Հոդված 1. Հայաստանի հանրապետության 1998 թվական մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները եւ քույրերը»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը սահմանում է երկրորդ հերթի ժառանգների ցանկը, որի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները եւ քույրերը Այսինքն ըստ էության օրենսդիրը ժառանգատուի ժառանգների թվում չի նախատեսել վերջինիս արյունակից /համահայր/ եւ արգանդակից /համամայր/ եղբայրներին եւ քույրերին: Սա ըստ էության նշանակում է, որ օրենսդիրը ժառանգատուին առավել մոտ ազգականներ է համարել օրինակ, հորեղբորը կամ վերջինիս որդուն, քան միեւնույն հորից կամ մորից սերված եղբոր կամ քրոջը: Մինչդեռ այս մոտեցումը արդարացված չէ ոչ իրավական, ոչ էլ բարոյական տեսանկյունից: Ստացվում է, որ այն դեպքերում երբ ժառանգատուն տարաբնույթ պատճառներով /հիվանդության եւ այլն/ չի կարողանում կտակ թողնել, ապա օրենքի ուժով այդ անձինք չեն ժառանգում ժառանգատուի մահվանից հետո:
Հարկ է նշել, որ ներկայումս դատական պրակտիկան ընթանում է հենց այն ճանապարհով, որը ներկայացված նախագծի տրամաբանությունն է: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009թ-ի ԵԱՆԴ/1823/02/09 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը փաստում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին եւ քույրերին հավասարեցված են նաեւ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը եւ եղբայրները»:
Սակայն պետք է նշել, որ նույնիսկ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը որպես ինքնուրույն եւ առանձին եզրույթներ, օգտագործում է հարազատ, ինչպես նաեւ համահայր կամ համամայր եղբայրներ եւ քույրեր հասկացությունները` տարանջատում մտցնելով դրանց մեջ: Ուստի, ներկայացված նախագծով ժառանգատուի երկրորդ հերթի ժառանգներ են համարվել ինչպես հարազատ այնպես էլ համահայր եւ համամայր եղբայրներն ու քույրերը: