Հայաստանի Հանրապետության «Ակցիզային հարկի մասին» 2000 թվականի հուլիսի 7-ի N ՀՕ-79 օրենքում (այսուհետ` օրենք) կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.
Հոդված 1. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը «տոկոս» բառից հետո լրացնել «ներառյալ» բառով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների բնաիրային եւ արժեքային չափերը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.
«6. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը պարտադիր պայման է մաքսային մարմինների կողմից նշված ապրանքները «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով բաց թողնելու համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
7. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ակցիզային դրոշմանիշերն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
8. Ակցիզային դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման ենթակա ներմուծվող ապրանքների դրոշմավորումը կատարվում է նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
9. Ակցիզային դրոշմանիշերը կարող են տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
10. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի դիմում` ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
2) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը:
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն` դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին:
11. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի համար` արտադրանքի համար 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասում «ամսվան հաջորդող ամսվա մինչեւ 15-ը» բառերը փոխարինել «օրվան հաջորդող 10-օրյա ժամանակահատվածում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «լրացված բեռնամաքսային հայտարարագրի» բառերը փոխարինել ««արտահանում` ազատ շրջանառության համար» կամ «վերաարտահանում» ռեժիմով լրացված մաքսային հայտարարագրի» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 11-րդ հոդվածում «ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերը փոխարինել «իրենց իրավասության շրջանակներին համապատասխան ընդունում են վերադաս հարկային մարմինը կամ վերադաս մաքսային մարմինը» բառերով:
«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշման մեջ ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սահմանված են պարտադրող դրույթներ, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նախագծով նախատեսվում է ներմուծվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերվող պարտադրող պահանջները ամրագրել օրենքով: