Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-013-26.06.2007-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային  պայմանագրերի մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի (27 մարտի 2007 թվականի, ՀՕ-123)  24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը   լրացնել «, բացառությամբ  սույն  օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված  դեպքերի» բառերով.

2) 2-րդ   մասի  4-րդ   կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի  44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ  նախատեսված դեպքերի» բառերով։

Հոդված 2. Օրենքի 25-րդ  հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությունով 3-րդ կետով՝

«3) որը  միջպետական է եւ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն,  նվիրատվություն կամ  դրամաշնորհ  տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական,  ֆինանսական  կամ այլ համագործակցություն՝ առանց պայմանագրի մյուս կողմի օգտին հայկական կողմի վրա փոխադարձ ֆինանսական կամ որեւէ այլ գույքային այնպիսի պարտավորություն դնելուն, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով, բացառությամբ այն դեպքերի, երբ նման  պայմանագրի  կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է  օրենքին  հակասող նորմեր»  բառերով։

Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «պայմանագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պայմանագիրը  ուժի մեջ մտնելու վերաբերյալ» բառերով։

Հոդված 4. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  օրվանից։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Օրենքն ուժի մեջ է մտել 2007 թվականի ապրիլի 12-ից։  Անցած ժամանակահատվածում  պարզվել է, որ  օտարերկրյա պետությունները եւ միջազգային  կազմակերպությունները, որոնք  մտադիր են դրամաշնորհներ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, առայժմ ձեռնպահ են մնում  դրանից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ այդ   պայմանագրերը, որոնք, որպես կանոն, միջպետական են եւ այդ հիմքով՝  ենթակա  ՀՀ  ԱԺ  վավերացմանը։

Որպեսզի  դրամաշնորհ  կամ Հայաստանին որեւէ այլ տեսակի օգնություն կամ օժանդակություն տրամադրող միջպետական պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը  արագացվեն եւ զուտ միջպետական  լինելու  պատճառով ԱԺ վավերացմանը չներկայացվեն, ինչը լրացուցիչ պահանջում է տվյալ  պայմանագրերը նախապես  ներկայացնել ՀՀ Սահմանադրական  դատարանի  քննարկմանը, նպատակահարմար  ենք գտնում  օրենքի 24-րդ եւ 25-րդ  հոդվածներում  լրացումներ կատարելու միջոցով սահմանել, որ  դրամաշնորհներին, տեխնիկատնտեսական եւ ֆինանսական  օգնությանը եւ  համագործակցությանը վերաբերող ՀՀ միջպետական  պայմանագրերը ենթակա են ՀՀ  Նախագահի  հաստատմանը։

Հարցի  նման լուծումը հնարավորության կտա վերոհիշյալ պայմանագրերի ուժի մեջ  մտնելու  համար անհրաժեշտ  ներպետական  ընթացակարգերը  արագացնել այն դեպքերում, երբ այդ  պայմանագրերը հայկական կողմի վրա  ֆինանսական կամ որեւէ այլ գույքային  պարտավորություն չեն դնում կամ չեն պարունակում ՀՀ օրենքներին հակասող դրույթներ։

Միաժամանակ, օրենքի  կիրառման ընթացքում պարզվել է, որ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում հղում պետք է  կատարվի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ  պարբերությանը,  այլապես օրենքի  կիրառման ընթացքում կարող է այնպիսի  տպավորություն ստեղծվել, որ նշված հոդվածների  համապատասխան  դրույթների միջեւ  ներքին  հակասություն կա։

Բացի դա, օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է ուժի մեջ մտած միջազգային պայմանագրից բխող ՀՀ նոր օրենք ընդունվելու կամ գործող օրենքում  փոփոխություն կատարելու մասին, մինչդեռ համապատասխան օրենք ընդունելու համար անհրաժեշտ գործողությունների կատարման հիմք է ընդունվում ԱԺ կողմից տվյալ պայմանագրի վավերացման հանգամանքը, որը, մեր կարծիքով հիմնավոր չէ, քանի որ նույն օրենքը (2-րդ հոդվածի 1-ին մաս, 40-րդ հոդված)  սահմանում է, որ ուժի մեջ մտած պայմանագիրն է համարվում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր եւ այն կարող է կիրառվել միայն դրանից հետո։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, նախատեսվում է փոփոխություն կատարել օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում։

Վերոհիշյալ հանգամանքները նկատի ունենալով  հրատապ անհրաժեշտություն է  առաջացել օրենքում կատարել համապատասխան փոփոխություն եւ լրացումներ։