ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման, օգտագործման, գրանցման եւ հաշվառման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ դրանց նկատմամբ հսկողությունը եւ սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը:
Հոդված 2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը կարգավորող իրավական ակտերը ներառում են սույն օրենքը, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները, օրենքով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, ինչպես նաեւ այլ իրավական ակտեր:
Հոդված 3. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետությունում գործող դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա կազմակերպությունների առանձնացված ստարաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), (այսուհետ՝ կազմակերպություններ) եւ անհատ ձեռնարկատերերի վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի եւ դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
ԳԼՈՒԽ II.
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 4. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամանակացույցին համապատասխան պարտադիր է, բացառությամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Գործունեության կամ գործունեության իրականացման (գտնվելու) վայրի առանձնահատկություններից ելնելով՝ կանխիկ դրամով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ հետեւյալ գործունեության տեսակների մասով.
- բնակչությանը կոմունալ ծառայությունների մատուցում, պայմանով, որ մատուցված ծառայությունների դիմաց կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս, վճարողին տրամադրվում է օրենսդրությամբ սահմանված կարգով վճարումն հավաստող փաստաթուղթ,
- կրպակներում թերթերի եւ ամսագրերի վաճառք, պայմանով, որ թերթերի եւ ամսագրերի իրացման տեսակարար կշիռը գերազանցում է ապրանքաշրջանառության ծավալի 50%-ը: Թերթերի եւ ամսագրերի իրացումից հասույթի հաշվառումը իրականացվում է առանձնացված կարգով,
- վիճակախաղի տոմսերի վաճառք,
- ավտոմոբիլային, ջրային, երկաթուղային, օդային տրանսպորտով երթեւեկելու համար երթեւեկության տոմսերի վաճառք,
- ուսումնական դասընթացների անցկացման ընթացքում հանրակրթական եւ դրանց հավասարեցված այլ ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ աշխատակիցներին սննդով ապահովում,
- շուկաներում, տոնավաճառներում, ցուցահանդեսային համալիրներում, ինչպես նաեւ առեւտրի իրականացման համար հատկացված այլ տարածքներում ապրանքների վաճառք, բացառությամբ՝ այդ տարածքներում գտնվող խանութներից, տաղավարներից, կրպակներից, վրաններից, ավտոկրպակներից, ավտոխանութներից, կոնտեյներային տիպի տարածքներից եւ ապրանքների ցուցադրումը եւ պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից (տարածքների եւ ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում կցորդների եւ կիսակցորդների), ծածկապատ շուկաների տարածքում գտնվող բաց վաճառասեղաններից ոչ պարենային ապրանքների վաճառք,
- ձեռքի սայլակներից, զամբյուղներից, արկղերից (այդ թվում մթնոլորտային տեղումներից պոլիեթիլային թաղանդով, կամ այլ նյութերով պաշտպանված) պարենային եւ ոչ պարենային ապրանքների (բացառությամբ այնպիսի ապրանքների, որոնք պահանջում են պահպանման եւ վաճառքի հատուկ պայմաններ) շրջիկ եւ շրջածախ մանրածախ վաճառք,
- գյուղական բնակավայրերում գտնվող մանկաբարձական-բուժական կետերում գտնվող դեղատներից դեղանյութերի վաճառք,
- կրպակներից ոչ ոգելից խմիչքների լցնովի վաճառք,
- բուսական յուղի եւ կշռովի բանջարա-բոստանային մշակաբույսերի, ինչպես նաեւ ցիստեռներից (տակառներից) լցովի գարեջրի եւ կվասի վաճառք,
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կրոնական կազմակերպությունների կողմից կրոնական պարագաների իրացման եւ կրոնական ծիսակատարությունների ծառայությունների մատուցում,
- փոստային ծառայությունների դիմաց վճարումը հավաստող փոստային վճարման պետական նշանների (փոստային նամականիշերի եւ այլ նշանների) անվանային արժեքով իրացում,
- նոտարական եւ փաստաբանական ծառայությունների իրականացում,
- փոստային եւ սուրհանդակային գործունեության իրականացում,
- փորձագիտական բնագավառում գիտահետազոտական, գիտատեխնիկական եւ գիտամեթոդական աշխատանքների իրականացում:
3. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը.
ա. 2005 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետեւյալ գործունեության ոլորտների համար.
- խաղատների եւ / կամ շահումով խաղերի կազմակերպում,
- բաղնիքների եւ ցնցուղարանների կազմակերպում,
- ստացիոնար տեղակայված լիցքավորման կայաններում (կետերում) բենզինի, դիզելային վառելիքի եւ բնական ու հեղուկ գազի վաճառք,
- խանութների եւ տաղավարների միջոցով իրականացվող առեւտրական գործունեություն,
- Երեւան քաղաքում 7մ2 , այլ վայրերում 10մ2 գերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առեւտրական գործունեություն,
- հյուրանոցային ծառայությունների մատուցում,
- սպասարկման սրահ ունեցող օբեկտներում հանրային սննդի կազմակերպում,
- դեղատնային գործունեություն:
բ. 2005 թվականի ապրիլի 1-ից պարտադիր է հետեւյալ գործունեության ոլորտների համար.
- Երեւան քաղաքի տարածքում գտնվող շուկաներում, տոնավաճառներում, ցուցահանդեսային համալիրներում, ինչպես նաեւ առեւտրի իրականացման համար հատկացված այլ տարածքներում կրպակներից, վրաններից, ավտոկրպակներից, ավտոխանութներից, կոնտեյներային տիպի տարածքներից եւ ապրանքների ցուցադրումը եւ պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ծածկապատ առեւտրի իրականացման վայրերի տարածքում գտնվող բաց վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների) վաճառք,
- մարզա-առողջարարական համալիրների, հանգստյան տների կազմակերպում,
- հիվանդանոցների եւ ամբուլատոր բուժհիմնարկների կողմից ծառայությունների մատուցում,
- գեղեցկության սրահների կազմակերպում:
գ. 2006 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետեւյալ գործունեության ոլորտների համար.
- Երեւան քաղաքում 7մ2 , այլ վայրերում 10մ2 չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առեւտրական գործունեություն:
դ. 2006 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետեւյալ գործունեության ոլորտների համար.
- սույն մասի վերը նշված ենթակետերում չներառված գործունեության այլ ոլորտներում:
Հեռավոր, սահմանամերձ եւ լեռնային բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերում կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելիս հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կարող են սահմանվել այլ ժամկետներ: Այդ բնակավայրերի ցանկը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ժամկետները սահմանում է ՀՀ կառավարությունը:
Հոդված 5. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման պարտադիր պահանջները
Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հիմնական կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց ներկայացվող պահանջները, գրանցման կարգը եւ շահագործման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հիմնական կանոնները
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կանխիկ դրամով դրամական հաշվարկները պետք է իրականացնեն այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներով.
- որոնց կիրառումը թույլատրված է սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից,
- որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված եւ կապարակնքված են հարկային մարմնի կողմից,
- որոնք բավարարում են տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին,
- որոնք ապահովում են դրամական միջոցների պատշաճ հաշվառումը (վերահսկողական ժապավենի եւ ֆիսկալային հիշողության ֆիքսումը):
Հոդված 7. Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող կազմակերպությունների պարտականությունները
Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ պարտավոր են
- իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում,
- կիրառել միայն այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին,
- օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման, շահագործման հանձնելու եւ կիրառելու հետ կապված փաստաթղթերի վարումը եւ պահպանումը, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հսկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգելք մուտքը դեպի համապատասխան հսկիչ-դրամարկղային մեքենան եւ տրամադրել համապատասխան փաստաթղթերը:
Հոդված 8. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման թույլատրումը
Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենայի յուրաքանչյուր մոդելի կիրառման թույլատրումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը, որը վարում է Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենայի մոդելների գրանցամատյանը:
Հոդված 9. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման հսկողությունը
1. Հարկային մարմինները
- իրականացնում են սույն օրենքի կիրառման հսկողություն
- իրականացնում են կազմակերպություններում եւ անհատ ձեռնարկատերերի մոտ հասույթի լիարժեք հաշվառման հսկողություն
- ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերվող փաստաթղթերը, ստանում են ստուգումների ընթացքում առաջացող հարցերի վերաբերյալ գրավոր տեղեկություններ եւ տեղեկանքներ
- անցկացնում են կազմակերպությունների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման ստուգումներ
- օրենքով սահմանված կարգով եւ սույն օրենքով սահմանված դեպքերում նշանակում են տուգանքներ:
2. Սոյն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների կիրառումից գոյացած գումարների տաս տոկոսի չափով մասհանումների հաշվին կազմավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հատուկ ֆոնդ, որի միջոցները ծախսվում են հետեւյալ ուղղություններով.
- հսկիչ գնումների ֆինանսավորման համար
- սույն հոդվածով սահմանված հսկողական գործառույթների իրականացման ֆինանսավորման համար
- հսկաղական գործառույթներ անմիջականորեն իրականացնող անձանց խրախուսման համար:
Սույն կետում նշված ֆինանսավորման եւ խրախուսման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:
ԳԼՈՒԽ III.
Հոդված 10. Պատասխանատվությունը օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի, ինչպես նաեւ սույն օրենքի 5-րդ հոդվածում նշված կարգերի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 11. Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելը
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեք հարյուր հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կետի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հինգ հարյուր հազար դրամի չափով կամ գործունեությունը այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:
2. Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում են հարյուր հիսուն հազար դրամի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կետի առաջին մասում նշված խախտումը առաջին անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է հարյուր հիսուն հազար դրամի չափով կամ գործունեությունը այդ մասով կասեցվում է 5 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը ենթակա է փակցման տեսանելի մասում:
Տուգանքը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում սույն կետի երկրորդ մասում նշված խախտումը երկրորդ եւ ավելի անգամ կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է երեքհարյուր հազար դրամի չափով կամ գործունեությունը այդ մասով կասեցվում է 10 օրով: Գործունեության կասեցման հիմքերի վերաբերյալ հայտարարությունը ենթակա է փակցման տեսանելի մասում: Սույն մասում նշված խախտումը իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի ցանկը ենթակա է հրապարակման հարկային մարմնի ղեկավարի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով:
Սույն հոդվածով սահմանված գործունեության կասեցումը իրականացվում է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի համապատասխան որոշման հիման վրա՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Սույն հոդվածով սահմանված տուգանքը կազմակերպությունը պարտավոր է մուծել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց հետո՝ երեսուն-օրյա ժամկետում: Նշված ժամկետում տուգանքը չմուծելու դեպքում այն կրկնապատկվում է:
ԳԼՈՒԽ IV.
Հոդված 12. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի է մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: