Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-916-07.07.2006-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով  արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքները:»:

Հոդված 2.
Օրենքի 26-րդ հոդվածը 6-րդ մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Զինվորական ծառայության, քրեակատարողական ծառայության, հարկադիր կատարման ծառայության կամ դատախազությունում ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 3.
1. Օրենքի 28-րդ հոդվածը 2-րդ մասի «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու եւ մահանալու » բառերով:

2. Օրենքի 28-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված եւ կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած եւ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո վեց ամսվա ընթացքում մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով»:

Հոդված 4.
Հանել օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը:

Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։