Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 40-րդ հոդվածում «հավելվածով» բառը փոխարինել «հավելված 1-ով» բառերով:
Օրենսգրքի հավելվածում «Հավելված» բառը փոխարինել «Հավելված 1» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում կարող են սահմանափակվել դատապարտյալների հետեւյալ իրավունքները`
1) կրոնական ծեսերին մասնակցելու.
2) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու.
3) կրթություն ստանալու.
4) աշխատանքով զբաղվելու.
5) ուղղիչ հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով լրացուցիչ սնունդ եւ առաջին անհրաժեշտության եւ այլ առարկաներ ձեռք բերելու.
6) լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելու.
7) դրամական փոխանցումներ, ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ ուղարկելու եւ ստանալու.
8) նամակագրության.
9) զբոսանքի.
10) տեսակցություններ ունենալու.
11) հեռախոսակապից օգտվելու.
12) կարճաժամկետ մեկնումների.
13) առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու:
Ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դադարեցվում է դատապարտյալների տեղաշարժը, նրանք մնում են այնտեղ, որտեղ գտնվել են արտակարգ իրավիճակ հայտարարվելու պահին` մինչեւ վարչակազմի ներկայացուցչի նոր հրահանգը:
Ուղղիչ հիմնարկի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասից հանել «ցանկն ու» բառերը:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 721 -րդ հոդվածով`
«Հոդված 721 . Ուղղիչ հիմնարկում արգելվող գործողությունները
1. Դատապարտյալին արգելվում է`
1) իր մոտ ունենալ կամ խցում պահել սույն օրենսգրքի հավելված 2-ով արգելված առարկաներ եւ սննդամթերք.
2) խցի, կացարանի կամ զբոսանքի վայրի սահմաններից դուրս նետել որեւէ իր կամ վերցնել այդ տարածքում հայտնաբերված իրը.
3) կիպ մոտենալ խցի կամ կացարանի դռան դիտանցքին եւ փակել այն, կատարել խցում կամ կացարանում գտնվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն իրականացնելուն խոչընդոտող այլ գործողություններ.
4) փչացնել ուղղիչ հիմնարկի` օգտագործման համար տրված իրերը, պատերի վրա նշումներ կամ գրառումներ անել, նկարել, թղթեր փակցնել, վնասել իրավական ակտերից կատարված եւ փակցված քաղվածքները, տեղեկատվության նպատակով փակցված ցուցանակները.
5) օգտվել ինքնաշեն էլեկտրասարքերից, սարքավորումներից.
6) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` ուղղիչ հիմնարկի տարածքում պահել կենդանիներ, զբաղվել բանջարաբուծությամբ եւ սենյակային բուսաբուծությամբ, ստեղծել կենդանի բնության անկյուններ (անչափահաս դատապարտյալների համար ուղղիչ հիմնարկի տարածքում կարող են կազմակերպվել կենդանի բնության անկյուններ).
7) օգտագործել ալկոհոլային խմիչքներ եւ թմրանյութեր, զբաղվել մոլախաղերով, ինչպես նաեւ նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով.
8) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` փոխել անհատական քնելու տեղը, վարագուրել այն.
9) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` կատարել սանհանգույցի կամ խցի կամ կացարանի լուսավորության աղբյուրի վերանորոգման աշխատանքներ.
10) հրաժարվել կամ խուսափել ուղղիչ հիմնարկում պահպանություն եւ հսկողություն իրականացնող վարչակազմի ներկայացուցչի օրինական կարգադրությունների կատարումից.
11) կազմակերպել եւ անցկացնել հրապարակային միջոցառումներ.
12) խախտել տեղաշարժման համար նախատեսված վայրերի սահմանները.
13) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` դուրս գալ արտադրական եւ բնակելի գոտիների մեկուսացված տեղամասերի սահմաններից.
14) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` գտնվել այլ կացարաններում, խցերում եւ արտադրական գոտիներում.
15) սնունդ պատրաստել եւ օգտագործել դրա համար չնախատեսված վայրերում.
16) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` բարձրանալ շենքերի, արտադրամասերի, շինությունների եւ այլ կառույցների տանիքները, մոտենալ ներքին արգելագոտու պարսպին.
17) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` լքել աշխատանքային վայրը եւ այն շինությունը, որտեղ անցկացվում են զանգվածային միջոցառումներ.
18) անհարկի բղավել, աղմկել, խանգարել անդորրը.
19) առանց ուղղիչ հիմնարկի վարչակազմի թույլտվության` ճաշարանից դուրս բերել սննդամթերք.
20) դատապարտյալներին տեսակցության համար խցերից դուրս բերելը` հերթափոխի հանձնում-ընդունում կատարելու ժամանակ, օրակարգով սննդի ընդունման համար, ինչպես նաեւ քնի համար նախատեսված ժամերին.
21) դատապարտյալի տեղաշարժը բնակելի գոտու սահմաններից դուրս` ավարտակոչից մինչեւ վերկաց.
22) խցերից դուրս տեղաշարժն ավարտակոչից մինչեւ վերկաց` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Սույն հոդվածի առաջին մասի 8-14-րդ կետերով սահմանված արգելքները չեն տարածվում բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների վրա»:
Հոդված 5. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել նաեւ այն դատապարտյալներին, ովքեր ուղղիչ հիմնարկից դուրս ունեն հաշմանդամ երեխա, ծնող կամ ամուսին: Կարճաժամկետ մեկնումը տրամադրվում է միայն այն դատապարտյալներին, ովքեր պաշտպանում են կապն ընտանիքի եւ մասնավորապես ընտանիքի հաշմանդամ անդամի հետ: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը կարճաժամկետ մեկնում տրամադրելիս կարող է հաշվի առնել երեխայի կարծիքը»:
Հոդված 6. Օրենսգրքի 83-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`
«5. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալ կանանց հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանակաշրջանում ապահովում է անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնությամբ»:
Հոդված 7. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով`
«3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը կազմակերպում է մինչեւ 30 տարեկան դատապարտյալների հիմնական կրթությունը, ում մասնակցությունը միջնակարգ կրթության գործընթացին պարտադիր է»:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 921 -րդ հոդվածով`
«Հոդված 921 . Դատապարտյալի կապն ազատության մեջ գտնվող իր երեխաների հետ
1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ դատապարտյալի` իր երեխաների հետ կապն ապահովելու համար:
2. Դատապարտյալը, ում երեխան գտնվում է ազատության մեջ եւ պահվում մանկատանը, երկու ամիսն առնվազն մեկ կարճատեւ եւ վեց ամիսն առնվազն մեկ երկարատեւ տեսակցության իրավունք ունի իր երեխաների հետ: Այս տեսակցությունների առավելագույն քանակը որոշվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից` հաշվի առնելով դատապարտյալի անձի բնութագիրը, նրա վարքագիծը, կապը երեխայի հետ եւ ազդեցությունը նրա վրա: Տեսակցության տրամադրումը մերժելու դեպքում հիմնարկի վարչակազմը կայացնում է գրավոր պատճառաբանված որոշում:
3. Դատապարտյալների ու նրանց՝ ազատության մեջ մանկատանը պահվող երեխաների միջեւ տեսակցություններն իրականացվում են ուղղիչ հիմնարկի եւ այն հաստատության հետ համատեղ, որտեղ պահվում է երեխան: Տեսակցության համար ճանապարհածախսը տրամադրվում է պետության հաշվին, եթե դատապարտյալի անձնական հաշվի վրա պահանջվող գումարը բացակայում է:
4. Ազատության մեջ մանկատանը պահվող երեխաների հետ տեսակցությունից առաջ անհրաժեշտության դեպքում իրականացվում է նախապատրաստական աշխատանք՝ սոցիալական աշխատողի, հոգեբանի կամ մանկավարժի կողմից»:
Հոդված 9.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հավելված 2-ով`
ԻՐԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ՈՐՈՆՔ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՈՒՆԵՆԱԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀՎՈՂ, ԿԱԼԱՆՔԻ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԵՆՑ ՄՈՏ, ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐՈՎ, ԾԱՆՐՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՓԱԹԵԹՆԵՐՈՎ
1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր եւ արտադրատեսակներ.
2. Ցանկացած տեսակի հրազեն եւ սառը զենք.
3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ եւ այլ մասեր ու պարագաներ ռացիա եւ այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաեւ այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին ու օրինական շահերին առնչվող փաստաթղթերի եւ գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
8. Կացին, մուրճ եւ այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո- եւ աուդիո ձայնագրող սարքեր, նկարահանող այլ տեխնիկա՝ բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ՝ բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների.
16. Ցանկացած տեսակի այլ իր կամ սննդամթերք, բացառությամբ հետեւյալ իրերի կամ սննդամթերքի՝
ա) ծխախոտ, լուցկի, կրակայրիչ,
բ) դատապարտյալների համար սահմանված տեսակի հագուստ, գլխարկ, կոշիկ եւ անկողնային պարագաներ, քաղաքացիական հագուստ` կալանավորված անձանց եւ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար,
գ) ներքնազգեստ, թաշկինակ, գոտի, գուլպաներ, վզնոց, զուգագուլպաներ, ձեռնոցներ, թաթմաններ, սենյակային հողաթափեր, սպորտային կոշիկ, սպորտային համազգեստ, թելեր, սրբիչ,
դ) հիգիենայի պարագաներ (տնտեսական եւ ձեռքի օճառ, ատամի խոզանակ, ատամի փոշի կամ մածուկ, քսուքներ, շամպուն, սանր, եղունգներ կտրելու աքցան)
ե) գլխաշոր, ռեյտուզ, կրծկալ, մառլյա, բամբակ, հիգիենիկ փաթեթ, ծամկալներ, վազելին եւ կոսմետիկ պարագաներ (կանանց համար),
զ) հայելի, էլեկտրական կամ միանգամյա օգտագործման անվտանգ ածելի,
է) կոշիկի եւ հագուստի խոզանակներ, կոշիկի քսուք,
ը) պլաստմասսայից պատրաստված տուփեր` ակնոցների, օճառի եւ ատամի խոզանակների համար,
թ) սպասք` ալյումինե, պլաստմասսայե կամ էմալապատ,
ժ) սեղանի խաղեր (բացառությամբ խաղաթղթերի),
ժա) գրականություն, թերթեր, ամսագրեր (բացառությամբ պոռնոգրաֆիկ կամ ահաբեկչական, քսենոֆոբիական բնույթի նյութերի), դասագրքեր, տետրեր, փոստային ծրարներ, բացիկներ, դրոշմանիշեր, հասարակ մատիտներ, գրիչներ,
ժբ) լուսանկարներ, լուսանկարների ալբոմ, օրացույց,
ժգ) գործարանային արտադրության կենցաղային էլեկտրական ջեռուցիչներ (կենտրոնացված ջեռուցման համակարգի բացակայության դեպքում), էլեկտրական թեյնիկ, էլեկտրական սրճեփ,
ժդ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված խաչեր եւ պաշտամունքի այլ առարկաներ,
ժե) հենակներ, ձեռնափայտեր, պրոթեզներ, հաշմանդամների սայլակներ (բժշկի թույլտվությամբ),
ժզ) ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ձեռքի կամ գրպանի ժամացույց,
ժէ) հեռուստացույց, ռադիոընդունիչ, մագնիտոֆոն (առանց ձայնագրման հնարավորության), սառնարան (փոքր չափերի),
ժը) թզբեհ,
ժթ) գործելու շյուղեր, ասեղնագործության պարագաներ,
ի) մանկական խաղալիքներ, սայլակ (իրենց մոտ երեխա ունեցող անձանց համար),
իա) հանքային ջուր, հյութեր` գործարանային արտադրության եւ պլաստմասսայե տարաներով,
իբ) բանջարեղեն, մրգեր, շաքարավազ, կոնֆետ, շոկոլադե սալիկներ, կաթնամթերք, երշիկեղեն, աղ, սուրճ, թեյ, կակաո, մաստակ,
իգ) սննդամթերք, որը չի պահանջում ջերմային մշակում»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման
Սույն կարգավորման ընդունումը պայմանավորված է քրեակատարողական օրենսդրության մեջ հստակեցումներ մտցնելու, ինչպես նաեւ պատշաճ վարքագիծ դրսեւորող դատապարտյալների համար որոշակի արտոնություններ սահմանելու անհրաժեշտությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշմամբ սահմանվել են այնպիսի նորմեր, որոնք ենթադրում են ֆիզիկական անձնաց իրավունքների սահմանափակումներ. խոսքը մասնավորապես հետեւյալ դրույթներին է վերաբերվում՝
- ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակ հայտարարվելու դեպքում դատապարտյալների որոշակի իրավունքների սահմանափակում,
- ուղղիչ հիմնարկում արգելվող գործողությունների ցանկ,
- իրերի եւ սննդամթերքի ցանկ, որոնք արգելվում է ունենալ կալանավորված, կարգապահական գումարտակում պահվող, կալանքի եւ ազատազրկման դատապարտված անձանց իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եւ փաթեթներով:
Համաձայն Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, ի թիվս այլնի, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները: Տվյալ դեպքում ենթաօրենսդրական ակտով սահմանվել են այնպիսի նորմեր, որոնք կարող են կարգավորվել միայն օրենքի մակարդակով:
Դատապարտված անձանց հետագա սոցիալիզացիան հեշտացնելու համար նախագծով սահմանվում է մինչեւ 30 տարեկան դատապարտյալների պարտադիր հիմնական կրթությունը:
Պատիժը կրելու սահմանված կարգի խախտումներ թույլ չտված ուղղիչ հիմնարկում պատիժ կրող հղի, կերակրող մայր եւ մանկահասակ երեխաներ ունեցող դատապարտյալ անձանց համար իրենց ընտանիքների հետ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում գտնվող բնակելի տարածքում բնակվելու հնարավորություն է նախատեսվում, ինչը կարեւոր խթանիչ գործոն կհանդիսանա դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելու, հասարակության՝ մասնավորապես իրենց երեխաների համար պիտանի լինելու փաստը գիտակցելու եւ հետեւաբար ուղղվելու համար: Առաջարկվող դրույթը բխում է նաեւ 1989 թվականի «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի եւ 9-րդ հոդվածի դրույթներից:
Առաջարկվում է սահմանել, որ ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալ կանանց հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան ժամանակաշրջանում ապահովում է անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս խմբի անձիք հատկապես խոցելի են, ինչպես նաեւ առողջապահության, մայրության եւ մանկության պաշտպանության նկատառումներով:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով դատապարտյալի անձի բնութագիրը, նրա վարքագիծը, կապը երեխայի հետ եւ ազդեցությունը, նախատեսվում է դատապարտյաի՝ ազատության մեջ, բայց մանկատանը պահվող երեխաների հետ կարճատեւ ու երկարատեւ տեսակցությունների հնարավորություն:
Նույնկերպ, նախագծով առաջարկվում է սահմանել ուղղիչ հիմնարկից դուրս հաշմանդամ երեխա, ծնող կամ ամուսին ունեցող դատապարտյալներին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու հնարավորություն:
Ընդհանրացնելով՝ կարելի է նշել, որ նախագծի ընդունմամբ կշտկվի քրեակատարողական օրենսդրության մեջ առկա օրենքի եւ ենթաօրենսդրական ակտերի անհամապատասխանության հարցը, ինչպես նաեւ այն կնպաստի քրեակատարողական հիմնարկներում գտնվող դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսեւորելուն եւ նրանց կողմից թույլ տրվող կարգապահական խախտումների նվազեցմանը:
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: