Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 24-ի, ՀՕ-200 «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հետայսու` օրենք) 5-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 5. Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ Հայրենազրկման դատապարտման օր` նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ցեղասպանությունը` որպես հետեւանք, հանգեցրեց հայության Հայրենազրկման եւ Հայրենասպանության: Իր իսկ բնօրրանում սպանդի ենթարկված ժողովուրդը զրկվեց իր պատմական հայրենիքից: Այս իրողությունը մեկ ընդհանուր ողբերգություն է, որն առավել ամբողջական է դարձնում Ցեղասպանության փաստը: Հարկավոր է կատարված ողբերգությունն ընկալել այդ ամբողջության մեջ, եւ հիշատակի օրը արժեւորել այդ համատեքստում:
Սույն օրենքի ընդունմամբ կամբողջանա Ցեղասպանության իրական պատկերը, դրանով կամրագրվի հայկական հողերից նրա բնիկ ժառանգների հիմնարար եւ օրինական պատմական իրավունքներից զրկելու դատապարտումը: Ցեղասպանությունը ոչ միայն խլել է մեկուկես միլիոն անմեղ մարդկանց կյանք, այլ նաեւ միլիոնավոր հայերի զրկել է սեփական բնօրրանից. այն ոչ միայն մի ժողովրդի, այլեւ մի քաղաքակրթության, մի մշակույթի, մի ողջ կենսակերպի սպանություն է, ուստի անհրաժեշտ է այս փաստը նույնպես արձանագրել եւ հիշատակել: Այն թույլ չի տա մեր ժողովրդի հավաքական հիշողությունից ջնջել մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, որը հայ սերունդներին զրկել է իրենց քաղաքակրթությունից, ժառանգությունից եւ հայրենիքից:
Անհրաժեշտ է արձանագրել, որ սույն խնդիրը Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում արդիական է, քան երբեւէ. չուրանալ եւ պահպանել Ցեղասպանության զոհերի հիշատակը, պետականության արժանապատվությունը: Մինչ միջազգային հանրության կողմից ճանաչվի կանխամտածված կերպով մի ամբողջ ժողովրդի բռնազրկումն իր հայրենիքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է տասնամյակներ ի վեր շարունակվող ժխտողականությանը վերջ դնելու ներուժը կրկնապատկի: Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը վերստին կարժեւորի Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ Հայրենազրկման իրողությունը: