Armenian ARMSCII Armenian
Կ-26453-06.03.2018-ՊԻՄԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝

1) 10-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարարություն.».

2) լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ՝

«վերահսկող մարմին՝ Պետական եկամուտների կոմիտե:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի թ) կետում եւ 4-րդ մասում «լիազոր մարմին» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

1. Սույն օրենքի խախտման դեպքում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները`

ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

բ) տուգանք:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» եւ 2.1-ին մասի «զ1» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ2» եւ 2.1-ին մասի «ա1» եւ «բ4» կետերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության միջոցը կիրառվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

4. Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմնին՝ այդ գործընթացը իրականացնելու համար, ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:»:

5. Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները`

ա) լիցենզիայի գործողության կասեցում.

բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: