Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-048-03.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում «իսկ մինչեւ 16 տարին լրանալը` նաեւ ծննդյան վկայականը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը» բառերը փոխարինել «իսկ մինչեւ 16 տարին լրանալը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ կարող է չպահանջվել, եթե ներկայացվել է ծննդյան վկայականը եւ ծնողների` Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ կետում «օտարերկրյա քաղաքացի» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող» բառերը, իսկ «2016» թիվը փոխարինել «2017» թվով.

2) 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Սույն կետի հիմքով անձը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, եթե օրենքով սահմանված կարգով դիմել եւ ստացել է Հայաստանի Հանրապետութան քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ: Այս դեպքում անձը համարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ» բառերը փոխարինել «երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ»:

2) 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել 12.1-րդ հոդվածով հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.1 Ազգությամբ հայ երեխայի քաղաքացիությունը, ում ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն

1. Ազգությամբ հայ երեխան, ում ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու (բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետության հասցեով հաշվառվելու) պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա, որին կցվում է նաեւ ծնողների գրավոր համաձայնությունը:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) որը մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի» բառերը փոխարինել «ծնողներից մեկի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումները, միջնորդությունները եւ համաձայնությունները ներկայացվում են գրավոր: Սույն օրենքի 11-րդ, 12.1-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ հոդվածներով պահանջվող համաձայնություններն անձամբ ներկայացնելու անհնարինության դեպքում դրանց վրա անձանց ստորագրության իսկությունը վավերացվում է օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը եւ ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում` գործող օրենքը Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում առաջացած որոշակի խնդիրներ եւ օրենսդրական բացերը կարգավորելու անհրաժեշտությամբ:

2. Կարգավորման նպատակը եւ բնույթը

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ հասարակական հարաբերությունների զարգացման ընթացքում առաջացած որոշակի խնդիրներն ու օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով օրինագծում նախատեսվել են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները`

Օրինագծի 1-ին հոդվածի վերաբերյալ - Մինչեւ 16 տարեկան անչափահասների համար որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր ներառված են ծննդյան վկայականը կամ քաղաքացիությունը հավաստող վկայականը: ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիությունը հավաստող վկայական եւ այն տրամադրելու ընթացակարգ նախատեսված չէ, իսկ ծննդյան վկայականը չի կարող քաղաքացիության հավաստման հիմք հանդիսանալ, քանի որ ՀՀ-ում ծնված ցանկացած երեխայի (այդ թվում նաեւ` օտարերկրյա քաղաքացի հանդիսացող) տրամադրվում է նույն ծննդյան վկայականը: ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում է ՀՀ քաղաքացու անձնագիր, ինչն էլ նրա համար օտարերկրյա պետությունում կարող է հանդիսանալ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: Իսկ դրա բացակայության պայմաններում քաղաքացիությունը կարող է հավաստվել ծննդյան վկայականի եւ ծնողների` ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ներկայացմամբ:

Օրինագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվող լրացումը նպատակ ունի հստակեցնել, որ ՀՀ քաղաքացի կարող են ճանաչվել նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, եթե մշտապես բնակվում են ՀՀ-ում, քանի որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի ներկայիս խմբագրությունը տարընկալումների տեղիք է տալիս եւ երբեմն մեկնաբանվում որպես առանձին պայման` նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիներին ՀՀ քաղաքացի ճանաչելու ժամանակ:

Հոդվածի 2-րդ մասով նախատեսվող լրացման վերաբերյալ - ներկայումս իրավակիրառ պրակտիկայում առաջացել են խնդիրներ այն անձանց համար, ովքեր տարիներ շարունակ (դեռեւս 1980-1990-ական թվականներից) բնակվում են օտարերկրյա պետությունում, սակայն տվյալ երկրի քաղաքացիություն ստացել են «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելուց (1995թ-ից) հետո: Այն դեպքում, երբ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից կատարվում են գրավոր հարցումներ` հիշյալ կատեգորիայի անձանց ՀՀ քաղաքացիություն ունենալու հանգամանքը պարզելու նպատակով, ՀՀ ոստիկանության ԱՎՎ կողմից տրվում է պատասխան, որ նրանք գործող օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով ճանաչվում են ՀՀ քաղաքացի, քանի որ այլ պետության քաղաքացիություն ձեռք են բերել Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (օրինակ` 1997թ-ին): Նշված հանգամանքը անձանց համար խնդիրներ է առաջացնում օտարերկրյա պետությունում իրենց իրավունքներն իրականացնելիս, հաճախ նույնիսկ տվյալ պետության կողմից դադարեցվում է այդ անձանց քաղաքացիությունը, այն պարագայում, երբ նրանք տասնյակ տարիներ ապրում եւ աշխատում են մի երկրում, որտեղ գտնվում է նրանց կենսական շահերի կենտրոնը, իսկ Հայաստանի Հանրապետության հետ որեւէ իրավական, սոցիալական, տնտեսական կամ այլ կապ այլեւս չունեն: Արդյունքում` այդ անձինք հայտնվում են այնպիսի իրավիճակում, որ ՀՀ վերադառնալ չեն կարող, իսկ տվյալ պետությունում մնալը նույնպես խնդիրներ է առաջացնում: Նշված հարցին լուծում տալու նպատակով օրինագծով նախատեսվում է 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ, համաձայն որի ՀՀ քաղաքացիներ կճանաչվեն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները, եթե դիմելու պահի դրությամբ չունեն այլ երկրի քաղաքացիություն եւ օրենքով սահմանված կարգով դիմել ու ստացել են ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: Այս դեպքում անձնագիր ստանալուց հետո անձը կհամարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի ուժի մեջ մտնելու պահից:

Օրինագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ - Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխայի քաղաքացիությունը որոշվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Այս նորմի կիրառումը պրակտիկայում տարընկալումների տեղիք է տալիս երեխայի ՀՀ քաղաքացիության որոշման ժամանակ` այն դեպքում, երբ երեխան ունի այլ պետության քաղաքացիություն: Հետեւաբար օրինագծով նախատեսվում է 11-րդ հոդվածի 3-րդ մասը հստակեցնել, համաձայն որի երեխայի այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքը չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրա ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու Սահմանադրական իրավունքի իրացման համար:

Օրինագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվող լրացման վերաբերյալ - ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Նշված իրավունքի իրացման համար նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում կատարել փոփոխություն եւ ծնողներից մեկի դիմումի հիման վրա, առանց մյուս ծնողի համաձայնության, ՀՀ-ում բնակվող երեխային իրավունք վերապահել ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն:

Կատարվող փոփոխության նպատակը կայանում է նաեւ նրանում, որ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան ծնվում է օտարերկրյա պետությունում, ձեռք է բերում տվյալ երկրի քաղաքացիություն, սակայն ծնողների անհաշտության կամ այլ պատճառով ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողի հետ վերադառնում եւ մշտապես բնակվում է ՀՀ-ում: Տվյալ պարագայում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու հանգամանքը խոչընդոտ է ստեղծում երեխայի իրավունքները Հայաստանի Հանրապետությունում լիարժեք իրացնելու ընթացքում (մասնավորապես, երեխան, չհանդիսանալով ՀՀ քաղաքացի, չի կարողանում օգտվել անվճար բուժ.օգնության կամ սոցիալական որեւէ այլ ծառայությունից, ժամանակի ընթացքում լրանում է նաեւ օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը, իսկ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողը, սոցիալական կամ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում երեխայի համար ձեռք բերել անձնագիր եւ այլն):

Օրինագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ - Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք, իսկ 4-րդ մասը սահմանում է, որ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող օրենսդրությամբ չափահաս անձանց համար արդեն իսկ նախատեսված է ՀՀ քաղաքացիությունը պարզեցված կարգով ձեռք բերելու իրավունք` անկախ ՀՀ-ում բնակություն հաստատելու հանգամանքից, օրինագծի 3-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության հիշյալ հոդվածին համապատասխանեցնելու նպատակով, ՀՀ քաղաքացի չհանդիսացող ծնողների ազգությամբ հայ երեխաներին ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից իրավունք է վերապահվում ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն: Ընդ որում` ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիների երեխան ձեռք կբերի ՀՀ քաղաքացիություն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի եւ երկու ծնողների գրավոր համաձայնության հիման վրա:

Օրինագծի 5-րդ հոդվածով նախատեսվող լրացումը նպատակ ունի բացառելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար օտարեկրացիների ձեւական ամուսնությունը ՀՀ քաղաքացիների հետ, ինչը պրակտիկայում տարածված բնույթ է կրում: Միաժամանակ, հիշյալ կարգավորման շրջանակներում ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջների համաձայն ազգությամբ հայերի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունքը կստանա առավել տարբերակված դրսեւորում` մյուս դեպքերի նկատմամբ:

Օրինագծի 6-րդ հոդվածի վերաբերյալ ապահովվում է միատեսակ կիրառումը 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Օրինագծի 7-րդ հոդվածի վերաբերյալ - ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված` ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրության 12-րդ կետի 2-րդ մասի համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում, եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: Ելնելով վերոգրյալից, միասնական վարչարարություն ապահովելու, ինչպես նաեւ քաղաքացիության ձեռք բերման կամ դադարեցման գործերով կեղծիքներից խուսափելու ու լրացուցիչ երաշխիք ապահովելու համար, նպատակահարմար է, որպեսզի օրենքով նախատեսված համաձայնությունները ներկայացվեն նոտարակական վավերացմամբ:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում 2015 թվականին կատարված փոփոխություններով պայմանավորված` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի Սահմանադրության 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ կկանոնակարգվեն իրավակիրառ պրակիտիկայում առաջացած որոշակի խնդիրներն ու օրենսդրական անհամապատասխանությունները:
 


ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում Փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածը պարունակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22- ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն ոոոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոն, որը դրսեւորվում է լիազորությունների հայեցո-ղական լայն շրջանակի առկայությամբ: Լիազորությունների հայեցողական լայն շրջանակի առկայությունը հիմնականում դրսեւորվում է որոշակի հանգաման-քների առկայության դեպքում պաշտոնատար անձանց սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն ընձեռելու միջոցով, այդ թվում՝ որոշում-ների ընդունման ժամկետների եւ պայմանների, ինչպես նաեւ այլընտրան-քային լիազորությունների դիտարկման միջոցով, հետեւաբար, նաեւ՝ պաշտոնատար անձին հնարավորություն է ընձեռվում սեփական հայեցողությամբ ընտրություն կատարել վարքագծի տարբերակների միջեւ առանց նախատեսելու, թե որ դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ընտրել վարքագծի այս կամ այն տարբերակը:

Մասնավորապես, վերոնշյալ նախագծի 6-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումը մերժվում է, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից նրա դուրս գալը հակասում է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ այլ հանրային շահերի պաշտպանության նպատակներին:

ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն սույն հոդվածի 2- 4-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ սահմանված իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաեւ այլ հանրային շահերի պաշտպանության նպատակով, սակայն «այլ հանրային շահեր» արտահայտությունը կարող է հիմք տալ համապատասխան պաշտոնատար անձանց դրսեւորել այլընտրանքային մոտեցում՝ «այլ հանրային շահերը» բավականին լայն մեկնաբանելու տեսանկյունից:

Այդ առումով անհրաժեշտ է հստակ սահմանել «այլ հանրային շահերի պաշտպանության» նպատակներին վերաբերող իրավական հիմքերը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության 2015 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՓՈՔՐ եւ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին՝ պայմանավորված ՀՀ Սահմանադրությունում 2015 թվականին կատարված փոփոխություններով:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
 
 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

Նախագծով առաջարկվում է՝

1) հստակեցնել, որ ՀՀ քաղաքացիներ են ճանաչվում ոչ թե այլ երկրներում բնակվող օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները, այլ ՀՀ-ում մշտապես բնակվող նշյալ քաղաքացիները:

Միաժամանակ, առաջարկվում է երկարաձգել վերոնշյալ անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմելու ժամկետր:

2) սահմանել, որ ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ այն քաղաքացիները, ովքեր ձեռք չեն բերել այլ պետության քաղաքացիություն համարվում են ՀՀ քաղաքացի, միայն այն պարագայում, երբ օրենքով սահմանված կարգով դիմել եւ ստացել են ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ,

3) սահմանել, որ ազգությամբ հայ երեխան ում ծնողները ՀՀ քաղաքացի չեն, ՀՀ բնակություն հաստատելու պահից ունի ՀՀ քաղաքացիություն ձեոք բերելու իրավունք,

4) սահմանել, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ոչ թե ուղղակի ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, այլ առնվազն երկու տարի օրինական ամուսնության մեջ է գտնվել ՀՀ քաղաքացու հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր ստանալու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարում՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի եկամուտների փոփոխության:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ