Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-163-24.10.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի հուլիսի 31-ի ՀՕ-115 օրենքը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումների իրականացման, խրախուսման, պաշտպանության եւ կառավարման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակը կարգավորող միջավայրի թափանցիկության եւ երկրի մրցունակության բարձրացման, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացման, օտարերկրյա պետությունների հետ տնտեսական համագործակցության զարգացման խթանման, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրողների իրավունքների, օրինական շահերի, գույքի պաշտպանության ապահովումն է:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

օտարերկրյա ներդրող` ֆիզիկական անձ, ով յուրաքանչյուր տարի առնվազն 183 օր գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ինչպես նաեւ կազմակերպություն, որի մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որեւէ մեկի գտնվելու վայրը գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եւ ով պլանավորում է կամ իրականացրել է ներդրում Հայաստանի Հանրապետությունում:

օտարերկրյա ներդրում` ներդրողի սեփականություն հանդիսացող կամ ուղղակի կամ անուղղակի կերպով օտարերկրյա ներդրողի հսկողության տակ գտնվող սույն օրենքով նախատեսված ցանկացած ակտիվ, որը սույն օրենքով նախատեսված ձեւերից որեւէ մեկով ներդրվել է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ ներդրումից ստացված եւ չհայրենադարձված եկամուտը եւ իրացումից ստացված գույքը, այդ թվում` գումարները:

օտարերկրյա ներդրումներով կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված իրավաբանական անձ, որում որպես մասնակից հանդես է գալիս օտարերկրյա ներդրող:

Հոդված 4. Որպես օտարերկրյա ներդրում ներդրվող գույքի եւ իրավունքների տեսակները

1. Օտարերկրյա ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ իրականացնել հետեւյալ գույքով եւ իրավունքներով՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային դրամով.

2) արտարժույթով, արժութային այլ արժեքներով՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան.

3) գույքով եւ դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.

4) բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան.

5) դրամական եւ պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրությանը համապատասխան.

6) մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով.

8) վճարովի ծառայություններով.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Հոդված 5. Օտարերկրյա ներդրումների իրականացման ձեւերը

1. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետեւյալ ձեւերով եւ հետեւյալ ակտիվների ձեռքբերման միջոցով`

1) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ հիմնադրելու, օտարերկրյա կազմակերպության առանձնացված ստորաբաժանում (մասնաճյուղ կամ ներկայացուցչություն) հիմնադրելու, ինչպես նաեւ գործող իրավաբանական անձի բաժնեմասն ամբողջությամբ կամ բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ նոր կազմակերպություններ հիմնադրելու կամ գործող կազմակերպություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.

4) Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց փոխառության, վարկի, լիզինգի կամ այլ պայմանագրերի հիման վրա գույք, այդ թվում` գումարներ տրամադրելու միջոցով.

5) ինքնուրույն կամ այլ անձանց մասնակցությամբ ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու միջոցով.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձեւերով:

ԲԱԺԻՆ 2

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈԻԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 6. Ազգային ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետությունը ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, իրականացման, կառավարման, պաշտպանության եւ ներդրումներին վերաբերող այլ հարցերում օտարերկրյա ներդրողների եւ օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանում է ոչ պակաս նպաստավոր ռեժիմ, քան նույնանման իրավիճակներում սահմանում է տեղացի ներդրողների եւ ներդրումների համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ միջազգային պայմանագրերով եւ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության համար միջազգային իրավունքին համաձայն պարտադիր որոշումներով կարող են սահմանվել օտարերկրյա ներդրողների եւ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների գործունեության սահմանափակումներ, ինչպես նաեւ այն տարածքները եւ ոլորտները, որտեղ օտարերկրյա ներդրողների եւ օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների գործունեությունը սահմանափակվում կամ արգելվում է:

Հոդված 7. Առավել բարենպաստ ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետությունը ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, իրականացման, կառավարման, պաշտպանության եւ ներդրումներին վերաբերող այլ հարցերում օտարերկրյա ներդրողի եւ օտարերկրյա ներդրումի նկատմամբ սահմանում է ոչ պակաս նպաստավոր ռեժիմ, քան նույնանման իրավիճակներում սահմանում է ցանկացած այլ երկրի ներդրողի եւ ներդրումի համար:

Հոդված 8. Արդար եւ հավասար վերաբերմունքի սկզբունքը եւ նվազագույն ստանդարտը

1. Հայաստանի Հանրպետությունում օտարերկրյա ներդրողները եւ/կամ օտարերկրյա ներդրումները պաշտպանվում են արդար եւ հավասար (ներառյալ` ամբողջական պաշտպանություն եւ անվտանգություն) վերաբերմունքով եւ նվազագույն ստանդարտներով: Արդար եւ հավասար վերաբերմունքն օտարերկրյա ներդրողին եւ/կամ օտարերկրյա ներդրմանը տալիս է նվազագույն ստանդարտից առավել պաշտպանություն:

2. Արդար եւ հավասար վերաբերմունքը ներառում է հետեւյալ բաղադրիչները`

1) արդարադատության մատչելիության ապահովումը.

2) օտարերկրյա ներդրողների եւ նրանց ներդրումների նկատմամբ խտրականության արգելքը` կախված ներդրողի կամ ներդրող կազմակերպության մասնակիցների կամ աշխատակիցների սեռից, ռասայից, սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելիությունից, գույքային վիճակից, ծննդավայրից, հաշմանդամությունից, տարիքից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից.

3) հանրային իշխանությունը չարաշահելու եւ հակաիրավական ճնշումների բացառումը.

4) վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետներում քննության ապահովումը:

3. Նախքան օտարերկրյա ներդրողների գործունեությանն ուղղակիորեն առնչվող օրենսդրական փոփոխություն կատարելը, ինչը կարող է ազդել օտարերկրյա ներդրումների վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ անցկացվում են հանրային քննարկումներ:

4. Նվազագույն ստանդարտը մեկնաբանվում է միջազգային իրավունքում ձեւավորված պրակտիկային համապատասխան:

5. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում արդար եւ հավասար (ներառյալ` ամբողջական պաշտպանություն եւ անվտանգություն) վերաբերմունքն ավելի նվազ պաշտպանություն է ապահովում, քան սույն օրենքով սահմանվածը, ապա օտարերկրյա ներդրողի ցանկությամբ նրան կարող է տրամադրվել սույն օրենքով սահմանված արդար եւ հավասար վերաբերմունքը:

Հոդված 9. Օրենքի կայունությունը

1. Սույն օրենքի ցանկացած փոփոխության դեպքում օտարերկրյա ներդրողն այդպիսի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում, գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին, կշարունակի իր ներդրման ողջ ընթացքում օգտվել ներդրման պահին գործող օրենքով տրամադրված երաշխիքներից եւ իրավունքներից:

Հոդված 10. Ներդրման ազգայնացման արգելքն ու փոխհատուցումը

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է օտարերկրյա ներդրումների ազգայնացումը, հարկադիր օտարումը կամ անուղղակի առգրավումը, բացառությամբ`

1) հանրային շահերի դեպքում,

2) ոչ խտրական հիմքերով,

3) օրենքով սահմանված կարգով իրականացվող դեպքերում:

2. Փոխհատուցումը պետք է լինի նախնական եւ համարժեք:

3. Փոխհատուցումը պետք է լինի ազատ փոխարկելի եւ օտարերկրյա ներդրողի ցանկությամբ կարող է ազատորեն փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա ներդրողի պետության տարածք։

Հոդված 11. Վնասի հատուցման երաշխիքը

1. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն դատական կարգով ստանալու փոխհատուցում Հայաստանի Հանրապետության վարչական մարմինների կամ վերջիններիս պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ վարչարարության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում իրավաչափ վարչարարության հետեւանքով հասցված գույքային եւ ոչ գույքային վնասի, այդ թվում՝ օրենքով սահմանված դեպքում բաց թողնված օգուտի համար:

2. Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված փոխհատուցման գումարները ենթակա են փոխհատուցման մեկ տարվա ընթացքում ընթացիկ շուկայական գներով անկախ փորձագետի կարծիքի հիման վրա հաշվարկված արժեքով: Այդ փոխհատուցումը վճարվում է այն արժույթով, որով կատարվել է ներդրումը կամ ազատ փոխարկելի արժույթով: Արտարժույթի հաշվարկումը Հայաստանի Հանրապետության ազգային դրամով իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի նկատմամբ ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքից ոչ բարձր:

3. Փոխհատուցման իրավունքի առաջացման պահից մինչեւ հատուցման վճարումը փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ՝ վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքով, իսկ եթե այլ օրենքներով կամ պայմանագրով նախատեսված է ավելի բարձր տոկոսադրույք, ապա` այդ տոկոսադրույքներով:

Հոդված 12. Օտարերկրյա ներդրողի շահույթի եւ այլ միջոցների տնօրինումը

1. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպության շահույթը հարկումից հետո մնում է նրա տնօրինության տակ:

2. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հաշիվներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց դրամական եւ այլ միջոցներն օգտագործել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում` հաշվի առնելով առկա օրենսդրական ընդհանուր կարգավորումներն ու սահմանափակումները:

Հոդված 13. Միջոցների արտահանումը

1. Օտարերկրյա ներդրողն իրավունք ունի օտարերկրյա ներդրումը, գույքը եւ այլ միջոցներն անմիջապես եւ ազատորեն արտահանել Հայասանի Հանրապետության տարածքից: Այդպիսի ներդրումը, գույքը եւ այլ միջոցները ներառում են կանոնադրական կապիտալում ներդրումները, շահույթը, շահաբաժինները, գույքի գնի հավելաճը եւ ներդրման կամ դրա մի մասի վաճառքից կամ ներդրման ամբողջական կամ մասնակի լուծարումից գոյացած եկամուտը (փոխհատուցումը), տոկոսները, որպես ռոյալթի ստացված վճարները, կառավարման վճարները եւ տեխնիկական աջակցության գումարները, պայմանագրերի, այդ թվում` նաեւ փոխառության պայմանագրերի շրջանակներում կատարվող վճարները, վեճերից ծագող վճարները, հասարակության եւ պետական կարիքների համար գույքի օտարումից առաջացող գումարները, աշխատանքների, ծառայությունների դիմաց կատարվող վճարները:

2. Օտարերկրյա ներդրողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված ներդրումն արտահանել արտարժույթով՝ հաշվարկված փոխանցման պահին փոխանակման շուկայում գործող փոխարժեքով:

3. Օտարերկրյա ներդրողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված ներդրումն արտահանել բնեղենով, եթե ներդրման պահին գործող օրենքով նախատեսված չեն եղել նշված ապրանքների արտահանման սահմանափակումներ եւ որոնք գործում են արտահանման պահին:

4. Անկախ սույն հոդվածի 1-3 մասերի` Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանափակել ներդրման արտահանումն իր հետեւյալ հարցերը կարգավորող օրենքների ոչ խտրական եւ բարեխիղճ կիրառման արդյունքում` սնանկության, անվճարունակության եւ պարտատերերի իրավունքների իրականացումը կարգավորող օրենքներ, ֆինանսական գործիքների, ներառյալ` արժեթղթերի եւ պարտատոմսերի թողարկումը, բաժանորդագրումը եւ վաճառքը կարգավորող օրենքներ, քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքներ, ֆինանսական ոլորտը կարգավորող մարմիններին հաշվետվությունների տրամադրումը եւ տեղեկատվության պահպանումը կարգավորող օրենքներ, դատավարության կամ վարչական վարույթի ժամանակ որոշումների, վճիռների եւ այլ հանրային իրավական ակտերի կատարումը կարգավորող օրենքներ: Ֆինանսական համակարգի կայունության պահպանման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառության եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, տնտեսական ռիսկերի կանխարգելման կամ վիճակագրական նպատակներով օրենքով սահմանված կարգով կարող են սահմանվել կապիտալի շարժի եւ ֆինանսական արժութային գործարքների իրականացման համար կոնկրետ կարգ եւ պայմաններ:

ԲԱԺԻՆ 3

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 14. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպության գործունեության շրջանակները

1. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ:

Հոդված 15. Արտադրանքի, աշխատանքների եւ ծառայությունների արտահանումն ու ներմուծումը

1. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպություններն իրավունք ունեն առանց հավելյալ թույլտվության արտահանել սեփական արտադրության արտադրանքը, աշխատանքները, ծառայությունները եւ ներմուծել սեփական կարիքների համար արտադրանք, աշխատանքներ, ծառայություններ, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

2. Արտահանվող արտադրանքը, աշխատանքները, ծառայությունները որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունների հարկումը

1. Օտարերկրյա ներդրումներով կազմակերպությունները հարկեր են վճարում եւ հարկային արտոնություններ ստանում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 17. Վեճերի լուծման կարգը

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների հետ կապված բոլոր վեճերը Կողմերի միջեւ հնարավորության դեպքում կարգավորվում են բանակցությունների, խորհրդակցությունների կամ հաշտարարության միջոցով:

2. Օտարերկրյա ներդրողներն առկա վեճերը կարգավորելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված բոլոր միջոցներից, ինչպես նաեւ վեճերի լուծման համար միջազգային մասնավոր իրավունքով սահմանված միջոցներից:

Հոդված 18. Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը

1. Եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի դրույթներով սահմանված է առավել բարենպաստ կարգավիճակ, քան սույն օրենքով, ապա համապատասխան դեպքերում գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

2. Եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով նախատեսվում է սույն օրենքով նախատեսված սահմանափակումներից առավել սահմանափակումներ կամ հավելյալ արգելքներ, ապա համապատասխան դեպքերում գործում են միջազգային պայմանագրերը։

3. Օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարող է սահմանվել երկրների կամ ներդրողների առանձին խմբերի նկատմամբ սահմանափակումներ:

4. «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չհամապատասխանող երկրի կամ տարածքի օտարերկրյա ներդրողների նկատմամբ կիրառվում է հավելյալ պատշաճ ուսումնասիրություն եւ օրենքով կարող են նախատեսվել այլ սահմանափակումներ կամ հավելյալ պահանջներ:

5. Արգելվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով ահաբեկչության եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող կամ նրանց կողմից վերահսկվող գույքի ներդրումների թույլտվությունը կամ կատարումը Հայաստանի Հանրապետությունում:

ԲԱԺԻՆ 4

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 19. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը կիրառվում է իր ուժի մեջ մտնելու պահին գործող եւ դրանից հետո իրականացված օտարերկրյա ներդրումների նկատմամբ:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն իրականացված ներդրումների մասով օտարերկրյա ներդրողի ընտրությամբ հինգ տարվա ընթացքում կարող է կիրառվել 1994 թ. հուլիսի 31-ի «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՕ-115 օրենքի դրույթները, ինչի մասին սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրողը կամ օտարերկրյա ներդրմամբ կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ՝ գործող օրենք) ընդունվել է 1994 թվականին, ինչից հետո չի ենթարկվել էական փոփոխությունների: 1994 թվականի դրությամբ օրենքը եղել է ընդհանուր առմամբ առաջադեմ եւ համապատասխանել է միջազգային լավագույն փորձին:

Հաշվի առնելով նշված ժամանակից ի վեր տեղի ունեցած մի շարք զարգացումներ, մասնավորապես` ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, որը երկու անգամ բարեփոխվել է, փոփոխվել են օտարերկրյա ներդրումների խրախուսման եւ պաշտպանության մեխանիզմները, Հայաստանն ինտեգրվել է մի շարք միջազգային տնտեսական ինտեգրացիոն միավորումներին, կնքվել են մի քանի տասնյակ երկկողմանի եւ տարածաշրջանային միջազգային պայմանագրեր, անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործող օրենքը` նպատակ ունենալով համապատասխանեցնել այն միջազգային լավագույն փորձին, ինչը հնարավորություն կտա բարելավել Հայաստանում ներդրումային միջավայրը եւ ներգրավել նոր ներդրումներ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ ներդրումների խթանման տեսանկյունից հատկապես կարեւորվում են ներդրումների պաշտպանությունը (մեխանիզմներ, ռեժիմներ եւ այլն) եւ ներդրումների մուտքի հետ կապված հարցերը (սահմանափակումներ, ընթացակարգեր եւ այլն)։

Ներդրումների պաշտպանությանը վերաբերող ժամանակակից ներդրումային ռեժիմների լավագույն փորձը ցույց է տալիս, որ այն ներառում է խտրականության բացառումը, ազգային ռեժիմը, առավել բարենպաստ ռեժիմը, արդար եւ հավասար վերաբերմունքը, տարադրամի փոխարկելիություն եւ տեղափոխումը, ինչպես նաեւ ազգայնացումից պաշտպանությունը։

Գործող օրենքում վերոնշյալ երաշխիքներից միջազգային լավագույն փորձին ամբողջությամբ համապատասխանում է միայն ազգային ռեժիմը, ինչպես նաեւ որոշակի բացթողումներով՝ տարադրամի փոխարկելիության ու արտահանման եւ ազգայնացումից պաշտպանության երաշխիքները: Ընդ որում` վերջին երկու երաշխիքների ձեւակերպումները գործող օրենքում միանշանակ եւ հստակ չեն:

Առավել բարենպաստ ռեժիմը եւ արդար եւ հավասար վերաբերմունքի ռեժիմը գործող օրենքում բացակայում են: Նշված երաշխիքներն առկա են մի շարք երկրների հետ կնքված ներդրումների փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրերում, սակայն դրանց միջեւ կան նաեւ տարբերություններ:

Ընդ որում` հարկ է նշել, որ վերոնշյալ երաշխիքների մի մասն առկա են ՀՀ օրենսդրության մեջ (ՀՀ Սահմանադրություն եւ այլ օրենքներ), սակայն դրանց բացակայությունը համապատասխան օրենքում առաջացնում է հավելյալ բարդություններ օտարերկրյա ներդրողների համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, ՀՀ կառավարության 2017-2022թթ. գործունեության ծրագրի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հայեցակարգի գերակայություններին:

4. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն (այսուհետ` Նախագիծ) ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական եւ ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության եւ ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով:

Միաժամանակ Նախագծով հստակեցվում են առկա սահմանումները, կատարվում են լրացումներ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ:

Մասնավորապես` Նախագիծը հստակեցրել է «օտարերկրյա ներդրում» հասկացության սահմանումը` հիմք ընդունելով պորտֆելային ներդրումներն ու փոխառու միջոցները, չհայրենադարձված եկամուտն ու իրացումից ստացված գույքը եւ գումարները:

Նախագծով ներդրվում է առավել բարենպաստ եւ ազգային ռեժիմներն ամբողջ ծավալով, ինչպես նաեւ արդար եւ հավասար վերաբերմունքի սկզբունքը եւ ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները:

Հստակեցվել եւ գործող օրենսդրությանը համահունչ է դարձվել ազգայնացման հետ կապված ռիսկերը (արգելքը եւ երաշխիքները):

Առաջին փուլով շեշտը հիմնականում դրվում է օտարերկրյա ներդրողների պաշտպանության եւ երաշխիքների վրա, իսկ արտոնությունների փաթեթը կմշակվի երկրորդ փուլով` հաշվի առնելով միջազգային լավագույն փորձն առ այն, որ արտոնությունները, այդ թվում` հարկային, մաքսային եւ այլն, պետք է ընդգրկվեն համապատասխան օրենքներում, ոչ թե ընդհանուր օրենքում:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն բնագավառում տրվող կարգավորման ազդեցության գնահատման եզրակացության` Նախագիծն իր մեջ որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Բնապահպանության, առողջապահության, ինչպես նաեւ բյուջետային բնագավառներում Նախագծերի ընդունման եւ կիրարկման ազդեցությունը գնահատվում է չեզոք, իսկ մրցակցության միջավայրի, սոցիալական պաշտպանության ու գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիա, այլ դոնոր կազմակերպություններ, գործարար համայնք, այլ շահագրգիռ մարմիններ:

6. Ակնկալվող արդյունքը

ՀՀ-ում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորում, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացում, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների աճ, ներդրումների առավել պաշտպանվածություն, ներկայիս մարտահրավերներին, կնքված մի շարք երկկողմ պայմանագրերին եւ միջազգային տնտեսական ինտեգրացիոն միավորումների իրավական դաշտին համապատասխանություն։

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽUԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱUԻՆ

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումների խրախուսման, պաշտպանության եւ կառավարման հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են մի շարք ապրանքային շուկաների հետ: Նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, օտարերկրյա պետությունների հետ տնտեսական համագործակցության զարգացման խթանման ապահովմանը, ինչի արդյունքում կընդլայնվեն տվյալ շուկաներում մրցակցային հնարավորությունները:

Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Oտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման եւ պաշտպանության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով:

Միաժամանակ, Նախագծով հստակեցվում են առկա սահմանումները, կատարվում են լրացումներ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ:

Նախագծով նախատեսվող փոփոխություններով ակնկալվում է մեծացնել ՀՀ-ում իրականացվող ներդրումների ծավալները, որի արդյունքում կձեւավորվի ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայր:

Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Բաբլոյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1315-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Հարգանքով`
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈ Ւ Մ

28 սեպտեմբերի 2017 թվականի N 1315 - Ա


«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2017 թ. հոկտեմբերի 23
Երեւան