տվյալ գյուտի արտոնագրի գործուղության համար։ Այսպիսի դեպքերում ավելի վաղ արտոնագրի սեփականատերը չի կարող վերջին արտոնագիրն օգտագործել դրա գործողության ընթացքում առանց դրա սեփականատիրոջ համաձայնության, ոչ էլ վերջին արտոնագրի սեփականատերը կարող է օգտագործել այդ երկու արտոնագրերից ոչ մեկը ավելի վաղ արտոնագրի գործունեության ընթացքում, մինչեւ չստանա վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը կամ հարկադրական լիցենզիա։»։
Հոդված 13. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, կամ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող, ավելի վաղ առաջնության թվական ունեցող մեկ այլ արդյունաբերական նմուշի հետ» բառերը։
Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածում՝
1. վերնագիրում «Միջազգային առաջնության» բառերը փոխարինել «Առաջնության» բառով.
2. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Գյուտի հայտով հայտատուն կարող է առաջնություն խնդրարկել օգտակար մոդելի հայտի հիման վրա, իսկ օգտակար մոդելի հայտով՝ գյուտի հայտի հիման վրա։».
3. լրացնել 7-11-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«7. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացրած) հայտի ներկայացման թվականով« պայմանով, որ այն հետ կանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած 12 ամսվա ընթացքում։ Այդ դեպքում սկզբնական հայտը համարվում է հետ կանչված։
8. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն։
9. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտից այն առանձնացնելու հետեւանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է միեւնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչեւ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշման վիճարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան մինչեւ սկզբնական հայտի հրապարակումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված համարված չէ։
10. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միեւնույն թվականը, ապա հայտատուները ծանուցվում են այդ մասին եւ նրանց համաձայնությամբ տրվում է մեկ արտոնագիր, դրա մեջ նշելով երկու հայտերում նշված բոլոր հեղինակներին։ Նշված ծանուցումն ստանալու օրվանից մեկ տարվա ընթացքում համաձայնության չգալու դեպքում հայտերը համարվում են հետ կանչված։
11. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 7-րդ եւ 9-րդ մասերով սահմանված կարգը։»։
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի «ցուցադրման առաջին օրը եւ» բառերից հետո լրացնել «ներկայացնում է» բառերը։
Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «37-րդ հոդվածի 2-րդ մասով» եւ «52-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը փոխարինել համապատասխանաբար «37-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով» եւ «52-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով» բառերով։
Հոդված 17. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաեւ պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու կամ սույն օրենքի 37-րդ հոդվածի համաձայն իրավունքների վերականգնման մասին կամ խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում կամ առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու ժամկետների խախտմանը։».
2. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 18. Օրենքի 37-րդ հոդվածում՝
1. 4-րդ մասում «մեկ տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ եթե դիմումը վերաբերում է տարեկան պետական տուրքերի չվճարմանը՝ ոչ ուշ, քան Փարիզյան կոնվենցիայի 5bis հոդվածով սահմանված լրացուցիչ ժամկետի լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում» բառերը.
2. 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված ժամկետներին, պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, հետագա գործավարությունը շարունակելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին։»։
Հոդված 19. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Մինչեւ արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշման ընդունումը, պետական լիազոր մարմինը նախատեսվող մերժման մասին նախապես գրավոր ծանուցում է հայտատուին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում իր նկատառումները ներկայացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ իր հավակնությունները ճշգրտելու առաջարկությամբ։
2. Արտոնագիր (վկայագիր) տալու վերաբերյալ որոշումը պետական լիազոր մարմինն ընդունում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հայտատուի նկատառումները կամ ճշգրտումներն ստանալու օրվանից, երկամսյա ժամկետում, իսկ դրանք սույն հոդվածի 1-ին մասում նշված եռամսյա ժամկետում չստանալու դեպքում՝ այդ ժամկետի ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում։»։
Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1. 4-րդ մասը սկզբից լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ծառայողը, որը գյուտարար կամ դիզայներ է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ գյուտի կամ արդյունաբերական նմուշի մեջ մեջ իր անձնական ներդրումը եւ ընկերության համար դրա կարեւորությունն ակնհայտ է եւ գերազանցում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները։».
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-14-րդ մասերով՝
«9. Բուհական հաստատություններում կամ գիտական եւ գիտահետազոտական (այսուհետ՝ գիտական) կենտրոններում ոսուցման եւ (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ՝ գիտաշխատող) կողմից ստեղծված գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե դա նախատեսված է նրանց միջեւ կնքված պայմանագրով։
10. Սույն հոդվածի 9-րդ մասի պայմանների համաձայն ստեղծած ցանկացած գյուտի կամ արդյունաբերական նմուշի մասին, դրա հեղինակ հանդիսացող դասախոսը կամ գիտաշխատողը պետք է մեկամսյա ժամկետում անմիջապես ծանուցի բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնին։
11. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է բուհական հաստատությանը կամ գիտական կենտրոնը՝ սույն օրենքով նախատեսված կարգով գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները եւ գումարի չափը որոշվում է բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
12. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնը գյուտի արտոնագիր եւ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը կարող է զիջել դրանց հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին՝ պահպանելով անփոխանցելի հասարակ կամ անհատույց լիցենզիայի իրավունքը։
13. Բուհական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումից կամ դրա նկատմամբ իրավունքների զիջման արդյունքում ստացել է դասախոսը կամ գիտաշխատողը։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները եւ գումարի չափը որոշվում է բուհական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
14. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողը գյուտը կամ արդյունաբերական նմուշն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ պայմանագրի կատարման արդյունքում, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում գյուտի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու իրավունքը։»։
Հոդված 21. Օրենքի 42-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով՝
«10. Գյուտերի հայտերի կամ արտոնագրերի նկատմամբ իրավունքները երրորդ անձանց նկատմամբ չեն գործում, եթե դրանք գրառված չեն համապատասխան գրանցամատյանում։ Առանց նշված իրավունքների գրառման արտադրանքը չի կարող նշել գյուտի հայտը կամ արտոնագիրը։ Սույն մասի դրույթների խախտումը որպես անբարեխիղճ մրցակցության գործողություն ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։»։
Հոդված 22. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Սույն օրենքի 16-րդ եւ 26-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները ծագում են տվյալ օբյեկտը համապատասխան պետական գրանցամատյանում գրանցելու թվականից, հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները։
2. Մինչեւ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը, սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը չի կարող կիրարկվել օրենքով սահմանված կարգով։
3. Գյուտի հայտի հրապարակման եւ արտոնագիր տալու օրվանից մինչեւ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակման թվականը գյուտին տրվում է նախնական պահպանություն, որի ընթացքում արտոնագրատերը չի կարող օգտվել առանց իր թույլտվության երրորդ անձանցկողմից տվյալ գյուտի օգտագործումն արգելելու իրավունքից, սակայն արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումից հետո արտոնագրատերը կարող է համապատասխան հատուցում պահանջել այդպիսի օգտագործման համար։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նախնական պահպանությունը կիրառվում է նաեւ մինչեւ հայտի հրապարակումն ընկած ժամանակահատվածի համար, երբ գյուտն օգտագործող երրորդ անձը տեղեկացված է տվյալ գյուտի հայտի ներկայացված լինելու եւ դրա բովանդակության մասին։
5. Սույն հոդվածի 3-4-րդ մասերը միկրօօրգանիզմներին վերաբերող գյուտերի նկատմամբ կիրառվում են այն թվականից, որից սկսած տվյալ միկրօօրգանիզմը հասարակության համար դարձել է մատչելի։
6. Օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների նկատմամբ բացառիկ իրավունքները գործում են սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից, քանի դեռ ապացուցված չէ նշված օբյեկտների արտոնագրաունակության (պահպանունակության) բացակայությունը։»։
Հոդված 23. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով՝
«Հոդված 43.1. Արտոնագիրը կամ վկայագիրն անվավեր ճանաչելը
1. Իր գործողության ողջ ժամկետի ընթացքում արտոնագիրը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) ապացուցված է, որ արտոնագրի առարկան սույն օրենքի 10-13-րդ եւ 15-րդ հոդվածների իմաստով արտոնագրաունակ չէ.
2) գյուտը բավարար չափով պարզ եւ հստակ բացահայտված չէ, որը թույլ կտա տեխնիկայի տվյալ բնագավառի մասնագետին իրականացնել այն.
3) արտոնագրի առարկան գերազանցում է ներկայացված սկզբնական հայտի բովանդակությանը.
4) գյուտի արտոնագրատերը սույն օրենքի համաձայն արտոնագիրն ստանալու իրավունք չի ունեցել.
2. Եթե անվավեր ճանաչման հիմքերը վերաբերում են միայն արտոնագրի մի մասին, մասնակի անվավեր ճանաչվում է գյուտի հավակնության սահմանման համապատասխան անկախ կետը կամ կետերը։ Հավակնության սահմանման անկախ կետը չի կարող անվավեր ճանաչվել մասնակիորեն։
3. Եթե արտոնագիրն անվավեր է ճանաչվել մասնակիորեն, ապա այն շարունակում է ուժի մեջ մնալ հավակնության սահմանման այն անկախ կետերի համար, որոնք անվավեր չեն ճանաչվել, պայմանով, որ այն կարող է կազմել առանձին արտոնագրի առարկա։
4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքի համար, դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալ տվյալ արտոնագիրը։
5. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողությունը կարող է ցանկացած շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ ճանաչվել անվավեր ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե՝
1) ապացուցված է, որ արդյունաբերական նմուշը սույն օրենքի 22-25-րդ հոդվածների իմաստով պահպանունակ չէ.
2) արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշների համախմբությունը գերազանցում է ներկայացված սկզբնական հայտով տրված արտաքին տեսքի պատկերն առաջացնող էական հատկանիշներին.
3) արդյունաբերական նմուշի իրավատերը սույն օրենքի համաձայն վկայագիրնն ստանալու իրավունք չի ունեցել։
6. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-դ կետով նախատեսված դեպքի համար, դատարան կարող է դիմել միայն այն անձը, որն իրավասու է ստանալ տվյալ վկայագիրը»։
Հոդված 24. Օրենքի 44-րդ հոդվածում՝
1. վերնագրից եւ 1-ին մասից հանել «վաղաժամկետ» բառը.
2. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով՝
«4) գյուտը չի օգտագործվել առաջին հարկադրական լիցենզիան ստանալուց հետո երկու տարվա ընթացքում.
5) լրացել է այն ժամկետը, որի համար տրամադրվել են իրավունքները։»։
Հոդված 25. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2. 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Պետական լիազոր մարմինը հայտի ներկայացման թվականը սահմանելու օրվանից 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր ծանուցում է հայտատուին, հայտնելով նաեւ հայտին տրված գրանցման համարի մասին։»։
Հոդված 26. Օրենքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 51. Հայտի փորձաքննությունը
1. Հայտի փորձաքննությունը պետական լիազոր մարմինն անցկացնում ն հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում, որի ընթացքում ստուգվում է հայտի փաստաթղթերի կամ լրացուցիչ նյութերի բովանդակության եւ ձեւի համապատասխանությունը սույն օրենքով եւ կարգով սահմանված պահանջներին։
2. Պետական լիազոր մարմինն ստուգում է նաեւ գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 7-րդ մասերով սահմանված պահանջներին եւ վճարված պետական տուրքերի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին, ներառյալ` սույն օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ եւ 10-րդ մասերի համաձայն` տարեկան պետական տուրքերը։
3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է, մինչեւ հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։
4. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է եռամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։
5. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված եռամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը։ Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։
6. Հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է լրացուցիչ նյութեր ներկայացնելով ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտատուն նախապես չի հրաժարվել իր նախաձեռնությամբ լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից։
7. Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում։ Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, եւ հայտատուն կարող է դա ձեւակերպել որպես առանձին հայտ։
8.. Սահմանված ժամկետում հարցման մեջ նշված բոլոր թերությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի 73-րդ եւ 74-րդ հոդվածներում նշված դեպքերի։
9. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ եւ ձեւով համապատասխանում են սույն օրենքով եւ կարգով սահմանված պահանջներին, ապա նա գործավարությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով։»։
Հոդված 27. Օրենքի 52-րդ հոդվածում 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որը ներառում է առնվազն մեկ անկախ կետ.»:
Հոդված 28. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «արտոնագրաունակության պայմաններին» բառերից հետո լրացնել՝ «տեխնիկայի մակարդակը որոշելով միայն իր տրամադրության տակ գտնվող նյութերով» բառերը։
Հոդված 29. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից» բառերը։
Հոդված 30. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում ՝ «պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ այն ներկայացնելու մասին» բառերը փոխարինել «պետական լիազոր մարմին ներկայացնելուց կամ այն ներկայացված լինելու մասին» բառերով։
Հոդված 31. Օրենքի 58-րդ հոդվածի 1-3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն տրված գրավոր ապացույց կարող է համարվել ԱՀՊ պայմանագրի 2-րդ գլխի համաձայն նախապատրաստած արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ԱՀՊ պայմանագրի 1-ին գլխի համաձայն նախապատրաստած արտոնագրաունակության մասին միջազգային նախնական եզրակացությունը, կամ նույնական գյուտի համար ըստ էության փորձաքննության հիման վրա տրված արտոնագիրը, եթե տվյալ արտոնագիրը տրվել է ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կարգավիճակ ունեցող արտոնագրային կազմակերպության կողմից, կամ այլ արտոնագրային գերատեսչության կողմից տրված եզրակացությունը, որի հետ պետական լիազոր մարմինը կնքել է համապատասխան պայմանագիր։
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, ապա դրա մասին հայտատուն տեղեկացնում է պետական լիազոր մարմնին՝ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում։
Պետական լիազոր մարմինն այս տեղեկատվությունն ընդունում է ի գիտություն եւ տվյալ արտոնագրի նկատմամբ գործավարությունը շարունակում է, եթե սույն հոդվածի համաձայն, գրավոր ապացույցը ներկայացվում է սահմանված ժամկետից հետո՝ մինչեւ երեք ամիսը լրանալը։ Եթե սահմանված ժամկետում գրավոր ապացույցը սույն հոդվածի համաձայն չի ներկայացվում, ապա արտոնագրի գործողությունը դադարեցվում է տասներորդ տարին լրանալուն պես։
3. Եթե գրավոր ապացույցը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, ապա արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը ներկայացնում է գրավոր ապացույցի հիմք հանդիսացող բոլոր այլ արտոնագրերի ցանկը եւ պատճենները, ներառյալ՝ մերժված հայտերի եւ դրանց տվյալների ցանկը։ Գրավոր ապացույցին կից արտոնագրերի պատճենները եւ ցանկը չներկայացնելու դեպքում այն համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։»։
Հոդված 32. Օրենքի 59-րդ հոդվածում`
1. 2-րդ մասի առաջին նախադասությունում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով.
2. ուժը կորցրած ճանաչել 4-րդ եւ 5-րդ մասերը։
Հոդված 33. Օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս եւ դրա քննարկման փուլում, բայց ոչ ուշ՝ քան սույն օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն արդյունաբերական նմուշի գրանցման համար պետական տուրքի անդորրագիրը պետական լիազոր մարմին ներկայացնելը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ արդյունաբերական նմուշի գրանցման մասին տվյալների հրապարակումը հետաձգելու մասին։ Նշված տվյալների հրապարակումը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մինչեւ հայտի ներկայացման օրվանից 12 ամիսը լրանալը։»։
Հոդված 34. Օրենքի 62-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
Հոդված 62. Հայտի փորձաքննությունը
«1. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականից երկամսյա ժամկետում պետական լիազոր մարմինն անցկացնում է հայտի փորձաքննություն, որի ընթացքում ստուգում է հայտի անհրաժեշտ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանված կարգի պահանջներին համապատասխան ձեւակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի՝
1) 22-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջներին.
2) 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին՝ իր տրամադրության տակ գտվող նյութերի հիման վրա։
2. Եթե փորձաքննության արդյունքում պետական լիազոր մարմինը պարզի, որ՝
1) հայտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա որոշում է կայացնում արդյունաբերական նմուշի գրանցման մասին եւ հայտատուի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում արդյունաբերական նմուշը գրանցում է արդյունաբերական նմուշների պետական գրանցամատյանում եւ այդ մասին տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում.
2) հայտը մասնակիորեն կամ ամբողջությամբ չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա հայտը մերժվում է մասնակիորեն (մասնակի գրանցում) կամ ամբողջությամբ, հաշվի առնելով սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված պահանջները։
Հոդված 35. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում «արդյունաբերական նմուշը» բառերից հետո լրացնել «, բույսի սորտը» բառերով։
Հոդված 36. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1. 2-րդ մասում 1-ին կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ՝
«1.1) արտոնագրատերերի դիմումը լիցենզային պայմանագրի համար մերժվել է գյուտի արտոնագրատիրոջ կամ բույսի սորտը իրավատիրոջ կողմից.»
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ մասեր՝
«5. Երբ սելեկցիոները չի կարող բույսի սորտի նկատմամբ իրավունք ձեռք բերել առանց խախտելու ավելի վաղ առաջնություն ունեցող գյուտի արտոնագիրը, ապա կարող է դիմել արտոնագրով պահպանվող գյուտի ոչ բացառիկ օգտագործման հարկադրական լիցենզիա ստանալու համար այն ծավալով, որն անհրաժեշտ է պահպանվող բույսի սորտի օգտագործման համար։
6. Երբ կենսատեխնոլոգիական գյուտի արտոնագրատերը չի կարող գյուտն օգտագործել առանց խախտելու բույսի սորտի նկատմամբ ավելի վաղ իրավունքը, ապա նա կարող է դիմել այդ իրավունքով պահպանվող բույսի սորտի օգտագործման հարկադրական ոչ բացառիկ լիցենզիա ստանալու համար։
7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված հարկադրական լիցենզիաները տրվում են` կիրառելով սույն օրենքի 69-71-րդ հոդվածների դրույթները մութաթիս մութանդիս (mutatis mutandis)։»։
Հոդված 37. Օրենքի 78-րդ հոդվածի 5-րդ մասում «52-62-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «52-53-րդ հոդվածներով» բառերով։
Հոդված 38.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։