Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-127-02.10.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիս 1996 թվականի, ՀՕ-69, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամ.

«3. Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է նորմատիվ եւ անհատական որոշումներ, իսկ Կենտրոնական բանկի նախագահը՝ անհատական եւ ներքին իրավական ակտեր՝ որոշումներ ու կարգադրություններ:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասից հանել «արտարժույթի, թանկարժեք մետաղների,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բաշխման ենթակա շահույթի հաշվարկի մեջ չեն ընդգրկվում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած եկամուտներն ու ծախսերը:».

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1 » ենթակետով

«ը1 ) ոսկու, հատուկ փոխառության իրավունքների, արտարժույթների եւ դրանցով արտահայտված արժեքների վերագնահատումից առաջացած գումարներ.».

Հոդված 6 . Օրենքի 14-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Կենտրոնական բանկի վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ»:

բ) 2-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Կենտրոնական բանկի գործառնական ծախսերի կանխատեսումը, վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում՝»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «յուրաքանչյուր տարի» բառերը փոխել «մինչեւ երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է1 » ենթակետով՝

«է) ընդունում է անհատական եւ ներքին որոշումներ ու կարգադրություններ, այդ թվում՝ վերստուգվող անձանց ստուգումներ նշանակելու մասին որոշումներ.»:

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածում՝

ա. «իա» ենթակետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ «հաստատում է բանկերի եւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող եւ վերահսկվող այլ անձանց կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձեւերը.»,

բ. ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ1 » ենթակետ՝ «հաստատում է պետական արժեթղթերի պահառության գործունեության, հաշվառման եւ հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, գրավադրման, հետգնման եւ մարման կարգերը.»:

Հոդված 10. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական բանկի կանոնադրությունը սահմանում է Կենտրոնական բանկի կառուցվածքային ստորաբաժանումների, դրանց ղեկավարների եւ ծառայողների իրավասության շրջանակը, տարածքային ստորաբաժանումներ հիմնելու, լուծարելու եւ դրանց գործունեության կարգը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի կառավարմանը վերաբերող այլ հարցեր:»:

Հոդված 11. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ կետում ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն. «Կենտրոնական բանկը հրապարակում է բանկերի եւ (կամ) առանձին բանկի հանդեպ խոշոր պարտավորություն(ներ) ունեցող անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով՝

«4. Բանկերից, վարկային կազմակերպություններից եւ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող ու վերահսկվող այլ անձանցից հաշվետվություններ պահանջելու եւ ստանալու բացառիկ իրավասությունը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի պատկանում է Կենտրոնական բանկին:»:

Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Կենտրոնական բանկի խորհուրդը բանկի, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանման առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի հետ սույն օրենքի 391 0 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի նկատմամբ նշանակված տույժի գանձումը հետաձգելու, տույժի չափը նվազեցնելու կամ տույժի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում է ընդունում, եթե տույժի գանձումը կարող է հանգեցնել բանկի Կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:»:

Հոդված 14. Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ գլխով՝

«ԳԼՈՒԽ 51 . ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 391 . Կենտրոնական բանկի կողմից ստուգումների անցկացումը

1. Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերում, վարկային կազմակերպություններում եւ իրենից լիցենզիա ստացած այլ անձանց մոտ (այսուհետեւ՝ վերստուգվող անձինք) ստուգումներ է իրականացնում սույն գլխով նախատեսված հիմքերով, դեպքերում եւ կարգով, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված բանկերի եւ վարկային կազմակերպությունների օտարերկրյա պետություններում գործող մասնաճյուղերում եւ դուստր բանկերում կամ վարկային կազմակերպություններում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Կենտրոնական բանկն իրականացնում է նաեւ վերստուգվող անձանց գործունեության ամենօրյա հեռակա վերահսկողություն՝ վերստուգվող անձանց կողմից օրենքով, Կենտրոնական բանկի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերով եւ դրանց հիման վրա Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ վերստուգող ստորաբաժանման կողմից պահանջվող Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների, տեղեկանքների, ինչպես նաեւ սույն գլխով նախատեսված այլ փաստաթղթերի կամ տեղեկությունների ստուգման միջոցով (այսուհետեւ՝ վերստուգվող անձանց մոտ ստուգումները եւ հեռակա վերահսկողությունը՝ ստուգում):

3. Վերստուգվող անձանց ստուգումներն իրականացնում է Կենտրոնական բանկի ստուգումների համար լիազորված ստորաբաժանումը (այսուհետ՝ վերստուգող ստորաբաժանում):

4. Վերստուգվող անձանց ստուգումներն անցկացվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ՝ դրանց հիման վրա վերստուգող ստորաբաժանման ղեկավարի կողմից տրված լիազորագրով սահմանված պաշտոնատար անձանց կողմից: Ստուգմանը կարող են մասնակցել նաեւ վերստուգող ստորաբաժանման աշխատակից չհանդիսացող Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ: Սույն կետում նշված որոշման մեջ նշվում են վերստուգվող անձի անվանումը կամ անունը, ստուգման նպատակը, իսկ լիազորագրում՝ վերստուգող խմբի կազմը, այդ թվում՝ ղեկավարը, ստուգում անցկացնելու սկիզբը եւ ավարտը: Կենտրոնական բանկը կարող է իր կողմից ընդունվող իրավական ակտերով սահմանել վերստուգող խմբի անդամների նվազագույն քանակը:

5. Բանկերում ստուգումների իրականացման արդյունքում կազմված հաշվետվություններում եւ ակտերում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով եւ կարգով:

6. Բանկ հանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Բանկ չհանդիսացող վերստուգվող անձանց ստուգումների ընթացքում հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ պարունակող խախտումների բացահայտման դեպքում Կենտրոնական բանկն այդ մասին հայտնում է համապատասխան իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով:

8. Կենտրոնական բանկը կարող է նաեւ իրականացնել վերստուգվող անձանց գործունեության ուսումնասիրություններ՝ վերստուգվող անձի կամ Կենտրոնական բանկի տարածքում: Ընդ որում, ուսումնասիրությունների արդյունքում սույն գլխով նախատեսված պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:

Հոդված 392 . Ստուգման պայմանները

1. Ստուգումներն անցկացվում են վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթերի, դրանցում կատարված փոփոխությունների, կառավարման բոլոր մարմինների ներքին ակտերի, կատարված գործառնությունների արդյունքում կազմված հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների, ներքին եւ արտաքին գրագրությունների, պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների եւ այլն), ինչպես նաեւ համակարգիչներում, էլեկտրոնային կամ փաստաթղթային կրիչների վրա պահպանվող տեղեկատվության ուսումնասիրության եւ վերլուծության միջոցով:

2. Վերստուգման ընթացքում, առանց վերստուգող խմբի անդամների թույլտվության, կողմնակի անձանց մուտքը վերստուգող խմբին հատկացված տարածք արգելվում է:

3. Վերստուգող խմբին հատկացված տարածքն աշխատանքային օրվա ավարտին կարող է կնքվել եւ հանձնվել վերստուգվող անձի պահպանությանը:

4. Անհրաժեշտության դեպքում վերստուգող խմբի ղեկավարն իրավասու է կնքել վերստուգվող անձի առանձին ծառայողական տարածքները, եթե տվյալ պահին այլ կերպ հնարավոր չէ ապահովել դրանցում պահվող փաստաթղթերի, կանխիկ դրամի եւ այլ արժեքների ստուգումը, հաշվառումը կամ գույքագրումը: Այս դեպքում կազմվում է համապատասխան ակտ, որն ստորագրվում է վերստուգող խմբի ղեկավարի եւ վերստուգվող անձի իրավասու աշխատակիցների կողմից: Սույն կետում նշված ակտի ձեւը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

5. Կենտրոնական բանկը պատասխանատվություն է կրում վերստուգվող անձի կողմից վերստուգող խմբի անդամներին կամ Կենտրոնական բանկի այլ պաշտոնատար անձանց ժամանակավորապես տրամադրված փաստաթղթերի ապահովության եւ վերադարձելիության համար:

6. Սույն գլխով նախատեսված պարտականությունները վերստուգվող անձի, նրա ղեկավարների կամ այլ աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում՝ ուշացնելը, ինչպես նաեւ կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է ստուգման խոչընդոտում: Յուրաքանչյուր նման դեպք նույն օրը վերստուգող խմբի ղեկավարի, իսկ ստուգման դեպքում Կենտրոնական բանկի իրավասու պատոնատար անձի կողմից ձեւակերպվում է արձանագրությամբ (ակտով) եւ ներկայացվում Կենտրոնական բանկի նախագահին եւ վերստուգվող անձին: Սույն կետում նշված արձանագրության (ակտի) ձեւը հաստատվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 393 . Վերստուգվող անձի պարտականությունները

1. Վերստուգվող անձը պարտավոր է վերստուգող խմբի համար՝

ա) ապահովել ստուգման ընթացքում անարգել մուտք եւ ելք վերստուգվող անձի շենք կամ նրա առանձին ծառայողական տարածքներ, այդ թվում՝ սերվերային եւ համակարգչային, ծրագրային ապահովման այլ սենյակներ, ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին՝ ըստ փոխադարձ պայմանավորվածության,

բ) ստուգման առաջին օրը կազմակերպել վերստուգող խմբի անդամների հանդիպում վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) եւ ստուգմանն աջակցող իրավասու անձանց հետ,

գ) հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով, ինչպես նաեւ տեխնիկական, կապի եւ այլ անհրաժեշտ միջոցներով միջոցներով,

դ) վերստուգող խմբին տրամադրել վերստուգվող անձի հաճախորդներից եւ մասնակիցներից ստացված բողոքները եւ առաջարկությունները,

ե) վերստուգող խմբի պահանջով՝ կազմակերպել վերստուգող խմբի հանդիպում վերստուգվող անձի հաճախորդների եւ (կամ) մասնակիցների հետ:

Վերստուգվող անձը պարտավոր է կատարել վերստուգող խմբի ղեկավարի եւ անդամների օրինական պահանջները, ինչպես նաեւ վերստուգող խմբի ղեկավարին եւ անդամներին ներկայացնել գրավոր եւ բանավոր բացատրություններ, տեղեկություններ եւ պարզաբանումներ ստուգման ենթակա փաստաթղթերի եւ տեղեկատվության վերաբերյալ:

2. Արգելվում է ստուգումների ընթացքում խոչընդոտել կամ միջամտել վերստուգող խմբի անդամների օրինական գործողություններին:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը, նախագահը, ինչպես նաեւ վերստուգող ստորաբաժանումը ստուգումների իրականացման նպատակով կարող է հանձնարարել վերստուգվող անձին՝ վերստուգվող անձի հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկատվություն: Վերստուգվող անձը պարտավոր է հաճախորդից, կոնտրագենտից, պարտատերից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերվող անձից ստացված տեղեկատվությունը ներկայացնել Կենտրոնական բանկ:

Հոդված 394 . Վերստուգող խմբի իրավունքները

1. Վերստուգող խումբը ստուգումներ իրականացնելու նպատակով իրավասու է՝

ա) անարգել մուտք գործել վերստուգվող անձի բոլոր տարածքները՝ բացառությամբ դրամապահոցի, որտեղ մուտքը կատարվում է միայն վերստուգվող անձի համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ,

բ) օգտվել ստուգման համար անհրաժեշտ, վերստուգվող անձի մոտ առկա տեխնիկական միջոցներից, ինչպես նաեւ վերստուգվող անձի տարածք բերել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ եւ այլ սարքեր,

գ) վերստուգվող անձից, նրա ղեկավարներից եւ իրավասու աշխատակիցներից պահանջել ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթեր, թեկուզեւ դրանք պարունակեն բանկային, առեւտրային կամ այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, այդ թվում՝

1. վերստուգվող անձի հիմնադիր փաստաթղթեր, դրանցում կատարված փոփոխություններ, վերստուգվող անձի կառավարման մարմինների ներքին ակտեր, ներքին վերահսկողության ակտեր, այլ ներքին ակտեր.

2. պայմանագրեր, ներքին եւ արտաքին գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետություններ, սկզբնական եւ այլ հաշվապահական փաստաթղթեր, ներքին հաշվետվություններ, տեղեկանքներ, զեկուցագրեր, արձանագրություններ.

3. տեղեկություններ կատարված գործառնությունների վերաբերյալ, մերժված վարկային հայտեր, հաճախորդների բողոք դիմումներ.

4. վերստուգվող անձի գործունեությունն ապահովող համակարգչային համակարգին առնչվող փաստաթղթեր.

5. անկախ աուդիտային կազմակերպության հետ ունեցած հարաբերություններին առնչվող բոլոր փաստաթղթերը.

6. վերստուգվող անձի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը,

7. ստուգման արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

8. Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ վերստուգվող անձի ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

9. բանկի կամ վարկային կազմակերպության գործունեության ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն եւ այլ անհրաժեշտ փաստաթղթեր.

10. վերստուգվող անձի մոտ առկա վերստուգվող անձի հաճախորդների, մասնակիցների եւ կոնտրագենտների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր եւ տեղեկատվություն:

դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ վերստուգվող անձի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, հաշվողական ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ,

ե) վերստուգվող անձի ղեկավարությանը եւ իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են ստուգման անհրաժեշտությունից եւ նպատակից:

Հոդված 395 . Ստուգումների ուղղությունները (ոլորտները) եւ ամփոփումը

1. Ստուգումները կարող են իրականացվել հետեւյալ ուղղություններով (ոլորտներով).

ա) բանկի եւ վարկային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի եւ դրանցում կատարված փոփոխությունների օրինականության ստուգում,

բ) բանկի եւ վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի մեծության, տնտեսական նորմատիվների վերլուծություն եւ գնահատում,

գ) բանկի եւ վարկային կազմակերպության իրացվելիության վերլուծություն եւ գնահատում,

դ) բանկի եւ վարկային կազմակերպության ակտիվների վերլուծություն, դասակարգում եւ գնահատում, պարտավորությունների վերլուծություն, գնահատում,

ե) բանկի եւ վարկային կազմակերպության կառավարման որակի գնահատում,

զ) բանկի եւ վարկային կազմակերպության ֆինանսական արդյունքների (եկամուտներ եւ ծախսեր) վերլուծություն եւ գնահատում,

է) վերստուգվող անձի ռիսկերի եւ (կամ) դրանց առանձին տեսակների վերլուծություն եւ գնահատում,

ը) դրամական միջոցների հոսքերի վերլուծություն եւ գնահատում,

թ) վերստուգվող անձի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվություններում եւ տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում,

ժ) վերստուգվող անձի կողմից Կենտրոնական բանկի հանձնարարականների ու առաջարկությունների, սույն օրենքի 3910 –րդ հոդվածով նախատեսված պայմանագրի կատարման ընթացքի եւ արդյունքների ստուգում,

ժա) վերստուգվող անձի ֆինանսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում,

ժբ) վերստուգվող անձի տարածքի եւ տեխնիկական հագեցվածության ստուգում,

ժգ) վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների կամ դրանց մի մասի գործունեության ստուգում,

ժդ) բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում,

ժե) վերստուգվող անձի (բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների) լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին վերստուգվող անձի գործունեության համապատասխանության ստուգում:

2. Բանկերի եւ վարկային կազմակերպությունների ստուգումների ժամանակ կարող է կատարվել վերլուծություն եւ գնահատում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:

3. Ստուգումների ընթացքում ստուգման ենթակա ուղղությունները (ոլորտները) որոշվում են Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի ընդունած անհատական իրավական ակտերով:

4. Տվյալ վերստուգվող անձի ստուգման արդյունքների ամփոփման եւ ներկայացման ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի ընդունած անհատական իրավական ակտով:

5. Մինչեւ ստուգումն իրականացնելը Կենտրոնական բանկի պահանջով վերստուգվող անձը պարտավոր է նախապատրաստել կամ Կենտրոնական բանկին ներկայացնել Կենտրոնական բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը եւ տեղեկությունները:

6. Ստուգման ավարտից հետո, մինչեւ երկշաբաթյա ժամկետում, բանկի կամ վարկային կազմակերպության ղեկավարների, վերստուգող խմբի անդամների եւ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված ցուցակում ներառված բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է ստուգման արդյունքների նախնական քննարկում:

Նախնական քննարկմանը մասնակցող բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների անունը վերստուգող ստորաբաժանման կողմից ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահի համաձայնեցմանը:

Կենտրոնական բանկի հանձնարարականով բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ապահովել ստուգման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաեւ վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը ստուգման արդյունքների նախնական քննարկմանը: Բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների կամ նրանց ներկայացուցիչների բացակայությունը չի կարող պատճառ հանդիսանալ ստուգման արդյունքների նախնական քննարկման չկայացման համար: Նախնական քննարկմանը, անհրաժեշտության դեպքում, վերստուգող խմբի կողմից կարող են հրավիրվել նաեւ տվյալ բանկում կամ վարկային կազմակերպությունում աուդիտային ստուգում անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները:

Նախնական քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

7. Վերստուգումը ավարտվելուց հետո, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում եւ կարգով, ստուգման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն:

8. Վերստուգման հաշվետվությունը կազմվում է 2 օրինակից, որոնք վերստուգող խմբի կողմից ստորագրվում եւ հանձնվում են վերստուգվող անձի ղեկավարությանը:

9. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մեկ շաբաթվա ընթացքում ծանոթանում է հաշվետվությանը եւ ստորագրում է այն «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ՝ մեկ օրինակը վերադարձնելով վերստուգող խմբին:

10. Վերստուգվող անձը, նրա գործադիր մարմինը կամ նրա ղեկավարը, ինչպես նաեւ նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցը իրավունք ունեն հաշվետվությանը կից սույն հոդվածի 9-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները, ինչպես նաեւ մասնակցել Կենտրոնական բանկում հաշվետվության քննարկումներին: Կենտրոնական բանկում հաշվետվության եւ վերստուգվող անձի առարկությունների եւ բացատրությունների քննարկումները կազմակերպվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից սահմանված ժամկետներում եւ կարգով:

Հոդված 396 . Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումների ստուգումը

1. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանումներում ստուգումներն իրականացվում են սույն գլխով սահմանված կարգով:

2. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման ավարտից հետո ստուգման նախնական արդյունքները քննարկվում են տարածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ այլ իրավասու աշխատակիցների հետ:

3. Վերստուգման ավարտից հետո ստուգման արդյունքների եւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քննարկման արդյունքների հիման վրա վերստուգող խմբի կողմից կազմվում է հաշվետվություն, որն ստորագրվում է վերստուգող խմբի եւ վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից երկօրյա ժամկետում՝ «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ: Հաշվետվությունը կազմվում է երեք օրինակից (մեկական օրինակ՝ վերստուգվող անձին, վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանմանը եւ վերստուգող խմբին): Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ղեկավարը կարող է հաշվետվությանը կից ներկայացնել իր գրավոր առարկություններն ու բացատրությունները:

4. Վերստուգվող անձի տարածքային ստորաբաժանման ստուգման արդյունքների ամփոփումը իրականացվում է սույն օրենքի 395 -րդ հոդվածով սահմանված կարգով:

Հոդված 397 . Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը եւ պատասխանատվության միջոցները

Կենտրոնական բանկը վերստուգվող անձանց եւ դրանց ղեկավարների նկատմամբ կարող է կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են նրանց գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները (այսուհետ՝ խախտում):

Հոդված 398 . Խախտման արձանագրումը

1. Ստուգումների արդյունքում վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի կողմից թույլ տրված խախտումը արձանագրվում է վերստուգող ստորաբաժանման կողմից արձանագրություն (այսուհետեւ՝ արձանագրություն) կազմելու միջոցով եւ այդ պահից խախտումը համարվում է արձանագրված:

2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը եւ նշվում է օրենքի կամ այլ իրավական ակտի վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի կողմից խախտված դրույթը:

3. Արձանագրությունը կազմելու պահից յոթ աշխատանքային օրվա ընթացքում այն վերստուգող ստորաբաժանման ղեկավարի գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված վերստուգվող անձի գործադիր մարմնի ղեկավարին, իսկ խորհրդի առկայության դեպքում նաեւ խորհրդի նախագահին:

4. Արձանագրությունը ստանալու պահից յոթ օրացուցային օրվա ընթացքում վերստուգվող անձը կարող է Կենտրոնական բանկ ներկայացնել արձանագրության վերաբերյալ գրավոր բացատրություններ, առարկություններ կամ պարզաբանումներ:

Հոդված 399 . Տուգանքների գանձումը, այլ պատասխանատվության միջոցների կիրառումը

1. Վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի նշանակման կամ այլ պատասխանատվության միջոցների կիրառման դեպքում Կենտրոնական բանկը այդ մասին իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով գրավոր ծանուցում է վերստուգվող անձին կամ դրա ղեկավարին:

2. Վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կարող է սույն հոդվածի 1-ին կետում նշված տուգանքի նշանակման ծանուցումը ստանալուց հետո ծանուցման մեջ նշված ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել տուգանքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ Կենտրոնական բանկում բանկային կամ թղթակցային հաշվի առկայության դեպքում՝ հանձնարարել Կենտրոնական բանկին իր բանկային (թղթակցային) հաշվից գանձել տուգանքի գումարը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաստաթղթի պատճենը կամ հանձնարարականը չստանալու դեպքում Կենտրոնական բանկը օրենքով սահմանված կարգով դիմում է դատարան:

4. Սույն հոդվածով նախատեսված տուգանքի գումարները գանձվում են հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

Հոդված 3910 . Բանկի կամ վարկային կազմակերպության եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվող պայմանագիրը

1. Կենտրոնական բանկի եւ խախտումներ թույլ տված բանկի կամ վարկային կազմակերպության միջեւ բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման եւ բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել:

3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետեւյալ պայմանները.

ա. որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում,

բ. խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում,

գ. շահաբաժինների վճարման կասեցում,

դ. ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում,

ե. ղեկավարների աշխատավարձի նվազեցում եւ պարգեւավճարների դադարեցում,

զ. ակտիվային եւ (կամ) պասիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում,

է. գովազդի իրականացման սահմանափակում.

ը. այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի բարելավման եւ բնականոն գործունեության ապահովման համար:

Հոդված 3911 . Վաղեմության ժամկետները

Կենտրոնական բանկը հայտնաբերված խախտման համար կարող է վերստուգվող անձի կամ դրա ղեկավարի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառել խախտման արձանագրման պահից մեկ տարվա ընթացքում:

Հոդված 3912 . Վարույթը կարճելը

1. Կենտրոնական բանկի նախագահը իր որոշմամբ կարճում է վարույթը, եթե՝

ա) բաց են թողնված սույն օրենքի 391 1 հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները,

բ) խախտման համար օրենքով պատասխանատվության միջոց սահմանված չէ,

գ) վարույթն սկսելու պահին արձանագրված խախտումը հետագայում, օրենսդրության փոփոխության պարագայում, այլեւս խախտում չի համարվում կամ նման խախտման համար պատասխանատվության միջոց սահմանված չէ,

դ) արձանագրված փաստը խախտում չէ,

ե) սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի դադարումից հետո, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը ամբողջովին կատարել է պայմանագրով նախատեսված պայմանները:

2. Կենտրոնական բանկի նախագահը իր որոշմամբ կարող է կարճել վարույթը, եթե մինչեւ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշման ստորագրումը վերստուգվող անձը կամ դրա ղեկավարը կամովին վերացրել է խախտումը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը կարճում է վարույթը, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ եւ կարող է կարճել վարույթը, եթե բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագիրը:

4. Եթե խախտման վերաբերյալ վարույթը կարճվել է սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով, ապա տվյալ խախտումը համարվում է կատարված եւ հաշվարկվում է բանկի կամ վարկային կազմակերպության կողմից թույլ տրված եւ արձանագրված խախտումների ընդհանուր քանակում:

Հոդված 3913 . Վարույթի կասեցումը

Կենտրոնական բանկի խորհուրդը կամ նախագահը կարող են կասեցնել վարույթը, եթե պատասխանատվության միջոցի կիրառումը պահանջում է արձանագրված խախտման վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում կամ երեւան են եկել նոր հանգամանքներ կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ կնքվել է սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագիրը: Ընդ որում՝ տրված կասեցման որոշման մեջ պետք է հստակ նշվի վարույթի կասեցման ժամկետը եւ պատճառը: Կասեցման ժամկետը խորհուրդը կամ նախագահը կարող են երկարաձգել, եթե նախորդ կասեցման ժամանակահատվածում հնարավոր չի եղել իրականացնել լրացուցիչ պարզաբանումների կամ երեւան եկած նոր հանգամանքների ամբողջական ուսումնասիրություն եւ վերլուծություն:

Հոդված 3914 . Տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանքը կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքը, մեղմացնելու մասին որոշումը

Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է բանկի կամ վարկային կազմակերպության, Կենտրոնական բանկի նախագահի, վերստուգող ստորաբաժանմանի առաջարկության հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կամ բանկի կամ վարկային կազմակերպության հետ սույն օրենքի 3910 հոդվածով նախատեսված պայմանագրի կնքմամբ բանկի կամ վարկային կազմակերպության կամ դրա ղեկավարի նկատմամբ տուգանքի գանձումը հետաձգելու, տուգանք կամ այլ պատասխանատվության միջոց չկիրառելու կամ տուգանքի չափը նվազեցնելու մասին կամ տուգանքի գանձման ժամանակացույց սահմանելու որոշում ընդունել, եթե տուգանքի գանձումը կարող է հանգեցնել բանկի կամ վարկային կազմակերպության Կենտրոնական բանկի խորհրդի կոսղմից սահմանված չափանիշներով հիմնավորված ծանր ֆինանսական կացությանը:»:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 53-րդ հոդվածը:

Հոդված 16. Օրենքի 531 –րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բանկերը պարտավոր են սույն գլխով սահմանված կարգով երաշխավորել ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, ներգրավված բոլոր տեսակի դրամային եւ արտարժութային ավանդները, բանկային հաշիվներում (այսուհետեւ՝ ավանդներ) առկա դրամական միջոցները՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափով: Ընդ որում, արտարժութային ավանդների դրամային համարժեքությունը որոշվում է սույն օրենքով սահմանված երաշխավորված գումարի ստացման դեպքի օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքով: Մեկ անձի մեկ բանկում ունեցած բոլոր ավանդները համարվում են մեկ ավանդ:

2. Բանկերի կողմից սույն օրենքով սահմանված կարգով երաշխավորման եւ ավանդների երաշխավորման հատուկ հիմնադամից հատուցման ենթակա չէ այն ավանդը՝

ա) որը ներդրվել է անվճարունակ ճանաչված բանկի ղեկավարի կողմից, ընդ որում՝ բանկի ղեկավար են համարվում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անձինք,

բ) որը ներդրվել է բանկի նշանակալից մասնակից հանդիսացող անձի կողմից,

գ) որի սեփականատերն անհայտ է կամ սեփականատերը (համասեփականատերը) հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից,

դ) որը օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով ճանաչվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, քանի դեռ դրա սեփականատերը հակառակը չի ապացուցել,

ե) որը բանկում ներդրվել է ավանդի ներդրման պահին բանկում ներդրված նմանատիպ ավանդների տոկոսադրույքը 1,5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,

զ) բանկի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծված մասնաճյուղերում ներդրված ավանդները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից ավանդների երաշխավորման այլ կարգ սահմանված չէ:»:

Հոդված 17. Օրենքի 532 –րդ հոդվածում

ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«2003 թվականի հուլիսի մեկից հետո ստեղծված բանկերը ավանդների երաշխավորման հիմնադրամին կատարում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափով միանվագ վճարներ, ինչպես նաեւ սույն հոդվածով սահմանված կարգով երաշխիքային վճարներ:»:

Հոդված 18. Օրենքի 533 –րդ հոդվածում՝

ա) 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երաշխավորված գումարի ստացման դեպք է համարվում «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բանկն անվճարունակ ճանաչելը, եթե բանկը չի կարող բավարարել իր պարտատիրոջ (պարտատերերի) օրինական պահանջները:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ պարբերություններ՝

«Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում եւ կարգով երաշխավորված ավանդի հատուցումը չստանալու կամ մասամբ չստանալու դեպքում, ավանդատուն երաշխավորված ավանդի հատուցման պահանջը կարող է ներկայացնել երաշխավորման դեպքը վրա հասնելուց հետո ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Ավանդատուի կողմից տվյալ բանկի նկատմամբ պարտավորություն ունենալու դեպքում այդ պարտավորությունը եւ երաշխավորված ավանդը Կենտրոնական բանկի որշմամբ հաշվանցվում են: Հաշվանցված գումարի մասով բանկի եւ ավանդատուի պահանջները դադարում են:»:

Հոդված 19. Օրենքի 534 –րդ հոդվածից հանել «սնանկ» բառը:

Հոդված 20. Օրենքի 535 –րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամին վճարված երաշխիքային վճարների գումարները, դրանց վրա հաշվարկված տոկոսները, այդ գումարների օգտագործումից ստացված եկամուտները, Կենտրոնական բանկի կողմից հատուցված եւ բանկերի նկատմամբ ձեռք բերած պահանջի հիման վրա ստացված գումարները, ինչպես նաեւ հատուկ հիմնադրամում հաշվեգրված այլ մուտքերը նվազեցվում են Կենտրոնական բանկի եկամուտներից եւ ֆինանսական տարվա արդյունքներով չեն փոխանցվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե եւ կուտակվում են բանկային ավանդների երաշխավորման հատուկ հիմնադրամում:»:

Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածի՝

ա) 1-ին նախադասության «նորմատիվ» բառից հետո լրացնել «, ներքին» բառը,

բ) 2-րդ նախադասության «նորմատիվ» բառից հետո լրացնել «, ներքին» բառը, «չի կասեցվում» բառերը փոխել «չի կարող կասեցվել» բառերով: