Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-623-14.05.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում.

1) 1-ին կետի 2-րդ պարբերությունը  շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության իրականացման ընթացքում որպես հասարակական պարտք կատարող անձ գտնվում է պետության պաշտպանության ներքո, որը երաշխավորում է լրագրողի կյանքի, ավտանգության, առողջության, իրավունքների, ազատությունների, օրինական շահերի, պատվի, արժանապատվության, բարի համբավի եւ գույքի պաշտպանությունը»:

Սույն օրենքով սահմանված լրագրողի իրավունքների  խախտման դեպքում լրագրողի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը ապահովելու  նպատակով:

2) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6)-րդ ենթակետով «6) զանգվածային լրատվության միջոցի տարածմանը (բաժանորդագրություն, առաքում, իրացում եւ այլն) խոչընդոտելը»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1, 4.2, եւ 4.3 հոդվածներով`

1)  Հոդված 4.1. Լրագրողի իրավունքները

Լրագրողը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի`

1. փնտրել, հավաքել, ստանալ պատրաստել, խմբագրել եւ տարածել տեղեկատվություն,

2. ծանոթանալ պաշտոնական փաստաթղթերին եւ նյութերին, ստանալ դրանք կամ դրանց պատճենները,

3. իր մասնագիտական օրինական գործնեությունն իրականացնելիս լրագրողի վկայականով այցելել տարերրային եւ այլ աղետների, վթարների, հանցագործությունների, հատուկ պահպանության, արտակարգ իրավիճակ հայտարարված վայրեր, զնագվածային անկարգությունների ու քաղաքացիների զանգվածային կուտակումների հատուկ պահպանվող վայրեր, դատավարությունների, արգելանոցներ, ինչպես նաեւ ներկա գտնվել ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի եւ այլ հավաքների,

4. կատարել գրառումներ` այդ թվում տեսագրության, ձայնագրության,  պատճենահանման, լուսանկարման եւ նկարահանման միջոցների օգտագործմամբ,

5. պատճենահանել, կրկնօրինակել, հրատարակել, հրապարակել  կամ այլ կերպ վերարտադրել փաստաթղթեր եւ նյութեր,

6. հրաժարվել իր ստորագրությամբ նյութ կամ հրապարակում պատրաստելուց, եթե այն չի համապատասխանում իր համոզմունքներին,

7. հրաժարվել խմբագրության կամ խմբագրի կողմից իրեն տված այն հանձնարարություններից, որոնց բնույթը կամ կատարումը կարող է առաջացնել օրենքի խախտում,

8. հրաժարվել իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը հրապարակելուց, եթե դրանց բովանդակությունը, աղավաղված է խմբագրի (խմբագրակազմի, խմբագրական խորհրդի եւ այլն) կողմից,

9. ունենալ ծածկանուն,

10.  ստուգել իրեն տրված տեղեկատվության հավաստիությունը,

11. շարադրել իր անձնական դատողությունները, գնահատականները, մեկնաբանությունները եւ նկատառումները այն նյութերում կամ հրապարակումներում, որոնք պետք է տարածվեն իր ստորագրությամբ,

12. իր գրած հոդվածը կամ պատրաստած նյութը հրապարակել (տարածել) սեփական ստորագրությամբ, կեղծանունով կամ առանց ստորագրության,

13. տեղեկատվություն ստանալու նպատակով այցելել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, կուսակցություններ, կազմակերպություններ, հիմնարկներ կամ դրանց լրատվական ծառայություններ,

14. հարցազրույց վարել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ,

15. տեղեկատվություն ստանալու կապակցությամբ կամ իր հարցումներին համապատասխան ընդունելություն ստանալ պաշտոնատար անձանց կողմից,

16. ստանալ պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով սահմանված այլ գաղտնիք չպարունակող փաստաթղթեր եւ նյութեր, դրանցից կատարել քաղվածքներ եւ պատճեններ,

17. լուսանկարել, նկարահանել, տեսագրել եւ ձայնագրել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, կուսակցություններում, կազմակերպություններում, հիմնարկներում եւ հասարակական վայրերում,

18. իրականացնել օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների  պահանջով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնարկները, կազմակերպությունները,  կուսակցությունները, կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձիք պարտավոր են նրանց տրամադրել համապատասխան  տեղեկատվություն բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են տեղեկատվություն ստանալ  նաեւ քաղաքացիներից:

2) Հոդված 4.2. Լրագրողի պարտականությունները

Լրագրողը իր մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս պարտավոր է`

1.հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, չհրապարակել (չտարածել) դրանք արատավորող լուրեր ու տեղեկություններ,

2.իրավասու մարմնի կամ անձի առաջին, իսկ պահանջի դեպքում ներկայացնել լրագրողի վկայականը կամ անձը եւ լրագրողի  լիազորությունները հավաստող այլ փաստաթուղթ,

3.չհրապարակել պատերազմի, ռասիզմի, բռնության, ազգային եւ կրոնական թշնամանքի, թմրամոլության, մարմնավաճառության եւ քրեորեն հետապնդելի այլ արարքների քարոզչություն պարունակող նյութեր,

4.չհրապարակել կեղծ տեղեկատվություն, չաղավաղել քաղաքացիների կամ պաշտոնատար անձանց հետ վարած հարցազրույցների բովանդակությունը,

5. չհրապարակել պետական, ծառայողական, առեւտրային կամ օրենքով  սահմանված այլ բնույթի  գաղտնիք համարվող  տեղեկատվության` բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվության  արտահոսքի աղբյուրը համապատասխան պաշտոնատար անձն է: Այդ դեպքում պատասխանատվությունը կրում է ոչ թե լրագրողը այլ գաղտնիք պարունակող տեղեկատվությանն իրազեկ եւ դրանց պահպանության համար պատասխանատու անձիք: Լրագրողը պատասխանատվություն չի կրում,  եթե գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նա ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով,

6. զանգվածային լրատվության միջոցի խմբագրին  տեղեկացնել չստուգված փաստերի  (տեղեկությունների) մասին, որոնց հրապարակումը (տարածումը) կարող է խախտել սույն օրենքի  պահանջները,

7. տեղեկություններ հաղորդած անձանց պահանջով նշել այդ տեղեկության աղբյուրը եւ մեջբերման հեղինակին, կամ պահպանել տեղեկությունների եւ դրանց աղբյուրի  գաղտնիությունը,

8. քաղաքացիներից կամ պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալիս նրանց նախապես զգուշացնել ձայնագրության, տեսագրության, լուսանկարման եւ նկարահանման մասին, բացառությամբ սույն օրենքի 4.3 հոդվածով նախատեսված դեպքերի:

3) Հոդված 4.3 Թաքնված գրառում

Տեղեկությունների եւ նյութերի ձեռքբերումը թաքնված ձայնագրության, տեսագրության, լուսանկարման եւ նկարահանման օգտագործմամբ թույլատրվում է եթե, առկա է հետեւյալ հանգամանքներից որեւիցե մեկը`

1) դա չի խախտում մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները,

2) եթե դա անհրաժեշտ է հասարակական շահերը պաշտպանելու համար եւ ձեռնարկված են համապատասխան միջոցներ կողմնակի անձանց հնարավոր նույնականացումը կանխելու համար,

3) եթե գրառման ցուցադրումը կատարվում է դատարանի որոշմամբ:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Սույն օրինագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է լրագրողների իրավունքների, պարտականությունների եւ պաշտպանվածության հիմնահարցերը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագիծը նախապատրաստելիս օգտագործվել են մի շարք երկրների` այդ թվում Ռուսաստանի Դաշնության, Լատվիայի եւ Վրաստանի համապատասխան օրենքների դրույթները:

Օրինագծի մշակմանը մասնակցել են Մամուլի ազգային ակումբի, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաեւ իմ օգնականներ` Արմենուհի Սաղաթելյանը եւ Երվանդ Դալլաքյանը:

Օրնագծերի փաթեթը 2009 թվականի մարտի 26-ին համապատասխան եզրակացություններ ստանալու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով  ուղարկվել է թվով 45 ԶԼՄ-ներ (ցանկը կցվում է), որոնցից առ 13.05.2009 թ. առաջարկություններ եւ դիտողություններ են ստացվել «Ազատամտություն» եւ «Հայք» թերթերից, ինչպես նաեւ «Հայաստային Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ից: Դրանք հաշվի են առնվել օրինագծի մշակման ընթացքում: