Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-480-28.03.2014-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

1. Սույն օրենքի կարգավորման առարկան մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկման մեջ կասկածվող անձանց բացահայտման պահից սկսած վերջիններիս ուղղորդման, այդ անձանց մասին տեղեկատվության կուտակման եւ փոխանակման, որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ՝ օժանդակության եւ պաշտպանության ապահովման հետ կապված հարաբերություններն են:

2. Օրենքի նպատակը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվածների շահերից բխող՝ նրանց բացահայտումը, օժանդակության, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրման արդյունավետ եւ լիարժեք ապահովումն է:

Հոդված 2. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին օրենսդրությունը

1. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կարգավիճակին առնչվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը նախատեսում են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը.

1) Թրաֆիքինգ կամ շահագործում՝ շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը, որն իրականացվում է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով: Սույն օրենքում որպես թրաֆիքինգ կամ շահագործում է սահմանված նաեւ շահագործման նպատակով անչափահասին կամ հոգեկան խանգարման պատճառով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաեւ այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը: Շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձեւերը, պարտադրանքը հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:

2) Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ՝ ցանկացած ֆիզիկական անձ, ով ենթարկվել է թրաֆիքինգի կամ շահագործման:

3) Հավանական զոհ՝ նախանույնացման փուլում գտնվող անձ, որի վերաբերյալ դեռ չի կայացվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու վերաբերյալ որոշում:

4) Զոհ՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ, ով այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ:

5) Հատուկ կատեգորիայի զոհ՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ, ով հայտնաբերման պահին հանդիսացել է անչափահաս կամ հոգեկան խանգարման պառճառով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա տիրապետելու հնարավորությունից զրկված անձ եւ որպես այդպիսին է ճանաչվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ:

6) Անչափահաս՝ 18 տարին չլրացած անձ, ինչպես նաեւ անձ, ում տարիքը անհայտ է, բայց կան ողջամիտ կասկածներ, որ չի լրացել նրա 18 տարին:

7) Ուղղորդում՝ սույն օրենքով սահմանված նպատակներով անձի եւ համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի, անկախ կազմակերպաիրավական ձեւից կազմակերպության միջեւ կապի ստեղծումը եւ այդ անձի շահերը շոշափող խնդիրների լուծումը նրանց փոխանցելը:

8) Ինքնանույնացված զոհ՝ անձ, ով իր նկատմամբ կատարված գործողությունները գնահատում է որպես թրաֆիքինգ կամ շագահործում:

9) Նույնացման ներկայացում՝ հավանական զոհի՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հաստատող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութերը նույնացման հանձնաժողովի քննությանը հանձնելը:

Հոդված 4. Օրենքի գործողության ոլորտը եւ հիմնարար սկզբունքները

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է ցանկացած ձեւի եւ բնույթի՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված այն անձանց նկատմամբ, ովքեր.

1) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ եւ հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

2) հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ (այսուհետ՝ օտարերկրացի) եւ հայտնաբերման պահին գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

3) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ունեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ եւ հայտնաբերման պահին գտնվում են օտարերկրյա պետությունում:

2. Սույն օրենքով սահմանված դրույթները հիմնված են մարդասիրության, մարդու իրավունքներն ու ազատությունները պահպանելու, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, օրինականության, անկողմնակալության եւ անաչառության հիմնարար սկզբունքների վրա:

Հոդված 5. Տեղեկատվական արտահոսքի եւ հրապարակումների սահմանափակումը

1. Սույն օրենքով սահմանված դրույթները ենթակա են իրագործման բացառապես մարդու համաձայնության պարագայում՝ ապահովելով մարդու անձնական տվյալների եւ մասնավոր կյանքի գաղտնիությունը, եթե այն չի բխում նրանց շահերից, ինչպես նաեւ բացառելով մարդու կյանքը եւ արժանապատվությունը որեւէ կերպ վտանգող տեղեկատվության արտահոսքը կամ հրապարակումը:

2. Չի թույլատրվում զանգվածային լրատվամիջոցներով կամ այլ եղանակով թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձի վերաբերյալ այնպիսի տեղեկությունների հրապարակումը, որոնք կարող են նույնացնել վերջինիս ինքնությունը՝ բացառությամբ նույնացման հանձնաժողովի որոշմամբ սահմանված դեպքերի:

Հոդված 6. Պատասխանատվությունից ազատելը

1. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձն ազատվում է այն իրավախախտումների համար քրեական եւ վարչական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել հարկադրաբար:

ԳԼՈՒԽ 2

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 7. Թրաֆիքինգի  կամ  շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը

1. Թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդը (այսուհետ՝ խորհուրդ) ձեւավորվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

2. Խորհրդի նպատակն է՝ Հայաստանի Հանրապետությունում թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի քաղաքականության մշակումը, այդ ոլորտում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման եւ այլ մարմինների կողմից իրականացվող աշխատանքների համակարգումը:

3. Խորհրդի աշխատանքներին դիտորդական կարգավիճակով կարող են մասնակցել այն շահագրգիռ՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ում կանոնադրական խնդիրներն առնչվում են թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի, դրանց զոհերի սոցիալական վերականգնմանը:

4. Խորհրդի աշխատակարգը եւ կազմը հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հոդված 8. Գործընկեր հասարակական կազմակերպությունը

1. Գործընկեր հասարակական կազմակերպությունը թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հետ առնչվող մասնագիտական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է խորհրդի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրով:

2. Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ հասարակական կազմակերպությունը ճանաչվում է գործընկեր հասարակական կազմակերպություն, նրան տրվում է սույն օրենքով նախատեսված իրավասու մարմնի կարգավիճակ, որի ուժով վերջինս ստանձնում է իրավասու մարմնի համար սույն օրենքով ամրագրված իրավունքներ եւ պարտավորություններ:

3. Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 9. Նույնացման հանձնաժողովը

1. Նույնացման հանձնաժողովը մարդուն որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու իրավասությամբ օժտված միակ լիազորված պետական մարմինն է: Սույն օրենքով նախատեսված համապատասխան օժանդակության եւ պաշտպանության տրամադրման նպատակով մարդը կարող է ճանաչվել զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ միայն նույնացման հանձնաժողովի կողմից:

2. Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու գործընկեր հասարակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Գործընկեր հասարակական կազմակերպությունները եւ պետական կառավարման մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը: Նույնացման հանձնաժողովի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Հանձնաժողովը կարող է ունենալ պահեստային անդամներ, որոնք անհրաժեշտության դեպքում նիստերի ընթացքում փոխարինում են բացակա հիմնական անդամներին: Նույնացման հանձնաժողովի հիմնական եւ պահեստային կազմերը խորհրդի ներկայացմամբ հաստատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հոդված 10. Նախանույնացում իրականացնելու եւ հայտնաբերված անձանց նույնացման նպատակով նույնացման հանձնաժողովին ներկայացնելու համար իրավասու մարմինները

1. Նախանույնացում իրականացնելու եւ հավանական զոհերին նույնացման ներկայացնելու համար իրավասու մարմիններն են՝ գործընկեր հասարակական կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ իրավասու մարմիններ):

2. Իրավասու մարմինները թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց կամ նրանց առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են ձեռք բերել իրենց իրականացրած աշխատանքների արդյունքում, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, միջազգային, հասարակական կազմակերպություններից, զանգվածային լրատվամիջոցներից եւ այլն:

3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում oժանդակում են իրավասու մարմնին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջինիս տրամադրում անձի կամ նրա հետ կապված հանգամանքների վերաբերյալ իրենց տնօրինման տակ գտնվող անհրաժեշտ տեղեկությունները:

4. Իրավասու մարմինները, մարդու իրավունքների եւ անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներին համահունչ, պարտավոր են պահպանել իրենց հայտնի դարձած անձնական եւ այլ տեղեկությունների գաղտնիությունը:

ԳԼՈՒԽ 3

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ՆՈՒՅՆԱՑՈՒՄԸ

Հոդված 11. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտումը, իրավասու մարմիններ ուղղորդումը եւ տեղեկությունների փոխանցումը:

1. Հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվամիջոցները, թրաֆիքինգի եւ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց օժանդակությամբ, պաշտպանությամբ եւ նրանց սոցիալական վերաինտեգրմամբ շահագրգիռ այլ կազմակերպությունները  խրախուսվում են իրավասու մարմիններին տեղյակ պահելու իրենց հայտնի՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաեւ նրանց առնչվող հանցագործության դեպքերի մասին:

2. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց հայտնի դարձած թրաֆիքինգի կամ շահագործման տեղեկության մասին անհապաղ իրազեկում են իրավասու պետական մարմնին կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

3. Իրավասու մարմինները թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ հայտնի դարձած տեղեկությունները մեկօրյա ժամկետում փոխանցում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

Հոդված 12. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումը

1. Թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացումն ամբողջական գործընթաց է, որը բաղկացած է նախանույնացման՝ անձի զոհ հանդիսանալը հաստատող նյութերի ամբողջականացման փուլից եւ նույնացման՝ անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու գործընթացից:

2. Մարդուն զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելը եւ օրենքով սահմանված կարգով տուժող ճանաչելն առանձնացված գործընթացներ են, եւ դրանց համար հիմք հանդիսացած տեղեկությունները կարող են փոխադարձաբար օգտագործվել, եթե այդ տեղեկությունների օգտագործումն արգելված չէ օրենքով:

Հոդված 13. Նախանույնացման փուլը

1. Նախանույնացման փուլը հավանական զոհերին նույնացման ներկայացնելու գործընթացն է, որի ընթացքում իրավասու մարմիններն անձի թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հաստատող կամ ժխտող հնարավորինս ամբողջական եւ հիմնավոր տեղեկություններ են կուտակում:

2. Նախանույնացման փուլում իրավասու մարմինները միջոցներ են ձեռնարկում պարզելու հավանական զոհի ինքնությունը, քաղաքացիությունը, տարիքը, հոգեկան խանգարման առկայության հանգամանքը, ինչպես նաեւ ապահովելու հավանական զոհի եւ նրա նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ տեղեկությունների ամբողջականությունը:

3. Օտարերկրյա պետության տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախանույնացման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային, հասարակական եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ այդ պետության լիազորված պետական մարմինների օժանդակությամբ:

Հոդված 14. Տեղեկությունների փոխանցումը նախանույնացման փուլում

1. Իրավասու մարմինը հայտնաբերված անձին ընդունելիս այդ մասին տեղեկությունները հնարավոր սեղմ ժամկետում գրավոր հայտնում է նույնացման հանձնաժողովի նախագահին:

2. Այն դեպքերում, երբ հավանական զոհը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ունի Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ, սակայն հայտնաբերման պահին գտնվում է օտարերկրյա պետության տարածքում, կամ հանդիսանում է օտարերկրացի եւ հայտնաբերման պահին գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա այդ անձանց մասին տեղեկությունները ստացած իրավասու մարմինները դրանք անհապաղ հայտնում են նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

Հոդված 15. Նախանույնացման ժամկետները

1. Նախանույնացման ժամկետը հաշվարկվում է մինչեւ 10 օր՝ հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից սկսած՝ մինչեւ նրան նույնացման ներկայացնելը:

2. Բացառիկ դեպքերում նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելագույնը եւս 10 օրով:

3. Օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին վերաբերող դեպքերում, երբ նրա հոգեվիճակի կամ նրա նկատմամբ կատարված թրաֆիքինգից կամ շահագործումից բխող հանգամանքների պատճառով սույն օրենքով սահմանված ժամկետներում կուտակված տեղեկությունների հիման վրա հնարավոր չէ կայացնել օբյեկտիվ որոշում, ապա նախանույնացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ սակայն ոչ ավելի, քան մինչեւ տվյալ անձին ընձեռնված մտորման ժամկետի ավարտը: Արգելվում է հավանական զոհին նույնացման ներկայացնելը իրավասու մարմնի կողմից անհարկի հետաձգելը:

Հոդված 16. Նույնացման ընթացակարգը

1. Նախանույնացման համար սահմանված ժամկետներն ավարտվելուց հետո կամ նշված ժամկետներից շուտ անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հաստատող կամ հերքող անհրաժեշտ բավարար հիմքեր կուտակելուց հետո, իրավասու մարմինը նույնացման հանձնաժողովի նախագահին գրավոր իրազեկում է հավանական զոհին նույնացման ներկայացնելու անհրաժեշտության մասին:

2. Իրազեկումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում հանձնաժողովի նախագահը հրավիրում է նույնացման նիստ՝ ապահովելով անդամների եւ նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնի ներկայացուցչի, անհրաժեշտության դեպքում՝ այլ մասնագետների մասնակցությունը:

3. Հավանական զոհին նույնացման ներկայացնելը չի նշանակում ապահովել նրա ֆիզիկական մասնակցությունը նույնացման հանձնաժողովի նիստերին: Հավանական զոհը նույնացման հանձնաժողովի իրեն վերաբերող նիստին ֆիզիկապես կարող է մասնակցել կամ ներկա գտնվել միայն իր ցանկությամբ կամ նույնացման հանձնաժողովի պահանջով:

4. Նիստի ժամանակ իրավասու մարմինը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հավանական զոհի վերաբերյալ նախանույնացման փուլում կուտակված տեղեկությունները, փաստերն ու ապացույցները եւ դրանց հիման վրա ձեւավորված՝ իրավասու մարմնի հիմնավոր, գրավոր կարծիքը՝ անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու կամ այն հերքելու մասին, որում շարադրվում է նաեւ առկա տեղեկությունների տրամաբանական այն շղթան, որը հանգեցրել է այդպիսի կարծիքի:

5. Ներկայացված նյութերն ուսումնասիրելուց եւ քննարկելուց հետո, եթե որոշում կայացնելու համար դրանք գնահատվում են ոչ բավարար, ապա նույնացման հանձնաժողովը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

6. Նույնացման նիստի արդյունքում կայացվում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համարել արժանահավատ, որ անձը ենթարկվել է թրաֆիքինգի կամ շահագործման եւ ճանաչել նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ,

2) համարել ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է թրաֆիքինգի կամ շահագործման,

3) երկարաձգել նախանույնացման փուլը մինչեւ նախանույնացման համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը:

7. Անձի՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելն արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ նրան տրվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ եւ իրավունք՝ ստանալու համապատասխանաբար զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար սույն օրենքով նախատեսված օժանդակություն եւ պաշտպանություն:

8. Անձի՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելը ոչ արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է այդ անձի նախանույնացումը եւ հավանական զոհի համար նախատեսված օժանդակության եւ պաշտպանության հնարավոր տրամադրման հարցի քննարկումը:

9. Նույնացման հանձնաժողովի որոշումները ստորագրվում են նույնացման նիստին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից: Նույնացման նիստի որոշման մեկական օրինակ տրվում է նույնացման ներկայացված անձին եւ այդ նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին:

10. Նույնացման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Մտորման ժամկետը

1. Մտորման ժամկետն այն ժամանակահատվածն է, որով իրավունք եւ հնարավորություն է ընձեռնվում օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին, զոհին եւ հատուկ կատեգորիայի զոհին, անկախ կացության կարգավիճակի օրինականությունից մնալով Հայաստանի Հանրապետության տարածքում, վերականգնվել պատճառված մարմնական վնասվածքների հետեւանքներից, ինչպես նաեւ կայացնել իրավիճակից բխող սթափ որոշում:

2. Օտարերկրացի հանդիսացող բոլոր հավանական զոհերը, զոհերն ու հատուկ կատեգորիայի զոհերն ունեն մտորման ժամկետի իրավունք: Այդ իրավունքը վերջիններիս ինքնին տրամադրվում է նախանույնացման փուլի մեկնարկի պահից սկսած:

3. Մտորման ժամկետը հաշվարկվում է օտարերկրացի հանդիսացող հավանական զոհին իրավասու մարմնի կողմից ընդունելու պահից եւ սահմանվում 30 օր ժամկետով: Մտորման ժամկետը կարող է երկարաձգվել տվյալ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի պատճառաբանված միջնորդության հիման վրա կայացված նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ բայց ոչ ավելի, քան մինչեւ 30 օրով:

4. Նշված ժամկետներից շուտ մտորման ժամկետը կարող է դադարեցվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ՝ այն դեպքում, երբ ի հայտ են գալիս փաստեր, որ անձը չի կարող հանդիսանալ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ:

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացուն մտորման ժամկետի ընթացքում արտաքսելը կամ նրա կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով նշված ժամանակահատվածում բնակվելու համար պատասխանատվության ենթարկելը:

6. Մտորման ժամկետի համար նախատեսված դրույթները որեւէ կերպ չեն կարող հիմք հանդիսանալ սահմանափակելու իրավապահ մարմինների կողմից իրավախախտումների բացահայտմանն ուղղված՝ Հայաստանի

Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթների իրականացումը:

ԳԼՈՒԽ 4

ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԿԱՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Օժանդակությունը եւ պաշտպանությունը

1. Ցանկացած զոհ եւ հատուկ կատեգորիայի զոհ ունի օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակություն եւ պաշտպանություն ստանալու իրավունք:

2. Օժանդակության տրամադրումը համակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, իսկ պաշտպանությանը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

3. Նախանույնացման փուլում անձը չի համարվում զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ եւ նրա նկատմամբ չեն կիրառվում զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի համար նախատեսված օժանդակության եւ պաշտպանության միջոցները՝ բացառությամբ մարդասիրական դրդումներով անհրաժեշտ, սույն օրենքով նախատեսված անհետաձգելի միջոցների:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ապահովում է սույն օրենքով նախատեսված օժանդակության տրամադրումը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

Հոդված 19. Աջակցությունը նախանույնացման փուլում

1. Այն անձը, ով նախանույնացման փուլում, այդ նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի գնահատմամբ կամ իր հայտարարությամբ ակնհայտորեն կարիք ունի անհետաձգելի օժանդակության, իր ցանկությամբ կամ իր գրավոր համաձայնությամբ այդ անձի նախանույնացումն իրականացնող իրավասու մարմնի կողմից ուղղորդվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու անհետաձգելի օժանդակության տրամադրումը:

2. Նախանույնացման փուլի մեկնարկի հետ մեկտեղ հավանական զոհը, իրեն մատչելի լեզվով, իրազեկվում է իր իրավունքների, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված դրույթների մասին:

Հավանական զոհերի օժանդակությունը կարող է ներառել նաեւ.

1) անհետաձգելի բժշկական օգնություն,

2) նախանույնացման փուլի տեւողությամբ ժամանակավոր կացարանի տրամադրում,

3) հիմնական կրթության ապահովում,

4) առաջին անհրաժեշտության բնաիրային օգնություն,

5) առաջնային հոգեբանական օգնություն,

6) խորհրդատվական բնույթի աջակցություն:

Հոդված 20. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին ցուցաբերվող օժանդակությունը

1. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված օժանդակություն ցուցաբերելու համար պատասխանատու պետական լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, որը համակարգում է սոցիալական ծառայություններ մատուցող հիմնարկների եւ կազմակերպությունների գործունեությունը:

2. Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերին օժանդակության ցուցաբերումը նպատակաուղղված է նրանց կյանքի բնականոն ընթացքից թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու արդյունքում առաջացած խեղումների վերացմանը, զոհերի սոցիալական վերաինտեգրմանը:

Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերին օժանդակության ցուցաբերումը կարող է ներառել՝

1) ժամանակավոր կացարանի տրամադրում,

2) բնաիրային օգնություն,

3) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում,

4) բժշկական ծառայությունների տրամադրում,

5) սոցիալ-հոգեբանական օգնություն

6) խորհրդատվական օգնություն,

7) իրավաբանական օգնություն,

8) թարգմանչական ծառայությունների տրամադրում,

9) հիմնական կրթության ապահովում,

10) աշխատանքի ապահովում,

11) միանվագ դրամական փոխհատուցում:

3. Կացարանի տրամադրումը զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին նրանց համաձայնության դեպքում բնակելի տարծքով ապահովումն է: Այդպիսի կացարան կարող են հանդիսանալ՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների ենթակառուցվածքները, խնամք եւ պաշտպանություն իրականացնող այլ հաստատությունները, պետության կողմից տրամադրվող բնակելի տարածքները:

4. Բնաիրային օգնությունը uննդի, հագուuտի, կոշիկի, հիգիենայի միջոցների եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների տրամադրումն է:

5. Անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը նպատակ է հետապնդում վերականգնել կամ դրանց ի սկզբանե բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի բացակայող կամ անվավեր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքով նախատեսված օժանդակության այլ տեսակների տրամադրումն ապահովելու համար: Այդպիսի փաստաթուղթ կարող են հանդիսանալ անձնագիրը, ատեստատը, դիպլոմը, վարորդական իրավունքի վկայականը, աշխատանքային գրքույկը, ծննդյան վկայականը եւ այլն:

6. Բժշկական ծառայությունների տրամադրումն օժանդակության այն տեսակն է, որի ապահովումն ուղղված է զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու պատճառով ձեռք բերած վնասվածքների եւ հիվանդությունների հայտնաբերմանը եւ դրանց լիարժեք բուժմանը:

7. Սոցիալ-հոգեբանական օգնությունը ներառում է հոգեախտորոշումը, հոգեկարգավորումը, հոգեթերապիան, հոգեբանական խորհրդատվությունը, մասնագիտական կողմնորոշումը եւ այլ ձեւեր, որոնց առաջնային նպատակն է այցելուի հոգեբանական կարգավիճակի, հոգեբանական առանձնահատկությունների եւ տարբեր իրավիճակներում նրա պահվածքի վերլուծության հիման վրա ձեռք բերված տեղեկությունների օգտագործմամբ նպատակային ազդեցություն իրականացնել զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի վրա նրանց հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու եւ ստրեսային վիճակներին դիմակայելու նպատակով:

8. Խորհրդատվական օգնությունը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկման արդյունքում uտեղծված իրավիճակից դուրu գալու, uոցիալական խնդիրների լուծման ուղիներ եւ եղանակներ գտնելու միջոցներին, հասարակություն սոցիալական վերաինտեգրմանն ուղղված առաջարկությունների, ինչպեu նաեւ համարժեք ծառայություններ uտանալու վերաբերյալ զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին տեղեկատվության տրամադրումն է:

9. Իրավաբանական օգնությունն իրավաբանական խորհրդատվության տրամադրումն է, ինչպեu նաեւ անձի իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանության նպատակով փաuտաբանական oգնության կազմակերպումը:

10. Թարգմանչական ծառայությունները տրամադրվում են տարբեր փաստաթղթերի գրավոր թարգմանության, ինչպես նաեւ զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի հետ կապված սույն օրենքով նախատեսված գործընթացների ժամանակ նրանց մատչելի լեզվով թարգմանության ձեւով:

11. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերը մինչեւ օժանդակության դադարեցումն ապահովվում են միջնակարգ կրթությամբ: Այդ կրթությունը, ըստ նպատակահարմարության, կարող է կազմակերպվել ինչպես մասնավոր դասընթացների, այնպես էլ հանրակրթական կամ հատուկ դպրոցներում ուսուցանելու միջոցով:

12. Աշխատանքի ապահովումը զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին առաջնահերթության կարգով, իրենց համար նախընտրելի աշխատանքով ապահովելն է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն օրենքով նախատեսված դեպքերում օժանդակության ավարտի մասին հանձնաժողովի որոշմամբ զոհերին տրվում է միանվագ դրամական փոխհատուցում: Դրամական փոխհատուցման տրամադրումը ուղղված է թրաֆիքինգի եւ/կամ շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը:

14. Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախաձեռնությամբ օտարերկրացի հանդիսացող զոհին, օտարերկրացի հանդիսացող հատուկ կատեգորիայի զոհին կամ օտարերկրացի հանդիսացող հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:

Հոդված 21. Օժանդակության ցուցաբերման դադարեցումը

1. Զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերին օժանդակության ցուցաբերումը դադարեցվում է այդ օժանդակության տրամադրումը իրականացնող իրավասու մարմնի հիմնավոր միջնորդության հիման վրա՝ նույնացման հանձնաժողովի կողմից կայացված որոշմամբ, հետեւյալ դեպքերում.

1) ավարտվել է օժանդակություն ցուցաբերելու գործընթացը,

2) զոհը կամ հատուկ կատեգորիայի զոհը կայացրել է որոշում՝ հրաժարվելու օժանդակություն ստանալուց,

3) վերացել են օժանդակության տրամադրման հիմքերը:

2. Օժանդակության ցուցաբերման գործընթացը համարվում է ավարտված, եթե սպառվել են զոհի համար սույն օրենքով նախատեսված օժանդակության միջոցառումները: Նշված հանգամանքից շուտ օժանդակության գործընթացը կարող է համարվել ավարտված, եթե օժանդակություն ցուցաբերող իրավասու մարմինը գտնում է, որ զոհը լիարժեք վերականգնվել է եւ վերջինիս համար ստեղծվել են սոցիալական վերաինտեգրման համար անհրաժեշտ պայմանները:

3. Սույն օրենքով նախատեսված դեպքերում օժանդակությունը կարող է դադարեցվել նաեւ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա, եթե առկա են հիմնավոր ապացույցներ, որ նույնացման համար հիմք հանդիսացած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը եւ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձն իրականում չի ենթարկվել թրաֆիքինգի կամ շահագործման:

Հոդված 22. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի օժանդակության եւ դրա դադարեցման առանձնահատկությունները

1. Հատուկ կատեգորիայի հավանական զոհերը եւ զոհերը սույն օրենքով սահմանված կարգով ապահովվում են համապատասխան օժանդակությամբ, ինչպես նաեւ վերջիններիս հատուկ վիճակից բխող լրացուցիչ օժանդակությամբ:

2. Իրավասու պետական մարմինները ձեռնարկում են հնարավոր բոլոր միջոցները՝ հայտնաբերելու հատուկ կատեգորիայի անձի օրինական ներկայացուցիչներին: Դրա անհնարինության դեպքում հատուկ կատեգորիայի անձը նախանույնացման մեկնարկից մինչեւ օժանդակության դադարեցումը, օրենքով սահմանված կարգով ապահովվում է օրինական այլ ներկայացուցչով:

3. Օժանդակություն ստանալու նպատակով հատուկ կատեգորիայի հավանական զոհերի եւ զոհերի ուղղորդումն իրականացվում է օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

4. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի օժանդակության գործընթացը կարող է ավարտվել ոչ շուտ, քան նրանց չափահասության տարիքին հասնելը: Չափահաս դառնալուն պես անձը չի համարվում հատուկ կատեգորիայի զոհ եւ նրա նկատմամբ օժանդակության ցուցաբերման գործընթացն իրականացվում է զոհերի համար նախատեսված ընդհանուր սկզբունքներով:

5. Հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված հատուկ կատեգորիայի զոհերին օժանդակության ցուցաբերման դադարեցումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 23. Զոհերին փոխհատուցում եւ օժանդակություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները

1. Հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերին օժանդակությունը երաշխավորվում է պետության կողմից եւ իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, սույն օրենքով սահմանված, ինչպես նաեւ պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց բարեգործական նվիրատվությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

3. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված օժանդակության ցուցաբերման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:

Հոդված 24. Հաշվետվողականությունը եւ պատասխանատվությունը

1. Նույնացման հանձնաժողովը եւ իրավասու մարմինները յուրաքանչյուր կիսամյակ, մինչեւ հաջորդող ամսվա 15-ը խորհրդին են ներկայացնում մանրամասն հաշվետվություն՝ սույն օրենքի շրջանակներում իրականացված աշխատանքների եւ կատարված ծախսերի վերաբերյալ:

2. Հաշվետվության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

Հոդված 25. Պաշտպանության ապահովումը

1. Հավանական զոհերին, զոհերին եւ հատուկ կատեգորիայի զոհերին կարող է տրամադրվել լրացուցիչ անվտանգության ապահովում այն դեպքում, երբ առկա

տեղեկություններն ու հանգամանքներն ուղղակիորեն ակնհայտ են դարձնում այդ պաշտպանության անհրաժեշտությունը:

2. Հավանական զոհերի, զոհերի եւ հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանությունն ապահովվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:

3. Պաշտպանության նկատառումներից ելնելով՝ իրավասու մարմինը, օրենքով սահմանված կարգով, հատուկ կատեգորիայի զոհին կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհին անհապաղ տեղափոխում է անվտանգ միջավայր եւ լուծում նրա խնամակալության կամ հոգաբարձության հարցը, եթե առկա են ողջամիտ կասկածներ, որ.

1) վերջինիս օրինական ներկայացուցիչ հանդիսացող անձը որեւէ կերպ մասնակցել է նրա նկատմամբ իրականացված թրաֆիքինգին կամ շահագործմանը,

2) այդ ներկայացուցչի կողմից հնարավոր են հատուկ կատեգորիայի զոհի կամ հատուկ կատեգորիայի հավանական զոհի կյանքը կամ առողջությունը վտանգող գործողություններ,

3) ներկայացուցիչը կարող է բացասաբար ազդել կամ խոչընդոտել օժանդակության եւ վերականգնման գործընթացը:

ԳԼՈՒԽ 5

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 26. Անցումային դրույթները

1. Սույն օրենքը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված այն անձանց նկատմամբ, ովքեր հայտնաբերվել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

2. Սույն օրենքը տարածվում է նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հայտնաբերվել եւ որպես զոհ նույնացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգին» համապատասխան, սակայն այդ անձանց աջակցությունն իրականացնող մարմնի գնահատմամբ չի ավարտվել նրանց սոցիալական վերաինտեգրման գործընթացը, եւ առկա է սույն օրենքով նախատեսված օժանդակության ցուցաբերման եւ պաշտպանության տրամադրման անհրաժեշտությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում զոհին օժանդակություն ցուցաբերող մարմինը միջնորդում է նույնացման հանձնաժողովին՝ սույն օրենքով սահմանված կարգով նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու եւ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու համար: Միջնորդությանը կից ներկայացվում է մանրամասն տեղեկատվություն տվյալ անձի նկատմամբ իրականացված թրաֆիքինգը կամ  շահագործումը հավաստող փաստերի եւ նրան նախկինում ցուցաբերված օժանդակության եւ պաշտպանության վերաբերյալ:

4. Նույնացման հանձնաժողովը քննարկելով անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու, ինչպես նաեւ օժանդակության ցուցաբերման անհրաժեշտության վերաբերյալ փաստարկների հիմնավորվածությունը որոշում է կայացնում անձին զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչելու եւ համապատասխան օժանդակություն եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու կամ միջնորդությունը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին: Օժանդակություն ցուցաբերելու եւ (կամ) պաշտպանություն տրամադրելու մասին կայացված որոշման մեջ հստակ նշվում են օժանդակության ցուցաբերման եւ (կամ) պաշտպանության այն տեսակները, որոնք անհրաժեշտ է տրամադրել տվյալ զոհին: Դրանք կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջնորդությունները նույնացման հանձնաժողովին են ներկայացվում սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում:

6. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո չորս ամսվա ընթացքում:

Հոդված 27. Ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թրաֆիքինգի (շահագործման )  ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմնական նպատակը թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց բացահայտումն է, նույնացումը, ինչպես նաեւ վերջիններիս օժանդակության ցուցաբերումը, պաշտպանության եւ սոցիալական վերաինտեգրման արդյունավետ եւ լիարժեք ապահովումը: «Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանում է «թրաֆիքինգ կամ շահագործում», «թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձ», «հավանական զոհ», «զոհ», «հատուկ կատեգորիայի զոհ» հասկացությունները, ամրագրում է օրենքի կիրարկումն ապահովող հիմնական մարմիններին, մանրամասն նկարագրում է թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց բացահայտման, նույնացման ընթացակարգերը: Բացի այդ, օրենքի նախագիծը նախատեսում է նաեւ թրաֆիքինգի զոհերի օժանդակության հնարավորություն, որի շրջանակներում վերջիններիս կցուցաբերվի սոցիալական, հոգեբանական, առողջապահական, իրավաբանական, ֆինանսական օժանդակություն եւ օգնություն, պաշտպանություն եւ սոցիալական վերաինտեգրման հնարավորություն:

«Թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց օժանդակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակելիս հաշվի է առնվել ոլորտի լավագույն միջազգային փորձը: