Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-188-09.12.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության (այսուհետ՝ տրանսպորտային տեսչություն) գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, կարգավորում է փոխադրումների մասնակիցների հետ տրանսպորտային տեսչության հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է փոխադրումների (բացառությամբ՝ օդային) մասնակից (այդ թվում` միջազգային) բոլոր իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի վրա:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության պատվերով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների կողմից, արտակարգ իրավիճակների ժամանակ, ծառայողական օգտագործման նպատակներով իրականացվող փոխադրումների վրա, օրենքով սահմանված այլ դեպքերում:

Հոդված 3. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Փոխադրումների մասնակից – ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող, փոխադրումների կազմակերպման գործընթացի եւ փոխադրումների անվտանգության ապահովման հետ կապված սպասարկման ծառայություններ մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր,

գծային վերահսկողություն – ավտոմոբիլային ճանապարհների վրա` փոխադրումների մասնակիցների կողմից ավտոտրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարման խախտումներն հայտնաբերելու նպատակով իրականացվող միջոցառում,

Հոդված 4. Տրանսպորտային տեսչությունը

Տրանսպորտային տեսչությունը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը գործում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կազմում:

Հոդված 5. Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը

Տրանսպորտային տեսչության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, տրանսպորտային տեսչության կանոնադրությունից եւ իրավական այլ ակտերից:

Հոդված 6. Տրանսպորտային տեսչության գործառույթները

1. Տրանսպորտային տեսչությունն իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում`

ա) տրանսպորտային օրենսդրության,

բ) լիցենզիաների, սերտիֆիկատների եւ միջազգային փոխադրումների թույլտվությունների գործողության,

գ) ինքնագնաց ճանապարհա-շինարարական մեքենաների եւ մեխանիզմների գրանցման եւ հաշվառման կարգի,

պահանջների կատարման նկատմամբ:

2. Տրանսպորտային տեսչությունն իրականացնում է`

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտում առաջացած ճանապարհա-տրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, ձեռնարկում կանխարգելիչ միջոցառումներ,

բ) ինքնագնաց ճանապարհա-շինարարական մեքենաների եւ մեխանիզմների հաշվառում եւ գրանցում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 7. Տրանսպորտային տեսչության գործունեության սկզբունքները

Տրանսպորտային տեսչության գործունեությունը հիմնվում է օրինականության, փոխադրումների մասնակիցների օրինական շահերի պաշտպանության սկզբունքների վրա:

Տրանսպորտային տեսչությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
 
 

ԳԼՈՒԽ 2

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 8. Գծային վերահսկողության եւ ստուգումների կազմակերպումը

Տրանսպորտային տեսչության կողմից գծային վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքին, իսկ ստուգումները` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

Հոդված 9. Գծային վերահսկողության կազմակերպումը

1. Գծային վերահսկողությունը կազմակերպվում է ընտրանքային կարգով, ինչպես նաեւ տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող փոխադրումների մասին տեղեկությունների առկայության դեպքերում` համաձայն տրանսպորտային տեսչության պետի գրավոր կարգադրությունների:

2. Գծային վերահսկողության կազմակերպումն իրականացվում է տրանսպորտային տեսչության հատուկ տարբերանշաններով կահավորված ավտոտրանսպորտային միջոցով, տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ձեւի համազգեստի եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցների կրմամբ` ծառայողական վկայականի ներկայացմամբ:

3. Գծային վերահսկողությունը կազմակերպվում է ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում, ավտոտաղավարներում (հիմնական կետեր), ավտոմոբիլային ճանապարհներին` ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին բավարարող տեղամասերում (ժամանակավոր կետեր), բացառությամբ քաղաքի (բնակավայրի) վարչական տարածքների, որտեղ գծային վերահսկողությունը թույլատրվում է իրականացնել միայն երթակարգավարական կետերի տարածքում:

4. Գծային վերահսկողություն իրականացնելու ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցում թույլատրվում է հետեւյալ դեպքերում.

ա) երթուղու չվացուցակների խախտումներով, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներով փոխադրումներ,

բ) սահմանված արտաքին կահավորման պահանջների խախտումներ,

գ/ երթուղու սպասարկմանը չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով եւ անօրինական փոխադրումներ:

5. Գծային վերահսկողության ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցումը պետք է իրականացվի մականի (նմանատիպ նշանակության այլ տեխնիկական միջոցի, երեկոյան եւ գիշերային ժամերին` լուսավորող սարքերի) միջոցով` ճանապարհային երթեւեկության անվտանգության պահանջներին համապատասխան:

Գծային վերահսկողություն իրականացնելիս վերահսկող խմբին պատկանող ավտոտրանսպորտային միջոցը պետք է գտնվի ճանապարհային երթեւեկությանը չխոչընդոտող հատվածում (ճամփեզրին, ճանապարհային գրպանիկում եւ այլն):

6. Գծային վերահսկողություն իրականացնելու ընթացքում` հատկապես դեպի օդանավակայաններ, երկաթուղային ուղեւորատար կայարաններ, ավտոկայարաններ հետեւող ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցումը եւ վերահսկողության անցկացումը պետք է իրականացվի ոչ տեւական (մինչեւ հինգ րոպե) ժամանակով եւ խոչընդոտ չհանդիսանա փոխադրումների մասնակիցների համար (ավտոտրանսպորտային միջոցի` չվացուցակից եւ ուղեւորների` ուղերթից ուշացում, այլ հանգամանքներ):

Հոդված 10. Գծային վերահսկողության գործողության ոլորտը

1. Գծային վերահսկողության ոլորտն ընդգրկում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող փոխադրումների հետ կապված տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը:

2. Գծային վերահսկողության ընթացքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից կարող են պահանջվել տվյալ ավտոտրանսպորտային միջոցով եւ տվյալ փոխադրումն իրականացնելու իրավունքի փաստաթղթերը (լիցենզիա, սերտիֆիկատ, թույլտվություն ):

Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից վերահսկողության իրականացման ընթացքում կարող են պահանջվել նաեւ`

ա) ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում` ավտոկայարանային ծառայության կողմից տրված երթուղային եւ տոմսահաշվառման թերթիկները, երթուղու չվացուցակը,

բ) ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում` պատվերի (փոխադրման) ձեւակերպման փաստաթղթերը, այդ թվում փոխադրվող ուղեւորների անվանացուցակը,

գ) բեռնափոխադրումների դեպքում` տրանսպորտային բեռնագիրը կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթը, պատվերի (փոխադրման) ձեւակերպման փաստաթղթերը, վտանգավոր բեռների (հեղուկ գազ, ամոնյակ, թթուներ եւ այլն) փոխադրման դեպքում` նաեւ փոխադրման եւ ավտովարորդի այդպիսի փոխադրում իրականացնելու միջազգային կոնվենցիայով սահմանված հատուկ իրավունքի թույլտվություննեհո:

3. Գծային վերահսկողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցման դեպքում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից կարող են իրականացվել ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների` օրենքով սահմանված ներքին կահավորմանը եւ փոխադրումներին ներկայացվող այլ պահանջներին համապատասխանության ոչ տեւական (մինչեւ հինգ րոպե) դիտողական զննություն:

4. Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ գծային վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխան:

Միջազգային փոխադրողների կողմից տրանսպորտային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը սահմանային անցման կետերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի եւ մաքսային մարմինների հետ համատեղ:

Հոդված 11. Ստուգումների գործողության ոլորտը

1. Ստուգումների միջոցով վերահսկողությունն իրականացվում է կանոնավոր ուղեւորափոխադրումներ եւ տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող, ինչպես նաեւ այդ փոխադրումները սպասարկող կազմակերպություններում:

2. Փոխադրումներն իրականացնող կազմակերպություններում ստուգման ենթակա են`

ա) փոխադրումների հետ կապված սկզբնական հաշվառման փաստաթղթերի վարմանը,

բ) ավտովարորդների, մեքենավարների առողջական վիճակի եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննումների անցկացմանը,

գ) ավտովարորդների, մեքենավարների աշխատանքի եւ հանգստի ռեժիմին,

դ) շարժակազմի տեխնիկական շահագործմանը,

ինչես նաեւ փոխադրումների կազմակերպմանը, իրականացմանը եւ անվտանգությանը ներկայացվող օրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

3. Փոխադրումներն սպասարկող կազմակերպություններում ստուգման ենթակա են`

ա) ուղեւորների տոմսավորմանը, սպասարկմանը, նստեցման-իջեցմանը եւ ուղեբեռի ձեւակերպմանն ու պահպանմանը,

բ) տոմսահաշվառման փաստաթղթերի վարմանը,

գ) ուղեւորների, ավտովարորդների եւ մեքենավարների հանգստի եւ աշխատանքի ռեժիմին,

դ) երթերի հաշվառմանը եւ չվացուցակներին,

ինչպես նաեւ փոխադրումների սպասարկման կազմակերպմանը ներկայացվող օրենքով սահմանված այլ պահանջների կատարումը:

Հոդված 12. Գծային վերահսկողության արդյունքների ամփոփումը

1. Գծային վերահսկողության արդյունքների ամփոփումը կատարվում է տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կողմից կազմված արձանագրությամբ, որը խիստ հաշվառման փաստաթուղթ է: Արձանագրության բլանկը պետք է ունենա պաշտպանական հատկություններ, բացառի այլ եղանակներով կրկնօրինակումը` համարակալվում է վեցանիշ արաբական թվանշաններով:

2. Արձանագրության ձեւը հաստատում է լիազորված մարմինը: Արձանագրությունը հաշվառվում է հատուկ մատյանում: Գծային վերահսկողության արդյունքներով կազմված արձանագրությունների պահպանման ժամկետը սահմանվում է երեք տարի:
 


ԳԼՈՒԽ 3

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց իրավունքները

Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձն իրավունք ունի՝

ա) իր իրավասությունների սահմաններում օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել վարչական ներգործության միջոցներ,

բ) իր իրավասությունների սահմաններում տալ պարտադիր կատարման համար ցուցումներ` բացահայտված խախտումների վերաբերյալ,

գ) վերադասության կարգով ներկայացնել առաջարկություններ հայտնաբերված խախտումների եւ թերությունների վերաբերյալ,

դ) փոխադրումների մասնակիցներից պահանջել իր գործունեության ապահովման հետ կապված անհրաժեշտ տվյալներ, տեղեկություններ եւ պարզաբանումներ,

ե) կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ, օրենքով սահմանված կարգով կատարել վարչական իրավախախտումների գործերով վարույթ,

զ) իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

Հոդված 14. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց պարտականությունները

1. Տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) իր գործունեության ընթացքում չխոչընդոտել փոխադրումների մասնակիցների բնականոն գործունեությանը,

բ) փոխադրումների մասնակիցների մասին ստացված տվյալներն ու տեղեկություններն օգտագործել միայն ծառայողական նպատակներով՝ պահպանելով առեւտրային, պետական, ծառայողական եւ օրենքով պաշտպանված այլ գաղտնիքը,

գ) փոխադրումների մասնակիցների իրավունքների սահմանափակման գործողությունների դեպքերում հնարավորություն ընձեռել նրանց` օրենքով սահմանված կարգով ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին,

դ) վերահսկողություն իրականացնելիս թույլ չտալ իրավասությունների վերազանցում:

2. Գծային վերահսկողության իրականացման ընթացքում հայտնաբերված հետեւյալ դեպքերում տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների գերբեռնվածության դեպքում` ավտոտրանսպորտային միջոցը բեռնաթափել մինչեւ տեղատարողության թույլատրելի սահմանը, փոխադրողի հաշվին ապահովել իջեցված ուղեւորների մինչեւ նշանակման վայր ուղարկումը, անհնարինության դեպքում դիմել պետավտոտեսչության մոտակա ստորաբաժանումների կամ հսկիչ կետերի օգնությանը,

բ) ուղեւորությունը շարունակելու անհնարինության կամ անթույլատրելիության դեպքում (ավտովարորդի ակնհայտ անսթափ վիճակը, երթեւեկության անվտանգությանը ակնհայտ սպառնացող այլ հանգամանքներ) արգելել ավտոտրանսպորտային միջոցների դեպի նշանակման վայր հետեւումը եւ այդ մասին տեղյակ պահել պետավտոտեսչության մոտակա ստորաբաժանումներին կամ հսկիչ կետերին` օրենքով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու համար:

Հոդված 15. Փոխադրումների մասնակիցների իրավունքները

Փոխադրումների մասնակիցներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով`

ա) ծանոթանալ վարչական իրավախախտման գործով վարույթին առնչվող փաստաթղթերին եւ նյութերին,

բ) բողոքարկել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կամ տրանսպորտային տեսչության գործողությունները,

գ) պահանջել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց կատարած ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում:

Հոդված 16. Փոխադրումների մասնակիցների պարտականությունները

Փոխադրումների մասնակիցները պարտավոր են`

ա) ապահովել սույն օրենքի եւ տրանսպորտի մասին օրենսդրության պահանջների կատարումը,

բ) չխոչընդոտել գծային վերահսկողության իրականացմանը,

գ) կատարել տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձանց օրինական պահանջներն ու ցուցումները,

դ) օրենքով սահմանված կարգով հատուցել իրենց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասները:
 


ԳԼՈՒԽ 4

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 17. Տրանսպորտային տեսչության նյութատեխնիկական ապահովումը

Տրանսպորտային տեսչության նյութատեխնիկական ապահովումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

Տրանսպորտային տեսչությունը ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով եւ իր անվանումով գունագրաֆիկ երանգավորմամբ եւ ազդանշանային կահավորմամբ ավտոտրանսպորտային միջոցներ, «կանգ» ազդանշանի մական, իսկ տրանսպորտային տեսչության պաշտոնատար անձը կրում է հատուկ տարբերանշաններով համազգեստ, ունի հատուկ ծառայողական վկայական, որոնց ձեւերը, տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 


ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: