Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-424-24.12.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքը լրացնել նոր 19.2 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 19.2. Սնանկության գործի շրջանակներում օտարված գույքը գնորդին հանձնելու կամ օտարված գույքից նախկին սեփականատիրոջը, ինչպես նաեւ այլ անձանց վտարելու համար կատարողական թերթ տալը

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքը օտարվելու դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է դիմել սնանկության մասին վճիռ կայացրած դատարանին.

1. օտարված գույքը գնորդին հանձնելու համար կատարողական թերթ տրամադրելու խնդրանքով,

2. օտարված անշարժ գույքի նախկին սեփանակատիրոջը, ինչպես նաեւ այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու համար կատարողական թերթ տրամադրելու խնդրանքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ վիճակը եւ առկա խնդիրները

Գործող իրավակարգավորման շրջանակներում սնանկ ճանաչված պարտապանի շարժական գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի վաճառքով վաճառելու դեպքում, եթե գնված գույքի նախկին սեփականատերը հրաժարվում կամ խուսափում է գույքը հանձնել նոր սեփականատիրջը, ապա գույքի սեփականատերը ստիպված է լինում դիմել դատարան՝ գնված գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցով: Սնանկ ճանաչված պարտապանի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով կամ ուղղակի վաճառքով գնած անձը գույքի նախկին սեփականատիրոջը, ինչպես նաեւ այն անձնաց, որոնց օգտագործման իրավունքը օրենքով սահմանված կարգով գրանցված չէ, անշարժ գույքից վտարելու համար ստիպված է դիմելու դատարան՝ վերը նշված անձանց վտարելու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, որպես ընդհանուր սկզբունք, սահմանում է, որ վաճառողը պարտավոր է գնորդին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից ազատ գույք:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքում, որպես վաճառող, հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Այսօր գոյություն ունեցող կարգավորումը խոչընդոտում է պարտապանի գույքի օտարման արդյունավետ մեխանիզմի ստեղծմանը: Օտարվող գույքի պոտենցիալ գնորդները խուսափում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության սահմանված օրենքով օտարվող գույք գնելուց, քանի որ չի բացառվում գույքը գնելուց հետո ստիպված լինեն ներքաշվել դատական պրոցեսի մեջ, որպեսզի ապահովեն իրենց, որպես սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը եւ գնված գույքի փաստացի տնօրինմանը անցնելը: Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ գնորդների սակավության պատճառով հրապարակային սակարկություններով վաճառված գույքի գինը անհամեմատ ցածր է լինում գույքի շուկայական արժեքից: Հաշվի առնելով սնանկության իրավահարաբերությունների այն առանձնահատկությունը, որ ամբողջ գործընթացը տեղի է ունենում դատարանի հսկողության տակ, որը եւ ապահովում է ամբողջ գործընթացի օրինականությունը, գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ավելի դյուրացնել «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով օտարվող գույքի վաճառքի գործընթացը:

Առաջարկվող լուծումը

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտապանի գույքը վաճառելու դեպքում սնանկության կառավարչին կպարտավորեցնի դիմել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը կայացրած դատարանին գնված գույքը (շարժական) գնորդին հանձնելու համար կատարողական թերթ տալու համար:

Անշարժ գույքի վաճառքի դեպքում սնանկության գործով կառավարիչը պարտավոր է դիմել սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացրած դատարանին, վաճառված բնակարանը, բնակելի տունը կամ այլ շինությունը զբաղեցնող պարտապանին, ինչպես նաեւ այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով, վտարելու համար կատարողական թերթ տալու համար:

Առաջարկվող լրացումը կապահովի՝

1. պարտապանի գույքի օտարման առավել արդյունավետ, համապարփակ մեխանիզմի ներդրում,

2. գույքի գնորդին կազատնի իր սեփականության իրավունքը ամբողջ ծավալով իրականացնելու համար դատական պաշտպանության դիմելու անհրաժեշտությունից,

3. առանց այդ էլ ծանրաբեռնված դատարաններին անհարկի միջամտությունից,

4. պարտատիրոջ եւ պարտապանի շահերի պաշտպանություն:

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գույքի օտարման գործընթացների թվի աճ, գնորդների իրավունքների պաշտպանություն, առավել բարձր գնով գույքի օտարում, որի արդյունքում կպաշտպանվեն ինչպես պարտատիրոջ, այնպես էլ պարտապանի շահերը: