Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1827-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 12-ի թիվ ՀՕ-60 օրենքի 3 հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «գործակիցների» բառերից հետո լրացնել «, օրենսդրությամբ սահմանված կարգով վարձու աշխատողների ձեւակերպման» բառերը, իսկ «մեքենաների» բառից հետո լրացնել «, դրամարկղային գործառնությունների մասին օրենսդրության» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաեւ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության եւ օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի՝

ա) առաջին պարբերությունում «երկրորդ (կրկնակի)» բառերը փոխարինել «մեկից ավելի» բառերով,

բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր «թ» կետով.

«թ) սույն օրենքի 3 հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերում՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապեությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

ա) առանց 3 օր առաջ հարկ վճարողներին զգուշացնելու ստուգումների իրականացման դեպքերի թվում ներառել նաեւ վարձու աշխատողների ձեւակերպման, ինչպես նաեւ դրամարկղային գործառնությունների վերաբերյալ օրենսդրության կիրառման նկատմամբ ստուգումների իրականացման դեպքերը, ինչը պայմանավորված է հարկային վերահսկողության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ,

բ) հստակեցնել կրկնակի ստուգման հասկացությունը, ինչպես նաեւ առանց 3 օր առաջ զգուշացնելու ստուգումներ կատարելու դեպքում ստուգման իրականացման հիմքերը,

գ) ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, սերտիֆիկացման վարչության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի նկատմամբ վերահսկողության գործառույթը Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը փոխանցելու հետ կապված՝ առաջարկվում է համապատասխան հստակեցնող փոփոխություններ :