Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-406-28.11.2013-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ Oրենք) 15-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների գովազդը, բացառությամբ սույն օրենքով եւ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, արգելվում է, այդ թվում`

ա) հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով,

բ) զանգվածային լրատվության տպագիր միջոցներում եւ այլ տպագիր նյութերում,

գ) վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների եւ արտաքին գովազդի համար նախատեսված տեխնիկական այլ միջոցներով,

դ) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման բոլոր վայրերում` այդ թվում շրջիկ առեւտրի կետերում, շրջիկ առեւտուր իրականացնելիս, հանրային սննդի օբյեկտներում,

ե) ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների գովազդ պարունակող արտադրանքի կամ տպագրված նյութերի տարածման ձեւով, բացառությամբ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1 մաս.

«2.1 Ծխախոտի եւ ծխախոտային արտադրատեսակների գովազդի սահմանափակումները չեն տարածվում`

ա) ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների վրա, որոնք նախատեսված են բացառապես ծխախոտի կամ ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված առեւտրի սրահներում տեղադրելու համար,

բ) ծխախոտի կամ ծխախոտային արտադրանքի առանձնացված ձեւով մասնագիտացված խանութներում` ծխախոտի առեւտրի/վաճառքի մասնագետների կողմից բացառապես չափահաս տարիքի սպառողին բանավոր եւ վիզուալ տրամադրվող տեղեկատվության վրա:

Սույն մասով նախատեսված ծխախոտի գովազդում պետք է առկա լինի ծխախոտի վնասակարության մասին տեղեկատվություն»:

3) 5-րդ մասից հանել «եւ ծխախոտի» բառերը,

4) 5.1-րդ մասից հանել « ծխախոտի եւ » բառերը,

5) ուժը կորցրած ճանաչել 5.2-րդ եւ 5.3-րդ մասերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Իրավական ակտի անհրաժեշտությունը

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն յուրաքանչյուր կողմ իր Սահմանադրության կամ սահմանադրական դրույթների համաձայն, ամբողջությամբ արգելում է ծխախոտի գովազդը, հովանավորչությունը եւ վաճառքի խթանումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 5 տարվա ընթացքում պատշաճ օրենսդրական, գործադիր, վարչական եւ կամ այլ միջոցներ է ձեռնարկում:

Ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի գովազդի վերաբերյալ օրենսդրության վերանայում նախատեսված է նաեւ ՀՀ-ԵՄ ասոցացման ապագա համաձայնագրի առողջապահության բաժնում:

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է նաեւ ՀՀ կառավարության 29.04.2010 թվականի 475-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի 2010-2015թթ. պետական ծրագրի 13-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերության, հավելված 2-ի 2-րդ կետի «Ռազմավարություն 2» բ) կետի պահանջներում:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի վավերացումը խթանել է ծխախոտի դեմ պայքարին առնչվող նոր օրենսդրության մշակումը: ՀՀ օրենսդրության մեջ, մասնավորապես` 1996 թվականի ապրիլի 30-ին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում արդեն իսկ առկա էին ծխախոտի գովազդը սահմանափակող որոշ դրույթներ, 2002 եւ 2006 թվականներին նշված օրենքում իրականացված համապատասխան փոփոխություններից հետո արգելվեց ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչպես նաեւ արգելվեց արտաքին գովազդը:

Իրականացվող քաղաքականությունը

Ներկայում մեր երկրի քաղաքականությունը քաջալերում է առողջ ապրելակերպը: Վերջին տասնամյակում ծխախոտի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրներից մեկն է դարձել:

Կոնվենցիայի վավերացումը մեծապես խթանել է Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարին առնչվող օրենսդրության մշակումը, 2004 թվականի դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի 2005-2009 թվականների պետական ծրագիրը եւ ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը», որին հաջորդեցին մի շարք օրենսդրական փոփոխություններ`

Կարգավորման նպատակը եւ խնդիրները

Ծխախոտի գովազդը մեծապես նպաստում է ծխելու տարածվածության կանխարգելմանը հատկապես դեռահասների շրջանում:

Բոլոր փաստարկները, թե իբր գովազդը չի նպաստում նոր ծխողների ներգրավելուն, որ ծխախոտի գովազդն ուղղված է միայն ծխողներին տեղեկատվություն տրամադրելուն, ամբողջովին անհիմն են: Թերթերը, ամսագրերը, ինտերնետը, ցուցատախտակները, գովազդային վահանակները վաճառա- կետերում, խանութներում եւ այլ տեղերում իրականացվող խթանման միջամտությունները եւ այլն շատ մատչելի եւ տեսանելի են բոլորի համար, այդ թվում` դեռահասների: Նախագծի նպատակն է արգելել օրենքով ծխախոտային արտադրատեսակների օգտագործմանը նպաստող ծխախոտային ապրանքատեսակների գովազդը, վաճառքի խթանումն եւ հովանավորչությունը, որը բացի այն, որ Հայաստանի Հանրապետության, որպես ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմ, պարտավորության կատարումն է, նաեւ ծխախոտի դեմ պայքարում ծխախոտի տարածվածությունը կրճատող հզոր գործոն է:

Ինստիտուտները եւ անձինք

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության, հանրային առողջության բաժնի, ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից: