Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան
Սույն oրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաստատագրված արտոնագրային վճարների ներդրման իրավական հիմքը, վճարողների շրջանակն ու վճարման կարգը եւ կարգավորում է վճարման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Հաստատագրված արտոնագրային վճարի հասկացությունը
Սույն օրենքի իմաստով հաստատագրված արտոնագրային վճար է համարվում սահմանված կարգով եւ չափով, սույն օրենքից բխող իրավական ակտերով նախատեսված տեսակի գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի, ինչպես նաեւ, անհատ ձեռնարկատիրոջ համար ավելացված արժեքի հարկին եւ (կամ) եկամտահարկին փոխարինող անհատույց եւ պարտադիր վճար է:
Հոդված 3. Սույն օրենքի գործողության դեպքում հարկային արտոնությունների դադարեցումը
Սույն օրենքի գործողության դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնություններից օգտվող հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները դադարում են օգտվել իրենց վերապահված հարկային արտոնություններից` ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի ուղղություններով, ինչպես նաեւ հաշվի չեն առնվում համախառն եկամտից կատարվող նվազեցումները, երբ որոշվում է հարկվող եկամուտը:
Հոդված 4. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների շրջանակը
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետությունում հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողներ են համարվում սույն օրենքով սահմանված կարգով իրենց հաշվառման կամ գործունեության վայրի հարկային մարմիններին սահմանված ձեւի դիմում ներկայացրած այն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր իրականացնում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ամրագրված տեսակների գործունեություն:
Ֆիզիկական անձինք կարող են համարվել հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողներ, եթե նրանց գործունեության նախորդ տարվա ընթացքում շրջանառության ընդհանուր գումարի չափը չի գերազանցել 7 մլն դրամը, չհաշված ավելացված արժեքի հարկը:
Հոդված 5. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
ա) ովքեր գործունեություն են իրականացնում օգտագործելով այլ ֆիզիկական անձանց աշխատանքը, որոնք չեն համարվում անհատ ձեռնարկատեր,
բ) ովքեր իրենց գործունեության նախորդ տարվա ընթացքում կամ գործունեություն իրականացնելու տարվա ընթացքում զբաղվել են մաքսային ռեժիմով նախատեսված ներմուծման գործունեությամբ,
գ) ում առեւտրային գործունեության իրականացման վայրերը (խանութներ, կրպակներ եւ այլն) Երեւանում եւ մարզերում գերազանցում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից սահմանված մակերեսային սահմանափակումները,
դ) ովքեր օրենքով սահմանված կարգով համարվում են այնպիսի ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք հարկվում են ակցիզային հարկով կամ իրականացնում են շահումով խաղերի իրականացման գործունեություն,
ե) ում գործունեությունն իրականացվում է մեկից ավելի վայրերում, բացառությամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից սահմանված դեպքերի,
զ) ովքեր այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ունեն 20 եւ ավելի տոկոս բաժնեմաս,
է) ովքեր օրենքով սահմանված կարգով համարվում են հաստատագրված վճարով հարկվողներ:
Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.
ա) հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողի գործունեության վայր-սույն օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարության կողմից ընդունված ցանկում ամրագրված տեսակների գործունեության իրականացման վայր,
բ) հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողի գործունեությանը օժանդակություն ցուցաբերող ֆիզիկական անձ-արտոնագրային վճարով հարկվողին ժամանակավորապես փոխարինող (առանց փոխհատուցման իրավունքի) ֆիզիկական անձ, որը չի համարվում անհատ ձեռնարկատեր:
Հոդված 7. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների հաշվառման կարգը
Սույն օրենքի պահանջներին բավարարող, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելու համար պարտավոր են իրենց հաշվառման կամ գործունեության իրականացման վայրի հարկային մարմին ներկայացնել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից հաստատված ձեւի դիմում:
Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից հաստատված ձեւի դիմում պարտավոր են ներկայացնել նաեւ սույն օրենքի պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերերը` հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելու համար:
Սույն հոդվածով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել 1-4 եռամսյակային գործունեության համար:
Հոդված 8. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելու համար տրվող դիմումին ներկայացվող պահանջները
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելու համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տրվող դիմումը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ անձի անվան եւ ազգանվան, անձնագրային տվյալների, սոցիալական քարտի, գործունեության իրականացման ժամանակահատվածի, տեսակի եւ վայրի վերաբերյալ:
Սույն հոդվածի առաջին մասում սահմանված նպատակով անհատ ձեռնարկատերերի կողմից տրվող դիմումը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ անձի անվան եւ ազգանվան, պետական գրանցման վկայականի, ՀՎՀՀ-ի գործունեության իրականացման ժամանակահատվածի, տեսակի եւ վայրի վերաբերյալ, իսկ արտոնագրային վճարով հարկվողի գործունեությանը օժանդակություն ցուցաբերող ֆիզիկական անձանց առկայության դեպքում` նաեւ տեղեկություններ նրանցից առավելագույնը երկուսի անվան եւ ազգանվան, արձանագրային տվյալների եւ սոցիալական քարտի վերաբերյալ:
Հոդված 9. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողի կողմից ներկայացվող դիմումին հաջորդող ընթացակարգերը
Դիմումում ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ (հարկ վճարողի հաշվառման համար)` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը համապատասխան հարկային մարմնում հաշվառվելով ստանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից սահմանված ձեւի արտոնագիր:
Սահմանված համապատասխան ձեւի արտոնագիր է ստանում նաեւ անհատ ձեռնարկատերը` համապատասխան հարկային մարմնում հաշվառվելիս:
Հոդված 10. Հաստատագրված արտոնագրային վճարի հարկման օբյեկտը եւ չափը
Հաստատագրված արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ամրագրված գործունեության տեսակները:
Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը` ըստ յուրաքանչյուր եռամսյակի:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը դադարում են արտոնագրային վճարով հարկվողներ համարվելուց, եթե խախտել են սույն օրենքի պահանջները:
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները , հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելուց դադարելու դեպքում, տվյալ տարվա եկամտահարկի եւ ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցում սույն օրենքով սահմանված կարգով վճարված հաստատագրված արտոնագրային վճարները, ինչպես նաեւ հաշվի չեն առնչվում հաստատագրված արտոնագրային վճարով հարկվելու ժամանակահատվածում ձեռքբերումների գծով կատարած ծախսերը եւ վճարված ԱԱՀ-ի գումարները:
Հոդված 11. Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների վճարումը
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող անհատ ձեռնարկատերերը եռամսյակը մեկ` մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի սահմանած ձեւով տեղեկություններ` տվյալ եռամսյակում հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող համարվելու ժամանակահատվածում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների եւ կատարված աշխատանքների, ինչպես նաեւ վարձավճարների իրացման շրջանառության (եկամուտների) վերաբերյալ:
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:
Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների վրա` հաստատագրված արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց եկամուտներ վճարվելու դեպքում, տարածվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողների կողմից կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին եւ նոտարներին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս որպես`
ա) հարկային գործակալ եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտահարկը պահում (գանձում) են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով.
բ) գործատու պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարում են «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Հաստատագրված արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ եւ հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարվում են միանվագ` արտոնագիրը ստանալիս եւ հաստատագրված արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածի համար հանդիսանում են պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:
Հաստատագրված արտոնագրային վճար վճարողների նկատմամբ այդպիuին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մաuով չեն տարածվում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթները:
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները հաստատագրված արտոնագրային վճարը վճարում են միանվագ` հաստատագրված արտոնագիրը ստանալուց:
Հոդված 12. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքով սահմանված պահանջները խախտելու դեպքում հաստատագրված արտոնագրային վճարով հարկվողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
Հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող հաստատագրված արտոնագրային վճարով հարկվող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները խախտելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 13. Սույն օրենքի կիրարկումն ապահովող նորմատիվ գերատեսչական ակտերը
Սույն oրենքի կիրարկումն ապահովող նորմատիվ գերատեuչական ակտերն ընդունվում են Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Հոդված 14. Եզրափակիչ դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2008 թվականի դեկտեմբերի 26-ի «Հաստատագրված արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հաստատագրված արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության
«Հաստատագրված արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առանձին գործունեության տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար հարկային պարզեցված ընթացակարգեր ամրագրելու, հարկային վարչարարությունը դյուրացնելու պահանջով: Օրենքի նախագծի մշակման հիմքում դրված է Հայաստանի Հանրապետության Նախագահի, «Օրինաց երկիր» կուսակցության եւ կոալիցիոն կառավարության նախընտրական ծրագրային դրույթների համադրությունը: